ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ

Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային առաքելության ընթացքում ՀՀ-ում տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրա դերակատարության և ԵԽ գրասենյակի ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարի խոսքով տեղական ժողովրդավարության զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության և ԵԽ համատեղ օրակարգի կարևոր բաղադրիչը՝ էլ ավելի խորացնելով տարբեր ուղղություններով առկա համագործակցությունը : Հանդիպման ընթացքում բարձր գնահատելով ԵԽ հայաստանյան թիմի խորհրդատվական աջակցությունը նախարար Պապիկյանը անդրադարձել է վերջին օրենսդրական փոփոխություններին. «Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների բարեփոխումներով մենք անցում ենք կատարում տեղական ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի: Մենք հնարավորություն ենք ընձեռում Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը և ստանձնել պատասխանատվություն տեղերում առողջ մթնոլորտի ձևավորման, համայնքների զարգացման և բալանսավորված տեղական ինքնակառավարում ունենալու համար»: Իր խոսքում Նատալիա Վուտովան նշել է. «Այս հանդիպումով մենք շեշտում ենք Հայաստանում տեղական ժողովրդավարության կարևորությունը: Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության արմատներում է, և ԵԽ-ը իր ծրագրերով, մասնավորապես «Ժողովրդավաական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» բաղադրիչներով, ՀՀ կառավարության հետ համատեղ էական արդյունքներ է արձանագրել տեղական մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների, կարողությունների զարգացման և հանրության հետ աշխատանքի գործում»: Այս համատեքստում նախարարը կարևորել է նաև ԵԽ-ի հետ մոնիտորինգային երկխոսության շարունակականությունը և դրա արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզի կիրարկումը, այդ թվում՝ Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ զարգացման և անկախացմանը ուղղված հետագա քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2021թ. սպասվող ՏԻՄ ընտրությունների, առաջիկա 5 տարիների ընթացքում վարչատարածքային բարեփոխումների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին: Ամփոփելով նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Նատալիա Վուտովային և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: 
15:27 - 30 հունիսի, 2020
Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, այցը մեկնարկել է Արարատի մարզում , որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության աշխատանքներին ներգրավվել են նաև նախկինում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ:   Սյունիքի մարզ աշխատանքային այցը նախարարը սկսել է Սիսիան քաղաքից, որտեղ մարզպետ Հունան Պողոսյանի, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է կառավարության սուբվենցիոն ծրագրով քաղաքում ավարտված և ընթացիկ աշխատանքներին։ Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ բարեկարգվել և ասֆալտապատվել է Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհատվածը։ Փողոցն ապահովված է նաև ջրահեռացման համակարգով։ Սիսիանում ընթացքի մեջ են նաև քաղաքային այգու բարեկարգման և կահավորման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի Սիսիանի համայնքապետարանը 1 մլրդ 560 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն տարբեր նշանակության ծրագրեր է ներկայացրել՝ կարևորելով դրանց նշանակությունը համայնքային խնդիրների լուծման և համայնքային կարողությունների զարգացման գործում։Նախարար Պապիկյանն իր գոհունակություն է հայտնել շինարարության առկա տեմպից միևնույն ժամանակ հորդորել 2020թ սուբվենցիոն ծրագրերը նախանշված ժամկետներում իրականացնելու ուղղությամբ դրսևորել խիստ հետևողականություն և պատասխանատվություն: Այնուհետև Սուրեն Պապիկյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հետևել է քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ծրագրին, պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր ։ «Հետաքրքիր ու կարևոր գործ է արվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ներկայումս իրականցում ենք մեծածավալ աշխատանքներ, որպեսզի վերականգնվի Հին Գորիսի պատմական միջուկը: Գորիսն իր ուրույն տեղն ունի հանրապետության համայնքների մեջ և հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը` գրավելով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին»,-նշել է նախարարը։   Նախարարի խոսքով ծրագրի շնորհիվ բացի քաղաքի համար յուրահատուկ կոլորիտային միջավայր ապահովելուց, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, հիմնովին մաքրվում է Վարարակն գետի հունը: «Հին Գորիս» ծրագրով նախատեսված է քաղաքի կենտրոնական մասի փողոցների ու մայթերի վերակառուցում, սալիկապատում, 1918-1920 թթ․ կառուցված թվով 38 շենքերի տանիքների, պատշգամբների ու ճակատային մասերի վերանորոգում, Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում: Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։Աշխատանքային այցի ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը Վերիշեն բնակավայրում ծանոթացել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Կենտրոնը լրացուցիչ խթան կհանդիսանա բնակավայրի մշակութային ներուժի զարգացման համար։ Աշխատանքային այցի շրջանակում նախարար Պապիկյանը հետևել է նաև Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ (7կմ) և Դավիթ Բեկ (4,7կմ) համայնքներով անցնող հատվածների շինարարությանը, որտեղ այս փուլում ընթանում են հողային և ճանապարհի լայնեցման աշխատանքներ:
11:42 - 27 հունիսի, 2020
ՏԿԵ նախարարի տեղակալը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարի հետ

ՏԿԵ նախարարի տեղակալը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարարի հետ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ Սվերդլովսկի շրջանի միջազգային և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Վասիլի Կոզլովի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք քաղաքային շրջանների ներկայացուցիչներ՝ ինչպես Սվերդլովսկի շրջանից, այնպես էլ ՀՀ քաղաքներից։ Հայտնում է ՏԿԵ նախարարությունը։Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը՝ որպես հարթակ, որը լայն հնարավորություններ կարող է ստեղծել սոցիալական, մշակութային, երիտասարդական քաղաքականության, ինչպես նաև գործարար ոլորտներում հեռանկարային նախաձեռնությունների համար։Հանդիպման ավարտին մասնակիցները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ճգնաժամը, և հետագա համագործակցությունը տեղի կունենա անմիջական հանդիպումների և փոխադարձ այցերի ձևաչափով։
15:24 - 26 հունիսի, 2020
Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման միջպետական ճանապարհի վրա մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման միջպետական ճանապարհի վրա մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ54+000-կմ56+324 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Շինպլյուս» ՍՊ ընկերության կողմից:Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են՝ իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:Նշենք‚ որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել շուրջ 87 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքներ:
13:35 - 26 հունիսի, 2020
1 մլրդ 66 մլն դրամի շրջանակում 82 փախստական ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր

1 մլրդ 66 մլն դրամի շրջանակում 82 փախստական ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման վկայագիր

ՀՀ միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Ընդհանուր թվով ԲԳՎ-ներ են հանձնվել արդեն 82 ընտանիքների՝ 1,66 մլրդ դրամի շրջանակում։ Առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից դեռևս վկայագրեր չստացած փախստականների ներկայացրած փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են։ Այս նպատակով ձևավոևված միջգերատեսչական հանձնաժողովը շաբաթական պարբերականությամբ նիստեր է անցկացնում։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցնում վկայագրերը բնակավայրեր։Պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով՝ մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:        
13:02 - 25 հունիսի, 2020
Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մրցույթով օտարել պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը։ Հարցը զեկուցվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը նախատեսվում է օտարել մրցույթով գույքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 մլրդ 333 մլն 763 հազար դրամ։ «Սա ըստ էության մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է։ Որովհետեւ 3-րդ ուղղությունը՝ այսպես ասած ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է։ Ընդ որում՝ ծրագրով, որպեսզի այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու, նախապես հայտնի ներդրումներ, Կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ։ Եվ սրանով մենք նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում խոսքը՝ Նորքի այգիներ կոչվող տարածքի մասին է»,- ասաց վարչապետը։ Օտարման առաջարկվող գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին։ Գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ եւ հողամաս ու փաստացի որեւէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 մլն 996 հազար 841 դրամ:
12:31 - 25 հունիսի, 2020
Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Դուլգարյան, 2011-ին ՀՀ կառավարությունը հայեցակարգ մշակեց, որտեղ համայնքների խնդիրների լուծման երկու տարբերակ էր առաջարկում՝ համայնքների խոշորացում և միջհամայնքային միավորումների ստեղծում։ Այս տարբերակներից ո՞րն էր ավելի հարմար Հայաստանին։ - Միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը։ Այսինքն՝ խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։  Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա միանշանակ չեմ կարող ասել՝ այո։ Դրա համար այս պահին զերծ կմնամ ասելուց, թե որը ավելի լավ կլիներ՝ համայնքների խոշորացո՞ւմը, թե՞ միջհամայնքային միավորումները, որովհետև նույն կերպ էլ միջհամայնքային միավորումները ներկա պահին կարող էին լավ չգործել, եթե Հայաստանը գնար այդ ուղղությամբ։ - Այսինքն՝ իրականացման ձև՞ն է կարևոր, ոչ թե այն, թե որ տարբերակն է ընտրվել։ - Այո՛։ Այսինքն՝ նախ սկզբունքորեն լինել այդ քաղաքականության կրողը, ոչ թե իրականացնել նրա համար, որ այդպիսի հայեցակարգ ենք ընդունել։ Նախ լինել այդ գաղափարախոսության կրողը ոչ թե անհատների մակարդակով, այլ՝ հասարակության և ընկալումների, և լինել շատ դինամիկ, որ արագ հասկանանք, թե որտեղ ունենք թերացումներ, և փորձենք այդ թերացումները շտկել թե՛ տեղային մակարդակում և թե՛ ազգային մակարդակում համապատասխան քաղաքականությունների փոփոխման շրջանակներում։  - 2013-ին Տարածքային կառավարման նախարարությունը համայնքների խոշորացման երկու սցենար առաջարկեց՝ խոշորացում՝ ըստ փնջերի և ըստ շրջանների։ Առաջին դեպքում խոշորացումների հիմքում ընկնելու էին կառավարության հայեցակարգը և ուսումնասիրությունները, երկրորդ դեպքում վերականգնվելու էին Խորհրդային Հայստանի շրջանները՝  գումարած մեծ բնակչությամբ քաղաքները և զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքները։ Այս սցենարներից որի՞ն եք կողմնակից։ - Այս պահին ես ավելի կողմնակից կլինեի  շրջանային սկզբունքին, որովհետև հատկապես մինչհեղափոխական ժամանակաշրջանի Հայաստանում (միգուցե նաև դրանից հետո, քանի որ շատ փնջեր արդեն ուրվագծվել էին հեղափոխությունից առաջ) մենք գնացինք մի ճանապարհով, որ ունենք կողք կողքի համայնքներ, մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։  Ձևավորվել են անտրամաբանական փնջեր՝ ավելի շատ ըստ ցանկությունների։ Նախապես որոշված է եղել, որ պետք է ձևավորվի համայնք, օրինակ, 10 բնակավայրից, հետո եղել են ուժեղ մարդիկ, որոնք հանդիպել են կառավարության համապատասխան մարդկանց հետ և պայմանավորվել են, համայնքները ձևավորել են այլ սկզբունքով, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։  Շատ լավ կլիներ, որ լիներ կոնկրետ՝ բացի փնջերի ձևավորման որգեգրված հիմնական սկզբունքներից (ընդհանուր ճանապարհներ և այլն), որպեսզի նաև խոշորացման ժամանակ թույլ չտրվեին որոշակի սուբյեկտիվ մոտեցումներ։ Այն, ինչ հիմա կատարվել է, այդքան արդյունավետ չէ, և ես համոզված եմ, որ նախկին շրջանները, որոնք ունեին 30-40-50-60 բնակավայրեր, կարող էին մի համայնք լինել՝ ուժեղ համայնքապետի և ուժեղ օրենսդրական հենքի պարագայում։ Այնպես  չէ, որ այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվն ավելի շատ է, ավելի դժվար և վատ են աշխատում, քան այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվը փոքր է։ Քանակի մեջ չէ խնդիրը, այլ կատարված աշխատանքի, քաղաքականությունների, կարողունակ համայնքապետերի, համայնքապետերի աշխատակազմի, պետական քաղաքականության։  Մենք ունենք հարևան՝ Վրաստանի Հանրապետությունը, որտեղ խոշորացումը հենց այդպես էլ կատարվել է․ համայնքները գործում են նախկին Սովետական միության շրջանների թվով։ Իհարկե, Վրաստանում ևս քննադատությունները շատ են, այնտեղ ևս անընդհատ առաջարկում են բարեփոխումներ իրականացնել, բայց դա որևէ ձև չի անդրադառնում կառավարման որակի վրա։  Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը։  - Նաև հստակություն չկա բնակիչների, համայնքների թվի առումով։ Չպիտի՞ լինեին չափանիշներ՝ խոշորացված համայնքի տարածքի մեծություն, բնակչության կամ համայնքների առավելագույն թվաքանակ, և այդ չափաշիններին համապատասխան իրականացվեր խոշորացումը։  - Ինչ-որ չափանիշներ պետք է դրվեին։ Այդ չափանիշները պետք է լինեին նաև խոշորացումից հետո, որովհետև մենք ունենք շատ բացեր։ Օրինակ, ունենք շատ բնակավայրեր, որոնք խոշորացված համայնքի մեջ են, բայց ավագանու կազմում չունեն ներկայացուցիչներ։ Այդ չափորոշիչները պետք է հանրային լայն քննարկումների շրջանակներում նախապես մշակված լինեին, այնինչ խոշորացման հայեցակարգը շատ վաղուց էր շրջանառվում, բայց այնքան էլ չի կարելի ասել, որ շատ մասնակցային տեղի ունեցավ այդ գործընթացը, որովհետև համայնքներն անմասն մնացին քննարկումների մեծամասնությունից։  Ինչպե՞ս էր տեղի ունենում․ գալիս էին համայնք, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության կամ մարզպետարանի ներկայացուցիչները, գյուղապետարանում հանդիպում էին գյուղապետի, նրա աշխատակազմի կամ ավագանու անդամների և փոքր թվով բնակիչների հետ ու ներկայացնում էին հայեցակարգը, միգուցե նաև ինչ-որ առաջարկություններ էին հավաքում։ Բայց մասնակցայինն այն չէ, երբ մասնակցում են համայնքի պատասխանատու մարմինները, հաստատությունների ներկայացուցիչները, մասնակցայինը նախևառաջ տեղական քաղհասարակության,  համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունն է այդ ամենին։ Իսկ մենք հայեցակարգը բերեցինք, կիրառեցինք և հետո ասում ենք՝ համայնքները չեն ցանկանում միանալ։ Շատ համայնքներ կան, որոնց բնակիչները մի շաբաթվա ընթացքում իմացան, որ իրենց համայնքը պետք է խոշորանա, և դա բերեց բունտերի։  Այո՛, ես համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է չափանիշներ լինեին։ Բայց համայնքների խոշորացման արդյունավետությունը բնակչության և աշխարհագրական թվի մեջ չէ։ Մենք ունենք փոքր գյուղ կամ շատ փոքր քաղաք, գյուղապետ, քաղաքապետ․․․ Խոշորացրինք համայնքը, և շատ դժվար է կարճ ժամանակում լայն մտածել, հատկապես երբ այդ փնջի գյուղերից ինչ-որ մի համայնքապետ հիմա էլ խոշորացված փնջի համայքապետ է ընտրվել։ Այսինքն՝ դու միշտ աշխատել ես, գործել ես մեկ գյուղի շրջանակներում, իսկ հիմա պետք է յոթ գյուղ կառավարես։ Այդ տեղային մտածելակերպից կտրվելն էլ մի ահագին երկար պրոցես է։ Խոշորացման արդարացումներից մեկն այն էր, որ համայնքներում պետք է ավելի քիչ մարդիկ աշխատեն։ Բայց մեր հայկական սովորության համաձայն՝ համայնքապետերից շատերը գտել են միջոցները, որոնցով կարելի է համայնքում շատ աշխատողներ պահել։ Թվաքանակն այնքան էլ չի քչացել։ Քչացել է ինչ-որ չափով, բայց ոչ այն արդյունավետությամբ, բնականաբար, որով նախատեսվում էր։ Մենք ունենք նաև այլ խնդիր․ մեր իշխանությունները հիմնականում խոշորացված համայնքների  նախկին գյուղապետերին նշանակեցին խոշորացված համայնքի մեջ մտած բնակավայրերի վարչական պատասխանատուներ։  - Սխա՞լ էր նրանց նշանակելը։ - Իհա՛րկե, սխալ է։ Դա ինչ-որ ձև փոխհատուցում էր․ մարդը՝ որպես ընտրված գյուղապետ, զրկվում էր իր պաշտոնից, և նրան փոխհատուցման նման առաջարկում էին ինչ-որ գյուղում լինել վարչական ղեկավար։ Նախևառաջ, այստեղ ի հայտ եկավ շատ վարչական պատասխանատուների անգործությունը, որը մի քիչ նման էր սաբոտաժի, որովհետև ինքը զրկվել էր ինքնակառավարվող սեփական բյուջեի հնարավորություն ունենալուց և սկզբունքորեն դեմ էր խոշորացմանը, բայց մի օր խոշորացվեց, իրեն նշանակեցին վարչական պատասխանատու, և ինքը լավ աշխատելու մոտիվացիա չուներ։  Երկրորդ խնդիրն այն է, որ մենք ունենք շատ փոքր գյուղական համայնքներ, այնտեղ 10-15-20 տարի միևնույն անձը եղել է համայնքապետ ու այդքան տարի իր գյուղում որևէ էական ծրագիր չի իրականացվել։ Եթե այդ մարդն արդյունավետ չի աշխատել որպես համայնքապետ, ինչպե՞ս կարող է արդյունավետ աշխատել որպես վարչական պատասխանատու։ Դա ևս խոշորացման ամբողջ տրամաբանության ձախողումն էր, այդ ամենը պետք է լիներ մրցութային․ գային, մրցույթներին մասնակցեին մասնագետներ և ընտրվեին բարձր մրցակցության արդյունքում։ Օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատուն պետք է լինի տվյալ բնակավայրի մշտական բնակիչ։ Ես համարում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ - Նա ավելի լավ չի՞ հասկանա իր համայնքի խնդիրները, քան դրսից եկած որևէ մեկը։  - Խնդիրը հասկանալու մեջ չէ։ Եթե Ձեզ հրավիրենք ինչ-որ գյուղ, Դուք՝ որպես լրագրող, անմիջապես այդ գյուղի խնդիրները կհասկանաք։ Մենք ունենք մասնագետների խնդիր։ Ավելի լավ է՝ մի քիչ ավելի մեծ լիազորություններ տային վարչական պատասխանատուին, բայց մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ դրվեին։  - Խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածո՞ւն էլ պիտի այդ համայնքի բնակավայրերից չլիներ։ - Համայնքապետը քաղաքական պաշտոն է, պետք է տվյալ համայնքից լինի։ Դա մի քիչ քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Մենք ունենք այդպիսի օրինակներ․ դա կախված է երկրից, տեղական ինքնակառավարման քաղաքականությունից։ Կան այնպիսի երկրներ, որտեղ համայնքում, այդ թվում՝ խոշորացված համայնքում, ձևավորվում է համայնքային ավագանի՝ կուսակցական քվոտաներով (ինչպես մենք հիմա Հայաստանում գնում ենք դեպի համամասնական), և ավագանին անցկացնում է մրցույթ՝ ընտրելու համայնքի մենեջեր։ Մեր օրենքի տեսանկյունից դա քաղաքական պաշտոն է, և մեր օրենսդրությունը դրան համապատասխանեցված չէ։  Բայց բնակավայրերի պարագայում մեզ պետք են լավ մասնագետներ։ Մենք պետք է ունենանք վարչական պատասխանատու, որը ոչ միայն տվյալ բնակավայրում հետևում է համայնքի ղեկավարի հրահանգների կամ որոշումների կատարմանը, այլ նաև զբաղվում է բնակավայրի խնդիրների վերհանմամբ, առաջնայնությունների սահմանմամբ։  Բայց այսօրվա դրությամբ մեր վարչական պատասխանատուները տալիս են տեղեկանք և տվյալ բնակավայրում իրականացնում են համայնքի ղեկավարի կամ ընդհանուր համայնքի քաղաքականությունը։  Շատ դեպքերում նաև չեն կարողանում բարձրաձայնել ինչ-որ խնդիրների մասին, որովհետև դա կարող է համայնքի ղեկավարի կողմից ընկալվել, թե ինքը տվյալ համայնքի ղեկավարի դեմ է խոսում։ Դրա համար պետք է օրենքով ավելի շատ պաշտպանված լինեին։ - Երբ Էստոնիայում տեղի ունեցան վարչատարածքային բարեփոխումներ, համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեց, և կառավարությունը խոշորացրեց միայն այն համայնքները, որոնք ձախողել էին կամավոր խոշորացման գործընթացը։ Արդյո՞ք մեր երկրում չպետք է համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեր։ - Եթե խոսքը կամավոր միավորման մասին լիներ, հավատացե՛ք, դա բավականաչափ ծանր գործընթաց էր լինելու Հայաստանում։ Միգուցե այլ երկրներում, նույն Էստոնիայում, փոխհարաբերություններն ավեի թույլ են միմյանց հետ։ Մեզ մոտ մի քիչ այլ է․ գյուղերը տարբերվում են ծավալներով, մտածելակերպով, ծագումնաբանությամբ։ Յուրաքանչյուր բնակավայր մյուսի նկատմամբ ունի որոշակի վերապահում։ Բավականաչափ մեծ տարանջատում է։ 1995թ․ մենք ունեինք գյուղխորհուրդներ, որոնք բաղկացած էին 4-5 բնակավայրերից։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցան, այսպես ասած, համայնքային անկախացման գործընթացներ։ Մարդիկ հիշեցին, որ իրենց պապերը միմյանց չեն սիրել, չեն հարգել, և գնացին մինչև Գերագույն խորհուրդ, հետո՝ Ազգային ժողով, ու հասան նրան, որ իրենց փոքր, նույնիսկ 50-60 տուն ունեցող բնակավայրերն առանձնացան։  - 2019-ին մեր երկրում վերականգնվեց համայնքների միավորման և բաժանման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու հնարավորությունը։ Չնայած հանրաքվեների արդյուքներն ունեն խորհրդատվական բնույթ, կառավարությունը վստահեցնում է, որ չի գնա խոշորացման, եթե որևէ համայնքի բնակիչների մեծամասնությունը «ոչ» ասի։ Այսպես ավելի չի՞ դժվարանա խոշորացման գործընթացը։ - Դժվարանալու է։ Ամեն ինչ կախված է լինելու համայնքապետերի դիրքորոշումից հատկապես այնտեղ, որտեղ դեռևս հին համայնքապետերն են, որոնք 10 և ավելի տարի ղեկավարում են համայնքը։ Անտեղ նույնիսկ հանրաքվեն չի կարելի հետագայում դիտարկել որպես օբյեկտիվ կարծիքի դրսևորում։ Շատ հնարավոր է՝ տվյալ համայնքապետերն աշխատեն, որ ժողովուրդն ասի ոչ։ Ես Հայաստանում գիտեմ համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Մենք խոշորացման գործընթացի ամբողջ տրամաբանությունը մարդկանց ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք և նրանց ցույց տալու, թե վաղը խոշորացման պարագայում իրենց կյանքն ինչով է բարելավվելու, իսկ մենք այսօր դա չենք կարող ցույց տալ։ Դրա համար ես կարծում եմ, որ նման հանրաքվեների դեպքում մարդիկ մեծամասամբ կասեն «ոչ», նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ տեսե՛ք, խոշորացումը լավ է, և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում համայնքապետերը մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի «ոչ»։  Երկրորդ պարագան այն է, որ պետք է գործարկվեն պետական իշխանության լծակները, որ մարդիկ հանրաքվեին ասեն «այո»․ դա էլ ամենավատ ճանապարհն է։ Ես չեմ մտածում, որ նման բան տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ավելի վատ․ մեզ այդպիսի խոշորացված համայնք պետք չէ։  Պիլոտային առաջին խոշորացված համայնքներից օրինակ բերեմ Թումանյանը, որի մեջ յոթ բնակավայր էր միավորվել։ Այդ յոթ բնակավայրերի համայնքապետերը տարբեր պատճառներով դեմ էին խոշորացմանը, դեմ էին նաև բնակիչները, բայց պետական խողովակներով՝ մարզպետարանով և այլն, այդ նույն համայնքապետերը դուրս եկած համայնքի բնակիչներին համոզում էին, որ անպայման  քվեարկեն «այո»։  - Եվ Լոռու մարզի 4 համայնքում մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։ - Այո՛, դեմ գնալով իրենց սկզբունքներին։ Այստեղ քաղաքական պատվեր էր՝ ուղիղ մասնակցություն, վարչական լծակների օգտագործում։ Մեզ դա ևս պետք չէ։ Ավելի լավ է՝ ապագայում ամեն ինչ լինի այն տրամաբանության մեջ, որ ժողովրդի կամարտահայտումն իսկապես աշխատի, բայց դա հնարավոր չէ այն խոշորացվող համայնքներում, որտեղ համայնքապետերը 10 կամ ավելի տարի համայնքի ղեկավար են։ Ավելի լավ է՝ փոքր բնակավայրը շարունակի իր գոյակցությունը, քան բերեն այնտեղ մի օր հանրաքվե անցկացնեն, և համայնքի բնակիչներն ասեն՝ մենք դեմ ենք խոշորացմանը, բայց դա լինի այնտեղի ներկայիս համայնքի ղեկավարի ծանր, ուժեղ ձեռքի կամքը։  Աննա Սահակյան
20:46 - 24 հունիսի, 2020
Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում․ Տիգրան Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան

Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում․ Տիգրան Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականին։ Սահմանադրության 7-րդ գլուխը սահմանում էր, որ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում (ՀՀ Սահմանադրություն, 1995 թ, գլուխ 7, հոդված 104-105): 1995թ․ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը։ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի  («Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, 1995 թ․, հոդված 2) և 931 համայնքների: Մայրաքաղաք Երևանը ևս ստացավ մարզի կարգավիճակ: 2005 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Երևանին տրվեց համայնքի կարգավիճակ (ՀՀ Սահմանադրություն, 2005 թ․, գլուխ 7, հոդված 108)։ Համայնքների խոշորացո՞ւմ թե՞ միջհամայնքային միավորումների ստեղծում 2011թ․ Հայաստանի Հանրապետության՝ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացրեց  «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգ։ Հայեցակարգում նշվում էր, որ Հայաստանի 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կա՛մ իրականացվում են ցածր մակարդակով, կա՛մ էլ ընդհանրապես չեն իրականացվում: Ըստ փաստաթղթի՝ գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում էր, ինչն էլ բերում էր գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի:  «Մեր հանրապետությունում համայնքներից շատերի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար»,- նշվում էր հայեցակարգում:  Այսպիսով, առաջարկվում էր խնդիրների լուծման երկու հնարավոր տարբերակ․ վարչատարածքային համակարգի վերակազմակերպմամբ համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցության ինստիտուտի ներդրում։  Համայնքների խոշորացման դեպքում վարչատարածքային բարեփոխումներ էին տեղի ունենալու, և իրականացվելու էր համայնքների միավորման գործընթաց, ինչի արդյունքում հանրապետությունում համայնքների թիվը կրճատվելու էր։ «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի մատուցած ծառայությունները»,- նշվում էր նախկին Տարածքային կառավարման նախարարության՝ 2013թ․ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում, որը հիմնված էր կառավարության ներկայացրած հայեցակարգի վրա:  Համայնքների խոշորացման դեպքում ակնկալվող դրական արդյունքներից մեկն էլ այն էր, որ նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ էր լինելու, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը:  «Դա հնարավորություն կտա օրենքով սահմանված շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին ավելի բարձր աշխատավարձեր առաջարկել համայնքային ծառայողներին` խթանելով որակյալ ծառայողների մուտքը համայնքի աշխատակազմ: Բացի դրանից՝ զգալիորեն կկրճատվեն նաև ապարատի պահպանման ծախսերը, որի արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական միջոցների չափերը»,- նշվում էր կառավարության հայեցակարգում:   Լուծման հաջորդ տարբերակը միջհամայնքային միավորումների ստեղծումն էր։ Միջհամայնքային համագործակցությունը վերաբերում է երկու կամ ավելի հարևան համայնքների կողմից համատեղ գործունեությանը՝ համայնքային վարչական խնդիրների, համայնքային ծառայությունների և տեղական զարգացման ոլորտներում, որը հնարավորություն է ընձեռում այդ գործընթացներն իրականացնել ավելի արդյունավետ, քան համայնքները դա կանեին առանձին: Այսինքն, եթե առաջին դեպքում համայնքները միանալու էին, երկրորդ դեպքում պահպանվելու էին, բայց որոշ ծառայություններ իրականացնելու էին միասին։ ՀՀ կառավարության հետագա գործողություններից պարզ դարձավ, որ Հայաստանում մեկնարկելու է համայնքների խոշորացման գործընթաց։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը, խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։ «Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա ես միանշանակ չեմ կարող ասել՝ այո»,- նշում է նա։  Համայնքների խոշորացման սցենարները 2013-ին տարածքային կառավարման նախարարությունն իր աշխատանքային տեղեկանքում առաջարկում էր համայնքների խոշորացման երկու սցենար՝ խոշորացում՝ ըստ համայնքների փնջերի (1-ին սցենար), և խոշորացում՝ ըստ նախկին շրջանների տարածքների (2-րդ սցենար)։ 1-ին սցենարի հիմքում ընկած էր կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը։ Որպես համայնքների խոշորացման կարևոր սկզբունքներ՝ հայեցակարգում ներառված էին տնտեսական նպատակահարմարությունը, բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորության ապահովումը, բնակչության համար հանրային ծառայություններից օգտվելու հասանելիությունը, ՏԻՄ-երի ինքնուրույնության ապահովումը և այլն: 2-րդ սցենարի դեպքում նախատեսվում էր ունենալ` քաղաքային բնակավայրում որոշ թվաքանակից ավելի բնակչություն ունեցող ինքնուրույն համայնքներ, շրջանային համայնքներ, որոնք ներառելու էին նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (մինչև 1995թ․ Հայաստանում գոյություն ունեին 37 վարչական շրջաններ), իսկ  այն դեպքում, երբ նախկին շրջանի բնակավայրերի բնակչության թվաքանակը մեծ էր սահմանված առավելագույն չափից, շրջանի տարածքում ներառված որոշ բնակավայրեր կարող էին ձևավորել նոր համայնք, զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքներ՝ Ջերմուկ, Դիլիջան և Ծաղկաձոր տուրիստական կենտրոնները՝ իրենց հարակից բնակավայերով:  Օլեգ Դուլգարյանը կողմ է խոշորացման շրջանային սցենարին։ Նրա խոսքով` համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանում ձևավորվել են անտրամաբանական փնջեր․ մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։ «Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ մենք նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը»,- նշում է նա։ Տեղական հանրաքվեները՝ համայնքների խոշորացման ժամանակ Մինչև 2015թ․ սահմանադրական բարեփոխումները ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի 110-րդ հոդվածում ասվում էր․ «Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։ Այն ժամանակվա Սահմանադրությամբ, փաստորեն, համայնքները միավորելիս կամ բաժանելիս դրանցում տեղական հանրքավեներ անցկացնելու միջոցով բնակիչների կարծիքը լսելը պարտադիր էր։ Բայց քանի որ այդ տեղական հանրաքվեներն ունեին խորհրդատվական բնույթ, անկախ դրանց արդյունքներից՝ համայնքները կարող էին միավորվել կամ բաժանվել։  2015թ․ մայիսի 17-ին տեղական հանրաքվեներ անցկացվեցին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի այն համայնքներում, որոնք կառավարությունը մտադիր էր խոշորացնել։  Լոռու մարզում պատկերը հետևյալն էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվն Աթան համայնքն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 47,14 %-ը, իսկ ամենապասիվը Լորուտն էր, որտեղ տեղական հանրքավեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 34,12 %-ը։     Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքներից 4-ում բնակչության մեծամասնությունը խոշորացմանն ասաց «այո», 3 համայնքում՝ «ոչ»։     Սյունիքի մարզում ունեինք այսպիսի պատկեր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Քաշունին էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 88,89 %-ը, իսկ ամենապասիվը Հալիձորն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 51,69 %-ը։     Մարզի բոլոր համայնքներում, որտեղ տեղական հանրաքվե էր անցկացվել, բնակչության մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։     Տավուշի մարզում պատկերն այսպիսին էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Աղավնավանքն էր, որտեղ  տեղական հանրաքվեին մասնակեց  ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 59,55 %-ը, իսկ ամենապասիվը Հաղարծինն էր, որտեղ մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակչների 24,41 %-ը։     Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքից 4-ն «այո» ասաց խոշորացմանը, 3-ը՝ «ոչ»։     2015-ի դեկտեմբերի վարչատարածքային բարեփոխումներով համայնքները, որտեղ անցկացվել էին տեղական հանրաքվեներ, խոշորացվեցին․ Լոռու մարզում  ստեղծվեց Թումանյան խոշորացված համայնքը, Սյունիքի մարզում ստեղծվեց Տաթև խոշորացված համայնքը, Տավուշի մարզում  ստեղծվեց Դիլիջան խոշորացված համայնքը։ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությունից հանվեց այն դրույթը, համաձայն որի՝ համայնքները խոշորացնելիս տեղական հանրաքվեներ պետք է անցկացվեն։ Սահմանդրության 190-րդ հոդվածում նշվում է միայն հետևյալը․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Համայնքների խոշորացման հետագա գործընթացը 2016-ի հունիսի վարչատարածքային փոփոխություններից առաջ տեղական հանրաքվեներ չանցկացվեցին, քանի որ օրենքն այլևս դա չէր պահանջում։ Խոշորացումներ իրականացվեցին Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Վարչատարածքային հաջորդ բարեփոխումն իրականացվեց 2017-ի հունիսին։ Խոշորացումներ կատարվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Համայնքային փնջերում ներառված բնակավայրերի թիվը խոշորացված համայնքներում բավականին  տարբեր է․ օրինակ, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում ներառված է միանգամից 38 բնակավայր, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում՝ 19 բնակավայր, Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում՝  9 բնակավայր, իսկ ահա Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայքնում՝ 3 բնակավայր։ Նոր կառավարության դիրքորոշումը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք ստացան Թավշյա հեղափոխություն անվանումը, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, նշել էր․ «Մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Պետք է մի պահ դադար առնել ու տեսնել՝ ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվո՞ւմ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության՝ ՀՀ-ում խոշորացման որևէ գործընթաց չանել»։ 2019-ի մարտին նախկին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի քննարկումներից մեկի ժամանակ ասել էր․ «Խոշորացմանը մենք վերաբերվում ենք դրական, քանի որ ունենք համայնքներ, որտեղ խոշորացումը իրավամբ տվել է այն արդյունքները, որ սպասելի էին։ Այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, եղել են տնտեսական հաշվարկներ։ Խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարություններից, այսինքն՝ դրանք երբեմն արհեստական բնույթ են կրել։ Միևնույն ժամանակ ուզում եմ կարևորել, որ երբ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հատվածին, այն է՝ համայնքների ունակությանը, նրանց պոտենցիալին, կարևոր է դառնում նրանց ունակությունների, նրանց տնտեսական պոտենցիալի համալրումը և ճիշտ կառավարումը»։  Նախարար Պապիկյանը  նշել էր, որ այդ աշնանը կարող էր տեղի ունենալ խոշորացման հաջորդ փուլը, եթե տվյալ համայնքների հանրությունը տար իր համաձայնությունը։  «Ընդհանուր տարածքային կառավարման մեր տեսլականում զարգացումը հետևյալն է․ մենք պետք է ունենանք ավելի պակաս թվով համայնքներ, որոնք տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրները և կառավարության աջակցությամբ կկարողնան ավելի լավ արդյունքներ արձանագրել, քան այսօր։ Մեզ անհրաժեշտ են տնտեսապես կայուն, ունակ համայնքներ, որովհետև փոքր համայնքներն իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, և միակ հույսը կառավարության կողմից տրվող դոտացիաներն են»,- ասել էր նա։ Համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվե անցկացնելու պրակտիկայի վերականգնումը 2019-ի աշնանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը հեղինակեցին ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Նախագծի հիմնավորման մեջ խոսվում էր 2015-ի սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցից հետո Սահմանադրությունից հանվեց համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու պահանջը։ «Փաստորեն, գործող Սահմանադրությունը համայնքների կարծիքը պարտադիր լսելու պարտավորությունը վերապահել է ոչ թե գործադիր իշխանությանը, այլ օրենսդիր մարմնին, սակայն առանց տեղական հանրաքվե անցկացնելու պայմանի: Տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական համապատասխան նորմի բացակայությունն ի սկզբանե կանխորոշում է համայնքների կարծիքը լսելու այլ ձևաչափեր սահմանելու անհրաժեշտությունը»,- նշվում էր հիմնավորման մեջ։ Ըստ դրա՝ նոր Սահմանադրությամբ համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ հանրության կարծիքը լսելու պարտավորությունը դրված է ԱԺ-ի վրա, իսկ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ն, բացի խորհրդարանական լսումներ կազմակերպելուց, այլ եղանակով չի կարող լսել համայնքների կարծիքը։ Նախագծով առաջարկվում էր «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարել և սահմանել, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվում էր սահմանել, որ  միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրելու են  խորհրդատվական բնույթ: Փաստորեն, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխություններից առաջ, համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեների արդյունքները կրելու էին միայն խորհրդատվական բնույթ։ Բայց, ի տարբերություն մինչև 2015թ․ գործող կարգավորումների, համայնքները միավորելիս կամ բաժանելիս տեղական հանրաքվեների անցկացումը պարտադիր չէր լինելու։ «Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը ևս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների  տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում՝ նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով)»,- նշվում էր նախագծի հիմնավորման մեջ։ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի՝ ԱԺ-ում ընդունված նախագիծը ՀՀ նախագահը ստորագրեց 2019-ի դեկտեմբերի 26-ին։ 2020 թ․ փետրվարի 6-ի նիստին կառավարությունը հավանություն տվեց  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում էր իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: Նիստի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է համայնքների խոշորացումից առաջ անցկացվող տեղական հանրաքվեն ոչ պարտադիր, նշեց․ «Քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն՝ կստացվեր, որ նույնիսկ այն դեպքերում, երբ առարկություն չկա, մենք համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Եվ, հետևաբար, մենք որոշեցինք չգնալ այս ճանապարհով, այլ գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք խոշորացման վերաբերյալ կառավարության մտադրության մասին, հայտարարում ենք համայնքների փունջը, այն համայնքում, որտեղ կա առարկություն, կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե: Եվ երբ հանրաքվեն նախաձեռնվում  է, և դե յուրե արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում, և, ինչպես ասել ենք, նման պարագայում ձեռնպահ կմնանք խոշորացումից»։ Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե կազմակերպելու հնարավորությունը կդժվարացնի խոշորացման գործընթացը, քանի որ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի խոշորացվելիք համայնքների ղեկավարների դիրքորոշումներից։ «Ես գիտեմ Հայաստանում համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Կարծում եմ, որ մեծամասամբ նման հանրաքվեների դեպքում մարդիկ կասեն՝ ոչ, նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ «տեսե՛ք, խոշորացումը լավ է», և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում ղեկավարները մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի՝ ոչ։  ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օերնքը ԱԺ-ում ընդունվելուց հետո ստորագրվեց այս տարվա ապրիլի 29-ին։ Իրականացվեցին հետևյալ փոփոխությունները․ Լուռու մարզի 2 համայնք միավորվեց Լերմոնտովո խոշորացված համայնքում, Տավուշի մարզի 20 համայնք միավորվեց Իջևան խոշորացված համայնքում։   Աննա Սահակյան
19:59 - 23 հունիսի, 2020
Սուրեն Պապիկյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Սուրեն Պապիկյանը տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին տեսակապի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող օժանդակության համար՝ ընդգծելով, որ ճգնաժամային իրավիճակը բազմամյա գործընկերային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու նախադրյալներ է ստեղծում :Ի թիվս երկկողմ և բազմակողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ նախարար Սուրեն Պապիկյանն ու Անդրեա Վիկտորինը անդրադարձել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումներին միտված հետագա փոխգործակցությանը և թռիչքային անվտանգության ոլորտի բացերի վերացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին: «Ներկայումս ՏԿԵ նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի վերացվեն թռիչքային անվտանգության հետ կապված բացերը: ՀՀ-ն Արևելյան գործընկերության այն երկրներից է, որը մշտապես իր պատրաստակաամությունն է դրսևորում ներպետական օրենսդրությունը կատարելագործելու, թե՛ տեսական, թե՛ գործնական դաշտում ներքին ստանդարտները եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու հարցում: Լիահույս եմ, որ ԵՄ գործուն աջակցության շնորհիվ մենք կբարձրացնենք նաև մեր ավիացիոն անվտանգության մակարդակը՝ ներդնելով թռիչքային անվտանգությանն առաջադրվող ԵՄ գործող ստանդարտներն ու պահանջները»,- ընդգծել է նախարար Պապիկյանը: Կարևորելով ավիացիոն խնդիրները բացառելու ուղղությամբ համակարգային և թիրախավորված աշխատանքը՝ դեսպան Վիկտորինը նշել է. «Այս հարցը միանշանակ վերջին մեկուկես տարվա խնդիր չէ, երկար ժամանակ դրանք բացառելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն կատարվել: Բայց առկա իրավիճակը կարող ենք դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի Հայաստանն իր ավիացիոն անվտանգության մակարդակը բարձրացնի և ավելի ուժեղ դուրս գա ստեղծվածիրավիճակից: Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի լուծենք խնդիրը»: Զրույցի ընթացքում նախարարն ու դեսպանը անդրադարձել են նաև վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացիկ վիճակին, այդ թվում համայնքային ենթակառուցվածքների, հատկապես ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ներդրման, էներգետիկ համագործակցության և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի», տարածաշրջանային զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ հետագա համագործակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու երկկուստեք պատրաստակամությունը:
16:19 - 19 հունիսի, 2020
ՀՀ-ում գործող 150 միջմարզային երթուղիներից 3-ը չի սպասարկվում. մեկ փոխադրող էլ դիմել է սակագինը նվազեցնելու առաջարկով |armtimes.com|

ՀՀ-ում գործող 150 միջմարզային երթուղիներից 3-ը չի սպասարկվում. մեկ փոխադրող էլ դիմել է սակագինը նվազեցնելու առաջարկով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում գործող 150 միջմարզային երթուղիներից այս պահին չի սպասարկվում միայն երեքը: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական բաժնի պետ Արման Կարապետյանը: Նա հայտնեց, որ ժամանակավորապես իրենց երթեւեկությունը դադարեցրել են Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Բերդ-Նորաշեն եւ Երեւան-Աբովյան փոխադրողները. վերջին ուղղությամբ կա 3 երթուղի, որոնցից միայն մեկը չի սպասարկվելու: «Այս պահին միայն այդ երեքն են հրաժարվել, բայց ունենք նաեւ դիմումներ չվացուցակով սահմանված երթերը պակասեցնելու խնդրանքով: Երթուղիների համար փորձում ենք ժամանակավոր չվացուցակներ հաստատել: Համավարակի պատճառով նախկինի չափ ուղեւորափոխադրում չկա, եւ ստիպել փոխադրողին նույն քանակի երթեր իրականացնել, անիմաստ է»,- ասաց Կարապետյանը: Այս պահին դեռ փոփոխված չվացուցակ չկա, բայց կան դիմումներ, որոնք քննարկման ու վերանայման փուլում են: Հայտնի չէ, թե ինչ չափով կնավեզցվի երթերի թիվը, բայց հայտնի է, թե ովքեր են դիմել: Դրանք են՝ Երեւան-Իջեւան, Երեւան-Վանաձոր, Երեւան-Գյումրի երթուղիները սպասարկող փոխադրողները: Արման Կարապետյանը նաեւ հայտնեց, որ վերանայվելու դեպքում էլ ժամանակավոր փոփոխություն է ենթադրում, քանի որ ամռանը՝ ուումնական պրոցեսի դադարից հետո, միշտ էլ ուղեւորի խնդիր եղել է: Այժմ, եթե նույնիսկ փոխվի, ապա ուսումնական պրոցեսը սկսվելուց հետո կրկին նախորդ կարգին կվերադառնան: Կարապետյանը նաեւ նկատեց՝ չվացուցակ է փոխվել, բայց գնային փոփոխություն տեղի չի ունեցել, բացառությամբ մեկ երթուղու, որտեղ ուղեվարձը ոչ թե թանկացել է ուղեւորի նվազ լինելու պատճառով, այլ էժանացել: Որքան էլ զարմանալի թվա, բայց ցածր ուղեւորահոսքի այս ընթացքում Սպիտակ-Երեւան երթուղին սպասարկող փոխադրողը դիմել է սակագինը նվազեցնելու խնդրանքով. այն նախկին 1200 ՀՀ դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 1000 դրամ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով սույն թվականի մարտի վերջից հանրային տրանսպորտը Հայաստանում դադարել էր գործել: Երբ մայիսի 18-ից կրկին վերագործարկվեց հակահամաճարակային պարտադիր պահանջների կատարման պահպանման պայմանով, մի շարք տրանսպորտային միջոցներ, ինչպես Երեւանը սպասարկող, այդ թվում՝ նաեւ միջմարզային, սկսեցին բողոքել նվազ ուղեւորահոսքից: Բնակչության շրջանում արդեն մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Մարզերի եւ համայնքների բնակիչները պնդում են, որ մնացել են Երեւանից կտրված եւ չեն կարողանում հասնել աշխատանքի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:51 - 19 հունիսի, 2020
Վերականգնվել է Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող ճանապարհը

Վերականգնվել է Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող ճանապարհը

Վերականգնվել է Արարատի մարզի Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող 2.7 կմ երկարությամբ ճանապարհը։ Այն վերականգնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։ Շինարարությունն իրականացրած «Արարատ ճանշին» ընկերության ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքի մանրամասները։Հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցում կարևորել է վերականգնված ճանապարհի հետագա պահպանման և սպասարկման խնդիրը‚ որպեսզի այն ավելի երկար ծառայի բնակչությանը։ Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը նշել է‚ որ գոհ են ճանապարհաշինական աշխատանքներից:«Որակով աշխատանք է արվել։ Այսուհետև մարդիկ կքայլեն բարեկարգված մայթերով‚ կերթևեկեն վերանորոգված ճանապարհով։ Որակյալ ճանապարհը նպաստավոր պայման է նաև գյուղատնտեսական մթերքը տեղափոխելու և իրացնելու համար»։Նշենք‚ որ վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ։
10:46 - 19 հունիսի, 2020
Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

Ճանապարհների հիմանորոգման ուղղությամբ նախորդ տարի 5 մլրդ դրամի խնայողություն է արվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախորդ տարի պետությունը  ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ արել է 5 մլրդ դրամի խնայողություն, որը կվերաբաշխվի այլ ճանապարհների շինարարության համար: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Գևորգ Պապոյանի հարցին: Պապոյանը նկատեց, որ դասական բյուջետավորման կանոնների համաձայն բազմաթիվ տողերով առկա է թերակատարում: Օրինակ x ճանապարհը կառուցելու համար նախատեսվել է 1 մլրդ դրամ, բայց 600 մլն դրամն է ծախսվել: «Սակայն, երբ ծրագրային բյուջետավորման կանոններով ենք նայում, տեսնում ենք, որ ճանապարհը կառուցվել է: Ավելի քիչ բյուջետային միջոցներով նպատակներն իրականացվել են, խնայված գումարներով հանրային այլ կարիքներ են հոգացել»,-ասաց Պապոյանն ու հարցրեց, թե արդյոք կարելի է պնդել, որ նախկինում այդպիսի տոկոսներով գողացվել են պետական բյուջեի միջոցները: «2019-ի աշխատանքների արդյունքում, ընթացիկ տարվա ճանապարհաշինության մրցույթների արդյունքում միայն հիմնանորոգման ուղղությամբ ունենք 5 մլրդ դրամի խնայողություն: Նոր գնման ընթացակարգի և դրա արդյունքների մասին է խոսքը: Սա ենթադրում է նաև, որ այդ նույն 5 մլրդը վերաբաշխվել է, և հավելյալ այլ ճանապարհների շինարարություններ նույնպես տեղի կունենան»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նկատեց, որ կառավարումից մեծապես կախված է արդյունավետությունն ու դրամական միջոցների ճիշտ օգտագործումը: Խնդիրը հետևողականության, ընթացակարգերին հետևելու մեջ է: Նա չցանկացած գնահատականներ հնչեցնել, թե նախկինում որտեղ ինչ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել, հիշեցրեց, որ իրավապահ մարմինները հետևողականորեն դրանով զբաղվում են, բացահայտում են:
17:44 - 17 հունիսի, 2020