Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ապրիլյան հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից |armtimes.com|

Ապրիլյան հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից |armtimes.com|

armtimes.com: Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում համաձայնեց, որ կարիք չկար այդքան մեծացնել ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառումից վիրավորված Զավեն Գրիգորյանի թեման ու նշեց, որ Գրիգորյանի խնդիրները մշտապես եղել են իշխանության ու իր ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրեց ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառման հետեւանքով վնասվածքներ ստացած Զավեն Գրիգորյանի բուժման վերաբերյալ հարցեր։ Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չէր ցանկանա, որ Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից եւ ներկայացվեր, իբրեւ իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ: «Ես ինքս եմ Զավենի խնդրով զբաղվել, առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել եւ փորձել աջակցել։ Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք այցելել հիվանդանոցում եւ ում չեք ճանաչել»,- մասնավորապես գրել էր պատգամավորը: Փաշինյանն էլ այսօր ասաց, որ Գրիգորյանին նաեւ 2 միլիոն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից․ «Ինչ վերաբերում է հատուցմանը, որ պետությունից պահանջում է Գրիգորյանը, դա արդեն իրավական ընթացակարգ է պահանջում եւ դա հենց այդպիսի ընթացակարգով պետք է լուծվի»,-ասաց Փաշինյանը։
11:38 - 28 մարտի, 2019
Եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները. Նիկոլ Փաշինյան |hetq.am|

Եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները. Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի 2018 թվականի կատարողականի զեկույցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անդրադարձավ մի կողմից Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների, մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրին, որը խորհրդարանը երեկ էր վավերացրել։ «Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն հաշվարկներ, թե օրինակ ինչ կարժենա մեկ կիլոգրամ կարտոֆիլը, եթե Իրանից հասնի Հայաստան, և կցանկանայի ձեզնից լսել, պարոն վարչապետ, այս համաձայնագիրը շահավետ է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական տեսանկյունից»,- ասաց նա։ «Երբ ասում ենք ազատ առևտրի համաձայնագիր, դա ոչ միայն նրա մասին է, որ Իրանից կարող են ներմուծել Հայաստան, այլև նրա մասին, որ Հայաստանից կարող են արտահանել Իրան»,- արձագանեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ 3 միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 միլիոնանոց շուկայի հետ, և հայաստանյան առաջին ռեակցիան հետևյալն է՝ հնարավո՞ր է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու տեղական կարտոֆիլի գինն էժանանա։ «Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել, մեր մտածողությունը շարունակում է մնալ էն, որ կարտոֆիլը պետք է պարկերով շարենք Կոմիտասի պողոտայում ու վաճառենք: Սա մեր ամենամեծ խնդիրն է»,- ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ մտավոր աշխատանքի բաղադրիչը պետք է մեծանա, ֆիզիկական աշխատանքի բաղադրիչը՝ փոքրանա։ «Էդպիսի հաշվարկներ, թե օրինակ կարտոֆիլն ինչքան կարժենա, չեմ կարծում, թե կա, բայց ընդհանուր առմամբ կան հաշվարկներ, որ էդ պայմանագիրը ձեռնտու է ՀՀ-ին, և բխում է Հայաստանի շահերից»,- ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով, եթե շահավետ չլիներ Հայաստանի համար, խորհրդարանը երեկ գրեթե միաձայն այն չէր վավերացնի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը տեղից արձագանքեց, որ ինքը դեմ է քվեարկել։ «Շատ լավ, եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները»,- ասաց Փաշինյանը։
08:46 - 28 մարտի, 2019
Մենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք , որտեղից բարձր աշխատավարձ ստացող լինի, խփենք քցենք. Նիկոլ Փաշինյան

Մենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք , որտեղից բարձր աշխատավարձ ստացող լինի, խփենք քցենք. Նիկոլ Փաշինյան

Բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է։ Այսօր այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխություններին։ «Համահարթ եկամտային հարկի սահմանումը շատ կարևոր է։ Հայաստանում բերեք տնտեսագտների նստացնենք 100 տնտեսագետը կտա 150 տարբերակ, թե ոնց պետք է փոխենք։ էստեղ հարցը գալիս է քաղաքական որոշման արդեն, թե ինչ ենք մենք ուզում, ինչ խնդիր ենք ուզում լուծել ։ Հիմա նոր թշնամի է ի հայտ եկել մեր հանրային կերպարում՝ բարձր աշխատավարձ ստացողները։ Մենք սնայպերով բոլոր անկյուններում նստենք՝ որտեղից բարձր աշխատավարձ ստացող լինի, խփենք քցենք։ Ո՛չ, դա չի համապատասխանում մեր քաղաքական գծի տրամաբանությանը, որովհետև բարձր աշխատավարձ ստացողը մեր պատկերացրած քաղաքացին է։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ բարձր աշխատավարձը խրախուսենք։ Մենք պետք է ցույց տանք, որ բարձր որակավորում ունեցող մասնագետը հարկվում է էստեղ համեմատաբար ցածր, այլապես ո՞նց ենք զարգացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,- ասաց նա։
08:19 - 28 մարտի, 2019
Ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու․ Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում Կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանն  ասաց վարչապետին, որ Տավուշի մարզում հիվանդությունների պատճառով մեծ թվով խոզեր են սատկել, ինչպես նաև գնանկման պատճառով գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ վնասի գնահատում, թե՞ ոչ։ Վարչապետն արձագանքեց, որ դրա համար կա ընթացակարգ, այդ ընթացակարգերով կանցնեն, եթե նախատեսված է փոխհատուցում, ապա կլինի փոխհատուցում, իսկ եթե նախատեսված չէ, ապա կքննարկեն, թե ինչ անել։ «Քանի տարի ենք այդ պատմությունը լսում․ ամեն տարի նույն օրերին այդ հարցը ծագում է մեզ մոտ և արդյո՞ք ինքներս մեզ հարց չենք տալիս, գուցե ինչ-որ բան սխա՞լ ենք անում։ Ես տենց գարուն և աշուն չեմ հիշում, որ այս խնդիրը չառաջանա։ Հայաստանում արտադրվող մսի տեսակներից ոչխարի միսը ամենամրցունակ ապրանքն է։ Էսօր Հայաստոնում, ակնհայտ է, որ խոզի միսը ու տավարի միսը պակաս մրցունակ են։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է այդպես։ Ասենք, ենթադրենք մենք խոզերին բաց ենք թողնում անտառում մի ուղղությամբ, էդ խոզերը վարակված հետ են գալիս և սատկում են։ Մենք հաջորդ տարի խոզերին էլի նույն ուղղությամբ ենք ուղարկում։ Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ ենք էդ խոզերին ամեն տարի նույն ուղղությամբ ուղարկում, հաստատ իմանալով, որ վարակված հետ են գալու։ Գուցե դրա մեղավորը իրոք կառավարությունն է, որ խորհուրդներ չի տալիս և սերտ չի աշխատում։ Պետք է բոլոր հարցերը վերանայենք»,-ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ Կառավարությունը ևս անելիք ունի, որ գյուղացիներին խորհուրդ տա, թե որ տարածքում որ կուլտուրան է առավել արդյունավետ, նույնը վերաբերում է անասնապահությանը։
07:16 - 28 մարտի, 2019
ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է արագացնել բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության զարգացումը |tert.am|

ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է արագացնել բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության զարգացումը |tert.am|

tert.am։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը նկատեց, որ ծրագրում գրված է, որ ՀՀ-ում հեղափոխական տեմպերով պետք է արագացնել բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության զարգացումը: Մինչդեռ, ըստ նրա, զեկույցում որևէ անդրադարձ չկա գյուղատնտեսությունը զարգացնող տեխնոլոգիաների կիրառման մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այո´, այս ընթացքում եղել է գյուղատնտեսության ոլորտում անկում, որը կապված է եղել վնասատուների, սխալ պլանավորման, ստվերային այգիների բացահայտման հետ: Կներեք, բայց նույնիսկ հարսանիքի պլանավորման համար տասն ամիսը երբեմն քիչ է լինում»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ գյուղատնտեսության հետ կապված իրենց ներկայացրած գործողությունների շրջանակը չէր որակի համապարփակ, բայց միտում կա:
07:00 - 28 մարտի, 2019
Նստում են, գողանում, թալանում, վերջում ասում՝ իրենց տեղը կառավարությունը վճարի․ Նիկոլ Փաշինյան

Նստում են, գողանում, թալանում, վերջում ասում՝ իրենց տեղը կառավարությունը վճարի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է քառօրյայի հերթական նիստը: Օրակարգում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ջրօգտագործողների միության աշխատավարձրի հարցին, նշեց, որ ջրօգտագործողների միությունները Հայաստանի ամենաշատ թալանված համակարգն է։ Նա ավելացրեց, որ վերջիններս իրենց աշխատավարձերը ստանում են իրենց իսկ հավաքագրումների հիման վրա։ «Այսինքն՝ կան ջրօգտագործողներ, որ իրենց համար ստեղծել են միություն և ընտրել նախագահ, հարկը հավաքում են և իրենք իրենց համար ստանում են աշխատավարձ։ Ի՞նչ է նշանակում, թե բոյկոտում են և չեն աշխատում։ Ես երեկ տեսա, որ մի շարք ջրօգտագործողների դեմ քրեական գործեր է հարուցվել մեկ միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում՝ ամեն մեկն իր արած և չարածի, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացել։ Չեք աշխատել, չեք ստացել։ Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, հետո չգաք ասեք՝ ջրօգտագործողներին լցնում եք բանտերը։  Ինչի՞ պետք է կառավարությունը վճարի»։ Նա նաև նշեց, որ եթե աշխատավարձ չեն ստանում, ապա լավ չեն աշխատում․ «Ուրեմն լավ չեն կառավարում, նրանց բոլորին պետք է գործից հեռացնել, որովհետև իրենք ի վիճակի չեն կառավարել։ Գնանք իրենց պետերի տները, տեսնենք՝ ոնց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»։
06:50 - 28 մարտի, 2019
Աշակերտները կկարողանան անվճար այցելել թատրոններ ու թանգարաններ |armenpress.am|

Աշակերտները կկարողանան անվճար այցելել թատրոններ ու թանգարաններ |armenpress.am|

Պետությունն այս տարվա պետական բյուջեով 400 մլն դրամ հավելյալ միջոցներ է նախատեսել մի ծրագրի համար, որով շուրջ 350 հազար աշակերտի համար անվճար թանգարան, համերգասրահ և թատրոն այցելելու հնարավորություն է ստեղծում: վարչապետ Փաշինյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ` ի պատասխան պատգամավորի հարցի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ կառավարութան կատարողականի վերաբերյալ զեկույցից եզրակացրել է, որ կառավարության մշակութային ծրագրերի իրականացման համար կառավարության մոտեցումը համաչափ չի իրականացվել մարզերում: «2018-ի մայիս-հունիսից աշխատում ենք մի ծրագրի վրա, որը հանրապետության բոլոր` մոտ 350 հազար աշակերտի հնարավորություն է տալու պետական բյուջեի ֆինանսավորմամբ տարին առնվազն մեկ անգամ այցելել թատրոն, համերգասրահ և թանգարան: Պետությունը 2019-ի բյուջեով 400 մլն դրամ հավելյալ միջոց է հատկացրել այս ծրագիրն իրականացնելու համար»,-ներկայացրեց վարչապետը: Նա նաև նշեց, որ իրենց յուրօրինակ պատկերացումն ունեն, թե մշակութային քաղաքականությունն ինչ նպատակ պետք է ունենա և ինչպես պետք է տարվի:
13:08 - 27 մարտի, 2019
Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ ներգրավվածություն չկար, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեքային համակարգ: «ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», - ասել է վարչապետը և այս համատեքստում կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով: «Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար», - ասել է Լիլիան Մորի-Պասկիեն: Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնութունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար: Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է ժողովրդավարության ուժեղացումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այս համատեքստում օրակարգում քաղաքական ինստիտուտների շարունակական հզորացումն է, արդարադատության ինստիտուտների ուժեղացումն ու ամրապնդումը, այդ թվում նաև՝ անկախ դատական համակարգի կայացումը, ազատ խոսքի ամրապնդումը և այլն:  
12:33 - 27 մարտի, 2019
Գազավորված ըմպելիքների ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են. Փաշինյան |lragir.am|

Գազավորված ըմպելիքների ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են. Փաշինյան |lragir.am|

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըմպելիքների` ըստ շաքարայնության ակցիզային հարկման տարբերակից գազավորված ըմպելիքների հարկման տարբերակին անցնելը համարում է կառավարության` երկխոսությունների համար բաց լինելու արդյունք: Որոշակի փաստարկների առկայության պարագայում ընտրվել է գազավորված ըմպելիքների հարկման տարբերակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազավորված ըմպելիքների հարկման մասին խոսեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: «Մենք քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ այդ հարցում ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են: Մեր գաղափարն այն էր, որ շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ մենք պետք է պայքար տանենք, որովհետև դա ուներ նաև առողջապահական նպատակներ: Փաշինյանը նշեց` փոփոխությունը, այս տարբերակն ընտրելը նրա վկայությունն է, որ կառավարությունը երկխոսություն է վարում: «Մենք մի բան չենք անում ու ականջներս փակում, ասում` ասել ենք, ուրեմն պիտի անենք: Շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած գաղափարի քննարկման համար բաց լինենք: Պետք է լսել և լինել լսելի»,-նշեց Փաշինյանն ու շեշտեց`  այդպես էլ շարունակելու են:
10:51 - 27 մարտի, 2019
Հայաստանում չպետք է լինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չպետք է լինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ. Նիկոլ Փաշինյան

lragir.am։ Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հետևյալ նպատակն ունի` բարձր որակավորում ունեցող մարդիկ պետք է բարձր աշխատավարձ ստանան: Իսկ համահարթեցման արդյունքում սոցիալական անհավասարության որոշակի խնդիրը կլուծվի հետագայում գույքահարկի ոլորտի բարեփոխումների արդյունքում: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը պատգամավորի հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նշեց, որ որոշ տնտեսավարողների համար հարկային բարեփոխումներով նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումը խնդիր է առաջացրել: Նա, մասնավորապես, հետաքրքրվեց գազավորված ըմպելիքների հարկման նկատմամբ վարչապետի տեսակետով, նաև գույքահարկի մասով լուրջ ռեֆորմներով: «Մեր կառավարության ծրագրում դրված է, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, և մենք այնպես անենք, որ նա լավ ապրի: ՀՀ-ում էժան աշխատուժ չպետք է լինի: Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք այս ուղերձը հղելու համար: Մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր դառնալ, սակայն մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա այնքան հարկ ենք դնում, որ ոչ ոք չցանկանա ներդրում անել: Մենք մարդկանց պետք է մղենք պրոֆեսիոնալ հմտությունների աճեցման»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նկատեց, որ Հայաստանում կա տպավորություն, թե բարձր աշխատավարձ ստացողների թիվը շատ ցածր է: «Տպավորություն կա, թե մենք ընկել ենք բարձր աշխատավարձ ստացողների հետևից, և ուզում ենք նրանց ներկայացնել որպես սոցիալական բևեռ` իբր նրանք հարուստներն են: Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք աշխատավարձով հարուստ և առավել ևս մեծահարուստ չի»,-նշեց նա:  
10:31 - 27 մարտի, 2019
Գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր․ Նիկոլ Փաշինյան

Գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր․ Նիկոլ Փաշինյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում վարչապետին հարց ուղղեց գյուղատնտեսական ապարանքների մթերման և գնի մասով, հետաքրքրվելով, թե արդյոք գյուղացին կկարողանա տարվա սկզբին իմանալ, թե իր ապրանքը ի՞նչ չափով կմթերվի և ի՞նչ գնի սահմաններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կերպ հարցին արձագանքեց․ «Ես գիտեմ մարդկանց Հայաստանում, որ կարտոֆիլի արտադրելու պատճառով տոկոսի տակ է ընկել, և գիտեմ մարդիկ Հայաստանում, ովքեր փախստականից դարձել են միլիոնատեր։ Հայաստանից հնարավոր է տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանել։ Մենք պետք է հասկանանք, որ դա որոշակի կազմակերպչական աշխատանք է ենթադրում»։ Վարչապետը հավելեց․ «Այս տարի մենք ունենալու ենք 40 հազար տոննա լոլիկի հավելյալ պահանջարկ։ Այդ ոլորտում հսկայական ներդրումներ են արվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նաեւ նշեց, որ շուկայում 70 հազար տոննա կաթի կարիք կա՝ ընդհուպ լիտրի դիմաց 190 դրամ գնով։ Նույն կերպ, երկրում տարեկան 600 հազար գլուխ գառան պահանջարկ կա»։ Վարչապետն իր ելույթում առաջարկեց գյուղացիներին ասոցիացիաներ ստեղծել, միություններ ստեղծել, որպեսզի կարողանան ազդել օրինակ կարտոֆիլի գնի վրա։ «Երբ որ դուք ներկայանում եք որպես հարյուր հոգի, ովքեր հարյուր կիլո կարտոֆիլ ունեն, դա ուրիշ բան է,իսկ երբ դուք ներկայանում եք որպես մեկ սյուբեկտ, որը կարտոֆիլի հազարավոր տոննաների է տիրապետում և շուկայի վրա կարող է որոշում կայացնել, սա արդեն այլ բան է։ Ես այս հարցի լուծումները տեսնում եմ ինտելեկտուալ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
10:13 - 27 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին |armenpress.am|

armenpress.am։ Շինարարության ոլորտում Հայաստանում նաև պետության ծրագրերով խոշոր գործողություններ կիրականացվեն: Այս տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում զգալի աճ է արձանագրվել: այս մասին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել շինարարության ոլորտում: Ե՜վ հունվարին, և՜ փետրվարին շինարարության ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ: Մյուս կողմից լրջագույն աճ է նկատվում հիփոթեքային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին, նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոս: Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով` 70 մլրդ դրամ: Այսինքն՝ անցյալ տարվա մայիսից մինչ այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարաններ գնելու գործարքներ են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն են ցուցաբերում սեփական ապագայի նկատմամբ: Եվ այն գումարները, որոնք կարող էին պայմանականորեն ծախսել արտագաղթ պլանավորելու վրա, ծախսում են Հայաստանում «տնավորվելու» համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենալավ դրսևորումն է: Եվ այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին»,- ասաց վարչապետը:  
08:25 - 27 մարտի, 2019
Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան

Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք կա Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ սպասվելիք հանդիպման հստակ օրակարգը։ Զոհրաբյանը մասնավորապես ասաց․ «Սա արտաքին քաղաքականության օրակարգի ամենաակտուալ հարցերից մեկն է։Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի հետ Ձեր հանդիպումը Վիեննայում, կա՞ հստակ օրակարգ և արդյոք, ինչպես Արցախում համատեղ անվտանգության նիստից հետո նշեցիք հնարավոր օրակարգի մասին՝ Մադրիդյան սկզբունքների երկու կողմերի յուրովի մեկնաբանությունն է, որովհետև ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում է ԵԱՀԿ համանախագահների վերջին հայատարարության մեջ ներկայացված սկզբունքները, հասկանալի է, որ չի կարող ընդունելի լինել մեզ համար»։ Հարցին վարչապետը պատասխանեց, որ դեռ Իրանում է հայտարարել, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա, և տվել ենք համաձայնությունը, բայց քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամի մասին, նա հայտարարություն չի անի։ «Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ, պետք է ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում, և այո՛, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք բանակցային հետագա ողջ գործընթացում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվեն, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, իհարկե, Ստեփանակերտի իմ ելույթի առաջին դրույթը հենց դա էր։ Ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ և՛ Հայաստանում, և՛ դրսում։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել, որովհետև բանակցային ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։ 
07:51 - 27 մարտի, 2019