armenpress.am։ Շինարարության ոլորտում Հայաստանում նաև պետության ծրագրերով խոշոր գործողություններ կիրականացվեն: Այս տարվա առաջին երկու ամիսներին շինարարության ոլորտում զգալի աճ է արձանագրվել:
այս մասին խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել շինարարության ոլորտում: Ե՜վ հունվարին, և՜ փետրվարին շինարարության ոլորտում ունեցել ենք 20 տոկոսը գերազանցող աճ: Մյուս կողմից լրջագույն աճ է նկատվում հիփոթեքային վարկավորման ոլորտում: Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարին, նախորդ տարվա փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոս: Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, բացարձակ թվով` 70 մլրդ դրամ: Այսինքն՝ անցյալ տարվա մայիսից մինչ այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարաններ գնելու գործարքներ են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն են ցուցաբերում սեփական ապագայի նկատմամբ: Եվ այն գումարները, որոնք կարող էին պայմանականորեն ծախսել արտագաղթ պլանավորելու վրա, ծախսում են Հայաստանում «տնավորվելու» համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենալավ դրսևորումն է: Եվ այս ցուցանիշները մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանը, ըստ էության, կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին»,- ասաց վարչապետը:
comment.count (0)