ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում են ունեցել ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ

Սույն թվականի օգոստոսի 8-ին Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեսահանդիպում ունեցան ԵԱՀԿ և DCAF փորձագետների հետ։ Առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ-ն DCAF-ի հետ համատեղ կատարել էր աշխարհի առաջատար երկրների քննիչ հանձնաժողովների վերաբերյալ համապարփակ հետազոտություն։ «Ինչպես գիտեք, շուրջ մեկ տարի՝ 2019 թվականի հունիս ամսից, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ Սահմանադրությամբ ստանձնեց 2016 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դերակատարումը։ Վստահաբար կարող եմ ասել, որ չունենալով ոլորտային նախադեպ, քննիչ հանձնաժողովը կատարեց իր խնդիրը և առանց քաղաքական շահարկումների, անաչառ իրականացրեց իր պարտականությունները։ Շուտով՝ սեպտեմբեր ամսին Հանձնաժողովը կներկայացնի այդքան սպասված եզրակացությունը՝ լիովին փաստարկված և հիմնավորված»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։Հանձնաժողովի նախագահը կարևորեց առաջատար երկրների հաջողված փորձը կապված քննիչ հանձնաժողովների աշխատանքի հետ։ «Համոզված եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում քննիչ հանձնաժողովները պետք է շարունակ հարստացնեն իրենց գործիքակազմը՝ օրենսդրական նոր կարգավորումների տեսով՝ հետագայում ավելի արդյունավետ աշխատանք տանելու նպատակով» - նշեց նա։ Երկու զեկուցյները լսելուց հետո, պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ չնայած քննիչ հանձնաժողովների գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրական շրջանակով, կա որոշակի լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ օրինակ քննիչ հանձնաժողովի հրավերը մերժելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու հետ կապված։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կատարված ուսումնասիրությունները կներկայացվեն ԱԺ պետական և իրավական հարցերով հանձնաժողովին ևս, և դրա հիման վրա կկազմակերպվեն քննարկումներ։
14:10 - 26 օգոստոսի, 2020
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան |tert.am|

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան |tert.am|

tert.am: Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, գրում է ԱՊԱ գործակալությունը։  ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այցի շրջանակում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման: Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
12:38 - 26 օգոստոսի, 2020
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը քննադատել է Ադրբեջանին համավարակի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը ճնշելու համար

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը քննադատել է Ադրբեջանին համավարակի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը ճնշելու համար

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորը քննադատել է Ադրբեջանի և մի շարք այլ երկրների ղեկավարներին՝ համաճարակի դեմ պայքարի պատրվակով ընդդիմությանը ճնշելու համար։ «Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են լրագրողների, ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների, այդ թվում` նրանց, ովքեր քննադատում էին կառավարության քայլերը համաճարակի դեմ», - հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը` հավելելով. «Ադրբեջանի իշխանությունները նաև փորձում են ահաբեկել ու պատժել բոլոր նրանց, ովքեր ավելի շատ թափանցիկություն են պահանջում կառավարությունից կամ փորձում են գործի դնել ազատ խոսքի ու հավաքների իրենց իրավունքը»։ Տեղի իրավապաշտպանների հաշվարկներով անցած երեք ամսում Ադրբեջանում ավելի քան հարյուր ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ է ձերբակալվել։
19:15 - 04 օգոստոսի, 2020
Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը կշարունակվի․ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ |factor.am|

Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը կշարունակվի․ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ |factor.am|

factor.am: Այս բախումների հիմնական տարբերությունը նրանում է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, որտեղ նախկինում տեղի էին ունենում հիմնական բախումները, այլ բոլորովին այլ վայրում։ Կարծում եմ՝ դա այն հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։ «Ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին, քանի որ 2017 թվականին զբաղեցնում էի Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահի պաշտոնը։ Խոսել եմ որոշ մասնագետների հետ, տեսակետները շատ են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչու այս անգամ բախումները գրանցվեցին միջազգային սահմանին։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառները, այնուամենայնիվ, դժվար կլինի այն որպես պատահական միջադեպ ներկայացնել, քանի որ եթե որևէ կողմից շփման գծի ողջ երկայնքով պատահական կրակոցներ են տեղի ունեցել, ապա այնտեղ կա հաղորդակցման միջոց, որպեսզի 2 կողմերը կարողանան խոսել և անմիջապես հարթել միջադեպը։ Դա տեղի չունեցավ, իրավիճակն էլ ավելի բարդացավ։ Երկու երկրներն էլ խնդիրներ ունեն COVID-19-ի հետ կապված, սակայն այդ նույն խնդիրներն ունեն նաև Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա կարող է լինել նաև հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել է Հոգլանդը։ Նա ընդգծել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ «Այս պահին նրանք չեն կարող զինված գոտում դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսօրվա վիճակը, սակայն, արմատապես տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ, ցավոք, մոտ ապագայում Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը։ Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը, դժբախտաբար, կշարունակվի և դրանում, ցավոք, քաղաքացիական հասարակությունը կարող է ներգրավված լինել»,- ասել է ամերիկացի դիվանագետը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
14:58 - 03 օգոստոսի, 2020
Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց․ դեսպան Մկրտչյանի հոդվածը |armenpress.am|

Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց․ դեսպան Մկրտչյանի հոդվածը |armenpress.am|

armenpress.am: Լատվիական խոշորագույն delfi.lv էլեկտրոնային պարբերականում հրապարակվել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը։ Ներկայացնում է դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը։ «Զոհին մեղադրելը կամ հանցագործության պատասխանատվությունը զոհի վրա դնելը սովորական պրակտիկա է: Դա բռնաճնշման բաղադրիչներից է ու օգտագործվել է միջազգային պրակտիկայում: Հոլոքոստի ժամանակ կային նացիստներ, որոնք օգտագործում էին բոլոր հնարավոր միջոցները՝ սարսափելի ցեղասպանության մեղքը հենց իրենց՝ հրեաների վրա բարդելու համար: Հոլոքոստը ժխտողները նույնպես հայտնի են իրենց այդ գործելաոճով։ Զոհին մեղադրելը լայնորեն օգտագործվել է երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանությունը ծրագրելիս և իրականացնելիս: Զոհին մեղադրելը դեռևս օգտագործվում է`այսօր և հիմա: Հուլիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքը հանդիսացող Տավուշի մարզում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղից 150 կմ հեռավորության վրա, ագրեսիայի գործողություն սանձազերծեց։ Դա նպատակ էր հետապնդում հայ ժողովրդի տարածքի հաշվին բարելավելու ադրբեջանական ռազմական դիրքերը` այն վայրերում, որտեղ ագրեսիան ամենաքիչն էր սպասելի: Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակով և անօդաչու թռչող սարքերով նաև թիրախավորեցին ՀՀ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով ինչպես քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ բնակելի շինություններին: Ապացույցներ կան, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանին և զրահատեխնիկան են տեղակայել են բակերում և Աղդամ գյուղում գտնվող բնակելի տների միջև, որի դիմաց Հայաստանի Չինարի գյուղն է: Այդ դիրքերից է, որ ադրբեջանցիները թիրախավորել են հայկական գյուղերը, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Հայաստանը նշանառության տակ է առել Ադրբեջանի քաղաքացիական օբյեկտները: Հայաստանի զինված ուժերն արեցին այն, ինչ պետք է անի ցանկացած այլ պետություն նման իրավիճակներում. պաշտպանել հայրենիքի ինքնիշխան տարածքը: Եվ նրանք դա հաջողությամբ արեցին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ փողը չի կարող միշտ և ամենուր գնել արդյունավետ բանակ․ աքսիոմ, որը  XIX դարի սկզբին խորհուրդ կտար ժամանակակից դարաշրջանի մեծագույն ռազմավարական մտածող Կառլ ֆոն Կլաուզևիցը: Հայաստանի դեմ այդ անհաջող ագրեսիա սկսելուց և Ադրբեջանի ռազմական դիրքերը բարելավելու լիակատար ձախողումից հետո, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հուսահատվեց: Ջեյհուն Բայրամովին նոր արտաքին գործերի նախարար նշանակելուց կարճ ժամանակ անց Ադրբեջանի նախագահն ապշեցուցիչ հայտարարություն արեց. «(...) որոշ դիվանագետներ մատնել են պետությանը, դավաճանություն են գործել և չեն թաքցնում դա: Դրանք վերահսկվում են այն երկրների գաղտնի ծառայությունների կողմից, որտեղ նրանք ապրում են: Մենք ունենք բավարար տեղեկատվություն»: Ըստ ամենայնի, Բաքվում տրամադրության այդ փոփոխությունը արտերկրում աշխատող այդ երկրի դիվանագետներից ոմանց շատ է նյարդայնացրել և նույնիսկ դրդել է նրանց սադրիչ գործողությունների: Սադրանքները նպատակ ունեն «ապացուցելու իրենց հայրենասիրությունը» իրենց մայրաքաղաքին, որտեղ զոհին մեղադրելը արդեն վաղուց է հանդիսանում է իրենց «հայկական քարոզչության» գլխավոր առանձնահատկությունը: Որոշ մայրաքաղաքներում, այդ թվում` Ռիգայում, տեղական օրենքների հստակ ոտնահարմամբ, կազմակերպվեցին սադրիչ հայտարարություններով համեմված հակահայկական ակցիաներ: Այդ ագրեսիվ պահվածքը հանգեցրեց Մոսկվայի, Բրյուսելի, Վարշավայի, Լոնդոնի, ԱՄՆ-ի և այլ վայրերում ադրբեջանական և հայկական համայնքների միջև բախումների: Դրանք հանգեցրին նաև սփյուռքում հայկական ունեցվածքի պղծմանն ու դիտավորյալ վնասմանը: Ադրբեջանի կողմից իր սահմանների ներսում հայերին և Հայաստանը երեք տասնամյակ շարունակ որպես թշնամի ներկայացնելը (դեհումանիզացիան) հանգեցրել է տրամաբանությունից զուրկ ատելությանը, որն այժմ արտահանվում է և զարմանք առաջացնում ամենուր։ Հուլիսի 14-ին պատերազմ սկսելու պահանջով Բաքվում տեղի ունեցած հանրահավաքը, իր «մա՛հ հայերին» վանկարկումներով, ցավոք, հիշեցրեց 1988թ․ Սումգայիթ և 1990թ․ Բաքվում հայերի դեմ իրագործված դաժան ջարդերի մասին: Երբ անգլիացի մտածող Թոմաս Հոբսն իր տեսությամբ խոսում էր, որ մարդկությունը գտնվում է «բոլորը բոլորի դեմ պատերազմի» վիճակում, նա նկարագրում էր մարդկային կյանքը, ինչպես այն գոյություն ուներ մինչեւ քաղաքացիական հասարակությունը։ Երբ գերմանացի քաղաքական տեսաբան Կարլ Շմիթը պնդում էր, որ «այլոց սպանելու պատրաստակամությունն այն պարզ պատճառով, որ նրանք թշնամական խմբի անդամ են», քաղաքականության մեջ «ամենաթողության բարձրագույն աստիճանն» է, նա առաջին ձեռքից գիտեր, թե ինչի մասին է խոսքը: Նա վերապրել է Առաջին աշխարհամարտը։ Եթե ցանկանում ենք կարճ հայացք նետել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ վաղ պատմությանը, պետք է շեշտենք, որ այդ տարածաշրջանը երբևէ չի եղել Ադրբեջանի Հանրապետության մաս: Այն չի եղել Ադրբեջանի կազմում, երբ 1991 թվականին վերջինս հռչակեց իր անկախությունը: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասը չէր նաև երբ այն առաջին անգամ ստեղծվեց 1918 թվականին: Ինչպե՞ս է դա հնարավոր, գուցե դուք զարմանաք: Պատասխանը բավականին պարզ է: 1920թ.-ին տարածաշրջանի խորհրդայնացումից հետո Լեռնային Ղարաբաղը, իր ժողովրդի կամքին հակառակ, մտցվեց բոլշևիկյան Ադրբեջանի կազմ՝ որպես ինքնավար մարզ, համաձայն Ռուսաստանի Կոմկուսի Կովկասի բյուրոյի 1921 թվականի որոշման, որն այդ ժամանակ գլխավորում էր Իոսիֆ Ստալինը: Ավելին, ոչ վերը նշված Բյուրոն, ոչ Ստալինը իրավասու չեն եղել նման որոշում կայացնելու: Հետևաբար, կան բոլոր հիմքերը պնդելու, որ 70 տարի շարունակ Ղարաբաղը բռնակցված է եղել Խորհրդային Ադրբեջանին: Հարկ է նշել, որ 1988-ին, հոկտեմբերին, Լատվիայի ժողովրդական ճակատի 1-ին համագումարի ժամանակ, նշանավոր հայ գրող Սիլվա Կապուտիկյանն ասել է, որ հայկական ժողովրդական շարժման նպատակը Ղարաբաղն Ադրբեջանի վարչական ենթակայությանից ազատելն է: Համագումարի պատվիրակները միաձայն ծափահարություններով իրենց աջակցությունն են հայտել: Այժմ ես կցանկանայի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից բարձրացված և օգտագործված մի քանի ապակողմնորոշիչ կետերի վրա: Ադրբեջանի ներկայացուցիչները հոգնեցուցիչ կերպով կրկնում են, որ հենց Հայաստանն էր «նախաձեռնել գրոհները», որպեսզի «սպառնա էներգետիկ և տրանսպորտային գծերի բնականոն գործունեությանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը» և այլն՝ ակնարկելով, որ Հայաստանը «սպառնում է Եվրոպայի էներգետիկ անկախությանը»: Հասկանալի է, որ նման պնդումների ընթերցողները կարիք չունեն տեղեկացված լինելու ռազմական գործերում հեղափոխության մասին, բառակապակցություն, որ ամփոփում է ռազմարվեստի բնագավառում այն փոփոխությունները, որոնք բերվել են նոր տեխնոլոգիաների նորարար կիրառմամբ։ Նրանց հարկավոր չէ նաև հիշեցնել, որ այսօրվա աշխարհում առաջադեմ զինված ուժերին հարկավոր չէ ֆիզիկապես տեսնել թիրախն այն ոչնչացնելու համար: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանը՝ յուրաքանչյուրը կարող են թիրախավորել միմյանց տարածների առանցքային ենթակառուցվածքները: Այս երկրներից  և ոչ մեկը կարիք չունի հարևան երկիրը գրավելու կամ ցամաքային զորքեր օգտագործելու, որպեսզի ոչնչացնի որոշակի թիրախը: Մենք պետք է կենտրոնանք կարողությունների և նպատակների տարբերության վրա։ Հայաստանի հիմնական խնդիրն է ապահովել մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը և խթանել գլոբալ անվտանգությունը: Հայաստանի պաշտոնյաները չեն մտածում, առավել ևս՝ չեն արտահայտվում Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքները հարձակման ենթարկելու մասին: Մինչդեռ վերջերս աշխարհը ցնցվեց, երբ տեղեկացավ, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի բացառում, որ իր երկիրը հրթիռային հարձակում կգործի ՀՀ Մեծամորի ատոմակայանի վրա: Այդ աննախադեպ հայտարարությունը հստակ ցույց է տալիս ցեղասպան և պետության կողմից հովանավորվող միջուկային ահաբեկչության մտադրությունների մասին: Ադրբեջանի նախագահը քարոզում է, որ Հայաստանի ղեկավարությունն այդ հակամարտությամբ ցանկանում է «ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից»: Ես կարծում եմ, որ մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաառանցքային տարբերություններից մեկն այն է, որ առաջինը կառուցում է ժողովրդավարական պետություն, իսկ վերջինս էլ ավելի է խրվում ավտորիտարիզմի մեջ: Հայաստանում ընդդիմադիր ուժերը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ կանգնեցին հայկական բանակի կողքին, որը պաշտպանում էր մեր երկիրը: Ադրբեջանում, այնուամենայնիվ,  ոստիկանության հետ ցուցարարների բախումն օգտագործվեց որպես  «ներքին թշնամուն» լռեցնելու մեկ այլ պատրվակ: Washington Post-ի եզրակացությունն այս առումով շատ տեղին էր․ «Պրն. Ալիևի երկաթե բռունցքի օգտագործումն իր քննադատներին ոչնչացնելու համար հակառակ է ժողովրդավարությանը, ինչի պատճառով բոլորն էլ պետք է անհանգստանան այդ անկառավարելի բռնակալի համար»:  Այստեղ մենք հանգում են ամենակարևոր հարցին։ Ի՞նչ կարելի է անել այս պահից սկսած իրավիճակը կարճաժամկետ արդյունավետ քայլերով լիցքաթափելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա) առաջարկել են հաստատել հրադադարի վերահսկման միջազգային վստահելի մեխանիզմ ոչ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև: Միջնորդները նշել են, որ «առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու գրոհներ նախաձեռնելու համար»: Հայկական կողմերն ընդունել են այս առաջարկը և շարունակում են աջակցություն հայտնել դրա հրատապ ներդրման համար: Ավելին, հուլիսի 16-ին հրադադարի հաստատումից ի վեր, ադրբեջանցիները մի շարք դեպքերում խախտել են ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունները: Եվ, ինչպես արեցին 1990-ականներին, նրանք հակված են հարձակվելու և հակառակ կողմին մեղադրելու։   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
13:55 - 03 օգոստոսի, 2020
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներկայացրեց Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ներկայացրեց Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

Հուլիսի 30-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորանք էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող վիրավորվել էր։ Այնուհետև, դեսպանը տեղեկացրեց ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին, շեշտելով, որ այդ բոլոր գործողություններն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մի քանի օր հետո, որում համանախագահները ընդգծել էին հրադադարը խստիվ պահպանելու կարևորությունը և կոչ էին արել զերծ մնալ որևէ սադրիչ գործողություններից։ Հետևաբար, հայկական կողմը նշված համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ավելացմանը։ Այս առումով դեսպան Պապիկյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։  Անդրադառնալով Թուրքիայի դերին, դեսպանը նշեց, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը և ռազմատենչ պահվածքին՝ ուղղված մասնավորապես Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ընդհանրապես։ Հայաստանի դեմ ուղղված Թուրքական վարքագծի մասին է վկայում վերջինիս լայնածավալ ներգրավվածությունը Նախիջևանում։ Չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։  Այնուհետև դեսպան Պապիկյանը ներկայացրեց Թուրքիայի իշխանությունների՝ նախագահ Էրդողանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից արված հայտարարությունները, որոնք կտրուկ տարբերվում էին միջազգային հանրության պատասխանատու դերակատարների կողմից արված հայտարարությունների տոնայնությունից և բովանդակությունից։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշեց, որ Թուրքիայի նման հայտարարութունները բացի լարվածությունը խրախուսելուց վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։ Հայաստանի և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։ Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Թուրքիայի վարքագծին ԼՂ հակամարտության առումով։ Նա, մասնավորապես, նշեց, որ այդ երկիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ մշտապես ապակառուցողական դերակատարություն է ունեցել։ Թուրքիայի անթաքույց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և այդ երկրի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։ Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 29-ին շրջանառած ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին Թուրքիայի Հանրապետության տեսչությունների կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցության հարցին։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը տարիներով ընդունել է նման տեսչական այցելությունները, որոնք հիմնականում անցկացվել են Հայաստան և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ հակահայկական վարքագիծը, ինչպես նաև ստեղծված պայմաններում տեղեկատվության զգայունությունը Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման առումով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստան թուրքական ռազմական տեսչական այցելությունները։ Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը վերահաստատում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների կարևորությունը, որպես կանխատեսելիության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորագույն գործիք՝ պայմանով, որ դրանք կիրառվում են այդ մեխանիզմների ոգուն համահունչ։
20:15 - 31 հուլիսի, 2020
Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին

ՀՀ  Աժ  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին, գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ղեկավար կազմի մյուս անդամներին և 55 պատվիրակությունների անդամ պատգամավորներին։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Փաստական ապացույցներ եմ ներկայացրել հուլիսի 12-ից Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիային նախորդած հայտարարությունների վերաբերյալ՝ ցույց տալով Ադրբեջանի իրական մտադրությունները և ծրագրերը։ Նշել եմ, որ հուլիսի 27-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող Աշոտ Միքայելյանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի ագրեսիվ և ապակառուցողական գործողությունների մասին։ Իմ գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել Նախիջևանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված գործողությունների և հայտարարությունների վրա։ Բացի պաշտոնական նամակագրությունից, պարբերաբար հեռախոսազրույցներ եմ ունենում մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները»,- գրել է նա։  
19:40 - 31 հուլիսի, 2020
«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК հեռուստաալիքին  |tert.am|

«Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК հեռուստաալիքին |tert.am|

tert.am: Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է: Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել որպես հարաբերական կայուն: Իհարկե, ցավոք, Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, սակայն հրաձգությունների մակարդակն այսօր նորմա է վերջին 10 տարիների համար: Ես նկատի ունեմ վերջին 2-3 օրը»,-նշել է ՀՀ վարչապետը: Փաշինյանի խոսքով` Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր խաղացին: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի ձեռնարկած գործողությունները, ՌԴ արտգործնախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունն առանցքային դեր խաղացին նրանում, որ մենք հիմա ունենք համեմատաբար կայուն իրավիճակ: ՌԴ-ի դերը, իհարկե, բացառապես կառուցողական է»,-հավելել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի շատ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադբեջանի դիրքորոշումը, իսկ ՌԴ-ն, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այդքան միանշանակ չի աջակցում Հայաստանին: «Պետք է հասկանալ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Ռուսաստանը կարևոր միջնորդ է, և նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակներում»,-նշել է ՀՀ վարչապետը:  
16:27 - 28 հուլիսի, 2020
ԼՂ կարգավորման գործընթացի ձևաչափի փոփոխության կոչերը չեն նպաստում երկխոսության վերսկսմանը․  |civilnet.am|

ԼՂ կարգավորման գործընթացի ձևաչափի փոփոխության կոչերը չեն նպաստում երկխոսության վերսկսմանը․ |civilnet.am|

civilnet.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հուլիսի 24-ին հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների վերաբերյալ։ «Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ողջունում են Ադրբեջան-Հայաստան սահմանի երկայնքով հուլիսի 16-ից հարաբերական կայունությունը: Համանախագահները կողմերին կոչ են անում օգտվել ակտիվ մարտական գործողությունների ներկա կրճատումից՝ հակամարտության համապարփակ լուծման որոնմանն ուղղված լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այս զգայուն ժամանակահատվածում չափազանց կարևոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ներառյալ քաղաքացիական բնակչությանը կամ կրիտիկական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներից կամ ենթադրյալ սպառնալիքներից: Համանախագահները նշում են, որ հրապարակային վերջին հայտարարությունները, որոնք քննադատում են համանախագահ երկրների համատեղ ջանքերը և/կամ ձգտում են միակողմանիորեն նոր «պայմաններ» հաստատել կամ փոխել կարգավորման գործընթացի ձևաչափը, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը: Համանախագահները կրկին հայտարարում են, որ տևական խաղաղ կարգավորման հասնելու քաղաքական կամքը լավագույնս դրսևորվում է առավելապաշտական դիրքորոշումներից հրաժարվելու, հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և սադրիչ հայտարարություններից ու գործողություններից զերծ մնալու մեջ: Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց երախտագիտությունն են հայտնում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպական միության ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը համանախագահների հովանու ներքո, համընկել են համանախագահների ինտենսիվ միջնորդական ջանքերի հետ և աջակցել դրանց: Մենք հատուկ նշում ենք այդպիսի միջամտությունների անկողմնակալությունը, որոնք կողմերին կոչ են անում կենտրոնանալ լարվածության թուլացման վրա, այլ ոչ թե  վերջին սրացումների ամբողջ պատասխանատվությունը վերագրելով ուրիշներին։ Համանախագահները ողջունում են աճող միջազգային կոնսենսուսը, որը կոչ է անում իրավիճակի դեէսկալացիաի և բարի կամքի ոգով բանակցություններին արագ վերադառնալու՝ առանց որեւէ պայմանների: Համանախագահները վերահաստատում են, որ 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարության մեջ շարադրված սկզբունքներն ու տարրերը շարունակում են հիմք հանդիսանալ նրանց միջնորդական ջանքերի համար։ Համանախագահները պատրաստ են ցանկացած ժամանակ հանդիպել առաջնորդների կամ նրանց կողմից նշանակված անձանց հետ։ Համանախագահները նաև ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է հնարավորինս շուտ վերադառնան տարածաշրջան»։
10:07 - 25 հուլիսի, 2020
Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Եվրախորհրդարանի 29 պատգամավոր կոչ է արել Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:  Եվրոպական խորհրդարանի 29 պատգամավոր 7 գլխավոր քաղաքական խմբակցությունից նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին: Նամակում Եվրախորհրդարանի անդամները շեշտում են, որ Եվրամիությունը պետք է օգտագործի իր լծակները տարածաշրջանում վստահության ամրապնդման իրական և արդյունավետ միջոցներ գործի դնելու համար և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին կիրառել ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:Տեղեկատվությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը եւ ներկայացրել Եվրախորհրդարանի պատգամավորների նամակը հայերեն թարգմանությամբ։ «Բարձր ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահհարգելի պարոն Բորել,2020 թվականի հուլիսի 12-ից ի վեր մենք ականատես ենք լինում համաճարակի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վտանգավոր սրացման, որն արդեն հանգեցրել է ողբերգական կորուստների երկուստեք: Իրավիճակը հղի է պատերազմի վերածվելու վտանգով, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը, այսինքն՝ Եվրամիության արևելյան հարևանությունը:Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009 թվականի հիմնարար սկզբունքներին, այն է՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդների ազատ ինքնորոշման իրավունքը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության դեմ:Անչափ կարևոր է, որ ԵՄ-ն իր լծակներն օգտագործի վստահության՝ իրական և արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Խոսքը վերաբերում է մասնավորապես ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմին, ինչը կկանխի կողմերի երկուստեք մեղադրանքները մահաբեր հարձակումներ նախաձեռնելու վերաբերյալ: Հայաստանն արդեն համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները: Ադրբեջանը ևս պարտավոր է համաձայնել:Կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները և աշխատեն հակամարտության տևական և խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Մեր նպատակն է ունենալ խաղաղ, բարգավաճ և ապահով ԵՄ հարևանություն, և մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»:
20:08 - 24 հուլիսի, 2020
Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շարունակում է հաղորդակցությունը ԵԱՀԿ ԽՎ գործընկերների հետ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի շուրջ։ «Այսօր նամակ ստացա Ֆրանսիայի Պառլամենտի անդամ, ԵԱՀԿ ԽՎ֊ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սերեն Մոբորնից։ Վերջինս վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ազգերի ինքնորոշման վրա։ Հարկ է նշել, որ բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն են հայտնում խաղաղ բանակցություններին և կոչ անում զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից։ Բոլորին էլ հասկանալի է, որ սա գլխավորապես վերաբերում է Ադրբեջանին, քանի որ վերջինս պետական բարձրագույն մակարդակով հանդես է գալիս պատերազմական և ահաբեկչական սպառնալիքներով։ Մենք շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում առկա իրավիճակը, իսկ Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը դարձնելու ենք միջազգային ավելի լայն քննարկման առարկա»,- գրել է նա։
09:36 - 24 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Այս մասին ԱԺ նախագահը գրել է իր ֆեյսբուքյան էջում։«Հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեցի վերջին օրերին ՀՀ հյուսիսարևելյան շրջանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները, խաղաղ բնակչության, տների և մանկապարտեզների հրետակոծումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու պաշտոնական սպառնալիքը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեցի նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ապակայունացման վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջւանի համար։Վերահաստատեցի իրավիճակը խաղաղ կերպով հաղթահարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հավելելով, որ մենք շարունակելու ենք գործի դնել բոլոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը ապահովելու նպատակով», - գրել է Արարատ Միրզոյանը։
18:07 - 17 հուլիսի, 2020
ԱՄՆ-ը վերստին կրակի անհապաղ դադարեցման կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

ԱՄՆ-ը վերստին կրակի անհապաղ դադարեցման կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները վերստին կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակն ու ու խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը: Պետդեպարտամենտի խոսնակի ու պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարություններից հետո` երեկ էլ այս մասին խոսել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավար, դեսպան Ջեմս Գիլմորը: Ելույթ ունենալով մշտական խորհդի նիստում` դիվանագետը տեղեկացրել է կառույցին անդամակցող մյուս պետություններին, որ Մինսկի խմբի միջնորդներն ակտիվ են և զբաղվում են խնդրով: Վերջիներս, ըստ դեսպանի, նախօրեին հանդիպել են ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներին, ինչպես նաև Մինսկի խմբի մյուս պետություններին, ու մանրամասներ ներկայացրել իրավիճակից: «Ես այդ հանդիպմանը նշեցի` շատ կարևոր է, որ համանախագահները թափանցիկ ու ակտիվ աշխատեն և լինեն բանակցություններին աջակցողի և արձագանքողի դերում», - ասել է Ամերիկայի դեսպանը: Ներկայացնելով Վաշինգտոնի դիրքորոշումը` Ջեյմս Գիլմորն ընդգծել է. - «Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան խնդրի տևական ու խաղաղ կարգավորմանը օգնելու հանձնառությանը, և մենք կմնանք ակտիվ `այդ նպատակին հասնելու ջանքերում»:
15:11 - 17 հուլիսի, 2020
ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկվել է ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակման հարցը

ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկվել է ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակման հարցը

Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։  «Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային իր նկրտումներով, մասնավորապես մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, ով մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանը ունակ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին՝ արտաքին թշնամու դեմ հասարակությունը համախմբելու, ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, էնդեմիկ կոռուպցիա, մարդու իրավունքների առումով խայտառակ պատկեր, հիմնարար ազատությունների համատարած ոտնահարում, ուշադրությունը շեղելու համար»։ Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշեց, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։ «Քաղաքացիական բնակչության և ենթկառուցվածքների միտումնավոր թիրախավորումը առաջին անգամ չէ որ կիրառվում է Ադրբեջանի կողմից։ Մենք դրան ականատես ենք եղել տարիներ ի վեր, մենք դա տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորում․ քաղաքականություն, որն Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է աներկբա դատապարտվի, և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է կրի դրանց ամբողջ պատասխանատվությունը»։  Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությունը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։ Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրների համապատասխան արձագանքի համար։ Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։  Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանի սահմանին այս լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորության սպառնալիքը, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի՝ տեղում գործող միակ միջազգային ներկայության մշտադիտարկման կարողությունները։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ժողովուրդների միջև վստահության, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված նախաձեռնությունները միակ հնարավորությունն է ապահովելու կայունությունը տարածաշրջանում։
10:14 - 17 հուլիսի, 2020