factor.am: Այս բախումների հիմնական տարբերությունը նրանում է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, որտեղ նախկինում տեղի էին ունենում հիմնական բախումները, այլ բոլորովին այլ վայրում։ Կարծում եմ՝ դա այն հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։
«Ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին, քանի որ 2017 թվականին զբաղեցնում էի Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի կողմից համանախագահի պաշտոնը։ Խոսել եմ որոշ մասնագետների հետ, տեսակետները շատ են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչու այս անգամ բախումները գրանցվեցին միջազգային սահմանին։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառները, այնուամենայնիվ, դժվար կլինի այն որպես պատահական միջադեպ ներկայացնել, քանի որ եթե որևէ կողմից շփման գծի ողջ երկայնքով պատահական կրակոցներ են տեղի ունեցել, ապա այնտեղ կա հաղորդակցման միջոց, որպեսզի 2 կողմերը կարողանան խոսել և անմիջապես հարթել միջադեպը։ Դա տեղի չունեցավ, իրավիճակն էլ ավելի բարդացավ։
Երկու երկրներն էլ խնդիրներ ունեն COVID-19-ի հետ կապված, սակայն այդ նույն խնդիրներն ունեն նաև Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա կարող է լինել նաև հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել է Հոգլանդը։
Նա ընդգծել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
«Այս պահին նրանք չեն կարող զինված գոտում դիտորդական առաքելություն իրականացնել։ Այսօրվա վիճակը, սակայն, արմատապես տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ, ցավոք, մոտ ապագայում Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը։ Գոյություն ունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը, դժբախտաբար, կշարունակվի և դրանում, ցավոք, քաղաքացիական հասարակությունը կարող է ներգրավված լինել»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Շարունակությունը՝ factor.am-ում։
comment.count (0)