Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում

Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության  Կապանի բաժնից ստացված գրության հիման վրա իրականացվել է զննում «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Սյունիքի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի թիվ 20 քառակուսու թիվ 4 անտառամասի «Ալմալղ» կոչվող վայրում: Զննման արդյունքում պարզվել է, որ Վարդավանք գյուղի բնակիչ Ն. Գ.-ն, առանց համապատասխան փաստաթղթերի, հատել է 2 «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 90000 (իննսուն հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից 2020 թվականի հունիսի 30-ին ստացված քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա Սյունիքի տարածքային բաժնի կողմից Ն. Գ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք 100000 (մեկ հարյուր հազար)  ՀՀ դրամի չափով: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից ստացված գրության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվել է Գորիս քաղաքի բնակիչ Է. Օ.-ի կողմից շահագործվող «Ford transit» մակնիշի, 52 օօ 031 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի թափքում առկա վառելափայտի զննում: Զննման արդյունքում պարզվել է, որ Է. Օ.-ն առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել է 2 մ3 վառելափայտ՝ բուսական աշխարհին պատճառելով 72000 (յոթանասուներկու հազար) ՀՀ դրամի վնաս: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից 2020 թվականի հուլիսի 27-ին ստացված քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման հիման վրա  Սյունիքի տարածքային բաժնի կողմից Է. Օ.-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի հատկանիշներով: «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետությունից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 2020 թվականի հուլիսի 10-ին ստացված թիվ 002628 անտառխախտման արձանագրության հիման վրա, Կարմրաքար գյուղի բնակիչ Վ. Մ.-ն ապօրինի հատել է 10 «Բոխի» և «Կաղնի» տեսակի ծառ՝ բուսական աշխարհին պատճառելով 339000 (երեք հարյուր երեսունինն հազար) ՀՀ դրամի վնաս:   Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի ժզ) ենթակետով,  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ կետով, գործի նյութերն ուղարկվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:
16:56 - 03 օգոստոսի, 2020
Վտանգավոր գոտի

Վտանգավոր գոտի

Հայաստանի Հանրապետությունում, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության,  կա 23 պոչամբար՝ գործող և կոնսերվացված։ Որպես կանոն, պոչամբարների տարածքը նախընտրում են չցանկապատել, որպեսզի ծրագրով նախատեսված տարածքների սահմաններից դուրս գալու պարագայում չֆիքսվի անօրինականությունը։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով պոչամբարները և հարակից տարածքները՝ գալիս ես այն եզրակացության, որ քեզ հարազատ լանդշաֆտները, ծառերն ու թփերը ժամանակի ընթացքում անհետանում են՝ ծածկվելով պոչանքով։ Հարակից համայնքերի բնակիչները երբեմն չեն էլ նկատում, թե ինչպես է մեծանում պոչամբարը, և միայն ժամանակ առ ժամանակ նկարահանելով պոչամբարները՝ նկատելի է դառնում տարածքի փոփոխությունը։ Մեր իրականացրած հետազոտությամբ փորձել ենք  բացահայտել, թե որ պոչամբարն ունի ցանկապատ, որ ընկերությունն է պատրաստվում թարմացնել պաշտպանիչ շերտը, և որ ընկերությունն է պատրաստակամ պատասխանել առաջադրված հարցերին։   1․ Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար   9 գործող պոչամբարներից միայն  Թեղուտի պոչամբարն է, որ ունի ցանկապատ, անհամեմատ ավելի մեծ տարածք զբաղեցնող, քան բուն պոչամբարի տարածքն է, որը,  սակայն որևէ վթարի դեպքում չի պաշտպանելու բնակչությանը վտանգներից։ 16,4 մլն խ/մ ծավալով 53 հա տարածքով Թեղուտի պոչամբարը, ըստ ծրագրի,  պետք է դառնա 260 հա։ Թեղուտ ՓԲԸ-ն դեռևս 2019թվականի սեպտեմբեր ամսին հաղորդագրություն տարածեց, որ  եռամսյա  ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ  է իրականացնելու պոչամբարի տեխնիկական վիճակը հասկանալու համար։ 2020 թվականի մարտ 3-ի մեր հարցմանը Թեղուտ ՓԲԸ-ն  չպատասխանեց, միայն ասացին՝ երբ զեկույցը պատրաստ լինի՝ հանրությանը կտեղեկացնեն։   2․ Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար   13,7 հա տարածքով Նահատակի պոչամբարի պատվարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պարբերաբար բարձրացնում է, թեև խոստացել էին, որ այլևս պոչամբար թափոններ չեն լցնի։ Մի քանի ամիս է, ինչ հանրային պահանջի արշավ էր ընթանում Ալավերդիում և հարակից բնակավայրերում, որպեսզի գնահատվեն առողջապահական, նյութական և բնապահպանական վնասները, որից հետո պիտի տրվի կոնկրետ փոխհատուցում տուժած քաղաքացիներին։  Պետք է նշել, որ չեխական Առնիկա կազմակերպության հետազոտությունները վեր հանեցին լրջագույն խնդիրներ ծանր մետաղների կոնցենտրացիաների գերազացման վերաբերյալ։Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի և բնապահպանության պետ Գագիկ Շահնազարյանը մեր հարցմանը պատասխանել է, որ պոչամբարը ցանկապատված է փշալարով կենդանիների և մարդկանց մուտքն արգելելու նպատակով։ Սակայն մեր նկարահանման պահին էլ ոչխարներն անարգել ջուր էին խմում պոչամբարից։      Փետրվարի 25-ին Մեծ Այրում համայնքի մոտ տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ դեպի Նահատակի պոչամբար,  նկատելի էին նոր տեղադրված փշալարեր, որոնք 2019 թվականի հոկտեմբեր ամսին բացակայում էին։ Տեղադրված փշալարերը խոչընդոտ չեն ո՛չ կենդանիների, ո՛չ էլ հարակիչ համայնքների երեխաների մուտքը տարածք արգելելու համար։ Ընկերությունը նաև բնակիչների ահազանգին արձագանքնել է, որ  երկար տարիներ է՝ շահագործում են պոչամբարը, սակայն չեն նկատել դեպքեր, երբ այն դարձել է խաղահրապարակ երեխաների համար։ Ընկերությունը հավաստիացնում է, որ պոչմաբարը ռեկուլտիվացնելու է չոր պոչերի արտադրամասի արտադրական  ամբողջ ծավալի՝ շահագործման մեջ մտնելուց հետո, ինչը նախատեսված է  կատարել մինչև 2023 թ։ Այդ ընթացքում այն ծառայելու է որպես ռեզերվային պոչամբար։ Սակայն այժմ փորձ է կատարվել բարձրացնել պոչամբարի պատնեշը։ Մեծ Այրում համայնքից դեպի Ալավերդի գնացող ճանապարհին կարող ենք ականատես լինել ճանապարհին թափված  դատարկ ապարների կույտերի, թթվային դրենաժի ջրերի, որոնք անարգել հոսում են Դեբեդ գետ։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պատասխանում գրված է, որ ընկերությունը ճանապարհին թափված դատարկ ապարները պարբերաբար մաքրում է։ Էկոլուրը տեղեկացնում է, որ 2018-ին ընկերության գործունեության  պատճառված վնասները, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հաշվարկվել է 5․1մլ դրամ,  աղտոտվել է 200 քառ մետր հողային տարածք, վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ,  ջրային ռեսուրսի  թույլատրվածից ավելի օգտագործման համար տուգանվել է մոտավորապես 3 մլն դրամ։ Մթնոլորտային օդի աղտոտման համար՝ 1․մլն 933 000 դրամ, իսկ վարչական տուգանքը կազմել  է 350 000 դրամ։ 3․ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, Մղարթի պոչամբար   1,3 հա  տարածքով Մղարթի պոչամբարը  շահագործում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։ Ընկերության գլխավոր երկրաբան Պողոսյանը տեղեկացնում է, որ Մղարթի պոչամբարը  և ֆաբրիկայի տարածքը 2 հա մակերեսով ցանկապատված է մետաղալարյա ցանցով դեռևս 2005 թվականից: Նոր նախագծով նախատեսվում է կատարել ցանկապատի ընթացիկ նորոգումներ։ Ռեկուլտիվացիոն ծրագրերը պատրաստվում են ըստ ծրագրի իրականացնել, երբ պոչամբարը կլցվի։ «Ըստ նախագծի՝ պոչամբարի պերիմետրով կտնկվեն ծառեր, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ  հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ»,-պատասխանել է երկրաբան Նելսոն Պողոսյանը:   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ` Մուլտի Գրուպ կոնցեռն ընկերությանը տուգանել են 100 000 դրամով:   4․ Արագածոտնի մարզ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Թուխմանուկի պոչամբար   Մելիքգյուղի 0,6 հա տարածքով 2 պոչամբարներն արդեն 3 տարի է` չեն շահագործվում, ինչպես նաև չի շահագործվում ոսկու հանքավայրը: 2019 թ դեկտեմբերի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, սակայն լիցենզիան չի դադարեցվել, փոխարենը ընկերությունը դիմել է նոր  շահագործման թույլտվություն ձեռք բերելու համար, որը, սակայն, մերժվել է։ Պոչամբարի տարածքում մշտապես հերթապահում է անվտանգության աշխատակիցը, սակայն պոչամբարի տարածքը ցանկապատված չէ, իսկ հարակից տարածքում կովեր են արածում։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ–ն սնանկ է ճանաչվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ ընդերքի մասին օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ եթե ընդերք օգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական, այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով պահանջում է սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է  նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին։     Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Մելիքգյուղի համայքապետարան վճարվելիք  226 հա հողի վարձակալության դիմաց 42 մլն դրամ հարկերի հարցը կարող է կարգավորվել «Սնանկության մասին»  օրենքով։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ –ն պետությանը պետք է  22 517 318 դրամ վճարի։ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված է եղել՝ ընդհանուր հատկացումներ- 3 մլն 70  հազար դրամ, նախնական հատկացումներ՝ 460 0000, դրամ,  ընթացիկ հատկացումներ՝ 435 հազար դրամ։ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված է 2 325 հազար դրամ։ 5․ Արարատի մարզ, Արարատի ցիանային պոչամաբար   195 հա տարածք զբաղեցնող Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է․ տարածքին մոտենալու համար պետք է հաղթահարել անվտանգության աշխատակիցների արգելքները, ինչը գրեթե անհնար է։ Թռչնի թռիչքի բարձրությունից ակնհայտ երևում է, որ պոչամբարի տարածքը, թեև անհասանելի է  մարդկանց համար, սակայն կենդանիների համար վտանգ է ներկայացնում։ 15 մլն խորանարդ մետր պոչանքով տարածքի կողքին բնականոն գործունեություն են ծավալում 79 հա ձկնաբուծական լճերը։  2020թ հունվարի 15-ին մեր՝ շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին ուղղված հարցերն այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացրել պոչամբարում, հարակից լճերում, ձկնային պաշարների մեջ, մնացին անպատասխան։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն՝ հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։ 6․ Սյունիքի մարզ, «Չաարատ Կապան» ՓԲԸ, Գեղանուշի պոչամբար   1962 թվականին շահագործման հանձնված, 32 հա տարածքով Գեղանուշի պոչամբարում սովետակական տարիներին եղել է վթար։  2018 թ․-ին նախորդ շահագործողի «Պոլիմետալ» ընկերության  պոչամբարի պատվարն ամրացնելու վերաբերյալ պատրաստված և փորձաքննության ներկայացված նախագիծը ՇՄ նախարարությունը վերադարձրել է ընկերությանը թերի լինելու պատճառով։ Գեղանուշի պոչամբարը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տեղեկացրեց․ «Գեղանուշի պոչամբարը տեխնիկական որևէ խնդիր չունի։ Ներկայում իրականացվում է պատվարի ամրացման ծրագիրը, ինչը սակայն չի ենթադրում, որ պատվարը տվյալ պահին անվտանգ չէ։ Անվտանգության բարձրացման նպատակով արվում է ավելին, քան նախատեսված է և նշված ծրագիրն իրականացվում է հետագա շահագործման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար  (եթե իհարկե որևէ խնդիր կառաջանա)։ Ըստ տվյալ նախագծի նախատեսվում է աշխատանքներ իրականացնել պատվարի կայունությունն ապահովվելու և ջրի մաքրման համակարգի բարելավման ուղղությամբ, որի աշխատանքներին ընկերությունը ներգրավվել է նաև միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության»։      «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն  պոչամբարի ցանկապատման անհրաժեշտության մասին  հարցմանը պատասխանել է․ «Գեղանուշի պոչամբարը, որպես թափոնների կուտակման համար նախատեսված օբեկտ ունի մեխանիկական պաշտպանիչ գոտի և հաշվի առնելով, որ այդ տարածքով է անցնում նաև համայնքային նշանակության ճանապարհ, նշված  գոտին հիմնականում կահավորված է հողապատնեշի շերտով։ Հողապատնեշն արգելք է հանդիսանում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և մեքենաների համար»։ Ընկերությունը տեղեկացնում է  նաև, որ ներկայում պատվարի ամրացման ծրագրի իրականացմանը զուգահեռ նախատեսվում է պոչամբարի պաշտպանիչ գոտու տարածքը հագեցնել նմանատիպ այլ մեխանիկական արգելքներով։ Ընկերությունը փաստացի հաստատում է, որ տարածքը ցանկապատ չէ, իսկ հողաշերտը բավարար  խոչընդոտ չէ մարդկանց և կենդանիների համար։   2019 թվականի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխան նամակում գրված է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տուգանվել է 200 000 դրամով, իսկ բնությանը հասցված վնասը կազմել է 13 933 040  դրամ։ Ընկերությունը մեկնաբանել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը  Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափաքանակից  ավել փոշի մթնոլորտ արտանետելու  համար, ինչն ընկերությունը վճարել է։   7․ Սյունիք, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ Դարամազ և Հովիտ պոչամբարներ   «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 պոչամբարներից և որևէ մեկը չունի ցանկապատ։ Հովիտ 1 և 2 պոչամբարները 45,3 հա են, չունեն պաշտպանիչ շերտ, փոշին մշտապես բարձրանում օդ՝ աղտոտելով հարակից բնակավայրերը:   Ագարակի ՊՄԿ-ն պարբերաբար պոչանքը լցնում է Արաքս գետ, որը հոսում է դեպի Իրան։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ ընկերությունն ունի  պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ Փոխարենը Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական։ 2019թ․ նոյեմբերի 14-ին «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ կողմից  խախտվել է վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի գրավոր պահանջով նշված տարածքային բաժին են ուղարկվել «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչուկային տեղամասից պոչանքի՝ դեպի Արաքս գետ հոսելու, աղտոտելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, այնուհետև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենները։    «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը  չպատասխանեց և ոչ մի հարցի։ 2019թվականի տվյալների համաձայն Ագարակի ՊՄԿ-ի տնտեսական գործունեության հետևանքով Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ շրջակա միջավայրին հասցվել է 1,007,584 դրամ վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության  վերաբերյալ, հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։ Տեսչությունը, սակայն, չի մեկնաբանում, թե շրջակա միջավայրին հասցված վնասը  ինչպիսի բնույթ  է կրում։ 8․ Սյունիքի մարզ, ԶՊՄԿ, Արծվանիկի պոչամբար   Արծվանիկի 330 հա զբաղեցնող պոչամբարը, ծրագրի համաձայն, կդառնա 390 հա:  Այս տարածքները որ կադրում ֆիկսվել են 6 տարի անց ծածկվելու են պոչանքով։ Հայաստանի ամենամեծ պոչամբարը չունի ցանկապատ, 2016 թվականից ընդլայնվում է պոչամբարի տարածքը ծանր տեխնիկան համայնքներին պատկանող վարելահողերը հարթեցնում է պոչանքը տեղավորելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդնային կոմբինատը մեր հարցմանը և հեռախոսազանգերին չի պատասխանում։ Փոխարենը Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մեկնաբանեց, որ ԶՊՄԿ-ն ամրացման աշխատանքներ է իրականացնում պոչամբարի տարածքում, հավաստիացրեց, որ 9 բալ երկրաշարժին դիմակայելու է, իսկ պոչամբարի տարածքից հեղուկ մասսան պոմպերով դուրս է բերվելու։ Դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի պատճառով  աղտոտվել էր Ողջի գետը։ Բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսական  գործունեության հետևանքով շրջակա միջավայրին, մասնավորապես ,ջրային ռեսուրսներին հասցված վնասը կազմել է  382,431,552 դրամ, ինչի հետևանքով  փոխհատուցման պահանջ է ներկայացվել ընկերության 3 պաշտոնատար անձանց, իսկ  վարչական տուգանքը հաշվարկվել է 550 000 դրամ։ Որպես ամփոփում նշենք, որ պետական մարմինները չեն պարտադրում  ցանկապատել պոչամբարների տարածքը, այն որպես բարի կամքի դրսևորում իրականացնում են հանքարդյունաբերող ընկերությունները։ Բարի կամքի դրսևորում է նաև հանրային հաշվետու ու թափանցիկ գործելաոճը, եթե ընկերությունը ցանկություն չունի հարցմանը պատասխանելու, ապա միակ տարբերակը մնում է  դատական կարգով տեղեկատվության ազատության  մասին օրենքի շրջանակներում պահանջել  բացատրություն և հետամուտ լինել գործի քննությանը, ինչը ժամանակատար, սակայն անհրաժեշտ գործողություն է։   Վտանգավոր գոտի «Nebezpečná zóna» ֆիլմի չեխերեն տարբերակը Ֆիլմը պատրաստվել է «Կանաչ Հայաստան» Բնապահպանական, Կրթական ՀԿ-ի կողմից Չեխիայի արտաքին գործերի նախարարության և Nesenuti կազմակերպության աջակցությամբ։
16:58 - 27 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Չարենցի փ. 9 շենք, Քաջազնունի փ. 3, Մաշտոցի պող. 33/1, Նալբանդյան փ. 25/14, Մաշտոցի պող. 35, 37, Թումանյան փ. 38 շենքեր, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․51, 53, Ս․Զորավարի փ․44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի սեփական տներ, Մանանդյան փ 1, 1ա, 1/2 , 3, Մայիսի 9-ի փ․15, Նիզամի փ․1, 55 շենքեր, Արշակունյաց պողոտա սեփական տներ, Ներքին Չարբախ 1 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն թաղ. 20 շենք, Բաբաջանյան փ. 1/1 շենք, Րաֆֆու փ. 39 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 49 շենք, Միկոյան փ. 25 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 1, 2, 3, 3/1, 5, 14/1, Նանսենի փ. 1ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7, Նանսենի 1-ին նրբ․8, Գայի պող. 2, 8, 10, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Սաֆարյան փ. 4 սեփական տուն, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 32/2 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ․ 8, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբ․ 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.`Մինսկի փ. 17 շենք, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 8 շենք, Չարենց թաղ․ 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 24 (1/17) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր թաղամաս, Գետամեջ համայնք մասնակի, «Աղի հանք» և «Երազ» այգեգործական ընկերություններ, Պտղնի պոմպակայան, Նոր թաղամաս, «Եթեր» խմբագրություն, «Սև քար» իջևանատուն, «Մ․Մարտիրոսյան» և «Վ․Գրիգորյան», «Մ․Ապերյան», «Հ․Հարությունյան», «Գ․Գրիգորյան» ՍՊԸ-ներ, Նոր թաղամաս և Զինմաս։ Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Ագարակ քաղաք և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ։
09:30 - 24 հուլիսի, 2020
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 265+000 – կմ 270+000 հատվածում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտ, մեկնարկել են 5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Ապառաժ» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում կատարելու է հողային աշխատանքներ, գաբիոնների, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի (C1 տիպի ազդանշանային սյուների և արգելափակոցների), երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում: Հիմնանորոգումը մեկնարկել է հունիս ամսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 180 օրվա ընթացքում: Հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 615 միլիոն դրամ։
10:40 - 21 հուլիսի, 2020
ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով |armenpress.am|

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է երկու կողմի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով։ Այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Այո, կարողացել ենք կապվել երկու համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ։  Մենք կապի մեջ ենք նաև այդ անձի ընտանիքի հետ»,- ասաց Ամատունին։ Նա նաև նշեց, որ այս պահին դեռ վաղ է խոսել Նարեկ Սարդարյանին տեսակցելու մասին, հետագա զարգացումներից արդեն պարզ կլինի։ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
16:02 - 17 հուլիսի, 2020
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին |panarmenian.net|

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին |panarmenian.net|

panarmenian.net: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանն իր անասուններին պահելու է գնացել, սակայն չի վերադարձել, գյուղում որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այս մասին ասաց համայնքապետ Երվանդ Մալունցը։ Ադրբեջանական պետական Naxcivantv հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ Խնձորեսկից Նարեկ Սարդարյան անունով անձը ներկայացվում է որպես Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից ինքնակամ Ադրբեջանի սահմանը հատած։ Համայնքապետի խոսքով՝ դեպքի մասին մնացած ինֆորմացիան կարող է փոխանցել Կարմիր խաչը։ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակում զանգերին այդպես էլ չարձագանքեցին, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ տեղեկատվությունը ճշտվում է, նորության դեպքում կտեղեկացնեն։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք: Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։
20:15 - 15 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ մուտքերը) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ. 1, 4-րդ թաղ. 29 շենքերը, Անդրանիկի փ. 10, 129, Րաֆֆու փ. 41 շենքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 1շենքի 1-4-րդ մուտքերը և հարակից ոչ բանկիչ բաժանորդները, Արագածոտն մարզում՝ 11:00-17։00 Գետափ, Թլիկ, Արագածավան գյուղերը, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաքի Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 4, 9, 10 փողոցները և 4-րդ նրբանցքը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Մռավյան, Խանջյան, Երևանյան, Օգոստոսի 23-ի փողոցները՝ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, 26 Կոմիսարների, Թամանցիների, Մոմիկի, Օրբելու փողոցները և Ելփին, Վերնաշեն գյուղերը մասնակի, 10։00-16։00 Ազատեկ գյուղը՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն գյուղերը մասնակի, Աբովյան քաղաք 8-րդ միկրոշրջանը և Էլար թաղամասը մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Հարնապետության փ. 4, Սևանի փ․ 4/5, Օգոստոսի 23փ. 21 շենքերը, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը՝ մասնակի և «Մագաս Ինվեստ» ՍՊԸ-ն, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 3-րդ թաղամասը՝ մասնակի, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի Սոցխոզ թաղամասը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի «Թռչունյաց տունը», «Սևերսկի» զինմասը, «Սևերսկի» թաղամասը, հին մաքսատան դիմացի տարածքը, նախկին «Ուրալ Սիբ Ստրոյ»-ի տարածքը, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցը, Տավուշի մարզում՝ 10:00-16:00 Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը, Հաղարձին գյուղը՝ մասնակի, 12:00-14:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, և Թեղուտ գյուղը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Հարժիս, Հալիձոր, Շինուհայր գյուղերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները:
09:50 - 15 հուլիսի, 2020
Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր: ՀՏԶՀ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազաֆիկացված չեն: Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ: Այսպիսով` ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազաֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին:
16:37 - 10 հուլիսի, 2020
Գորայքում քաղաքացի է կորել․ հարազատները կասկածում են, որ ադրբեջանցիներն են գողացել |24news.am|

Գորայքում քաղաքացի է կորել․ հարազատները կասկածում են, որ ադրբեջանցիներն են գողացել |24news.am|

24news.am: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ի առավոտյան ժամը 10։00-ից հետո գնացել է անասունների հետևից և չի վերադարձել։ Սարդարյանի հարազատներից Թեհմինա Գրիգորյանը պատմեց, որ մինչև այսօր ո՛չ Սարդարյանը կա, ո՛չ էլ իր ձին։ «Սարդարյանն անասունները պահում էր Գորայքի սահմանին կից՝ Սյունիքից դեպի Երևան տանող ճանապարհահատվածի արոտավայրերում, ավելի հայտնի են Շաղատի արոտավայրեր անունով։ Գիտենք, որ արոտավայրին կից ադրբեջանական դիրքեր կան։ Փրկարարներն էլ են աշխատել գիշերը ժամը 1։30-ից մինչև այսօր ժամը 14։50-ի դրությամբ, սակայն ոչինչ չեն գտել։ Տեղյակ ենք, որ դադարեցրել են աշխատանքները, սակայն չեն հայտնել դադարեցման պատճառը։ Չգիտենք՝ սահմանը հատե՞լ է, թե ոչ, չգիտենք՝ ում դիմել»,- մանրամասնեց Թեհմինա Գրիգորյանը։  Նրա խոսքով՝ Սարդարյանի ընտանիքը շատ վատ վիճակում է տեղի ունեցածի պատճառով։ Նարեկ Սարդարյանին վերջին անգամ առավոտյան տեսել են մի քանի հովիվներ, այլևս ոչ մի տեղեկություն չի եղել, հետո էլ բջջային հեռախոսահամարն անհասանելի է դարձել։ «Ամուսինս պատմում է, որ արոտավայրի և ադրբեջանական դիրքերի միջև նույնիսկ 1 կմ շառավիղ չկա, և իրենք էլ նրան որոնելիս գրեթե հասել են այդ սահմանին, ադրբեջաներեն բառեր, ռուսերեն խոսակցություններ են լսել, հետ են վերադարձել», - պատմեց Թեհմինա Գրիգորյանը։  Ըստ նրա՝ 30-ամյա Նարեկ Սարդարյանը ոչ մի առողջական, ընտանեկան խնդիր չի ունեցել։    Շարունակությունը՝ 24news.am-ում։
21:29 - 09 հուլիսի, 2020
Երեք արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ բրիտանական «Daily mail» |hetq.am|

Երեք արջերը շարունակում են տանջվել Սիսիանի Resort MJA հանգստյան գոտում․ բրիտանական «Daily mail» |hetq.am|

hetq.am: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերին։ Հաղորդագրության մեջ նշված է. «Միջազգային մամուլը կրկին անդրադարձել է ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող գորշ արջերի խնդրին։ Բրիտանական «Daily mail» օրաթերթն այս անգամ գրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հարևանությամբ Հացավան համայնքի տարածքում գտնվող «Resort MJA» հանգստյան գոտում անազատ պայմաններում պահվող կարմիրգրքյան երեք գորշ արջերի /Ursus arctos/ մասին։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պարբերաբար ահազանգեր է ստանում նշված համալիրում բանտարկված բեզոարյան այծերի /Capra aegagrus/ և գորշ արջերի մասին։ Արջերը որոնցից մեկն էգ է, երկուսը՝ արու։ Կենդանիները պահվում են փոքր, բետոնե հատակով վանդակներում, առանց անհրաժեշտ լայն ազատավանդակի։ Պայմանները տեսակի համար ոչ բարենպաստ են և բացարձակապես հարմարեցված չեն կենդանիների բնական կենսամիջավայրին։ Համալիրի տնօրենը նշել է, որ էգ արջը պարբերաբար ձագեր է ծնում, որոնց բաց են թողնում մոտակա անտառում։ Հայտնի փաստ է, որ անազատ պայմաններում ծնված կենդանիները չեն կարող ինքնուրույն գոյատևել վայրի բնության մեջ կամ կարող են մոտենալ բնակավայրերին և մարդկանց, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։      Արջերը կերակրվում են համալիրում առաջացած սննդային մնացորդներով, ինչը չի համապատասխանում նրանց բնական սննդակարգին։ Արու առանձնյակներից մեկի ատամները գտնվում են սարսափելի վիճակում, ինչը հավանաբար թե՛ սխալ սննդակարգի, թե՛ սթրեսի ազդեցությամբ վանդակների ճաղերը կրծոտելու հետևանք է։ Երեք կենդանիներն էլ դրսևորում են ստերեոտիպիկ վարք, ինչը վկայում է պահման սխալ պայմանների մասին։ Տեղանքում կազմակերպվում է նաև որս, ինչը ևս բացասական ազդեցություն է ունենում կենդանիների բնական գոյության վրա, քանի որ հրազենի կրակոցները արջերի համար լրացուցիչ սթրեսի աղբյուր են։  Ըստ համալիրի պատասխանատուի խոսքերի՝ «արջերին փրկել են գետից», ուստի  կենդանիները վերցված են վայրի բնությունից, ինչը «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Վերջինս նշել է նաև, որ առկա չէ վայրի կենդանիներին անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու համար լիազոր մարմնի կողմից տրված անհրաժեշտ թույլտվություն։  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության հետ միասին (IAR) իրականացվող Արջերի փրկության ծրագրի շրջանակներում պատրաստ է նոր՝ ավելի լավ պայմաններով ապաստարանում ընդունել այս երեք արջերին և կազմակերպել վերջիններիս համար պատշաճ մասնագիտական խնամք, սակայն «Resort MJA» տնօրինությունը հրաժարվում է նշված առաջարկից»։ 
12:18 - 07 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, այցը մեկնարկել է Արարատի մարզում , որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության աշխատանքներին ներգրավվել են նաև նախկինում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ:   Սյունիքի մարզ աշխատանքային այցը նախարարը սկսել է Սիսիան քաղաքից, որտեղ մարզպետ Հունան Պողոսյանի, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է կառավարության սուբվենցիոն ծրագրով քաղաքում ավարտված և ընթացիկ աշխատանքներին։ Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ բարեկարգվել և ասֆալտապատվել է Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհատվածը։ Փողոցն ապահովված է նաև ջրահեռացման համակարգով։ Սիսիանում ընթացքի մեջ են նաև քաղաքային այգու բարեկարգման և կահավորման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի Սիսիանի համայնքապետարանը 1 մլրդ 560 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն տարբեր նշանակության ծրագրեր է ներկայացրել՝ կարևորելով դրանց նշանակությունը համայնքային խնդիրների լուծման և համայնքային կարողությունների զարգացման գործում։Նախարար Պապիկյանն իր գոհունակություն է հայտնել շինարարության առկա տեմպից միևնույն ժամանակ հորդորել 2020թ սուբվենցիոն ծրագրերը նախանշված ժամկետներում իրականացնելու ուղղությամբ դրսևորել խիստ հետևողականություն և պատասխանատվություն: Այնուհետև Սուրեն Պապիկյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հետևել է քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ծրագրին, պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր ։ «Հետաքրքիր ու կարևոր գործ է արվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ներկայումս իրականցում ենք մեծածավալ աշխատանքներ, որպեսզի վերականգնվի Հին Գորիսի պատմական միջուկը: Գորիսն իր ուրույն տեղն ունի հանրապետության համայնքների մեջ և հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը` գրավելով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին»,-նշել է նախարարը։   Նախարարի խոսքով ծրագրի շնորհիվ բացի քաղաքի համար յուրահատուկ կոլորիտային միջավայր ապահովելուց, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, հիմնովին մաքրվում է Վարարակն գետի հունը: «Հին Գորիս» ծրագրով նախատեսված է քաղաքի կենտրոնական մասի փողոցների ու մայթերի վերակառուցում, սալիկապատում, 1918-1920 թթ․ կառուցված թվով 38 շենքերի տանիքների, պատշգամբների ու ճակատային մասերի վերանորոգում, Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում: Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։Աշխատանքային այցի ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը Վերիշեն բնակավայրում ծանոթացել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Կենտրոնը լրացուցիչ խթան կհանդիսանա բնակավայրի մշակութային ներուժի զարգացման համար։ Աշխատանքային այցի շրջանակում նախարար Պապիկյանը հետևել է նաև Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ (7կմ) և Դավիթ Բեկ (4,7կմ) համայնքներով անցնող հատվածների շինարարությանը, որտեղ այս փուլում ընթանում են հողային և ճանապարհի լայնեցման աշխատանքներ:
11:42 - 27 հունիսի, 2020
Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր, որի առաջին բաղադրիչով  իրականացվում են համայնքների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված միկրոծրագրեր համայնքների կողմից ներկայացրած հայտերի և առաջարկների հիման վրա: ՍՆՏԶ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացման տարբեր փուլերում են գտնվում  11 միկրոծրագրեր` Արարատի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում` 1.598.573.964 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իրականացվող աշխատանքներն ընդգրկում են Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրի և խմելու ջրագծի վերակառուցումը՝ 16.052.238 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը՝ մանկապարտեզի տեղակայումով` 116.611.065 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Բերդ խոշորացված համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու բաշխիչ ցանցի վերակառուցումը՝ 155.812.702 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցումը՝ 126.733.914 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Այգավան համայնքի մանկապարտեզի վերակառուցումը՝ 129.132.352 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցումը` 171.178.976 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Վանաձոր համայնքի 11-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը` 184.631.766 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Իրականացվում են նաև նախագծման աշխատանքներ.մասնավորապես՝ Տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում՝ 136.593.972 ՀՀ դրամ նախնական արժողությամբ,  Փանիկ համայնքի մանկապարտեզի վերակառուցում՝ 162.174.659 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Հոռոմ համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչով  ևս իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնց վերաբերյալ կիրազեկենք առաջիկայում:
17:29 - 13 հունիսի, 2020