Հայաստանի Հանրապետությունում, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, կա 23 պոչամբար՝ գործող և կոնսերվացված։ Որպես կանոն, պոչամբարների տարածքը նախընտրում են չցանկապատել, որպեսզի ծրագրով նախատեսված տարածքների սահմաններից դուրս գալու պարագայում չֆիքսվի անօրինականությունը։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով պոչամբարները և հարակից տարածքները՝ գալիս ես այն եզրակացության, որ քեզ հարազատ լանդշաֆտները, ծառերն ու թփերը ժամանակի ընթացքում անհետանում են՝ ծածկվելով պոչանքով։ Հարակից համայնքերի բնակիչները երբեմն չեն էլ նկատում, թե ինչպես է մեծանում պոչամբարը, և միայն ժամանակ առ ժամանակ նկարահանելով պոչամբարները՝ նկատելի է դառնում տարածքի փոփոխությունը։ Մեր իրականացրած հետազոտությամբ փորձել ենք բացահայտել, թե որ պոչամբարն ունի ցանկապատ, որ ընկերությունն է պատրաստվում թարմացնել պաշտպանիչ շերտը, և որ ընկերությունն է պատրաստակամ պատասխանել առաջադրված հարցերին։
1․ Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար
9 գործող պոչամբարներից միայն Թեղուտի պոչամբարն է, որ ունի ցանկապատ, անհամեմատ ավելի մեծ տարածք զբաղեցնող, քան բուն պոչամբարի տարածքն է, որը, սակայն որևէ վթարի դեպքում չի պաշտպանելու բնակչությանը վտանգներից։ 16,4 մլն խ/մ ծավալով 53 հա տարածքով Թեղուտի պոչամբարը, ըստ ծրագրի, պետք է դառնա 260 հա։
Թեղուտ ՓԲԸ-ն դեռևս 2019թվականի սեպտեմբեր ամսին հաղորդագրություն տարածեց, որ եռամսյա ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ է իրականացնելու պոչամբարի տեխնիկական վիճակը հասկանալու համար։ 2020 թվականի մարտ 3-ի մեր հարցմանը Թեղուտ ՓԲԸ-ն չպատասխանեց, միայն ասացին՝ երբ զեկույցը պատրաստ լինի՝ հանրությանը կտեղեկացնեն։
2․ Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար
13,7 հա տարածքով Նահատակի պոչամբարի պատվարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պարբերաբար բարձրացնում է, թեև խոստացել էին, որ այլևս պոչամբար թափոններ չեն լցնի։ Մի քանի ամիս է, ինչ հանրային պահանջի արշավ էր ընթանում Ալավերդիում և հարակից բնակավայրերում, որպեսզի գնահատվեն առողջապահական, նյութական և բնապահպանական վնասները, որից հետո պիտի տրվի կոնկրետ փոխհատուցում տուժած քաղաքացիներին։ Պետք է նշել, որ չեխական Առնիկա կազմակերպության հետազոտությունները վեր հանեցին լրջագույն խնդիրներ ծանր մետաղների կոնցենտրացիաների գերազացման վերաբերյալ։
Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի և բնապահպանության պետ Գագիկ Շահնազարյանը մեր հարցմանը պատասխանել է, որ պոչամբարը ցանկապատված է փշալարով կենդանիների և մարդկանց մուտքն արգելելու նպատակով։ Սակայն մեր նկարահանման պահին էլ ոչխարներն անարգել ջուր էին խմում պոչամբարից։
Փետրվարի 25-ին Մեծ Այրում համայնքի մոտ տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ դեպի Նահատակի պոչամբար, նկատելի էին նոր տեղադրված փշալարեր, որոնք 2019 թվականի հոկտեմբեր ամսին բացակայում էին։ Տեղադրված փշալարերը խոչընդոտ չեն ո՛չ կենդանիների, ո՛չ էլ հարակիչ համայնքների երեխաների մուտքը տարածք արգելելու համար։ Ընկերությունը նաև բնակիչների ահազանգին արձագանքնել է, որ երկար տարիներ է՝ շահագործում են պոչամբարը, սակայն չեն նկատել դեպքեր, երբ այն դարձել է խաղահրապարակ երեխաների համար։
Ընկերությունը հավաստիացնում է, որ պոչմաբարը ռեկուլտիվացնելու է չոր պոչերի արտադրամասի արտադրական ամբողջ ծավալի՝ շահագործման մեջ մտնելուց հետո, ինչը նախատեսված է կատարել մինչև 2023 թ։ Այդ ընթացքում այն ծառայելու է որպես ռեզերվային պոչամբար։ Սակայն այժմ փորձ է կատարվել բարձրացնել պոչամբարի պատնեշը։
Մեծ Այրում համայնքից դեպի Ալավերդի գնացող ճանապարհին կարող ենք ականատես լինել ճանապարհին թափված դատարկ ապարների կույտերի, թթվային դրենաժի ջրերի, որոնք անարգել հոսում են Դեբեդ գետ։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պատասխանում գրված է, որ ընկերությունը ճանապարհին թափված դատարկ ապարները պարբերաբար մաքրում է։
Էկոլուրը տեղեկացնում է, որ 2018-ին ընկերության գործունեության պատճառված վնասները, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հաշվարկվել է 5․1մլ դրամ, աղտոտվել է 200 քառ մետր հողային տարածք, վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ, ջրային ռեսուրսի թույլատրվածից ավելի օգտագործման համար տուգանվել է մոտավորապես 3 մլն դրամ։ Մթնոլորտային օդի աղտոտման համար՝ 1․մլն 933 000 դրամ, իսկ վարչական տուգանքը կազմել է 350 000 դրամ։
3․ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, Մղարթի պոչամբար
1,3 հա տարածքով Մղարթի պոչամբարը շահագործում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։ Ընկերության գլխավոր երկրաբան Պողոսյանը տեղեկացնում է, որ Մղարթի պոչամբարը և ֆաբրիկայի տարածքը 2 հա մակերեսով ցանկապատված է մետաղալարյա ցանցով դեռևս 2005 թվականից: Նոր նախագծով նախատեսվում է կատարել ցանկապատի ընթացիկ նորոգումներ։ Ռեկուլտիվացիոն ծրագրերը պատրաստվում են ըստ ծրագրի իրականացնել, երբ պոչամբարը կլցվի։
«Ըստ նախագծի՝ պոչամբարի պերիմետրով կտնկվեն ծառեր, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ»,-պատասխանել է երկրաբան Նելսոն Պողոսյանը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ` Մուլտի Գրուպ կոնցեռն ընկերությանը տուգանել են 100 000 դրամով:
4․ Արագածոտնի մարզ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Թուխմանուկի պոչամբար
Մելիքգյուղի 0,6 հա տարածքով 2 պոչամբարներն արդեն 3 տարի է` չեն շահագործվում, ինչպես նաև չի շահագործվում ոսկու հանքավայրը: 2019 թ դեկտեմբերի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, սակայն լիցենզիան չի դադարեցվել, փոխարենը ընկերությունը դիմել է նոր շահագործման թույլտվություն ձեռք բերելու համար, որը, սակայն, մերժվել է։
Պոչամբարի տարածքում մշտապես հերթապահում է անվտանգության աշխատակիցը, սակայն պոչամբարի տարածքը ցանկապատված չէ, իսկ հարակից տարածքում կովեր են արածում։
«Մեգո Գոլդ» ՍՊԸ–ն սնանկ է ճանաչվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ ընդերքի մասին օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ եթե ընդերք օգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական, այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով պահանջում է սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին։
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Մելիքգյուղի համայքապետարան վճարվելիք 226 հա հողի վարձակալության դիմաց 42 մլն դրամ հարկերի հարցը կարող է կարգավորվել «Սնանկության մասին» օրենքով։
«Մեգո Գոլդ» ՍՊԸ –ն պետությանը պետք է 22 517 318 դրամ վճարի։ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված է եղել՝ ընդհանուր հատկացումներ- 3 մլն 70 հազար դրամ, նախնական հատկացումներ՝ 460 0000, դրամ, ընթացիկ հատկացումներ՝ 435 հազար դրամ։ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված է 2 325 հազար դրամ։
5․ Արարատի մարզ, Արարատի ցիանային պոչամաբար
195 հա տարածք զբաղեցնող Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է․ տարածքին մոտենալու համար պետք է հաղթահարել անվտանգության աշխատակիցների արգելքները, ինչը գրեթե անհնար է։ Թռչնի թռիչքի բարձրությունից ակնհայտ երևում է, որ պոչամբարի տարածքը, թեև անհասանելի է մարդկանց համար, սակայն կենդանիների համար վտանգ է ներկայացնում։ 15 մլն խորանարդ մետր պոչանքով տարածքի կողքին բնականոն գործունեություն են ծավալում 79 հա ձկնաբուծական լճերը։ 2020թ հունվարի 15-ին մեր՝ շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին ուղղված հարցերն այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացրել պոչամբարում, հարակից լճերում, ձկնային պաշարների մեջ, մնացին անպատասխան։
Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն՝ հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։
6․ Սյունիքի մարզ, «Չաարատ Կապան» ՓԲԸ, Գեղանուշի պոչամբար
1962 թվականին շահագործման հանձնված, 32 հա տարածքով Գեղանուշի պոչամբարում սովետակական տարիներին եղել է վթար։ 2018 թ․-ին նախորդ շահագործողի «Պոլիմետալ» ընկերության պոչամբարի պատվարն ամրացնելու վերաբերյալ պատրաստված և փորձաքննության ներկայացված նախագիծը ՇՄ նախարարությունը վերադարձրել է ընկերությանը թերի լինելու պատճառով։ Գեղանուշի պոչամբարը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տեղեկացրեց․
«Գեղանուշի պոչամբարը տեխնիկական որևէ խնդիր չունի։ Ներկայում իրականացվում է պատվարի ամրացման ծրագիրը, ինչը սակայն չի ենթադրում, որ պատվարը տվյալ պահին անվտանգ չէ։ Անվտանգության բարձրացման նպատակով արվում է ավելին, քան նախատեսված է և նշված ծրագիրն իրականացվում է հետագա շահագործման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար (եթե իհարկե որևէ խնդիր կառաջանա)։ Ըստ տվյալ նախագծի նախատեսվում է աշխատանքներ իրականացնել պատվարի կայունությունն ապահովվելու և ջրի մաքրման համակարգի բարելավման ուղղությամբ, որի աշխատանքներին ընկերությունը ներգրավվել է նաև միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության»։
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն պոչամբարի ցանկապատման անհրաժեշտության մասին հարցմանը պատասխանել է․
«Գեղանուշի պոչամբարը, որպես թափոնների կուտակման համար նախատեսված օբեկտ ունի մեխանիկական պաշտպանիչ գոտի և հաշվի առնելով, որ այդ տարածքով է անցնում նաև համայնքային նշանակության ճանապարհ, նշված գոտին հիմնականում կահավորված է հողապատնեշի շերտով։ Հողապատնեշն արգելք է հանդիսանում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և մեքենաների համար»։
Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ ներկայում պատվարի ամրացման ծրագրի իրականացմանը զուգահեռ նախատեսվում է պոչամբարի պաշտպանիչ գոտու տարածքը հագեցնել նմանատիպ այլ մեխանիկական արգելքներով։
Ընկերությունը փաստացի հաստատում է, որ տարածքը ցանկապատ չէ, իսկ հողաշերտը բավարար խոչընդոտ չէ մարդկանց և կենդանիների համար։
2019 թվականի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխան նամակում գրված է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տուգանվել է 200 000 դրամով, իսկ բնությանը հասցված վնասը կազմել է 13 933 040 դրամ։ Ընկերությունը մեկնաբանել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափաքանակից ավել փոշի մթնոլորտ արտանետելու համար, ինչն ընկերությունը վճարել է։
7․ Սյունիք, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ Դարամազ և Հովիտ պոչամբարներ
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 պոչամբարներից և որևէ մեկը չունի ցանկապատ։ Հովիտ 1 և 2 պոչամբարները 45,3 հա են, չունեն պաշտպանիչ շերտ, փոշին մշտապես բարձրանում օդ՝ աղտոտելով հարակից բնակավայրերը: Ագարակի ՊՄԿ-ն պարբերաբար պոչանքը լցնում է Արաքս գետ, որը հոսում է դեպի Իրան։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ ընկերությունն ունի պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։
Փոխարենը Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական։ 2019թ․ նոյեմբերի 14-ին «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ կողմից խախտվել է վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի գրավոր պահանջով նշված տարածքային բաժին են ուղարկվել «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչուկային տեղամասից պոչանքի՝ դեպի Արաքս գետ հոսելու, աղտոտելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, այնուհետև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենները։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը չպատասխանեց և ոչ մի հարցի։ 2019թվականի տվյալների համաձայն Ագարակի ՊՄԿ-ի տնտեսական գործունեության հետևանքով Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ շրջակա միջավայրին հասցվել է 1,007,584 դրամ վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության վերաբերյալ, հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։ Տեսչությունը, սակայն, չի մեկնաբանում, թե շրջակա միջավայրին հասցված վնասը ինչպիսի բնույթ է կրում։
8․ Սյունիքի մարզ, ԶՊՄԿ, Արծվանիկի պոչամբար
Արծվանիկի 330 հա զբաղեցնող պոչամբարը, ծրագրի համաձայն, կդառնա 390 հա: Այս տարածքները որ կադրում ֆիկսվել են 6 տարի անց ծածկվելու են պոչանքով։ Հայաստանի ամենամեծ պոչամբարը չունի ցանկապատ, 2016 թվականից ընդլայնվում է պոչամբարի տարածքը ծանր տեխնիկան համայնքներին պատկանող վարելահողերը հարթեցնում է պոչանքը տեղավորելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդնային կոմբինատը մեր հարցմանը և հեռախոսազանգերին չի պատասխանում։ Փոխարենը Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մեկնաբանեց, որ ԶՊՄԿ-ն ամրացման աշխատանքներ է իրականացնում պոչամբարի տարածքում, հավաստիացրեց, որ 9 բալ երկրաշարժին դիմակայելու է, իսկ պոչամբարի տարածքից հեղուկ մասսան պոմպերով դուրս է բերվելու։
Դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի պատճառով աղտոտվել էր Ողջի գետը։ Բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին, մասնավորապես ,ջրային ռեսուրսներին հասցված վնասը կազմել է 382,431,552 դրամ, ինչի հետևանքով փոխհատուցման պահանջ է ներկայացվել ընկերության 3 պաշտոնատար անձանց, իսկ վարչական տուգանքը հաշվարկվել է 550 000 դրամ։
Որպես ամփոփում նշենք, որ պետական մարմինները չեն պարտադրում ցանկապատել պոչամբարների տարածքը, այն որպես բարի կամքի դրսևորում իրականացնում են հանքարդյունաբերող ընկերությունները։ Բարի կամքի դրսևորում է նաև հանրային հաշվետու ու թափանցիկ գործելաոճը, եթե ընկերությունը ցանկություն չունի հարցմանը պատասխանելու, ապա միակ տարբերակը մնում է դատական կարգով տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում պահանջել բացատրություն և հետամուտ լինել գործի քննությանը, ինչը ժամանակատար, սակայն անհրաժեշտ գործողություն է։
Վտանգավոր գոտի «Nebezpečná zóna» ֆիլմի չեխերեն տարբերակը
Ֆիլմը պատրաստվել է «Կանաչ Հայաստան» Բնապահպանական, Կրթական ՀԿ-ի կողմից Չեխիայի արտաքին գործերի նախարարության և Nesenuti կազմակերպության աջակցությամբ։
comment.count (0)