Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են ոլորտային բարեփոխումների մի շարք հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hունվարի 27-ին ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։  Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: «Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող եւ Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին եւ իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ: Նշվում է, որ կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը եւ բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարեւորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը եւ համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը: Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման եւ կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ եւ իրավակիրառ պրակտիկայի:  
20:38 - 27 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներ և մասնավորապես հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,-ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը: Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն: «Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 24 հունվարի, 2022
Հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի․ Ալեն Սիմոնյան

Հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի․ Ալեն Սիմոնյան

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: Հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: ԱԺ նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Սիմոնյանը:
10:39 - 24 հունվարի, 2022
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պաշտոնյաների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի եւ հանրապետական Քրիս Սմիթի հետ: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել մշտապես աջակցելու այդ բարեփոխումներին: Հանդիպմանը քննարկվել են 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին առնչվող հարցեր: Ամերիկացի գործընկերների խնդրանքով Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի սահմանային անվտանգության, հետպատերազմյան հումանիտար խնդիրների լուծման եւ Ադրբեջանում պահվող պատանդների հայրենադարձման հարցերին: Ամերիկյան կողմը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիների պալատը եւ մասնավորապես իրենց հանձնաժողովը խիստ մտահոգված է ռազմագերիների ճակատագրով եւ կարծում է, որ նրանք պետք է անհապաղ հայրենիք վերադարձվեն: Հանձնաժողովի նախագահը հանդիպմանը շեշտել է, որ չափազանց կարեւոր է ապահովել Հարավային Կովկասի կայունությունը եւ այդ համատեքստում անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը եւ խնդրի տեւական կարգավորմանը: Միացյալ Նահանգները մեծապես կնպաստի դրան՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Հանդիպմանն Ալեն Սիմոնյանն ընդգծել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը՝ շեշտելով այդ հարցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դերակատարությունը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին բարձր գնահատանքի համար՝ ներկաները եւս մեկ անգամ շեշտել են, որ այն իսկապես շարունակական աշխատանքի արդյունք է եղել: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ եւ փոխադարձ այցելություններ: ԱԺ նախագահը հրավիրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ու անդամներին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին եւ ժողովրդավարական ձեռքբերումներին:
14:05 - 20 հունվարի, 2022
Սիմոնյանն ու Փելոսին համակարծիք են եղել, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո

Սիմոնյանն ու Փելոսին համակարծիք են եղել, որ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ՄԽ համանախագահության հովանու ներքո

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծել ազատ եւ արդար ընտրությունների դերը բարեփոխումների անշրջելիության ապահովման գործում: Ալեն Սիմոնյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ 2018-2021 թվականներին Հայաստանը բարելավել է Transparency International-ի կոռուպցիայի ընկալման իր ցուցանիշը՝ 35-ից անցնելով 49-ի, եւ Freedom House-ի գնահատմամբ՝ ազատության գլոբալ ցուցանիշը դրական աճ է արձանագրել: Կողմերը վերահաստատել են, որ ժողովրդավարությունը հայ-ամերիկյան համագործակցության կարեւորագույն հիմնասյուներից է: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է կոնկրետ ոլորտներում Հայաստանի օրենսդրական մի շարք բարեփոխումներ: Ազգային ժողովի նախագահն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի եւ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ շարունակում են ոտնձգությունները նրա տարածքի նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը կարող է ձեռք բերվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Քննարկվել են նաեւ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիոն գծերի բացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու նախանշել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի գործունեությունը, որն ունի երկկուսակցական աջակցություն եւ առանցքային դեր է խաղում այդ հարաբերությունների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել խոսնակ Փելոսիին եւ նրա բոլոր գործընկերներին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ համապատասխան բանաձեւի ընդունման գործում նրանց ունեցած արժեքավոր ներդրման համար: Հանդիպմանը Նենսի Փելոսիին է հանձնվել Պատվո շքանշան՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար հանրապետական Քեվին ՄըքՔարթին, հանրապետականներ Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, դեմոկրատներ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ադամ Շիֆը եւ Աննա Էշուն: 
10:02 - 20 հունվարի, 2022
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին

Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին և Վերն Բյուքենանին: Պարգևատրումների մասին ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ. Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար. 1) ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքիին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, միջազգային խորհրդարանական հարթակներում Արցախյան հակամարտությանը վերաբերող գործընթացներում հայանպաստ գործունեության, ինչպես նաեւ Արցախի անկախության ճանաչմանը նպաստելու համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով, 2) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Փրայսին եւ Վերն Բյուքենանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ «House Democracy Partnership» հանձնախմբի միջեւ ակտիվ համագործակցության հաստատման համար պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով»,- նշված է կարգադրության մեջ:
15:24 - 13 հունվարի, 2022
Աղասի Մարգարյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից

Աղասի Մարգարյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 30-ին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահի օգնականի՝ աշխատանքից ազատման մասին: Որոշման մեջ նշվում է․«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Աղասի Մարգարյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2022 թվականի հունվարի 3-ից Աղասի Մարգարյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշվում է կարգադրության մեջ: Նշենք, որ Աղասի Մարգարյանը ԱԺ նախագահի օգնական էր նշանակվել Ալեն Սիմոնյանի՝ նախորդ տարվա հոկտեմբերի 14-ի կարգադրությամբ:
12:30 - 04 հունվարի, 2022
Միասին կարող ենք հրաշքներ գործել. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Միասին կարող ենք հրաշքներ գործել. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ամանորյա ուղերձ է հղել. «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցնե՛ր, քիչ անց կճանապարհենք 2021 թվականը... Մենք միասին անցնում ենք շատ դժվար ճանապարհ: 2021 թվականն անցյալը վերլուծելու, անցյալից դասեր քաղելու, որոշումներ կայացնելու և պայքարելու ևս մեկ տարի էր, ուր մենք ունեցանք կորուստներ և հաղթանակներ: Այն իր ամբողջ ընթացքում կրում էր նաև 2020 թվականի ցավոտ արձագանքը և ստիպում մեզ նորից ու նորից ետ նայել և վերլուծել մեր 30 տարվա ճանապարհը: Այո՛, մենք շատ անելիքներ ունենք պատերազմի հետևանքների հաղթահարման գործում. այդ խնդիրների վերջնական լուծումը մեզ համար առաջնային է եղել և լինելու է… Սիրելի հայրենակիցնե՛ր, Ամանորն իրար ներելու հրաշալի ժամանակահատված է, ուստի եկեք օգտագործենք այս վերջին րոպեները նաև միմյանցից ներողություն խնդրելու նպատակով՝ մեր անզգույշ խոսքերի, թերացումների, արված սխալների և բացթողումների համար:  Այսօր ես ուզում եմ, որ մենք վստահությամբ նայենք դեպի ապագան, և Ամանորն ամենահարմար առիթն է մեր ընտանիքների, հարազատների կողքին լինելու, նրանց բարի խոսքեր ասելու, սեր ու ջերմություն տալու համար:  Սիրե՛ք, շատ սիրե՛ք իրար, բազմապատկե՛ք մեր երկրի անհատական և ազգային հաղթանակները: Ամանորը հրաշքների ժամանակ է, բայց ես գիտեմ ու վստահ եմ, որ միասին մենք կարող ենք հրաշքներ գործել ամեն օր՝ մեր աշխատանքի, մեր միասնականության և հայրենասիրության շնորհիվ… Թո՛ղ նոր տարին հաղթանակներ ու հաջողություններ բերի մեր երկրին, Թո՛ղ նոր տարին առողջություն և բարեկեցություն բերի մեր ընտանիքներին,  Թո՛ղ նոր տարին երջանկություն և ժպիտ բերի հայի աչքերին, Թո՛ղ նոր տարին խաղաղություն և ուրախություն բերի մեզ բոլորիս… Աստված մեզ պահապան, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ուղերձում:
21:37 - 31 դեկտեմբերի, 2021