Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին:
Ալեն Սիմոնյանը հաղորդման սկզբում նշել է, որ իր այցը Ռուսաստան առաջին պաշտոնական այցն է, և որ իր համար շատ կարևոր է, որ այն հենց ՌԴ-ում է՝ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական և դաշնակցական հարաբերությունները։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հանդիպումից հետո ծանոթացել է Մատվիենկոյի կոլեգաների հետ․ պարզվել է՝ նրանցից շատերի հետ արդեն ծանոթ է եղել դեռ իր ԱԺ փոխնախագահ եղած տարիներից, միասին աշխատել են տարբեր հարթակներում:
«Ամեն ինչ պետք է անենք, որ մեր աշխատանքները շարունակական լինեն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի», - ընդգծել է ԱԺ նախագահը
Խոսելով խորհրդարանական առաջիկա աշխատանքների և նպատակների մասին՝ կարևորել է հատկապես միջազգային հարթակներում տարբեր երկրների հետ համագործակցումը: «Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ, որոնք ՌԴ-ի հետ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այս առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»:
Խոսելով կորոնավիրուսի համավարակի և Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ԱԺ նախագահը քաղաքացիներին հորդորել է պատվաստվել և նշել, որ ինքը Հայաստանում առաջին պատվաստվողներից մեկն է եղել:
«Ցավոք, Հայաստանում դեռ բավարար քանակով չեն պատվաստվում. մի մասը կարևորությունը չի գիտակցում, մյուս մասը վախենում է: Մենք մեր ռուս գործընկերների հետ Հայաստանում սկսել ենք արտադրել «Sputnik light»: Սա շատ կարևոր ձեռքբերում է», - ընդծել է ԱԺ նախագահը:
Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող ՀՀ ԱԺ-ում մաքսային դժվարությունների հաղթահարման և առևտրաշրջանառության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին խոսելով՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում երկու օրենսդրական նախագծերի շուրջ։ «Նախնական բոլոր պայմանավորվածությունները վաղուց հաստատված են, բայց աշխարհը արագ տեմպերով է զարգանում և նոր փոփոխությունների կարիք է լինում․ կարևորը մենք դա անում ենք փոխշահավետ համագործակցությամբ։ Երկրների միջև կա փոխըմբռնում, թե ինչ ենք անում և ինչ նպատակով, այդ պատճառով էլ խնդիրները արագ լուծումներ են ստանում»,-ասել է Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով հայկական սփյուռքի գործունեությանը՝ շեշտել է Ռուսաստանում հայ համայնքի կարևորությունը:
«Ռուսաստանում հայ համայնքն իր ուժն ու իշխանությունը շատ լավ հասկանում է և գիտի, որ իր ձայնը լսելի է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում»,-նշել է նախագահը։
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում ռուսաց լեզվին, և դա է պատճառը, որ ռուս զբոսաշրջիկները Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը:
Հաղորդավարը անկեղծանալով իր զարմանքն է արտահայտել, որ այս աշնանը ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը հետաքրքրված են հենց Հայաստանով:
«Հայաստանը Ռուսաստանի համար շատ հարմար տուրիստական ուղղություն է, որովհետև մեր երկրում, նախ և առաջ, լեզվի խնդիր չկա, երկրորդը՝ Հայաստանը հանգիստ երկիր է, և տարվա մեծ մասը արևոտ է: Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պետք է միշտ իմանա, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ միշտ կարելի է վերադառնալ», - եզրափակել է Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին նույնպես հրավիրելով Հայաստան:
comment.count (0)