Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին
11:24 - 05 հոկտեմբերի, 2021

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

«Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական բազմաբեւեռ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությունը: 

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին ԴԺ Պետական դումայի ընտրությունների հաջող անցկացման եւ արդյունքների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում, այդ թվում՝ ԱՊՀ միջխորհրդարանական եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության կարեւորությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տեւական խաղաղության հաստատմանը՝ կողմերի միջեւ զրույց է ընթացել տարածաշրջանում եւ Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակի, ռազմագերիների անհապաղ վերադարձի եւ այլ չլուծված մարդասիրական խնդիրների մասին:

Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը եւ անձնապես Վալենտինա Մատվիենկոյին նշված խնդիրների լուծման հարցում կանոնավոր աջակցության համար:

Երկուստեք արձանագրվել է, որ կուտակված է լուրջ ներուժ երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որը կնշվի 2022 թվականին, ինչպես նաեւ՝ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ միջխորհրդարանական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը:

Խորհրդարանական ձեւաչափում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ոլորտային հանձնաժողովների փոխգործակցությունը:

Հանդիպման ավարտին անդրադառնալով 2020 թվականին Covid 19-ի պատճառով Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք այցի հետաձգմանը՝ Ալեն Սիմոնյանը վերահաստատել է հրավերը՝ նշելով, որ սպասում է գործընկերոջը Հայաստանում` նրան հարմար ժամանակահատվածում»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել