Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

Դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/1900/about, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը փորձաքննության ներկայացվելիս քննադատության էր արժանացել միջազգային փորձագետների կողմից: Մասնավորապես, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իմպլեմենտացիային» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում իրականացված փորձաքննության արդյունքում որպես հիմնական թերություններ ընդգծվել են՝ գործողությունների վերացական և խիստ ընդհանրական բնույթը, որոնք հաճախ նույնանում էին նպատակի հետ: Սա հնարավորություն չէր տալիս հստակ պատկերացում կազմել ակնկալվող գործողությունների բնույթի և դրանց արդյունքների մասին, նախագիծը յուրաքանչյուր նպատակի համար չէր նկարագրում status que-ն, առկա խնդիրները, որոնց լուծմանն են ուղղված ծրագրվող գործողությունները: Սա որակվել է որպես շատ լուրջ թերություն, քանի որ առանց ելակետային դրության նկարագրության, ռազմավարությունն անկատար է հայեցակարգային մակարդակում, առկա չէին դատախազության և քննչական մարմինների բարեփոխմանն ուղղված ռազմավարական նպատակներ, դատավորների վարձատրության բարձրացումը չթիրախավորելը, Դատական օրենսգրքի բարեփոխումներ չնախատեսելը, ինչի հետևանքով լուծումներ չէին ստանա գործող օրենսգրքում դատավորների կարգապահական պատասխանատվության, դատական իշխանության հանրային հաշվետվողականության, դատավորի թեկնածուի հավակնորդի որակավորման ստուգման հետ կապված խնդիրները: Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների լուծման և դատաիրավական բարեփոխումների՝ Կառավարության տեսլականի իրագործման նպատակով Արդարադատության նախարարությունը մշակել է որակապես նոր ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի նախագիծ: Քննարկման ներկայացվող ռազմավարության հիման վրա կազմվել են գործողությունների երեք ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվական): Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԱյս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում, թվային արխիվների ստեղծում, Նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում, Էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում: ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԱնցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ, դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին, ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը, ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին: 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:        3․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, ժողովրդի կողմից առանց որևէ ուղղորդման, իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն: 4․ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո[1] անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն: 5․ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Նախատեսվում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կառուցակարգի բարելավում, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդրում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում: 6․ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Նախատեսվում է՝ դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակում, բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործեում, Կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգի բարելավում, դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի ամբողջական հայտարարագրում: 7․ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում: 8․ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 9․ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄՆախատեսվում է՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական գրասենյակի ստեղծում, փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորում:10․ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆախատեսվում է՝ դատախազության համակարգի բարեփոխում, այդ թվում՝ դատախազների ընտրության մրցույթի թափանցիկության ապահովում, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, դատախազների կարողությունների զարգացում, քննչական մարմինների համակարգի բարեփոխում, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխություններ, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, քննիչների կարողությունների զարգացում:11․ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆախատեսվում է՝ քրեական ենթամշակույթի վերացում, այլընտրանքային պատիժների համակարգի ներդնում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնում, այլընտրանքային խափանման միջոցների ներդնում, պարզեցված նախաքննության ներդնում, համաձայնեցման և համագործակցության վարույթներ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման հետ կապված փոփոխություն, անչափահասների մասնակցությամբ վարույթների կատարելագործում, քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսում:12․ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆախատեսվում է՝ քաղաքացիական օրենսդրության բարեփոխում (այդ թվում՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտների, պայմանագրի ձևերի, վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավահարաբերությունների վերանայում), քաղաքացիական դատավարությունում հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում, քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանում, քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծումԷլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացման անհրաժեշտ գործիքակազմի ներդնում, դատավարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կառուցակարգերի ներդրում:13․ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆախատեսվում է՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարույթի ենթակայության հստակեցում, վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավում, վարչական դատավարությունում բողոքարկման սահմանափակումների ամրագրում, վարչական դատավարության հատուկ վարույթների արդյունավետության բարձրացումը, վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում և այլն:14․ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆախատեսվում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում, սնանկության կառավարիչների նշանակման և փոխարինման կարգի վերանայում, սնանկության կառավարչիների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, կարողությունների զարգացում, սնանկության կառավարիչների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի վերանայում, պարտապանի գույքի գույքագրման, գնահատման և աճուրդի գործընթացի հստակեցում:15․ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆախատեսվում է՝ արբիտրաժային օրենսդրության կատարելագործում, արբիտրաժային կենտրոնների ստեղծման հնարավորությունների ապահովում, վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում, այդ թվում՝ (առցանց հաշտարարություն համապատասխան իրավական կրթություն և հանրային իրազեկվածության բարձրացում:16․ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆախատեսվում է՝ կատարողական մակագրության ինստիտուտի կիրառման անհրա­ժեշտ ընթացակարգերի ներդնումը, նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի վերանայումը, նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացում:17․ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆախատեսվում է՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում, փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում, փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում:18․ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Նախատեսվում է՝ կատարողական վարույթների կասեցման հիմքերի և կարգի վերանայում, կատարողական վարույթում էլեկտրոնային գործիքակազմի կիրառման եղանակների ընդլայնում, կատարողական վարույթի ժամկետների կրճատում:Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:
07:07 - 27 օգոստոսի, 2019
Սեպտեմբեր-հոկտեմբերին կնշանակվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել. նախարար |aysor.m|

Սեպտեմբեր-հոկտեմբերին կնշանակվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել. նախարար |aysor.m|

aysor.am։ Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման, ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծում: Վերջիններս զբաղվելու են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ: «Նախատեսում ենք, որ այս դատարանը կարող է ունենալ քաղաքացաիրավական մասնագիտացում և քննի ապօրինի գույքի բռնագանձման գործերը», - ասաց Բադասյանը: Անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Բադասյանն ասաց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կնշանակվեն հանձնաժողովի անդամները ու հանձնաժողովը կսկսի գործել: Հանձաժողովի լիազորությունները ևս կընդլայնվեն: Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: «Այս պահին գոյություն ունեցող իրավապահ համակարգում քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և լիազորությունների ծավալն ամբողջությամբ վերանայվելու է: Կոմիտեի ստեղծմամբ՝ քրեական օրենսգրքում սահմաննելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն», - հավելելեց նա: Բադասյանն ընդգծեց, որ կընդլայվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում: «Ավագ դպրոցներում և համալսարաններում հակակոռուպցիոն կրթության մասին առարկաներ են նախատեսված», - ընդգծեց նախարարը:  
10:45 - 26 օգոստոսի, 2019
Արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել ցմահ դատապարտյալներին

Արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել ցմահ դատապարտյալներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը և պատգամավորները ծանոթացել են դատապարտյալների պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին և խնդիրներին, մատուցվող սննդացանկին և սննդի պատրաստման պայմաններին: Շրջայցի ընթացքում նախարար Բադասյանը հանդիպել է իր հետ զրուցելու ցանկություն ունեցող ցմահ դատապարտյալներին, լսել նրանց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերի վերաբացմանը, պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի պատշաճ կիրառմանը, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու նոր կարգավորման կիրառման հստակեցմանը, ինչպես նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգին: Նախարարը տեղեկացրել է, որ գործերի վերանայման իրավական հիմքերում Արդարադատության նախարարությանը որևէ լիազորություն վերապահված չէ, հետևապես, իրատեսական չէ այդ հարցով Նախարարությունից ակնկալիք ունենալը: Ինչ վերաբերում է Նախարարության իրավասություններին առնչվող հարցերին՝ Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ հստակ քայլեր կձեռնարկվեն պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգավորումն առավել ճկուն դարձնելու ուղղությամբ:
07:02 - 13 օգոստոսի, 2019
ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը. ԱՆ

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթի առանձին դրույթների շուրջ ծավալված քննարկումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ է համարում որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը. 1. առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները որոշակի ժամանակահատվածում հրաժարական ներկայացնելու դեպքում կպահպանեն հրաժարականի պահին իրենց ունեցած աշխատավարձը և այլ սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո կօգտվեն դատավորի համար օրենքով սահմանված կենսաթոշակից։ Այս կարգավորման հետ կապված հարկ է նշել, որ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկա կիրառվել է տարբեր երկրներում։ Վերջին տարիներին ամենաշատը քննարկված այդպիսի նախաձեռնություններից են Հունգարիայի 2011-2012 թվականների և Լեհաստանի 2017-2018 թվականների համապատասխան օրենսդրական գործընթացները: Մասնավորապես, Հունգարիայում 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի (աստիճանաբար բարձրանալով մինչև 65)՝ նրանց 70-ի փոխարեն կենսաթոշակի ուղարկելով 62 (65)-ում: Լեհաստանում ներկայացված օրենսդրական փոփոխությունը նախատեսում էր երկրի գերագույն դատարանի դատավորների 40%-ի վաղ կենսաթոշակի անցնելը: Դանիայում դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում, սակայն նրանց վաղ կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում սկսած 60 տարեկանից: Բելգիայում դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը: Վաղ կենսաթոշակի անցնելու` առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը։ Այս եզրահանգումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՋԻ ԲԻ-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով կայացված վճռի վրա, որտեղ Դատարանն ընդգծել է, որ այն դատավորների մասով, ովքեր կամավոր դիմում են ներկայացրել օրենքով նախատեսված ժամկետը վրա հասնելուց առաջ, պետությունը խախտում թույլ չի տվել, քանի որ. «(...) պետությունը չի խաղացել ակտիվ կամ ապօրինի դեր դիմումատուներին իրենց կամքին հակառակ կենսաթոշակի ուղարկելու հարցում»։[5] Ի հավելումն, նշենք, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն իր CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցում ընդգծել է, որ. «Վաղ կենսաթոշակի անցնելը պետք է հնարավոր լինի միայն դատավորի դիմումի հիման վրա կամ բժշկական պատճառներով»։ Ակներև է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության նախատեսումը չի խախտում միջազգային չափանիշները։ Ինչպես ընդգծված է նախագծի հիմնավորման մեջ, դրույթը նպատակ ունի կյանքի կոչելու 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը։ Մասնավորապես՝ 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, ինչը ենթադրում է, որ Սահմանադրական դատարանի դատավորները ընտրվելու են Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և Կառավարության առաջարկությամբ՝ տասներկու տարի ժամկետով: Դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը: 2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ՝ դատական համակարգ երիտասարդ, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց ներգրավելու նպատակով: Նախ և առաջ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ սահմանված տարիքը վերաբերում է դատավորների թեկնածուի հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը մասնակցելուն, ոչ թե անմիջապես դատավոր նշանակվելուն։ Դատավոր նշանակվելու համար թեկնածուն պետք է գրավոր քննության մասնակցի, որից հետո՝ Բարձրագույն դատական խորհրդում անցնի բանավոր հարցազրույցի փուլը, ապա՝ մասնագիտական պատրաստում անցնի Արդարադատության ակադեմիայում։ Թեկնածուի մոտ դատավոր նշանակվելու համար անհրաժեշտ հատկանիշների առկայությունը գնահատվում է այս գործընթացի արդյունքում։ Դատավոր նշանակվելու կամ այդ նպատակով ուսուցում անցնելու ցածր տարիքային շեմ է նախատեսվում մի շարք երկրներում, իսկ որոշ երկրներում ընդհանրապես նման շեմ չի սահմանվում՝ շեշտը դնելով մասնագիտական հմտությունների և փորձի վրա։ Նման մոտեցում է դրսևորվել օրինակ՝ Էստոնիայում, որտեղ դատավոր դառնալու նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են կրթական ցենզի և համապատասխան մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ պահանջներ[7]: Դատավորների համար նվազագույն տարիքային շեմ նախատեսված չէ նաև Ավստրիայում, Դանիայում և Ռումինիայում: Դատավորների համար ցածր տարիքային շեմ է նախատեսված մի շարք երկրներում: Մասնավորապես, Նորվեգիայում շրջանային և վերաքննիչ դատարանների դատավորների նվազագույն տարիքը 25-ն է: Միևնույն տարիքն է սահմանված նաև Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում: Միջազգային չափանիշները չեն նախատեսում դատավորների նշանակման համար նվազագույն տարիքային շեմ, քանի որ ավելի էական է դատավոր աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և անձնային որակները, որոնց ստուգման համար մեր օրենսդրությամբ սահմանված են խիստ պահանջներ: 3. Ինչ վերաբերում է նախագծով առաջարկվող` Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում նրա լիազորությունների կասեցման պահանջին, ապա նշենք, որ օրենքը ՍԴ դատավորների համար չի նախատեսում անձեռնխմելիություն ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում: Այդ պայմաններում ՍԴ դատավորների լիազորությունների շարունակության հարցը մնում է չկարգավորված և նախագիծը առաջարկել է կիրառել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները: Մասնավորապես՝ դեռևս 07.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ-ից ուժի մեջ մտած «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը նախատեսում է բոլոր այլ դատարանների դատավորների լիազորությունների կասեցման պահանջ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքերում՝ անկախ այն հանգամանքից, թե քրեական հետապնդումը կամ ազատությունից զրկելը իր լիազորությունների իրականացման կապակցությամբ է, թե ոչ (հոդված 165): Հետևապես, Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ նույնպես կիրառել այժմ այլ դատարանների դատավորների համար գործող կարգավորումը: Արդարադատության նախարարությունը կրկին հայտարարում է, որ բաց է բոլոր այն քննարկումների և կառուցողական առաջարկների համար, որոնց արդյունքում օրենսդրական փաթեթը որակապես կդառնա ավելի լավը:
06:33 - 13 օգոստոսի, 2019
Քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Քննարկվել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ հուլիսի 20-ին տեղի է ունեցել նոր ձևավորված Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Վերջինին մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև տասից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Նախարար Բադասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ անցկացվել են քննարկումներ, ներկայացվել են Հակակոռուպցիոն ռազմավարության՝ www.e-draft.am –ում տեղադրված նախագծի տարբերակը, որն արդեն լրամշակման փուլում է և դատաիրավական ռազմավարության Նախարարության տեսլականը, որի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի առաջիկա շաբաթներին: Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագրում ներդրվելիք նորարարական գործիքները, ուղղված՝ միջոցառումների ֆինանսական գնահատմանը, դրանց մշտադիտարկման և գնահատատման չափելի գործիքակազմերի ներդրմանն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ պատշաճ հաղորդակցության կազմակերպմանը: Բովանդակային առումով փոխնախարարն առանձնացրել է դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման արդյունավետ գործող մեխանիզմների սահմանումը Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով, կարճ ժամանակահատվածում ամփոփելով վերջինններիս ուղղությամբ տարվող աշխատանքները, ստանալով միջազգային մասնագիտացված կառույցների փորձաքննության արդյունքները, փաստաթղթի շուրջ կկազմակերպվեն հանրային քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հակակառուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ նախագիծը դեռևս լրամշակման փուլում է և դրա արդյունքում նախագծում կներառվեն նաև մոնիթորինգի իրականացման համակարգը և ռազմավարության ֆինանսական գնահատականը: Հասարակական խորհրդի անդամներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն են ներկայացրել երկու կարևոր փաստաթղթերի վերաբերյալ, որոնց ի պատասխան նախարար Բադասյանը ներկայացրել է լուծման իր տարբերակներն ու մոտեցումները:Հանդիպման ավարտին արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների ներկայացուցիչներին ակտիվ ու արդյունավետ մասնակցության համար և վստահեցրել, որ այս ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:
11:03 - 20 հուլիսի, 2019
Քոչինյանի զեկույցը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների ՔԿԾ-ների ղեկավարների խորհրդի նիստում

Քոչինյանի զեկույցը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների ՔԿԾ-ների ղեկավարների խորհրդի նիստում

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում հուլիսի 3-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ IV նիստը, խորհրդի անդամ 7 երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հանրապետությունների, դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության քրեակատարողական համակարգերի ղեկավար կազմի, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների գործադիր կոմիտեի քարտուղարության ներկայացուցչի մասնակցությամբ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը զեկույցով ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում իրականացված իրավակազմակերպչական բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը: Գործընկեր երկրների կողմից մեծ է եղել հատկապես հետաքրքրությունը ՀՀ քրեակատարողական համակարգում ներդրված պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի նոր իրավակարգավորումների նկատմամբ, ըստ որոնց՝ պատժի կրման ընթացքում դատապարտյալի կողմից դրսևորած վարքագիծն այսուհետ գնահատվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված բալային գնահատման չափորոշիչներին համապատասխան՝ բացառելով ոլորտում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: Նիստի շրջանակներում ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ որոշումներ, այդ թվում՝ խորհրդի նախագահ և համանախագահներ ընտրելու, խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների կատարած աշխատանքները գնահատելու, ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական համակարգերում պատիժ կրող անձանց միջև առցանց շախմատի առաջնություն կազմակերպելու վերաբերյալ:
13:56 - 08 հուլիսի, 2019
Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել

Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Ըստ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության՝ նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է: Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող փոփոխությամբ որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել: Հաշվառումը նախատեսվել է մեկ նպատակով՝ նույնականացնել այն լրատվամիջոցներին, որոնք կկարողանան անվճար օգտվել Ռեգիստրի տվյալների բազայից: Հաշվառված և չհաշվառված լրատվամիջոցների տարբերությունը կայանալու է նրանում, որ չհաշվառված լրատվամիջոցները Ռեգիստրի տվյալների բազայից անվճար չեն օգտվելու:Այս համատեքստում, եթե մասնագիտական հանրությունը շարունակում է ԶԼՄ-ների մասով որևէ խնդիր տեսնել (իսկ նման խնդիր, մեր գնահատմամբ, Նախագծի ընդունմամբ չի առաջանում), Արդարադատության նախարարությունը բաց է քննարկման համար և սպասում է կառուցողական առաջարկների: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ www.e-draft.am հարթակը ստեղծվել է պետական մարմինների կողմից ներկայացված նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակից կարծիք ստանալու համար:
07:32 - 01 հուլիսի, 2019
Արդարադատության նախարարության նախագիծը Պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելուն է միտված. պարզաբանում

Արդարադատության նախարարության նախագիծը Պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելուն է միտված. պարզաբանում

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանենք, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին: Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում չի շտապում, ոչ ոք ցանկություն չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել: Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից ենք կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
13:04 - 29 հունիսի, 2019
Ցանկանում ենք աջակցել բարեփոխումների սահուն ընթացքն ապահովելու հարցում. Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Բադասյանին

Ցանկանում ենք աջակցել բարեփոխումների սահուն ընթացքն ապահովելու հարցում. Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Բադասյանին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նախարարը կարևորել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առանցքային ծրագրերին աջակցելու հարցում բրիտանացի գործընկերներ ունենալու փաստը և վստահություն հայտնել, որ տարբեր ուղղություններով համագործակցությունը լինելու է արդյունավետ: Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հետաքրքվել Նախարարության առաջնահերթություններով: Նախարար Բադասյանը, անդրադառնալով Նախարարության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, դրանցից առանձնացրել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի ընդունումն ու արդյունավետ իրականացումը, միջազգային լավագույն փորձի հիման վրա առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդնումը, Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված ծրագրի իրականացումը, ինչպես նաև քննարկել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետագա գործունեությունն ապահովելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունները: Դեսպան Ֆարնուորթը, կարևորելով Հայաստանում հիմնարար բարեփոխումների և նշանակալի փոփոխություններ իրականացնելու գործում Արդարադատության նախարարության հնարավորություններն ու գործառույթները, շեշտել է, որ ցանկանում են օգտակար լինել հայ ժողովրդին ու աջակցել բարեփոխումների սահուն և արդյունավետ ընթացքն ապահովելու հարցում: Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
11:54 - 28 հունիսի, 2019
ԱՆ–ն ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից 5 հարց ու պատասխան է ներկայացրել

ԱՆ–ն ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից 5 հարց ու պատասխան է ներկայացրել

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից հինգ հարց է բարձրացվում և ներկայացվում դրանց պատասխանները։ 1. Ե՞րբ է ուժի մեջ մտնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:- Օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից: 2. Օրենքն ի՞նչ կարգավորում է նախատեսել ցմահ դատապարտյալների համար:-Ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունից՝ առաջարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու համար նախատեսել, որ1) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնհինգ տարին կրելուց հետո,2) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,3) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո։3. Ո՞ր մարմինն է փոխում պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը:-ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու պահանջները:4. -Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդյո՞ք ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միանգամից կկարողանան տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:-Ոչ: Օրենքի կարգավորումից բխում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միայն աստիճանաբար կարող են տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ: Մասնավորապես՝փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսափակ ուղղիչ հիմնարկ` պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո,կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո, կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:Այսինքն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու պարագայում, կիսաբաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում, իսկ բաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում:5. Արդյո՞ք պատժի կրման ժամկետն է ամենակարևոր գործոնը մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու համար:-Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու հիմքում չի դրվում միայն այն հանգամանքը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կրել է Օրենքով նախատեսված պատժի համապատասխան ժամկետը, այլ անհրաժեշտ է նաև, որ վերջինս տվյալ պահին պատիժ կրելիս լինի նաև Օրենքով նախատեսված համապատասխան ուղղիչ հիմնարկում:
07:25 - 25 հունիսի, 2019
Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չեմ ստացել. փոխնախարար |aysor.am|

Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չեմ ստացել. փոխնախարար |aysor.am|

aysor.am։ «Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական համակարգային բարեփոխումների վրա։ Շուտով պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հանրային քննարկում կանցնի, կառավարության այսօրվա նիստից հետո»․ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը լինի արդարադատության հաջորդ նախարարը, նա նշեց, որ նման առաջարկ չի ստացել։ Աննա Վարդապետյանը միաժամանակ շեշտեց, որ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել։ Ոլորտային խնդիրների շուրջ վերջինիս տեսակետը մշտապես համընկել է կառավարության տեսակետի հետ։ Գործադիրի ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ կան ոլորտային որոշակի բացթողումներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնելու վստահելի արդարադատություն։ Հարցին՝ արդյոք իր կարծիքով Հայաստանում կան դատավորներ, որոնք գիտակցում են, որ անաչառ ու օբյեկտիվ չեն, բայց հրաժարական չեն ներկայացնում, Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ չի կարող դիտարկմանը որևէ գնահատական տալ։ Փոխնախարարն ընդգծեց՝ իրենց գերնպատակն է, որպեսզի վեթինգի իրականացման փուլում արդարադատության ոլորտն անխափան գործի։
09:30 - 13 հունիսի, 2019
Վճռաբեկ դատարանի 9 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի |24news.am|

Վճռաբեկ դատարանի 9 դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի |24news.am|

24news.am: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9-ը դատավորիների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել ու այդ մասին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ։ «Միջնորդությունն իմ կողմից ներկայացվել է հարգալից կերպով։ Մենք գնահատում ենք Վճռաբեկ դատարանի դերը և ջանքերը։ Այս միջնորդությունն ամենևին էլ նպատակ չունի նվաստացնել Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը», - հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։Ինչու՞ է Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը հասել ԲԴԽ։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը որոշել է վարույթ չընդունել քաղաքացու հայցը։Այսպես, 2018 թվականի սեպտեմբերի 3-ին պատասխանողի ներկայացուցիչն անշարժ գույքի առքուվաճառքի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ առաջարկելով շտկել իր որոշմամբ մատնանշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնել:Բողոքը բերող անձը շտկել է թերությունները և կրկին ներկայացրել այն, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:Բողոք բերող անձի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Դավթյանը 2019 թվականի հունվարի 11-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների նկատմամաբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 2019 թվականի ապրիլի 15-ին կայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու մասին որոշում:«Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել», - այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Միքայել Մինասյանը։Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում Վճռաբեկ դատարանը հրաժարվել է արդարադատություն իրականացնել։Մինասյանն ի պատասխան ասաց.«Այս պարագայում վարույթ չընդունելը հենց խոչընդոտել է արդարադատության իրականացմանը»։Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես թիրախավորված դատավորների ցանկում է, նկատեց, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր չկան, մերժել է և հետաքրքրվեց՝ արդյոք սա արդարադատության իրականացումից հրաժարու՞մ է։Ի պատասխան Մինասյանն ասաց, որ վարույթ չընդունելով քաղաքացու բողոքը, Վճռաբեկ դառարանն ինքն իրեն սահմանափակում է, իսկ վարույթ ընդունելը մերժելը ամբողջությամբ վերջ է դնում գործընթացին։
13:32 - 06 հունիսի, 2019
Ինչու ՌԴ-ում ադրբեջանցու սպանած ՀՀ քաղաքացին չի տեղափոխվում Հայաստան. Արդարադատության նախարարության պարզաբանումը |tert.am|

Ինչու ՌԴ-ում ադրբեջանցու սպանած ՀՀ քաղաքացին չի տեղափոխվում Հայաստան. Արդարադատության նախարարության պարզաբանումը |tert.am|

tert.am: Օրերս Արդարադատության նախարարության շենքի դիմաց իրականացված բողոքի ցույցի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՌԴ-ում դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի հարազատները դադարեցրել են բողոքի ցույցը։ Նշենք, որ Արման Առաքելյանը Ռուսաստանում սպանել է ադրբեջանցու, ով պատռել էր Շառլ Անզնավուրի նկարը՝ ասելով՝ սրանք չե՞ն ձեր հերոսները: ՀՀ Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե ինչու է մերժել ՌԴ-ում 18 տարի դատապարտված Առաքելյանին ՀՀ տեղափոխելու դիմումը: «ՀՀ արդարադատության նախարարությունում բազմիցս ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Արման Վալերիկի Առաքելյանին (ծնված՝ 21.01.1973թ.) պատժի մնացած մասը կրելու նպատակով ՌԴ-ից ՀՀ փոխանցելու հարցը: Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Պուշկինսկի շրջանային դատարանի 18.11.2016թ. դատավճռի համաձայն՝ Ա. Առաքելյանը դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-րդ մասով (սպանություն) և 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) նախատեսված արարքներ կատարելու համար: Ա. Առաքելյանն ունի 1530 ռուբլու ֆինանսական պարտավորություն՝ որպես դատական ծախս և 1,000,000 ռուբլու տուգանք՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, որը համաձայն դատապարտյալի շահերի ներկայացուցիչ Արթուր Դաշյանի՝ մարվել է: Հաշվի առնելով այն, որ դատապարտյալի հարազատների պնդմամբ Ա. Առաքելյանը դատապարտված է ազգությամբ ադրբեջանցու սպանության համար, իսկ վերջինիս Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանի թիվ 17 ուղղիչ հիմնարկում պահում են ադրբեջանցի դատապարտյալների հետ նույն խցում, ինչի հետևանքով, ազգային պատկանելությունից ելնելով, պարբերաբար բախումներ են տեղի ունենում Ա. Առաքելյանի և դատապարտյալների միջև, ՀՀ արդարադատության նախարարությունը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով իրենց իրավասության սահմաններում պարզել արդյոք Ռուսաստանի Դաշնության թիվ 17 ուղղիչ հիմնարկի ղեկավարության կողմից դատապարտյալ Ա. Առաքելյանի նկատմամբ իրականացվում են ոչ իրավաչափ գործողություններ և միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու իրավունքների հնարավոր խախտումը կանխելու և նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Նշված միջոցները կարող են ներառել ինչպես այցելությունները նշված դատապարտյալին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ հյուպատոսի կամ հյուպատոսական ծառայության ներկայացուցչի կողմից, այնպես էլ նրա պատիժը կրելու պայմաններին ծանոթանալու, վերջինիս անձամբ տեսնելու և զրուցելու միջոցով նրա իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու, հնարավորության դեպքում վերջինիս պաշտպանությունն ապահովելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին դիմելու և վերջինիս այլ ուղղիչ գաղութ տեղափոխելու գործողությունները: Այդուհանդերձ, ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկած միջոցների, ՀՀ ԱԳՆ-ից ստացված դատապարտյալի որդու՝ Գուրգեն Արմանի Առաքելյանի դիմումի համաձայն՝ վերջինս խնդրել է «...Արման Վալերի Առաքելյանի գործին ընթացք չտալ», որի պատճառով դադարեցրել են իր հորը ՀՀ պետական մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում այցելելու և աջակցելու փորձերը: Հիշյալ դիմումից հետո դատապարտյալի որդին կրկին դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն պահանջելով դատապարտյալ Արման Վալերիկի Առաքելյանի տեղափոխումը Հայաստան: Վերոգրյալից հետևում է, որ դատապարտյալ Արման Առաքելյանը օտարերկրյա պետության տարածքում կատարել է առանձնապես ծանր հանցագործություն (անկախ անձի ազգությունից, ում նկատմամբ այդ հանցագործությունը կատարվել է), որի համար դատապարտվել է և պատիժ է կրում տվյալ պետությունում: Դատապարտյալների փոխանցումն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի Եվրոպական կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրերը ուղղված են դատապարտյալներին իրենց սոցիալական միջավայր վերադարձնելուն՝ վերջիններիս ինտեգրումը հասարակությանը դյուրացնելու նպատակով: Կոնվենցիայի բացատրական զեկույցի 10-րդ կետի համաձայն՝ Կոնվենցիան չի պարտավորեցնում Կողմերին թվարկել դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջնորդության մերժման հիմքերը: Միջնորդությունը մերժելու կամ բավարարելու հարցը վերապահված է պայմանավորվող կողմերի (այսինքն՝ պետությունների) հայեցողությանը և դա նրանց իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Օտարերկրյա պետությունում հանցագործություն կատարելու համար դատապարտված անձին Հայաստանի Հանրապետություն փոխանցումը մերժելը ինքնին որևէ միջազգային պայմանագրով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չի կարող համարվել վերջինիս իրավունքների խախտում: ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար չի համարել դատապարտյալի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, սակայն քայլեր է ձեռնարկել վերջինիս իրավունքները պաշտպանելու և համապատասխան տեղեկություն ստանալու ուղղությամբ: Դատապարտյալի իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը կասեցվել են հենց դատապարտյալի հարազատների կողմից, ինչը հնարավորություն չի տալիս ՀՀ արդարադատության նախարարությանը օբյեկտիվ տեղեկություն ստանալ ՀՀ իրավասու մարմիններից դատապարտյալի պատիժը կրելու վայրում վերջինիս հարազատների կողմից մատնանշված խախտումների առկայության կամ բացակայության վերաբերյալ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
13:59 - 01 հունիսի, 2019
Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

Արդարադատության նախարարությունը և Եվրոպական Միությունը մեկնարկում են նոր ծրագիր

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի ղեկավարությամբ այսօր մեկնարկել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում նախատեսվող օրենսդրական մոտարկման գործընթացներին» ծրագիրը: Վերջինիս շրջանակներում նախատեսվում է վերլուծել ՀԸԳՀ-ում ներառված ԵՄ օրենսդրությունը, իրականացնել ՀՀ օրենսդրության հետ համեմատական վերլուծություն, հիմնվելով ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վրա՝ ներկայացնել վերջինիս իրականացման միջնաժամկետ գործողությունների ծրագիր, մշակել մոտարկման գործընթացի համապարփակ մեթոդաբանություն և ուղեցույց, իրականացնել ՀՀ համապատասխան պետական մարմինների աշխատակիցների վերապատրաստումներ և այլն: Ծրագրում ներգրավված են ԵՄ փորձագետներ, որոնք նախկինում ակտիվ մասնակցություն են ունեցել Եվրոպական միությանն անդամակցող պետություններում օրենսդրության մոտարկման աշխատանքներին: Ծրագրի մեկնարկի հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները: Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ հաշվի առնելով այս Ծրագրի կարևորությունը ՀԸԳՀ-ում ամրագրված ներպետական օրենսդրության մոտարկման գործընթացներին աջակցելու տեսանկյունից՝ ՀՀ արդարադատության նախարարությունն ակնկալում է բոլոր շահագրգիռ պետական մարմինների ակտիվ մասնակցությունը Ծրագրով ամրագրված միջոցառումների իրականացմանը:
16:07 - 07 մայիսի, 2019
Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Ապրիլի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վերաքննիչ վարչական և Վարչական դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և GIZ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հիմնադրամի փորձագետներ, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք: Արդարադատության նախարարի առաջին տեղեկալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, անդրադարձել է Նախարարության առաջնահերթություններին՝ նշելով, որ վարչական արդարադատության բարեփոխումները օրակարգի կարևորագույն հարցերից են: Արտակ Ասատրյանը հույս է հայտնել, որ ներկաները, իրենց փորձառությունից ելնելով, կարևոր առաջարկներ ու դիտարկումներ կներկայացնեն ամենօրյա աշխատանքում ի հայտ եկող թերությունները շտկելու նպատակով: «Ինչ վերաբերում է ոլորտի հետագա բարեփոխումներին, որպես ուղեցույց, վերցնելու ենք Բարձրագույն դատական խորհրդի մշակած «ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարեփոխումների» հայեցակարգը, ինչպես նաև այս քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքներն ու առաջարկները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում: ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ վերջին ժամանակահատվածում ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությունն ու Հիմնադրամը որևէ նախագծի շուրջ ստացած առաջարկը, կարծիքն ու դիրքորոշումը ոչ թե քննարկում են քննարկելու համար, այլ դրանց հստակ ընթացք են տալիս: Գևորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ Վարչական դատավարության օրենսգրքի գործող դրույթների վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից Նախարարություն են ուղարկվել 50 էջը գերազանցող եզրակացություն՝ հայեցակարգային դրույթների վերաբերյալ: Տիգրան Մարկոսյանի խոսքով, այլևս սահմանադրական մակարդակով հրամայական է բոլոր հիմնարար իրավունքների առնչությամբ օրենքի մակարդակով ամրագրել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր: «Այս առումով, վարչական արդարադատության ոլորտը չպետք է բացառություն լինի, քանի որ ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են մեր նպատակներին հասնելուն»,- նշել է Տիգրան Մարկոսյանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափով քննարկումը բացառիկ է, քանի որ քննարկվում է ոչ թե մշակած նախագիծը, այլ մասնագիտական շրջանակը նախագծում է նախագիծը: Երկօրյա հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին, դատարանում գործի քննության ու լուծման ընթացակարգերին և այլ հարցերին: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի գնահատմամբ, հանդիպումն արդյունավետ էր, քանի որ վեր հանվեցին պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներ, որոնց սպասվող նախագծում լուծում կտրվեն:
12:26 - 06 մայիսի, 2019