ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Կարո՞ղ է պարզվել, որ Վանեցյանը հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով․ Հրաչյա Հակոբյան

Կարո՞ղ է պարզվել, որ Վանեցյանը հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին: Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը: Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց: Գիտեմ գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»:
13:10 - 30 ապրիլի, 2020
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշել են կազմավորման 28-ամյակը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշել են կազմավորման 28-ամյակը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն ապրիլի 27-ին նշել են կազմավորման 28-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, տնօրենի տեղակալները, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: «Բոլոր ժամանակներում սահմանին ծառայելը եղել է պետական հատուկ նշանակության խնդիր: Այսօր էլ սահմանապահ զորքերը շարունակում են մնալ ՀՀ պետականության հուսալի պաշտպանության, երկրի անվտանգության և նրա սահմանների ամբողջականության ապահովման երաշխավորը:  Ժամանակի ընթացքում փոխվում են մեր երկրին ուղղված սպառնալիքների բնույթը, անվտանգային իրավիճակը, մարտածառայողական գործունեության պայմանները, բայց ինչպես նախկինում, ներկայում ևս, առաջնային են մնում Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, հավատարիմ լինելու ավանդույթը և սահմանապահ զորքերի նվիրվածությունը: Ներկայիս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում նույնպես ջանք չեք խնայում ձեր ստանձնած պարտականություններն արժանապատվորեն և արհեստավարժ կատարելու համար»,- շնորհավորական ուղերձում ասաց Է. Մարտիրոսյանը: ԱԱԾ տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց սահմանապահներին՝ անձնվեր ծառայության և Հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար: Սահմանապահի օրվա կապակցությամբ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին պարգևատրեց արժեքավոր նվերով: ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության մեջ ունեցած ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին «Սահմանային համագործակցության համար», «Անառիկ սահման», «Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալներով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Պատվավոր սահմանապահ» կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:20 - 27 ապրիլի, 2020
ԱԱԾ-ն կաշառք ստանալու դեպք է բացահայտել «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ընկերությունում

ԱԱԾ-ն կաշառք ստանալու դեպք է բացահայտել «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ընկերությունում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Ստացված փաստական տվյալների համաձայն, պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչը, օժտված լինելով ստորաբաժանման աշխատանքների ղեկավարման, համակարգման և կազմակերպման պարտականություններով, պատասխանատու լինելով զանգվածի և անկյունագծային չափումների ոլորտի չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների պատշաճ կատարման համար, խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված արգելքը՝ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող նույն լաբորատորիայի մասնագետների հետ նախնական համաձայնությամբ, չափման միջոցների ստուգաչափումներ իրականացնելուց հետո իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցած ծառայությունների համար նախատեսված հաշիվ-ապրանքագրերով դուրս գրված պարտադիր վճարներից բացի, ձեռնարկատերերից 2019թ. կեսերից մինչև 2020թ. ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում, ծառայության գծով թողտվության դիմաց՝ ստուգաչափման արդյունքներում հայտնաբերված խախտումները չարձանագրելու և ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար, ստացել են տարբեր չափերի կաշառք: Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հավաքված կաշառք գումարներից հիշյալ ՓԲ ընկերության լաբորատորիայի վարիչին հասանելիք բաժինը նրան ենթակա աշխատակիցները փոխանցել են վերջինիս՝ իր աշխատասենյակում, որի ժամանակ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ կաշառք ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով, կաշառք ստացած պաշտոնատար անձինք ձերբակալվել են։Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:36 - 25 ապրիլի, 2020
Նավասարդ Կճոյանի պաշտպանը միջնորդել է կատարել որոշակի քննչական գործողություններ, փաստաթղթային առգրավումներ |armtimes.com|

Նավասարդ Կճոյանի պաշտպանը միջնորդել է կատարել որոշակի քննչական գործողություններ, փաստաթղթային առգրավումներ |armtimes.com|

armtimes.com: Օֆշորի հայտնի գործով մեղադրյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպանը նախաքննական մարմնին միջնորդել է կատարել որոշակի քննչական գործողություններ, փաստաթղթային առգրավումներ՝ գումարային մուտք ու ելքի հետ կապված: Պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ չգիտի, թե ում մոտ են դրանք, եւ դա պետք է ԱԱԾ-ն պարզի. «Բայց այդ փաստաթղթերը կփաստեն, որ խարդախություն եւ փողերի լվացում ընդհանրապես չի եղել: Փայլակ Հայրապետյանը իրավունք չուներ ասելու, թե նախնական համաձայնությամբ իրենից գումարներ են հափշակվել»: Պաշտպանին հայտնի այդպիսի մի տվյալներից մեկն այն է, որ Աշոտ Սուքիասյանի եւ Աֆրիկայում գտնվող ոմն Ռուբիկ Մկրտչյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, ըստ որի՝ Սուքիասյանը պիտի վարկի գումարներից 3 միլիոն դոլար փոխանցեր նրան, որպեսզի նա այնտեղ ընկերություն գրանցեր, սակայն այդ անձը, գումարը ստանալով, փախուստի է դիմել. «Արդյո՞ք դա հայտնի է քննչական մարմնին, եթե հայտնի է, ապա այդ փաստաթղթերը պիտի առգրավվեն, պիտի երեւան այդ փոխանցումները, որովհետեւ առկա է իրավական ակտ, ըստ որի՝ Սուքիասյանից երեք միլիոն դոլար են հափշտակել»: Ըստ Արսենյանի՝ այն, որ Վերաքննիչ դատարանը Աշոտ Սուքիասյանին անմեղ է ճանաչել փողերի լվացման եւ խարդախության արարքներում, նշանակում է, որ եղել են բավարար ապացույցներ, որոնք հերքել են այդ հանցակազմը. «Եվ իմ տվյալներով՝ այդ անձնավորությանը ծանոթ է եղել նաեւ Փայլակ Հայրապետյանը, եւ երբ հետախուզում են հայտարարել Աշոտ Սուքիասյանի նկատմամբ, Հայրապետյանը մեկնել է Աֆրիկա, այնտեղ գործողություններ է իրականացրել այդ Ռուբիկ Մկրտչյանի հետ: Ասելիքս այն է, որ իրերն իրենց անուններով պիտի կոչել, ոչ թե հենց այնպես անվանարկել, ես արդեն հասկանում եմ՝ Փայլակ Հայրապետյանը էն գլխից ցանկացել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփել, դժբախտաբար, բոլորն էլ վրիպել է, եւ դրա համար հանիրավի մարդկանց անուններ է շոշափել, շեղել հասարակությանը, գործի քննությունը»: Արսենյանը նշեց, որ սա ընդամենը մեկ օրինակ է, այդպիսի տասնյակից ավելի գործողություններ պիտի իրականացվեն: Այս գործով վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան. Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:42 - 23 ապրիլի, 2020
Փորձաքննությունը մութ հարցերի պատասխաններ է տվել. Օֆշորի գործով տուժողի փաստաբանը մանրամասնում է |armtimes.com|

Փորձաքննությունը մութ հարցերի պատասխաններ է տվել. Օֆշորի գործով տուժողի փաստաբանը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Օֆշորի հայտնի գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը վերջին անգամ հարցաքննվել է 6 ամիս առաջ, եւ ըստ նրա փաստաբան Աշոտ Գեւորգյանի՝ նոր հարցաքննության անհրաժեշտություն էլ չկա: Գեւորգյանն ասաց, որ Հայրապետյանը բազմաթիվ անգամներ ասել է իր ասելիքը, բողոքել տարիներ շարունակ՝ տալով բոլորի անունները: Այս գործով վերջերս նոր զարգացումներ տեղի ունեցան. Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար: Ըստ ԱԱԾ-ի՝ Կճոյանը 2010 թ. իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը տուժող Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.), ձեռք  բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ  տնօրինել է 9 միլիոն դոլար եւ 361.500.000  դրամ գումարի չափով վարկային միջոցների, որոնք օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը: Դրա 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Գործի նոր ընթացք ստանալու համար հիմք է հանդիսացել ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթում ստորագրել է եւ Կճոյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով տարիներ առաջ մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել է: Դրա դեմ այժմ Դատախազությունը  վճռաբեկ բողոք է ներկայացրել Նոր ընթացք ստացած գործի շուրջ  Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գեւորգյանի հետ հարցազրույցը՝ ստորեւ. - Պարոն Գեւորգյան, որքանով թույլատրելի է, կարո՞ղ եք ասել, թե Փայլակ Հայրապետյանը ինչ ցուցմունք է տվել, ում անուններն է նշել: - Բոլոր անձանց անունները նշել է, բազմաթիվ հոդվածներ կան՝ դեռեւս նախորդ ժամանակներից, նկարներ, հրապարակումներ, որտեղ ինքը նշել է բոլորի անունները. եւ Կճոյանի, եւ նախկին վարչապետի (խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է,-խմբ.): Եվ առաջին ատյանի դատարանում եւ մինչ դա՝ նախաքննության ժամանակ, ամբողջը ասել է, միայն իր ցուցմունքներով չեն, փոխկապակցված այլ ապացույցներ կան, փորձաքննության եզրակացություն կա, որոնք, իմ տեսանկյունից, հավաստի են: - Մեր զրույցում Աշոտ Սուքիասյանի պաշտպանն ասում էր, թե դա ութ տարվա վաղեմության փորձաքննություն է: Ձեզ հայտնի՞ է՝ երբ է նշանակվել կրկնակի փորձաքննությունը, ինչ հանգամանքներում: -Խոսքը վերաբերում է ձեռագրաբանական փորձաքննությանը, որով որոշակի հանգամանքներ հաստատվել են, այն մութ հարցերի պատասխաններ է տվել ՝ կապված նաեւ այս վերջին մեղադրանքի հետ (նկատի ունի Նավասարդ Կճոյանի մեղադրանքը,-խմբ.): Դա ութ տարի առաջվա փորձաքննություն չէ, թարմ է, մի քանի ամսվա: Նման փորձաքննության եզրակացություն նախորդ իշխանության ժամանակ չէր կարող լինել: Նախկինում եղել է փորձաքննություն, բայց  որոշակի խուսափողական պատասխաններ են տվել: Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Նոր փորձաքննությունը վերաբերում է դրան. արդարությունը ծանր հիվանդ էր, կորոնավիրուսի նման (ծիծաղում է-խմբ.), բայց չմահացավ: Իհարկե, գործի ընթացքը վերջնական ասել չեմ կարող, որովհետեւ տարիների հեռավորությունից, բնականաբար, դժվար է բացահայտելը, բայց վերսկսված մասով իմ՝ այս պահի տպավորությամբ օբյեկտիվ քննություն է գնում, քանի որ արդեն այդ կալիբրի անձանց են մեղադրանքներ առաջադրում, եւ դա հույս է ներշնչում, որ արդարությունը կհաղթանակի: - Իսկ ինչպե՞ս է գործը նոր ընթացք ստացել, Դո՞ւք եք միջնորդել կրկնակի փորձաքննության համար: - Գործի այդ մասը կասեցված էր, կասեցումից հանեցին, քանի որ եղան եւ օպերատիվ տվյալներ, եւ բազմաթիվ դիմումներ տուժողի՝ Փայլակ Հայրապետյանի կողմից: - ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերվել Հայրապետյանին եւ նրա մերձավորներին պատկանող ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը: - Տարբեր գույքեր են՝ շենք-շինություններ, հյուրանոցային համալիր, առեւտրային կենտրոն: Ընդ որում, ես կասեի՝  դրանց շուկայական արժեքը 100 միլիոնից ավելի է, այսինքն՝ տուժողին պատճառված իրական վնասը տասնյակ անգամ ավելի մեծ է:  Այդ գույքերը գրավադրել են, գնահատել են շուրջ երեսուն միլիոն դոլար, որից հետո ընդամենը 12 միլիոնի վարկ է տրամադրվել: Ինչպես միշտ, բանկը գերիշխող դիրքում է եղել. կարծում եմ՝ այս ընթացքում ավելի շատ է  օգտվել, քան թե Կճոյանն ու մյուսները միասին: Էլի հարց է,  թե այդ բանկերը ումով են հաստատվել, դա արդեն քննությունը կպարզի կամ էլ հնարավոր չի լինի պարզել: - «Ամերիա Բա՞նկ»-ն է: -Այո: - Ի՞նչ կարգավիճակում են այդ գույքերը հիմա: - Դրանք հիմա բանկի տրամադրության ներքո են, հյուրանոցային համալիր կա, որ ուզում են վաճառել արդեն: Ժամանակը անցել է, սնանկության կառավարիչ է նշանակվել, աճուրդի մի քանի էտապ են անցել, այսինքն՝ կանգ չեն առնում այդ առումով, չնայած դա խնդիրներ է առաջացնելու, պետք է մտածել դրանց վաճառքը կասեցնելու մասին: - Պարոն Գեւորգյան, Աշոտ Սուքիասյանի պաշտպանը նշում էր նաեւ, որ այդ գույքերը ի սկզբանե խնդրահարույց են եղել, եւ Փայլակ Հայրապետյանն ունեցել է անձնական պարտքեր, որոնք խոչընդոտել են նրանց համատեղ բիզնեսին: - Նրանք համատեղ բիզնես չեն ունեցել, ինքը թեքում է այդ ուղղությամբ, որ Սուքիասյանի մեղադրանքը դարձնի քաղաքացիաիրավական: Իսկ կարո՞ղ եք նշել մի բիզնեսմենի, որը վարկ չի վերցնում: Բիզնեսը հենց դրանով է բիզնես, որ աշխատում է, վարկ է վերցնում, ներդրում է կատարում, փակում է վարկը… Փայլակ Հայրապետյանը այդ պրոցեսների մեջ է եղել: Այդ ընթացքում ադամանդի ներկրումներին հավատալով՝ նաեւ ադամանդագործության ուսումնարան է կառուցել, 5 միլիոն դոլարի ներդրում է արել, Կառավարության շենքում խորհրդատվություն է հրավիրվել՝ ադամանդագործության զարգացման հետ կապված, անվճար ուսում, աշխատատեղեր պիտի լինեին: Ինքը դա էր նախատեսել, շատ ծավալուն ծրագրեր է ունեցել: -Այդ ուսումնարանը  գործե՞լ է: -Այո, այո, այդ ադամանդները իբր պիտի էժան գներով Աֆրիկայի Սիերա-Լեոնե քաղաքից բերեին, խարդախությունը այդտեղ է, էլի: Եթե ճիշտ լիներ, որ այդ հանքերը պատկանում են  Սուքիասյանին, շատ լավ կլիներ: Այս 5-6 տարի է՝ դեռ նոր բաներ են հայտնագործվում. շատ մեծածավալ, 20-ից ավելի հատորներով գործ է: - Իսկ տեղեկություն ունե՞ք՝ նախաքննական մարմինը հարցումներ արել է` պարզելու՝ այդ ընկերությունը իսկապես օֆշորային էր, թե ոչ: - Բազմաթիվ հարցումներ են արվել, բայց  պատկերացնո՞ւմ եք, թե ինչ երկրների հետ գործ ունենք, մենք նրանց հետ չունենք կնքած պայմանագրեր, պարտավորություններ, այդ պատճառով էլ պատասխանները, որպես կանոն, չեն ստացվել: Ինչ-որ պատասխաններ եկել են, բայց դրանք վկայում են, որ Աշոտը այնտեղ ոչինչ չունի: Հիմա իրենք բերել են անհայտ ծագման մի կեղծ փաստաթուղթ, ինչպես որ Աշոտի ողջ կենսագրությունն է կեղծ, ըստ որի՝ հարցում են արել, պատասխան են ստացել, նույն բանն է, ինչին Փայլակը հավատացել է: Բայց Աշոտն ինքն է խոստովանում, որ իբր Կճոյանի եւ մյուսի ստորագրությունները կեղծել է: - Նաեւ ասում է, որ միայն ինքն է եկամուտ ստացել: - Դե բայց հարցեր կան. եթե 33 տոկոս մեկի անունով մեծ գումար է դրված, գումար դնելիս  գուցե հնարավոր է առանց նրա իմացության դա անել, բայց գումարը առանց նրա իմացության հնարավո՞ր է նրա հաշվից տանել.  հասարակ լոգիկա է: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:42 - 22 ապրիլի, 2020
Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

Ըստ օրենքի՝ ինչու՞ են գաղտնալսելու և ինչպե՞ս են պաշտպանված մեր իրավունքները. մասնագիտական մոտեցում [Challenge 2.2 | Արթուր Պողոսյան]

ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան (Արթուր) Պողոսյանը, ընդունելով Սարո Սարոյանի՝ «Ու՞մ են գաղտնալսելու [Challenge 2.1]» հոդվածով նետած մարտահրավերը, զարգացրել է գաղտնալսումների թեման։   Հոդվածագիրը ճիշտ է նկատել և գնահատել հասարակության անհանգստությունը՝ ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենքի այս նոր խմբագրման, հանցագործության  դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ոստիկանությանը նոր իրավական հնարավորություններ ընձեռելու, դրանով իսկ՝ մարդու ազատությունների և իրավունքների խախտումների ենթադրվող հնարավորությունների վերաբերյալ։ Չանտեսելով հոդվածի ներկայացման շարժառիթները և գնահատելով հոդվածագրի դիրքորոշումները, նշենք, որ այստեղ ամեն ինչ միանշանակ չէ և որոշ մասնագիտական նկատառումներ քննարկելու անհրաժեշտություն կա։ Որպեսզի կարողանանք քննարկել հոդվածում նշված փաստարկումները և, անհրաժեշտության դեպքում, հակադարձել ու հակափաստարկներ ներկայացնել (այսպիսին են «խաղի կանոնները»), եկեք համակարգենք և խմբավորենք դրանք որպես. հոգեբանական, իրավական, վարչատեխնիկական։ Այստեղ հոգեբանական բաղադրիչը ներառում է. հասարակության անվստահությունը ոստիկանության համակարգի նկատմամբ, մարդկանց վախը և ցանկությունը՝ պաշտպանելու սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իր իրավունքները, մասնավորապես իր անձի, կապերի և փոխհարաբերությունների, գործունեության, մտքերի, ինտելեկտուալ սեփականության պահպանմանն ուղղված, առանձին անձանց, դրանց խմբերի վախը՝ ոչ օրինական, հակահասարակական, բարոյական խնդիրներ ունեցող ծպտյալ գործունեության բացահայտման հնարավորության վերաբերյալ։ Իրավական բաղադրիչը ելնում է այն համոզմունքից, որ օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտությունն ունի թույլ հիմնավորում։ Այն լիարժեք ուսումնասիրված չէ, հակասում է մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին։ Վարչատեխնիկական բաղադրիչը բխում է այն գիտակցությունից, որ ոստիկանության համակարգում անհրաժեշտ կլինի նոր վարչական միավորի ստեղծում, կադրերի վերապատրաստում, նրանց գործունեության վերահսկման գործառույթների վերաբաշխում, տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման տեխնիկական միջոցների ձեռքբերում, դրանց շահագործման կազմակերպում։ Կարելի էր քննարկման դնել նաև ֆինանսատնտեսական բաղադրիչը՝ երկու իրավապահ մարմիններում համանման կառույցների ձևավորման և, դրա հետ կապված, ոչ քիչ ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության հարցը։ Եթե քննարկման դնենք հիմնախնդրի հոգեբանական բաղադրիչով պայմանավորված գործոններից առաջինը, ապա իրատեսական համարելով այն՝ պետք է հիշել, որ օրենքները չեն ստեղծվում այս կամ այն պաշտոնատար անձի, իշխանության այս կամ այն օղակի նկատմամբ հասարակության վստահությունից ելնելով։ Մարդիկ գնացող են, իսկ օրենքները՝ մնայուն։ Իրավամբ օրենքները պետք է ձևակերպվեն այնպես, որ դրանք իրագործվեն՝ անկախ  իրագործողի անձնային բնութագրումներից, դիրքորոշումներից, սպասումներից։ Եթե օրենքները իրագործվում են ոչ ըստ իրենց նախատեսվածության, ապա դա օրենսդրական համակարգի անկատարության հետևանք է։ Հայտնի է, որ մարդկանց հավատը այս կամ այն իրավապահ գործընթացի նկատմամբ մեծամասամբ  պայմանավորված է այն հանգամանքով, թե որքան են մարդիկ ճանաչում այդ գործընթացի մեխանիզմները, ինչով է հիմնավորված այս կամ այն մեխանիզմի, տեխնոլոգիայի կիրառումը։ Այսպես. հասարակության ամեն 1.000  անդամից մեկը դժվար թե կարողանա մեկնաբանել, թե ինչ է օպերատիվ-հետախուզական գործունեությունը, գործողությունների ինչ հերթականություն է ենթադրում այն՝ ի հայտ բերելու, կանխելու, ամբողջությամբ բացահայտելու այս կամ այն հանցագործությունը, իրականացնելու կանխարգելիչ միջոցառումներ։ Առավել խրթին է հասարակ մարդու համար հասկանալ, թե ինչ տեխնոլոգիական գործընթաց է ենթադրում դրանցից յուրաքանչյուրը, ինչ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների պահանջ է առաջադրվում այս կամ այն խնդրի լուծման այս կամ այն փուլի ժամանակ, ինչպես պետք է հաշվի առնվի և պաշտպանվի մարդու և քաղաքացու իրավունքներն այստեղ։ Եթե խոսենք օպերատիվ-տեխնիկական միջոցառումների, մասնավորապես քննարկման առանցք դարձած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին, ապա երևի մասնագետները հանրամատչելիորեն  պետք է բացատրեն քաղաքացուն դրա անհրաժեշտությունը հանցագործության դեմ պայքարի արդի փուլում։ Պետք է որոշ փակագծեր բացվեն, ներկայացվեն հանցագործության դեմ պայքարի որոշակի տեխնոլոգիաներ։ Մարդկանց հստակ պետք է ներկայացվի, որ ինքնին հանցագործության վերաբերյալ տվյալներ ստանալը պոտենցիալ կամ հանցագործության նախապատրաստման, իրագործման և հետքերի վերացման փուլերում հնարավոր չէ, եթե չի կիրառվում օպերատիվ (գործակալական, տեխնիկական) ներթափանցում հանցագործության մեջ կասկածվող խումբ կամ նրանց շրջապատ։ Հանցագործներն էլ հայտնի կինոֆիլմերի հերոսների նման իսկույն չեն խոստովանում իրենց մեղքը։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն էլ պայմանավորված է այն գիտակցությամբ, որ ժամանակակից հանցավոր խմբերը կարող են գործել մեծ տարածությունների վրա, ակտիվորեն կիրառել կապի տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝ հեռախոսներ։ Այս դեպքում կապի ուղին հնարավոր է դառնա այն «թույլ օղակը», որը կարող են օգտագործել հանցավորության դեմ պայքարող մարմինները՝ նրանց մտահղացումների, կոնկրետ ծրագրվող և իրականացման փուլում գտնվող միջոցառումների մասին տեղեկություն ձեռք բերելու համար։ Այս տեղեկությունն անհրաժեշտ է գործի վարույթն իրականացնող աշխատակիցներին, նախ, ձեռք բերելու ներքին համոզում (որ իրոք պլանավորվում և իրականացվում է հակահասարակական, հանցավոր բնույթի արարք, կոնկրետ անձի մեղավորությունը դրանում), տեղեկանալու հանցավոր արարքների մանրամասներին, ինչպես նաև հավաքելու ապացուցողականություն ունեցող տվյալներ։ Մարդիկ պետք է իմանան, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսումը չի կարող իրականացվել ցանկացած դեպքում՝ սոսկ հետաքննությունն իրականացնող անձի ցանկությամբ։ Դրա համար պարտադիր անհրաժեշտ է տվյալ միջացառման գրավոր հիմնավորում՝ զեկուցագիր, որը պետք է անցնի բոլոր վերադաս օղակներով՝ մինչև ծառայության պետ, որից հետո, վերջինիս ներկայացմամբ, ստացվի դատարանի թույլտվությունը։ Մարդիկ պետք է նաև իմանան, որ այն բոլոր դեպքերում, երբ չի հաստատվում նախնական տվյալները հանցագործության մեջ կոնկրետ անձի ներգրավվածության կամ ընդհանրապես հանցագործության վերաբերյալ, ապա օպերատիվ-հետախուզական գործունեության համապատասխան փուլում այս տվյալները պարտադիր ենթակա են ոչնչացման։ Ոչնչացվում են նաև այն բոլոր նյութերը, որոնք ոչ մի կերպ կապված չեն հանցագործության բնույթի և հանցակազմի տարրերի (օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ) հետ։ Ինչ վերաբերում է մարդկանց սահմանադրությամբ ամրագրված և օրենքներով պահպանվող իրավունքների սահմանափակմանը, դրանց շրջանի «նեղացմանը», ապա այստեղ խոսքը գնում է ընդամենը օրենքով վերապահված գործառույթի փոխանցմանը մի կառույցից մյուսին (ԱԱԾ-ից ոստիկանության համակարգին), փաստացի՝ նման իրավունքներ ունեցողների թվի մեծացմանը։ Տեսականորեն սա ենթադրում է հանցագործության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում, ինչը անձի և հասարակության կենսական շահերից է բխում։ Այստեղ պետք է նշել, որ այս գործառույթի իրականացումը ենթադրում է որոշակի վերահսկողություն։ Կարծում եմ՝ հասարակությունը պետք է հետամուտ լինի անձնային բնույթի (անհատական) տեղեկության չթույլատրված արտահոսքի դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության ուժեղացմանը։   Ավելորդ է ուշադրություն դարձնել ոչ օրինական, հակահասարակական ծպտյալ գործունեություն իրականացնող, բարոյական խնդիրներ ունեցող առանձին անձանց մասով տագնապին, քանի որ օրենքը հենց ուղղված է այսպիսի գործունեության ի հայտ բերմանը։ Կարծում եմ՝ հասկանալի է, որ մարդիկ, որոնք գործում են օրենքի սահմաններում, մեծ հաշվով վախենալու բան չունեն ո՛չ ԱԱԾ, ոչ էլ ոստիկանության գաղտնալսումներից։ Եթե քննարկման դնենք հիմնախնդրի իրավական բաղադրիչով պայմանավորված գործոնը, ապա մի կողմ դնելով օրենքների այսպիսի փոփոխության անհրաժեշտության թույլ հիմնավորումը, կարող ենք նշել, որ այն չի հակասում մարդու իրավունքների և ազատությունների հայտնի հռչակագրին, ՀՀ սահմանադրության համապատասխան դրույթների ոգուն և տառին, քանի որ նախատեսում է մարդու և քաղաքացու պաշտպանությունը հանցավոր մտադրություն ունեցող անձանցից։ Բացի այդ, այն չի վերաբերում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման անօրինականության հարցին, այլ ընդամենը դրա իրականացմանը ոստիկանության համակարգում։ Այստեղ խնդիրներ կարող են ծագել տվյալ օրենքի փոփոխությամբ պայմանավորված այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, ոստիկանության և ԱԱԾ գործառույթներում համապատասխան փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։ Կա մեկ այլ խնդիր, որ վերաբերում է հեռախոսային գաղտնալսումների չթույլատրված և չվերահսկվող իրականացմանը առանձին կազմակերպությունների, մասնավոր անձանց կողմից։ Խնդիրն այն է, որ այս նպատակով կիրառվող ժամանակակից սարքերը՝ գնի և ֆունկցիոնալ հնարավորությունների տեսանկյունից դարձել են մատչելի և չի բացառվում դրանց գործածությունը մեր երկրում։ Սա վարչական զանցանք է՝ նման սարքերի ներկրման, օգտագործման և քրեորեն պատժելի արարք՝ քաղաքացիների անձի և գործունեության վերաբերյալ մասնավոր տեղեկույթի ձեռք բերման, հնարավոր տարածման կամ շահադիտական նպատակներով օգտագործման տեսանկյունից։ Անձնական տվյալների պաշտպանությունը հենվում է ոչ միայն Սահմանադրական պահանջների, այլև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների, ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք նորմերի վրա (Հ․ 144. «Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը», Հ. 146. «Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը», Հ. 342. «Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը»)։ Ինչ վերաբերում է վարչատեխնիկական բաղադրիչին, ապա  հասարակությունը պետք է հետամուտ լինի ոստիկանական համակարգում (և, ընդհանրապես, իրավապահ և արդարադատության համակարգերում) օրենքների անշեղ կատարմանը, կադրերի ընտրությանը, պատրաստմանը և մշտական վերապատրաստմանը, նրանց դաստիարակությանը, այստեղ իրականացվող գործընթացների մանրակրկիտ և անաչառ վերահսկմանը, մարդու և քաղաքացու ազատությունների և իրավունքների նկատմամբ ոտնձգությունների կանխմանը։ Ոստիկանական համակարգին ոչ միայն պետք է տրվեն  նման իրավունքներ, այլև ապահովեն տեղեկատվության ստացման, պահպանման, ոչնչացման ժամանակակից տեխնիկական միջոցներով, մշակվեն այս միջոցառումների իրականացման համապատասխան հրահանգներ։ Եթե դիտարկենք ֆինանսատնտեսական բաղադրիչը, ապա այն կարող է վերաբերել տեխնիկական միջոցների ձեռքբերման, դրանց շահագործման, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների ստեղծման վարչական ծախսերի հիմնավորմանը։ Խնդիրն այն է, թե որքանով դրանք կնպաստեն հանցագործության դեմ պայքարին։ Կարծում եմ՝ այս ծախսերը կարելի է հոգալ ոստիկանության այլ ստորաբաժանումների, մասնավորապես՝ ոստիկանության զորքերի անհարկի ծախսերի կրճատման հաշվին։ Պետք է հաշվի առնել, որ դրանով իսկ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները կազատվեն ավելորդ ծանրաբեռնվածությունից և կզբաղվեն իրենց հիմնական գործառույթներով։ Հետգրություն․ Ուրախ կլինեմ ծանոթանալ հոդվածին և թեմային վերաբերող այլ տեսանկյունների, դիտողությունների և առաջարկությունների։ Թեման շարունակելու մարտահրավեր եմ նետում Սարո Սարոյանին և ընթերցող հասարակությանը։
11:47 - 20 ապրիլի, 2020
Կճոյանը մանրամասն ցուցմունք է տվել. նա առաջադրված մեղադրանքը շինծու է որակում |armtimes.com|

Կճոյանը մանրամասն ցուցմունք է տվել. նա առաջադրված մեղադրանքը շինծու է որակում |armtimes.com|

armtimes.com: Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով օրեր առաջ իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում՝ այն որակելով անհիմն եւ շինծու: Այս մասին ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ Կճոյանը տվել է մանրամասն, բազմակողմանի ցուցմունք: Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարեց, որ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը, 2010 թ.-ին իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է, -խմբ.) խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու համար շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին (խոսքը Փայլակ Հայրապետյանի մասին է,-խմբ.), ձեռք բերել նրան եւ նրա մերձավորներին պատկանող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, գրավադրել դրանք բանկերից մեկում, ինչի արդյունքում ստացել եւ անարգել տնօրինել է 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցների: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Աշոտ Սուքիասյանն այս գործի անջատված մասով մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման. ամիսներ առաջ, սակայն, Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա մասնակի արդարացվել էր: Այս գործով տուժող Փայլակ Հայրապետյանի եւ Նավասարդ Կճոյանի մասով շարունակվող գործը ամիսներ առաջ Քննչական կոմիտեում վերաբացվել է: Ըստ Կճոյանի պաշտպանի՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք ներկայացվել է այն ձեռագրաբանական փորձաքննությունը, ըստ որի՝ այդ ընկերության ստեղծման փաստաթղթերում, որին, ըստ վարույթն իրականացնող մարմնի, փոխանցվել են գումարները, առկա է հենց Հայրապետյանի եւ Կճոյանի ստորագրությունը, ինչը, սակայն, պաշտպանի խոսքով, որեւէ էական նշանակություն չունի: Նոր ընթացք ստացած գործի մասին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյաննի պաշտպան Հովիկ Արսենյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ. - Պարոն Արսենյան, Ձեզ հայտնի՞ է՝ ինչպես է այս գործը փոխանցվել ԱԱԾ-ին: - ԱԱԾ-ին կամ Դատախազությանը հարցրեք, թե ինչն է պատճառը, որ ՔԿ-ում քննվող գործը վերցվել եւ տրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին: Ինձ հայտնի չէ, ամեն դեպքում, Փայլակ Հայրապետյանի՝ ձեզ տված հարցազրույցից հասկանալի էր, որ դա տեղի է ունեցել այս 6 ամիսների ընթացքում: Հարցը նրանում է, թե ինչպես են Կճոյանին մեղադրանք առաջադրել մի հոդվածներով, որոնցով Աշոտ Սուքիասյանը ճանաչվել է անպարտ, իսկ դրա դեմ տարված վճռաբեկ բողոքով դեռեւս որոշում չկա: Դա նշանակում է, որ իրավապահ մարմիններին արդեն հայտնի է Վճռաբեկ դատարանի սպասվելիք որոշումը, այն է՝ կբավարարվի դատախազության բողոքը: Չեմ կարծում, թե մենք այսքան տարիներ պայքարել ենք նախորդ իշխանությունների դեմ եւ անընդհատ ասել, որ պետք է հասնենք նրան, որ արդարադատությունը իսկապես աշխատի, որպեսզի այսօր տեսնենք այս իրավիճակը: - Աշոտ Սուքիասյանի արդարացումը ի՞նչ կապ ունի Կճոյանի մեղադրանքի հետ, եթե այս դեպքում որպես նոր երեւան եկած հանգամանք այդ ստորագրություններն են դիտում: - Կապը այնքանով է, որ եթե գործով չկա խարդախություն, փողերի լվացում, այդ ո՞նց են Կճոյանին նման մեղադրանք առաջադրում: - Բայց Վերաքննիչի այդ որոշումը կոնկրետ Սուքիասյանի մասով չէ՞: - Գրվում է՝ նախնական համաձայնությամբ, էլ ի՞նչ մասով, ամբողջ գործի մեջ կամ խարդախություն եւ փողերի լվացում կա կամ չկա: - Հիմա ընկերության հիմնադրման համար ստորագրելու հանգամանքը Կճոյանը չի՞ հերքում: - Ոչ, չի հերքում, բայց դա իրավունք չի վերապահում որեւէ քննչական մարմնի նոր երեւան եկած հանգամանք համարել եւ առանց վկայի լրացուցիչ հարցաքննության միանգամից մեղադրանք առաջադրել, թե նախնական համաձայնությամբ հափշտակել է 12 միլիոն դոլար գումար: - Այսինքն՝ նրան կանչել են անմիջապես մեղադրանք առաջադրելո՞ւ: - Այո, սա է ամբողջ խնդիրը: Եւ ես ուղղակի պաշտոնապես հայտարարում եմ՝ գործով անցնող Աշոտ Սուքիասյան կլինի, Փայլակ Հայրապետյան կլինի թե այլ անձինք, ինչպես որ գրված է, գեթ մեկին թող բերեն կամ մատնացույց անեն մի փաստական տվյալ, ապացույց, որ Կճոյանին առաջարկվել է կամ տրվել այս ամբողջ գումարից գեթ մեկ ցենտ: Նման բան գոյություն չունի: - Այդ այլ անձինք ո՞վքեր են, անուններ նշվո՞ւմ են: - Չէ, ոչ մի անուն գոյություն չունի: Ես մեղադրանքի ծավալից դուրս իրավունք չունեմ խոսելու, քանի որ պարտավորվել եմ նախաքննության գաղտնիք չհրապարակել, ես ընդամենը այդ կեղծ կամ շինծու ամբաստանության մասին եմ խոսում, եւ եթե ԱԱԾ-ն դա էլ չհրապարակեր, բնականաբար, ես էլ մեկնաբանություն չէի տա: - ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հիշատակում չկա՞: - Ոչ, չկա: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան տարօրինակ բաներ գոյություն ունեն: - Պարոն Արսենյան, ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձեռք է բերել ավելի քան 11 միլիոն դրամի անշարժ գույքեր, որոնք գրավադրվել են բանկերից մեկում: Ի՞նչ անշարժ գույքերի մասին է խոսքը: - Դա արդեն Փայլակ Հայրապետյանին հարցրեք, նրա գույքն է: - Եթե Նավասարդ Կճոյանը չի ընդունում, որ դրանք միտված են եղել հանքարդյունաբերության գործին, ըստ նրա՝ ի՞նչ նպատակով է անհրաժեշտ եղել այդ գումարը, թե՞ նա առհասարակ չի ընդունում, որ գումար է վերցրել: - Գործով չկա եւ չի էլ կարող լինել ապացույց, որ մեկ ցենտ գումար հայտնվել է Սրբազանի մոտ: - Այդ պարագայում ի՞նչ է դրված նրա մեղադրանքի հիմքում: - Դրել են էլի՝ պահի իրավիճակից ելնելով, ես չգիտեմ՝ ում սիրտը շահելով կամ ինչ նպատակ հետապնդելով: Ինձ համար անհասկանալի ու զարմանալի է: - Նրա դեմ ցուցմունք կա՞: - Ի՞նչ ցուցմունք, ո՞ւմ կողմից: Իրական կյանքում Փայլակ Հայրապետյանն իմ պաշտպանյալի հետ այս գործընթացների ոչ սկզբում, ոչ ընթացքում առնչություն, ընդհանուր զրույց, պայմանավորվածություն չի ունեցել: - Առերեսո՞ւմ էլ չի եղել Ձեր պաշտպանյալի եւ Փայլակ Հայրապետյանի կամ Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ: - Չէ, չի եղել, որեւէ քննչական գործողություն չի կատարվել: - Հիմա ձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն կա՞ գործի նյութերում: - Կարծեմ տուժող պարոն Հայրապետյանը արդեն իսկ ասել է այդ մասին: Բայց դա ի՞նչ է նշանակում. ես ու Դուք ստեղծել ենք մի ՍՊԸ՝ 50/50 բաժնեմասերով: Դա դեռեւս չի նշանակում, չէ՞, որ ուղղված է գույք հափշտակելում կամ փողերի լվացմանը: Դրան արդեն թող տնօրենը պատասխանի՝ Աշոտ Սուքիասյանը: Բոլոր դեպքերում, իմ պաշտպանյալը երբեւիցե չի հետաքրքրվել, թե ինչպիտի ֆինանսական գործառույթներ է իրականցրել Աշոտ Սուքիասյանը, եւ այդ գումարը որտեղ կամ ում մոտ է հայտնվել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:36 - 16 ապրիլի, 2020
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը: Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:41 - 15 ապրիլի, 2020
«Կոշ» ՔԿՀ-ի պետը, ըստ մեղադրանքի, 700 հազար դրամ կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է |armtimes.com|

«Կոշ» ՔԿՀ-ի պետը, ըստ մեղադրանքի, 700 հազար դրամ կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է |armtimes.com|

armtimes.com: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է: Գործի 7 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին 10-օրյա ժամկետում ծանոթանալու համար: Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ: Հետագայում գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվեց Հատուկ քննչական ծառայություն: Լյովա Բաղդասարյանին մեղադրանք առաջադրեց խոշոր չափի՝ շուրջ 700.000 դրամ կաշառք ստանալու համար, քաղաքացիներ Հայկ Կարապետյանին՝ կաշառքը տալու, իսկ Արթուր Հովհաննիսյանին՝ կաշառք տալուն օժանդակելու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը պատմեց, որ ենթադրյալ հանցագործության պահին իր պաշտպանյալը գտնվել է անազատության մեջ, իսկ ԱԱԾ աշխատակիցները դեպքի վայրում հայտնաբերել են Լյովա Բաղդասարյանին եւ գործով երրորդ մեղադրյալին (խոսքը Արթուր Հովհաննիսյանի մասին է,- խմբ.). «ՀՔԾ-ն օրենքի կոպիտ խախտումներով, որոնք ընդունելի չեն մերօրյա իրականության համար, չունենալով բավարար ապացույցներ, Հայկ Կարապետյանին մեղադրում է մի հանցագործության մեջ, որի կատարման պահին ինքը ֆիզիկապես գտնվել է «Կոշ» ՔԿՀ-ում (ծանր հանցագործության համար նա դատապարտված է եղել 10 տարի ազատազրկման եւ պատիժը կրել այնտեղ- խմբ.), իսկ այդ գործողությունը կատարել է գործով երրորդ մեղադրյալը, որին մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու մեջ, սա աբսուրդի ժանրից է, իրավական պետությունում սա անթույլատրելի է»: Ըստ Մասիս Մելքոնյանի՝ նոյեմբերի 1-ին, երբ լրանում էր Հայկ Կարապետյանի պատիժը կրելու ժամկետը, նա պիտի ազատ արձակվեր, սակայն անցակետից դեռեւս դուրս չեկած, հարազատներին չմոտեցած՝ քննիչի հանձնարարությամբ նա ոստիկանների կողմից բերման է ենթարկվել եւ ձերբակալվել. «Հայկ Կարապետյանի մեղավորությունը ապացուցված չէ, իսկ կասկածները բավարար չեն նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, նա ներգրավել է որպես մեղադրյալ օրենքի կոպիտ խախտումներով եւ այսօր պահվում է պատանդի կարգավիճակով, մինչդեռ նմանատիպ փաստական հանգամանքներով ՄԻԵԴ-ը առնվազն 4 գործով ՀՀ-ի դեմ որոշումներ է կայացրել»: Նմանատիպ հանգամանքներ ասելով՝ պաշտպանը նկատի ունի այն, որ դատարանի կողմից քննիչի միջնորդության փաստական հանգամանքները չստուգելու հիմքով անձինք պահվել են կալանքի տակ: Մասիս Մելքոնյանի խոսքով՝ Հայկ Կարապետյանի դեմ ցուցմունք է տվել այդ երրորդ անձը, ում մեղադրում են կաշառք տալուն օժանդակելու համար. «Մենք բազմաթիվ անգամ միջնորդել ենք նրանց առերես հարցաքննել, որովհետեւ այնտեղ հեռախոսային խոսակցություններ կան, իբրեւ թե Հայկի հետ, բայց Հայկը հերքում է, որ նման խոսակցություն է եղել, եւ ուզում է առերեսվել, հարցեր տալ, թե այդ ում հետ է նա խոսել»: Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը հրաժարվել է նրանց առերես հարցաքննել՝ հաշվի առնելով, որ Հայկ Կարապետյանը սկզբնապես հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել. «Բայց նոյեմբերի 3-ին  հրաժարվելը դեռ չի նշանակում, որ նա միշտ է հրաժարվելու, ապրիլի 2-ին նախաքննության ավարտ է հայտարարվել, ես միջնորդել եմ հարցաքննել պաշտպանյալիս, քննությունը վերսկսվել է, եւ այս հինգ ամսվա մեջ առաջին անգամ նա հարցաքննվել է ապրիլի 7-ի, եւ չնայած նրան, որ շատ կարեւոր տեղեկություններ է հաղորդել քրեական գործի մասին, քննիչն անմիջապես նախաքննությունը նորից ավարտել է»: Մասիս Մելքոնյանի խոսքով՝ այժմ, երբ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, նախաքննական մարմինը պարտավոր է առերեսում կատարելու, այդ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել նախաքննությունը շարունակելու. ըստ նրա՝ կան բազում քննչական գործողություններ, որ այս ընթացքում չեն արվել. «Իհարկե, ցուցմունք չտալու պարագայում եւս միջազգային իրավունքի նորմերի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն պարտավոր էին առերես հարցաքննելու, բայց նրա անձի հանդեպ ուղղորդվածություն է եղել, նրան պիտակավորել են որպես «զոն նայող», ինչը իրականությանը նույնպես չի համապատասխանում, ապացուցողական փաստ չկա այդ մասին, կան ԱԱԾ զեկուցագրեր, որոնք պիտի կամ ապացուցվեին կամ հերքվեին»: Ցուցմունք տալով՝ Հայկ Կարապետյանը նշել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, եւ դեպքի մասին մամուլից է տեղեկացել. «Այժմ ես բարձրաձայնում եմ այս մասին, որպեսզի երկրի բարձր ղեկավարությունը, Գլխավոր դատախազը, նրա տեղակալը, Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ ԲԴԽ-ն տեղեկանան, որ նախաքննական մարմինը թույլ է տվել օրենքի խախտումներ եւ դատարանները, աչքերը փակելով դրանց վրա, չուսումնասիրելով գործի նյութերը, կալանքի ժամկետ են երկարացրել»: Կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մասամբ ընդունել է մեղադրանքը. «Նա հայտնել է, որ պետը տեղյակ է եղել, որ իրեն այդ գումարը պիտի հասցնեն, այլ մանրամասնություններ, թե ինչ նպատակով, ումից է վերցրել, չի հայտնել, որովհետեւ իր հորեղբոր որդին գտնվում է «Կոշ» ՔԿՀ-ում, եւ վախեցել է, որ նա գուցե այնտեղ խնդիրներ ունենա»: Հարցին՝ Հովհաննիսյանը տեղյակ եղե՞լ է, թե կոնկրետ ինչ գումար է ինքը փոխանցում, պաշտպանը պատասխանեց. «Դե չէր կարող չիմանալ, ասել են՝ պետք է տանել, փոխանցել նրան, բայց իր նախաքննական ցուցմունքում նա ասել է, որ չի կարող տալ անուններ, որոնք իրեն խնդրել են դա անել, ոչ էլ նպատակն է հայտնել»: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
23:05 - 14 ապրիլի, 2020
Կարծում եմ՝ ԱԱԾ-ում երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը․ Հակոբ Ճաղարյան

Կարծում եմ՝ ԱԱԾ-ում երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մոտ 2 ժամ տևողությամբ աշխատանքային, խորհրդակցական հանդիպում է ունեցել ԱԱԾ-ում։ Նա, մասնավորապես, գրել է․«Չգիտեմ, թե ինչն է իմ՝ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը: Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրիական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը: Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»:
18:34 - 09 ապրիլի, 2020
2019-ին ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ

2019-ին ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 120-ը կամ 24%-ը եղել են կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր, ասված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում: «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ։ 2019 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում գտնվող քրեական գործերով ձեռնարկված հետևողական միջոցառումների շնորհիվ հաջողվել է ապահովել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի աննախադեպ չափերի վերականգնում. վերականգնվել է 4 միլիարդ 353.8 միլիոն դրամ, որը 2018 և 2017 թվականների վերականգնված գումարներից ավելի է շուրջ 133 անգամ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ 2019 թվականի ընթացքում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: », - ասված է զեկույցում:
12:45 - 07 ապրիլի, 2020
31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

31.6%-ով ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6%-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29%-ի դեպքում՝ արդարացման, 266-ի կամ 71%-ի դեպքում ոչ արդարացման հիմքով: Ընդ որում՝ վերջիններիս թիվը 2018թ. համեմատ ավելացել է 13.2%-ով: Հարկ է ընդգծել, որ անձանց նկատմամբ քրեական հետապնդումները ոչ արդարացման հիմքով դադարեցվել են, որպես կանոն, հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու կամ համաներման ակտ կիրառվելու պատճառով: Եվ այս ցուցանիշների որոշակի աճը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների և ընձեռած հնարավորությունների շրջանակներում պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնումը, հանցագործությունների լիարժեք բացահայտմանն օժանդակումը խրախուսելու, առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարող անձանց նկատմամբ առավել մեղմ մոտեցում ցուցաբերելու հարցում վարվող քրեական քաղաքականությամբ: 2019թ. քրեական հետապնդման ենթարկված անձանցից 1073-ի կամ 2018թ․ համեմատ (819) 31%-ով ավելի անձանց վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որոնցից մեղադրանք է առաջադրվել 1018-ին: Այս ցուցանիշը վկայում է, որ տարվա ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված անձանց միայն 5%-ին չի հաջողվել մեղադրանք առաջադրելու համար ներկայացնել վարույթն իրականացնող մարնին, ինչը, ի դեպ, գրեթե կրկնակի պակաս է 2018թ. համեմատ: Հաշվետու տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց ցուցանիշներում 18-ով կամ 15․9 տոկոսով նվազել է (2019թ.-95 անձ-2018թ․-113 անձ) ձերբակալվածների թիվը: Այդ պայմաններում 40․5 տոկոսով նվազել է ձերբակալումից ազատված անձանց թիվը, ինչը վկայում է, որ 2019թ․ զգալի նվազել է անհիմն ձերբակալումների դեպքերը: Կայուն պրակտիկա է ձևավորվել նաև կոռուպցիոն գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայում, քանի որ մեղադրյալների ընդհանուր թվաքանակում կալանքի ներկայացվածների տեսակարար կշիռը էականորեն նվազել է։ Մասնավորապես, 2019թ. 1018 մեղադրյալներից 98-ի կամ 9,6 տոկոսի  նկատմամբ է կալանավորման միջնորդություն ներկայացվել, մինչդեռ 1018 թվականին՝ 746 մեղադրյալներից 90-ի կամ 12 տոկոսի նկատմամբ։  Այս նվազման ֆոնին 22-ով կամ 66․6 տոկոսով պակաս մեղադրյալ է կալանքից ազատվել, ինչը ևս  փաստում է, որ դատարանների կողմից բավարարված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները եղել են ավելի հիմնավոր ու պատճառաբանված:   2019թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանցից 530-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք, հանրային ծառայողներ, ինչը 2018թ. համեմատ ավելի է 60-ով կամ 12.8%-ով: Ըստ պաշտոնների դասակարգման և գործունեության ոլորտների՝ քրեական հետապնդման են ենթարկվել մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ - 2Փոխնախարար– 3ՊՎԾ պետ – 1,Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր - 2Դատախազ – 1,ՌՈ պետ – 1 ,ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար - 1,Նախկին գլխավոր դատախազ-1,ՀՀ ոստիկանության նախկին պետ-1ՊԵԿ նախկին նախագահ – 1,Նախկին մարզպետ – 1, Ոստիկանության աշխատակիցներ՝ 27 (2018թ․-17) անձ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալներՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցներ՝ 9 (2018թ․-0) անձ, այդ թվում՝ տեսչության պետ,ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 (2018թ․-12) անձՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ՝ 8 (2018թ․-9) անձ, այդ թվում՝ մարզային քննչական վարչության բաժնի պետ և քննիչներ,ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-4) անձ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 10 (2018թ․-15) անձ, այդ թվում՝ ՔԿՀ 2 պետ,ՀՀ ՊՎԾ աշխատակիցներ՝ 3 (2018թ․-0) անձ,ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ՝ 1 (2018թ․-0) անձ,
14:46 - 06 ապրիլի, 2020
Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. պաշտպանը բողոք է ներկայացրել |armtimes.com|

Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է. պաշտպանը բողոք է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված: Նրա պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մարտի 26-ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշել եւս երկու ամսով երկարաձգել Լոռեցյանի կալանավորման ժամկետը: Մեր զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանի՝ կալանավորումը երկարաձգելու որոշման դեմ էլեկտրոնային եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ըստ նրա՝ որոշման հիմքում քննությունից խուսափելու, ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ ստանդարտ ձեւակերպումներ են եղել. «Բողոքով միջնորդել ենք նաեւ թույլատրելի համարել գրավի կիրառելիությունը, այն կպնդենք նաեւ դատական նիստի ժամանակ»: Նշենք, որ բողոքը ներկայացվել է երեկ, եւ դեռեւս պարզ չէ, թե ում է այն մակագրվել: Ամիսներ առաջ Լեւոն Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցաքննելու համար, ինչը քննիչը մերժել էր: Հարցին՝ մերժումից հետո այդ ուղղությամբ այլ քայլեր ձեռնարկե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց։ Արայիկ Հարությունյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պաշտպանը հիմնավորել էր նրանով, որ դեպքից առաջ Լոռեցյանը Հարությունյանին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել. «Կարծում ենք՝ մեր այդ դիմումը գործի համար էական նշանակություն ունի, մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ»,- ասել էր Լեւոն Սահակյանը: Վերջինիս խոսքով՝ այսօրվա վարակի տարածման պայմաններում առաջնային է, որ Լոռեցյանը հայտնվի ազատության մեջ. «Իսկ վարույթն իրականացնող մարմինը եթե մինչ օրս կարծում է, որ պարոն Լոռեցյանն իրոք մեղավոր է, թող փորձի ապացուցել»: Լոռեցյանը պահվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Արդարադատության նախարարությունը նախորդ օրը հայտարարեց, որ վարակի դեպք է արձանագրվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ, որոնք հոսպիտալացվել են. «Նշված աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս եւ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որեւէ շփում չունեն: Բաժնի մյուս՝ 28 աշխատակիցները եւս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում»,- ասված էր հայտարարության մեջ: Մեր զրույցում Լեւոն Սահակյանը տեղեկացրեց, որ նաեւ դատախազին է բողոք ներկայացրել՝ Լոռեցյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանք կիրառելու որոշման դեմ. «Մենք քննիչին էինք միջնորդել, որ, հաշվի առնելով այսօրվա պայմանները, այն, որ պարոն Լոռեցյանը արտաքին աշխարհի հետ որեւէ կապ չունի, իսկ նրա ծնողներն էլ վտանգավոր գոտում են՝ կապված կորոնավիրուսի հետ, արգելանքը վերացվի, սակայն քննիչը, միեւնույն է, ստանդարտ ձեւակերպումներով մերժել է միջնորդությունը, ինչն էլ բողոքարկել ենք հսկող դատախազին»: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:09 - 03 ապրիլի, 2020
14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների և երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով

14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների և երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով

Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 26-ին Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածով, 200-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ-ում: Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում: Պարզվել է, որ վերոոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից: Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա: ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի քրեական գործի նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որից մեկը՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված քրեական գործերը միացվել են մայր գործին։ Բացի այդ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված 1 քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։ Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020թթ. ընթացքում Գլխավոր դատախազություն է ստացվել նաև  ԶԼՄ-ներում հրապարակված 2 հոդվածներ, որոնք ուղարկվել են ոստիկանություն: Արդյունքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով 3 քրեական գործ, որից 1-ը՝ Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 314-րդ հոդվածի և 1-ը՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ: Բացի վերոնշյալը, դատախազություն են ստացվել և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս 3 դիմում և 6 ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում 4-ը՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ը՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։ Բացի այդ, ինչպես անմիջական, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից 2-ի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։  Իսկ քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքնում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015թ. այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղակվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:   ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 1 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:  Քրեական գործով իրականացվում են ակտիվ և լայնածավալ  քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Առանձին գործերով նշանակվել և իրականացվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնք եզարակացությունների արդյունքում կայացվել են դատավարական որոշումներ: Գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ԱԱԾ տնօրենին։
13:03 - 03 ապրիլի, 2020
Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը |pastinfo.am|

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Փետրվարի 29-ին Արամ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փախհատուցելու պահանջով։  Հայցադիմումի պատճառը Հանրային ՀԸ եթերում հեռարձակված ռեպորտաժն է, որտեղ վկայակոչելով ԱԱԾ-ին՝ նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան եւ սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։ Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։
12:44 - 01 ապրիլի, 2020