Կորոնավիրուս

Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախի ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին՝ մեծածավալ սահմանափակումներով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը:Կարանտինի կատարման համակարգումը  վերապահվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին:Կարանտինի ընթացքում կկիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները և սահմանափակումները՝ 1. Արցախի Հանրապետության հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը:2. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:3. Բոլոր կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:4. Մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ Ստեփանակերտ քաղաքում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացնել հեռավար:5. Հավաքներ կարող են կազմակերպվել, անցկացվել և հավաքներին կարող է մասնակցել առավելագույնը 100 անձ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:6. Փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 40 անձ (մանկական միջոցառումների անցկացման դեպքում՝ 20 անձ)՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: 7.  Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։8. Հեռավար ուսուցում անցնող ուսումնական հաստատությունների սովորողի ծնողին, հղի կանանց, 55 տարին լրացած և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար: Ռիսկային գոտում գտնվելու փաստը հաստատվում է բժշկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:Կառավարության սույն որոշման հիման վրա՝ ԱՀ առողջապահության նախարարի կողմից հաստատվել են համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների ու խմբերի համար: Ի թիվս անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների՝ սահմանվել են նաև այլ սահմանափակումներ ու միջոցառումներ: Օրինակ, հանրային իշխանության մարմիններում և մասնավոր հատվածի մի շարք տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատող անձինք աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 96 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 15-ի N 264-Ա հրամանով սահմանված սերտիֆիկատ, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների, հղիների, մինչև 18 տարեկան աշխատողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:Սանիտարահամաճարակային անվտանգության մանրամասն կանոնները ներկայացված են ԱՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված հրամանի հավելվածներով։
19:21 - 24 նոյեմբերի, 2021
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում դատապարտյալ է մահացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում դատապարտյալ է մահացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները: 01.01.2021թ-ից 12.11.2021 թ. ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբեր ամսվա վերջից` 28.10.2021-ից. 12.11.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 54 անձ. ներկայումս բուժման գործընթացում է գտնվում 16 անձ: «Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ.-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 22-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը` ժամը 14։50-ին, վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով 12.11.2021-ից ի վեր գրանցվել է 6 նոր դեպք, ընդ որում՝ 5-ը ախտորոշվել են հիվանդության նախնական փուլում, երբ դեռևս կլինիկական ախտանիշներ չեն ձևավորվել: Տեսակցությունների արգելքից հետո թվային պատկերը կարծես թույլ է տալիս արձանագրել դրական առաջընթաց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսակցությունների արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ, որի ընթացքում մոնիթորինգ կիրականացվի տեսակցությունների արգելքի պահպանման ժամանակահատվածում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության կանխարգելման վերաբերյալ, կտարվեն համապատասխան համեմատականներ, որից հետո կորոշվի տեսակցությունների թույլատրման մասով ռազմավարությունը: Նախարարությունը կանի առավելագույնը տեսակցությունների արգելքի ժամանակահատվածում համավարակի տարածման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ և ազգային առողջապահական համակարգի մոտեցումներին համահունչ՝ կմշակի տեսակցությունների թույլատրման մասով հետագա ձևաչափը՝ հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց լավագույն շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:25 - 24 նոյեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք:  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21 847 քաղաքացու հետազոտություն, որից 3 636-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
11:58 - 24 նոյեմբերի, 2021
Պատվաստումների գործընթացը Հայաստանում․ ամփոփ տվյալներ

Պատվաստումների գործընթացը Հայաստանում․ ամփոփ տվյալներ

Հայաստանում 2021 թվականի ապրիլից մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Մեր երկրում, ի դեպ, վակցինացվում են նաեւ օտարերկրացիներ․ այս տարվա նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստվել է 6984 օտարերկրյա քաղաքացի: Առողջապահության նախարարությունը, սակայն, օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների վերաբերյալ վիճակագրությունն ըստ առանձին երկրների քաղաքացիության չի վարում:  Առողջապահության նախարարությանը խնդրել էինք մեզ տրամադրել որոշ տվյալների վերաբերյալ գերատեսչությունում առկա վերջին տեղեկությունները։ Այսպես, 2021 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում մինչեւ 18 տարեկան 236 անձ է պատվաստել կորոնավիրուսի դեմ։  Նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա են ԱստրաԶենեկա, Գամ-Կովիդ-Վակ (Sputnik V), Սինոֆարմ, Կորոնովակ, Մոդեռնա պատվաստանյութերը: Ստացած տվյալների համաձայն՝ ամենաքիչ դեղաչափ կա Կորոնավակից, ամենաշատը՝ Մոդեռնայից։ Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում *-ով նշված է ՀՀ-ում առկա Սպուտնիկ V պատվաստանյութի 2-րդ բաղադրիչի թիվը։ Առողջապահության նախարարի N 438-Ա հրամանի համաձայն՝ պատվաստման առաջին փուլում ներարկում են Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երկրորդ փուլում ներարկում են պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երեք շաբաթ ընդմիջումով: Երկրորդ բաղադրիչի բաղադրությունն առաջինից տարբերվում է։ Նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվել է 1045446 դեղաչափ պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 705848 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 339598 քաղաքացի։ Նշենք, որ պատվաստված համարվում է երկու դեղաչափ ստացած անձը։ Ի դեպ՝ առաջին դեղաչափ ստացած անձանց 705848 թվի մեջ արտացոլված է նաեւ երկրորդ դեղաչափով պատվաստված անձանց թիվը, քանի որ երկրորդ դեղաչափով պատվաստված անձն ինընստինքյան ստացել է նաեւ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Ուստի նոյեմբերի 16-ի դրությամբ դեռեւս միայն առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 366250 է եղել։ Ստորեւ ցուցադրվող ինֆոգրաֆիկայում առաջին դեղաչափով պատվաստված անձանց թվից հանել ենք երկրորդ դեղաչափով պատվաստված քաղաքացիների թիվը։ ՀՀ-ում նոյեմբերի 16-ի դրությամբ առկա ԱստրաԶենեկա պատվաստանյութի դեղաչափերի ժամկետն ավարտվում է 2021թ. նոյեմբերի 30-ին, Գամ-Կովիդ-Վակինը՝  2022թ. փետրվարի 28-ին, Սինոֆարմինը՝ 2023թ. հուլիսի 16-ին եւ սեպտեմբերի 10-ին, Կորոնովակինը՝ 2022թ.-ի մարտի 18-ին, Մոդեռնայինը՝ 2021-ի նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 27-ին, 2022թ. հունվարի 14-ին, հունվարի 22-ին, փետրվարի 14-ին, փետրվարի 27-ին եւ մարտի 5-ին։ Թե որ օրը որ պատվաստանյութից քանի դեղաչափի ժամկետ է ավարտվում, նախարարությունից չէին հստակեցրել, ուստի երկրորդ հարցումն էինք ուղարկել, որտեղ այս հարցին դարձյալ պատասխան չէր տրվել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից մեր հարցին, թե ինչու չեն տրամադրվել այդ տվյալները, պատասխանեցին, որ պատվաստանյութերի բաշխումը դինամիկ գործընթաց է, տվյալներն անընդհատ փոփոխվող են, ուստի կոնկրետ օրվա դրությամբ տվյալ տալն անհնար է։ Մեր դիտարկմանը, որ անընդհատ փոփոխվող են նաեւ պատվաստումների թվերը, նաեւ այն տվյալները, թե որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստվել, ուրեմն՝ նման հաշվարկ անելն ինքնին անհնար չէ, կենտրոնից առաջարկեցին գրավոր հարցմամբ դիմել՝ պահեստում առկա պատվաստանյութերի թիվը տրամադրելու համար։ Ըստ կենտրոնի՝ թիվը բանավոր տրամադրել հնարավոր չէ, քանի որ պետք է տվյալների հաշվարկ ու վերլուծություն անեն, ինչը ժամանակատար է։ Ստացվում է, որ նախարարությունում առկա չեն տվյալներ, թե այս պահի դրությամբ որ խմբաքանակից, որ օրը ժամկետից դուրս եկող քանի պատվաստանյութ է մնացել, քանիսը՝ սպառվել։ Նախարարությունից հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք այն։ Հայարփի Բաղդասարյան Գլխավոր լուսանկարը՝ Նատալիա Վայտկեվիչի, Pexels հարթակից
17:09 - 23 նոյեմբերի, 2021
Համապետական կարանտինին ընդառաջ Արցախի պետական նախարարը խորհրդակցություններ է հրավիրել

Համապետական կարանտինին ընդառաջ Արցախի պետական նախարարը խորհրդակցություններ է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 22-ին անցկացրել է խորհրդակցություններ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ: Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Արտակ Բեգլարյանը հայտնել է հանրապետությունում առաջիկա օրերին համավարակով պայմանավորված համընդհանուր սահմանափակումներ կիրառելու գործադիրի նախաձեռնության մասին:   Պետական նախարարը շեշտել է համապետական կարանտինի ժամանակ շահագրգիռ սուբյեկտների գործուն աջակցության ու բարձր կարգապահության անհրաժեշտությունը: Նա ընդգծել է հատկապես հանրային սննդի ու տրանսպորտի ոլորտներում կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը դեպքերի նվազման գործում: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ պետությունը, ըստ անհրաժեշտության, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսվարողների կրած վնասները մեղմելու մեխանիզմներ է մշակելու և ներդնելու:  Պետնախարարը կարևորել է նաև քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների ու մասնագիտական խորհրդատվությունների պարբերաբար անցկացումը՝ պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու հարցում:
20:30 - 22 նոյեմբերի, 2021
Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում: Այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Ունենք նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում, և այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Այսինքն՝ վարակի տեմպերը ցածր են, բայց պետք է նշեմ, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով: Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Ուսումնական հաստատությունները վերսկսել են իրենց աշխատանքն ու այս փուլում, ըստ մասնագետի, շատ է կարևորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Միաժամանակ, որպես կարևոր արդյունավետ միջոցառում, առաջնահերթ է համարվում պատվաստումը: Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումային պրոցեսը բավական ընթանում է: Ամեն դեպքում նախատեսվում է դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություն մտցնել, ըստ որի, ՊՇՌ թեստ կատարելու պահանջը աշխատողների համար 14 օրը մեկ ժամանակահատվածը կդառնա 7 օրը մեկ:   
14:11 - 22 նոյեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 20-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել:   Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր:   Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21283 քաղաքացու հետազոտություն, որից 3475-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արձանագրվել է 3 մահվան դեպք։   Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   Նախարարությունը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
13:01 - 21 նոյեմբերի, 2021
Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պայմանավորված հանրապետությունում կորոնավիրուսային ծանր իրավիճակով՝ Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ: «Սիրելի՛ հայրենակիցներ,   Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ:   Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա:   Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված:   Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:   Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Կուզեի առանձնացնել առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝   1. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սա գլխավոր պայմաններից մեկն է, որը կարգապահ կերպով կատարելու դեպքում արդեն փրկելու ենք բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեր սեփական կյանքը կամ հարազատների կյանքերը:   2. Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:   3. Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:   4. Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:   5. Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է՝ կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:   6. Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեստ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:   Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով:   Նախատեսվող կարանտինի և լրացուցիչ սահմանափակումների հիմնական նպատակը վարակման ու մահվան դեպքերի եղած բարձր ցուցանիշների կտրուկ նվազեցումն է, որպեսզի կարողանանք տարածման ընթացքը բերել կառավարելի ու կայուն հուն և ակտիվ պատվաստման ու անվտանգության կանոնների պահպանման պայմաններում շարունակել մեր բնականոն կենսագործունեությունը:   Հասկանում ենք հարուցվող դժվարությունները բոլոր քաղաքացիների համար, սակայն ակնկալում ենք ըմբռնողականություն, կարգապահություն ու համբերություն, ինչը փրկելու է կյանքեր, և այդ փրկված կյանքը կարող է հենց ձերը կամ ձեր հարազատինը լինել: Խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը կախված են առաջին հերթին ձեզնից, հետո՝ կառավարությունից և տարբեր պատասխանատուներից:   Որպես կառավարության ու կարանտինի հիմնական պատասխանատուներից մեկը՝ ես լինելու եմ առավելագույնս հետևողական, որ այս միջոցառումներն արդյունավետ լինեն, և մենք կարողանանք բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանել: Ես լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և պատրաստ եմ ինձնից կախվածը կատարել՝ անկախ տարբեր դժգոհություններից ու քննադատություններից, քանի որ համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք ու հատկապես պետության որոշում կայացնողները պարտավոր են պատասխանատվություն ստանձնել ու հետևողական լինել արդյունքների ապահովման համար: Բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանցից էլ պահանջում եմ առավելագույն լրջություն ու կարգապահություն այս կարևոր գործում:   Հ.Գ. Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բոլոր բուժաշխատողներին, որոնք անխոնջ կերպով կատարում են իրենց ծանր առաքելությունը՝ փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքեր ու առողջություն:   Անվտանգություն ու առողջություն բոլորիդ»,- Ֆեյսբուքում գրել է Արտակ Բեգլարյանը:  
17:29 - 20 նոյեմբերի, 2021
«Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-311-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված մի շարք անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2018թ․ ապրիլից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտեֆիկատներ։Բուժքույրը, իր լիազորությունների շրջանակներում նշված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելով, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ և փաստաթղթերը դրել շրջանառության մեջ, ինչի արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտեֆիկատներ:Բացի այդ, բուժհիմնարկի տնօրենը, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու, այն է` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իր կողմից ղեկավարվող բժշկական կենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող, դեռև 2019թ․ հոկտեմբերին մահացած հիվանդի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո վերջինիս ազգականի կողմից վերադարձված դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով 30 սրվակ հոգեմետ նյութ, որը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս աշխատասենյակում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ։Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ հիշյալ բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է, և քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կեղծ սերտեֆիկատներ ստացած անձանց ինքնությունը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:33 - 20 նոյեմբերի, 2021