Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիրը, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:

2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Որպես կին և մայր իմ ուղերձն է՝ հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով. Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին |armenpress.am|

Որպես կին և մայր իմ ուղերձն է՝ հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով. Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալմաթիում Եվրասիական մեդիա ֆորումի շրջանակներում պատասխանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ շեշտելով, որ որպես մայր և կին իր ուղերձն այն է, որ հակամարտությունը կարգավորվի բանակցությունների, այլ ոչ թե պատերազմի միջոցով: Ադրբեջանցի լրագրողը նշեց, որ ՀՀ վարչապետի որդին զինվորական ծառայություն է անցնում Լեռնային Ղարաբաղում այն դեպքում, երբ միջազգայնորեն որպես Հայաստանի տարածք չի ճանաչվել: Նա նաև նշեց, որ 2018 թվականի մայիսին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ և տեսախցիկների առաջ ելույթ ունեցել ՝ հարցնելով, նման պայմաններում հնարավո՞ր է կողմերի միջև վստահություն ձևավորել: Ադրբեջանցի լրագրողը ցանկանում էր նաև երկրորդ հարցը հնչեցնել, սակայն նրա խոսափողն անջատեցին, իսկ մինչ այդ ֆորումի համակարգողը նրան հորդորեց ելույթ ունենալու փոխարեն հարց հնչեցնել:Ի պատասխան Աննա Հակոբյանն ընդգծեց, որ չի ցանկանում մանրամասների և քաղաքականության մեջ մտնել: «Ես այստեղ եմ որպես կին և մայր և իմ կոչը, իմ ուղերձը հղում եմ որպես կին և մայր: Ես ցանկանում եմ ասել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ահա թե ինչու է մեր որդին ծառայում Լեռնային Ղարաբաղի բանակում:Այսպիսով` իմ ուղերձն է, որ մենք սկսենք վստահել միմյանց, սկսենք մտածել այս հակամարտությունը բանակցությունների, ոչ թե պատերազմի միջոցով լուծելու մասին: Դուք գիտեք, որ 2016 թվականին Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սանձազերծվեց, և մենք կորցրեցին հարյուրավոր երիտասարդների երկու կողմերից: Իմ ուղերձն է՝ երբեք նույնը չկրկնել և սկսել մտածել այս հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու մասին»,- ասաց Հակոբյանը:ՀՀ վարչապետի տիկինը շեշտեց, որ հայկական կողմը երբեք պատերազմ չի սկսել: «Եթե խոսում եք մեր ընտանիքի կողմից կամ հայկական կողմից հնչող ուղերձների մասին, Դուք պետք է հիշեք Ադրբեջանի կառավարության, Իլհամ Ալիևի ելույթներն ու ուղերձները: Դուք ավելի լավ գիտեք, թե ինչպիսի թշնամանք են պարունակում այդ ելույթները: Ես ցանկանում եմ կրկնել, որ իմ ուղերձն է՝ սկսել չատել միմյանց: Ես գիտեմ, որ դա շատ դժվար է, բայց դա անհնար չէ:Ես կարծում եմ, որ եթե որպես սկիզբ մայրերը և կանայք կարողանան նույն ուղերձը տալ քաղաքական որոշում կայացնողներին, բանակցողներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգողներին՝ թույլ չտալ նոր պատերազմ և փորձել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով, մենք տեղ կհասնենք»,- եզրափակեց Աննա Հակոբյանը:
08:11 - 24 մայիսի, 2019
Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ Հոնգ Շուն, Լի Հաուն, Ջինգ Շումինգը, Չեն Յանշուն: Հանդիպմանը Աննա Հակոբյանը նշել է, որ Չինաստան այցի նպատակներից մեկն էլ հայ և չին կանանց համագործակցությունը տարբեր բնագավառներում վերականգնելն էր: «Ես վստահ եմ, որ կանայք կարող են շատ բան անել և շատ բան փոխել: Կանայք մեծ ուժ են, եթե ամբողջ աշխարհի կանայք միավորվեն, նրանք կարող են շատ բան անել, աշխարհը դարձնել ավելի բարի ու դրական: Ես վստահ եմ որ հայ և չին կանայք կարող են բազմաթիվ ոլորտներում շատ ակտիվ համագործակցել»,- ասել է Աննա Հակոբյանը: Այդ համատեքստում նա ներկայացրել է իր ձեռնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որի նպատակն է խթանել, որ զինված հակամարտությունները խաղաղ կարգավորում ստանան: «Այս նախաձեռնությունն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մեզ համար չափազանց կարևոր է խնայել սահմանի երկու կողմերը պաշտպանող տասնութամյա զինվորների կյանքը»,- ասել է Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ կանանց դերակատարումը հատկապես մեծ էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխության իրականացման հարցում, և հենց կանանց ակտիվ մասնակցության արդյունքում էր, որ հեղափոխությունը խաղաղ ընթացք ունեցավ։ «Ես համաձայն եմ Ձեզ հետ, կանայք մեծ ուժ են և մեծ դեր ունեն երկրի զարգացման գործում: Չինացի կանանց դերը շատ մեծ է երկրում ընթացող բարեփոխումների գործում: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ մեծ է և հասարակական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունն անընդհատ աճում է»,- ասել է Ժաո Վենը` հավելելով, որ այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է լավ արդյունքներ տալ: Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու նպատակները: Ժաո Վենն էլ պատմել է ֆեդերացիայի իրականացրած ծրագրերից Childrens fund-ի մասին, որի նպատակն է սոցիալական աջակցություն ցուցաբերել այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերումով եկել են մեծ քաղաքներ: Աննա Հակոբյանի գնահատմամբ՝ հիմնադրամը կարող է համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ ճանաչողական, կրթական ծրագրերում, «մանավանդ որ հայ-չինական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում, իսկ չինարեն լեզուն Հայաստանում դառնում է շատ տարածված և պահանջված»,- շեշտել է Աննա Հակոբյանը: «Երեխաների խնդիրներն իմ գործունեության շատ կարևոր մասն են կազմում: Ես ինքս չորս զավակ ունեմ: Եվ, անկեղծ ասած, ինձ շատ հուզեց Հայաստանում Չինաստանի դեսպանի պատմությունը, որ դասախոսության համար ստացված գումարը նա փոխանցել է բարեգործական հիմնադրամին, որն օգնելու է երկու չինացի երեխաներին: Շատ ուրախ եմ, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, որ երկու երեխաներն անընդհատ գտնվեն դեսպանտան ուշադրության կենտրոնում»,-հավելել է Աննա Հակոբյանը Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող ծրագրերում ակտիվորեն համագործակցել: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատուն, որից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:  
17:16 - 16 մայիսի, 2019
Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին |lragir.am|

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպումը, որ նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանն Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, պատմել ապրիլ ամսվա սկզբին ԱՄՆ կատարած այցի մասին: «Մեծ հաճույքով եմ ձեզ պատմում ԱՄՆ կատարած այցի մասին, որը բոլոր առումներով արդյունավետ էր և շատ հաջողված և այն ջերմ վերաբերմունքի մասին, որ ստացա ձեր երկրում»,- ասել է Աննա Հակոբյանը: «Ուրախ էի հանդիպել ձեզ, լսել Միացյալ Նահանգներ կատարած ձեր արդյունավետ այցի մասին և ավելին իմանալ ձեր լայնածավալ բարեգործական աշխատանքների մասին: Սիրով սպասում եմ մեր հետագա շփումներին»,- հանդիպման ավարտին ասել է Լին Թրեյսին:
16:29 - 03 մայիսի, 2019
Աննա Հակոբյանը առաջարկում է իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար

Աննա Հակոբյանը առաջարկում է իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 27-ին հյուրընկալել է Ամերիկայի հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, հայտնի իրավաբաններ Կարո Ղազարյանին, Գառնիկ Քերքոնյանին և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Կարո Ղազարյանն ու Գառնիկ Քերքոնյանը մանրամասն ներկայացրել են իրենց գործունեությունն ու ցանկություն հայտնել իրավական ոլորտում համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ: Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնելով, առաջարկել է ի թիվս մի շարք այլ ծրագրերի, «Իմ քայլը» հիմնադրամի կրթական ծրագրի շրջանակում իրավական ոլորտում կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հայ ուսանողների համար: Գարո Ղազարյանը շեշտել է, որ իրենց միությունը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Արցախի պետական համալսարանի (ԱՊՀ) հետ, հետևաբար այդ ոլորտում համագործակցությունը կարող է լուրջ արդյունքներ ունենալ:
11:09 - 27 ապրիլի, 2019
Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը |armenpress.am|

Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը |armenpress.am|

Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է Սուրբ Հուդայի գլոբալ միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղի բուժելիությունը երկրում: Ինչպես հայտնում է «Commercial Appeal» թերթը՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Հայաստանը միացել է Սուրբ Հուդայի Գլոբալ Միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղով բուժելիությանը: Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցության մի մասը՝ հույս ունենալով բարձրացնել մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելիության  ցուցանիշը:   ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ստորագրել է համաձայնագիրը, որով Հայաստանը միանում է  Սուրբ Հուդայի գլոբալ ցանցին ԱՄՆ-ում ապրիլի 12-ին: Աննա Հակոբյանը նշել է՝ ինքը շատ հպարտ է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է միությանը, քանի որ երկիրը կարիք ունի զարգացնել քաղցկեղի դեմ պայքարը և վերապատրաստել բժիշկներին ու բուժքույրերին:Հայ մասնագետներն արդեն իսկ մասնակից են եղել Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի տարածաշրջանային նախաձեռնություններին։
10:59 - 13 ապրիլի, 2019
Աննա Հակոբյանը Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրել է իր գործունեությունը, պատասխանել նրանց հարցերին

Աննա Հակոբյանը Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրել է իր գործունեությունը, պատասխանել նրանց հարցերին

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ  այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Հայ առաքելական եկեղեցու ատենապետ Ջոզեֆ Գանիմյանը, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, Հյուսիսայի Ամերիկայի Ավետարանական եկեղեցիների միության անդամ վերապատվելի Սերոբ Մկրտչյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական  կոմիտեի ներկայացուցիչ Ավեդիք Իզմիրլյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ատենապետուհի Կարմեն Օհանյանը, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանը, ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամ, ատենապետ Գրիգոր Խոդանյանը, ՍԴՀԿ ղեկավար կազմի անդամ Գաբրիել Մոլոյանը, Ամերիկայի ավետարանչական ընկերակցության Արևմտյան ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, ՀԲԸՄ ընդհանուր փոխնախագահ Սինան Սինայանը, ՀԲԸՄ արևմտյան թեմի ատենապետուհի Թալին Յակուբյանը: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակները:  Քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, կրթական և սոցիալական ոլորտներին առնչվող հարցեր: Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը Գլենդելի «Ալեքս» թատրոնում հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը վարել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի UCLA պրոֆեսոր Անահիտ Քեշիշյանը, ով Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն ու Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը, ծրագրերն ու ապագայի անելիքները: Ներկաներին ուղղված իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ շատ երկար է սպասել Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանն ու Թավշյա հեղափոխության օրերին  հետևել է, թե ինչպես են ամերիկահայերը հայաշատ այս համայնքում միացել բողոքի ալիքին: «Ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել մեր երկրում հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունում: Ինչպես ԱՄՆ-ում հանդիպումներից մեկի ժամանակ ասացի՝ լավ լուր ունեմ՝ հեղափոխությունից հետո մեր երկրում իրադարձությունները զարգանում են ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել և սպասել»,- ասել է Աննա Հակոբյանը: Խոսելով ԱՄՆ կատարած այցի և հանդիպումների մասին, տիկին Հակոբյանն անկեղծացել է, որ հանդիպումների ընթացքում բացահայտել է, որ միջազգային գործընկերների համար Հայաստանն այլևս այն խեղճ, կորացած մեջքով պետությունը չէ մեր գործընկերների աչքում: «Հայաստանն իր մեջքը ամուր ուղղած պետություն է, որին նայում են որպես մի երկրի, որ արել է մի բան, որ իրենք չեն արել իրենց պատմության ընթացքում»:    Հարցերից մեկին, թե ինչպես կարող են տեղացի հայերը միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, Աննա Հակոբյանն ասաց, որ ծրագիրը դեկլարատիվ բնույթ է կրում և չկա հատուկ ձև, որի միջոցով հնարավոր լինի միանալ նախաձեռնությանը։«Սակայն, դուք կարող եք միանալ արշավին ձեր շրջապատում, ձեր ընկերների շրջապատում  խոսելով այդ նախաձեռնության մասին, հատկապես, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են խեղաթյուրել այս արշավի իմաստը»,- ասել է Աննա Հակոբյանը: Պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին ի պատասխան վարչապետի տիկինը նշել է, որ թե´ Արցախյան պատերազմը, թե´ Ապրիլյան պատերազմը ապացուցեցին, որ հանուն հայրենիքի պաշտպանման բոլորն են ոտքի կանգնում: «Սակայն իմ ջանքերը  կգործադրեմ հանուն խաղաղության հաստատման»:Անդրադառնալով կանանց դերակատարության մեծացմանը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հեղափոխությունից հետո կնոջ դերը շատ է փոխվել։ «Իմ ամուսինն էլ միշտ շեշտում է, որ հեղափոխությունն  առանց կանանց մասնակցության տեղի չէր ունենա, հատկապես տեղի չէր ունենա սիրո և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ կանանց պետք է մի փոքր ժամանակ տալ, որպեսզի նրանք կարողանան քաղաքական կյանքում այդ պատասխանատվությունը ստանձնել: Հարցին, թե ինչպես է վերաբերվում հայրենադարձությանը, Աննա Հակոբյանը նշել է, որ հայրենադարձությունն ամենակարևոր բաներից մեկն է և հույս ունի, որ հայրենադարձության տեմպը կբազմապատկվի։ «Ցանկանում եմ,  որ յուրաքանչյուր մարդ վերադառնա հայրենիք, որովհետև հայրենիքում իսկապես շատ լավ է»:
07:39 - 11 ապրիլի, 2019
Աննա Հակոբյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Աննա Հակոբյանն այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին ն այցելեց Լոս Անջելեսի քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Էրիկ Գարսեթիի (Eric Garcetti) հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի նոր իրողություններին, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամների առաքելությանը, Երևան-Լոս Անջելես քույր-քաղաքների ծրագրին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում հայ համայնքի դերին: Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը (Paul Krekorian), փոխքաղաքապետ Նինա Հաջիկյանը (Nina Hachigian), ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: Այնուհետև Աննա Հակոբյանը մասնակցել է քաղաքապետ Էրիկ Գարսեթիի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի կողմից իր պատվին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը:Տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար, որին արժանանում է ամերիկյան բոլոր հանդիպումներում: Նա կարևորել է հայ համայնքի դերը՝ որպես Հայստանի և ԱՄՆ միջև գործակցության յուրահատուկ կամուրջ: ՀՀ գլխավոր հյուպատոս Ա․Բայբուրդյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին, քաղխորհրդի անդամ Կրեկորյանի և փոխքաղաքապետ Հաջիկյանի ջանքերը Լոս Անջելեսի հետ Հայաստանի կապերն ակտիվացնելու, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարաբերություններն ամրապնդելու համար: Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարարության անունից գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել և Փոլ Կրեկորյանին Երևանի 2800-ամյակի հոբելյանական հուշադրամ է նվիրել: Փոլ Կրեկորյանն իր հերթին Աննա Հակոբյանին և գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին հանձնել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը և գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի հռչակագրերը: Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Գլենդելում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի կրոնական, քաղաքական, հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ղեկավարների հետ: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը, հայ համայնքի գործունեությանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամների առաքելությանն առնչվող հարցերի մասին: Այնուհետև ՀՀ վարչապետի տիկինը Գլենդեյլի Ալեքս թատրոնում մասնակցել է հայ համայնքի հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ վարչապետի տիկինը հանդես է եկել ելույթով, խոսել է Հայաստանի ներկա իրողությունների, դրանցում սփյուռքի ակտիվ ներգրաման կարևորության ու հայրենիքի ապագա զարգացման գործում Կալիֆորնիայի հայ համայնքի մեծ դերի մասին:
12:28 - 10 ապրիլի, 2019
Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել. Աննա Հակոբյանը պարզաբանում է

Ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել. Աննա Հակոբյանը պարզաբանում է

Եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների այն մասին, թե վերջինս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում միտք է արտահայտել, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. «Ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել: Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցերում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտադարդ զինվորների կյանքերը: Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել: Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»:
18:05 - 08 ապրիլի, 2019
Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4%-ով, իսկ 1 տարվա կտրվածքով հացը թանկացել է 5%-ով, շաքարավազը՝ էժանացել 11.8%-ով. ԱՎԾ |tert.am|

Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4%-ով, իսկ 1 տարվա կտրվածքով հացը թանկացել է 5%-ով, շաքարավազը՝ էժանացել 11.8%-ով. ԱՎԾ |tert.am|

tert.am: 2019թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում, ըստ ԱՎԾ-ի, արձանագրվել է 0.1% գնաճ: 2019թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.9%: Մեկ տարվա կտրվածքով՝ 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 1.9% գնաճ, այդ թվում՝ սննդամթերքի գնաճը կազմել է 3.5%, ոչ պարենային ապրանքներինը` 0.9%, ծառայությունների սակագներինը` 0.1%, իսկ հունվար-մարտին 2018թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 1.5%, 2.6%, 0.8% և 0.4%: Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 8.2% գնաճ, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 0.7% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 1.3% գնաճ: Վերջին մեկ ամսվա ընթացքում բանանի գինն աճել է 12.4 տոկոսով, չնայած նախորդ տարվա մարտի համեմատ բանանի գինը նվազել է 6.9 տոկոսով: Կարտոֆիլի դեպքում պատկերը հակառակն է, այս տարվա փետրվարի համեմատ ապրանքի գինը նվազել է 2.1 անգամ, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 11.7 տոկոս գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.7% գնանկում: Միաժամանակ, 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թռչնամսի՝ 11.6%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ` 2.1% գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ գրանցվել է 3.8%, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 1.0% գնաճ: 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ ալյուրի և հացի գներն աճել են՝ համապատասխանաբար 4.0% և 5.0%-ով, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝ 0.5% և 1.3%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ փետրվարի համեմատ՝ 0.9% գնանկում: 2019թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.7% և 2.6% գնաճ: 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 8.2% և 2.9%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 5.5% և 2.9%-ով:
09:10 - 07 ապրիլի, 2019
Աննա Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

Աննա Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»: Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան շեշտել է, որ իր համար կարևոր է, որպեսզի Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին: Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը հետաքրքրվել է նաև տիկին Դոնարայի առողջական խնդիրներով, խոստացել օգնել նրան այդ հարցում: armenpress.am
11:48 - 21 մարտի, 2019
Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր․ Աննա Հակոբյան

Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել իր՝ Բելգիա մեկնելու վերաբերյալ հրապարակում կատարած լրատվամիջոցների մասին․ «Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին: Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:  Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք: Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ: Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան»:
11:22 - 05 մարտի, 2019