Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին։ 1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991-1992 թթ. ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։ 1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։

1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետեւ` գլխավոր մասնագետ։ 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։ 2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2008 թ․ հիմնադրել եւ մինչեւ 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:

1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ 2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար:

Մասիս Մայիլյանն ու «Նոր Արցախ» դաշինքը չեղարկում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումներ

Մասիս Մայիլյանն ու «Նոր Արցախ» դաշինքը չեղարկում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումներ

Արցախի նախագահաի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերիՀամատեղ հայտարարություն Հարգելի հայրենակիցներ, մեզ պատուհասած նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։ Մեկ անգամ ևս փաստում ենք, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերը հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։ Քաղաքացիներին կոչ ենք անում խստորեն հետևել հիգիենայի կանոններին ու պատկան մարմինների հորդորներին։ Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար»։  
16:01 - 27 մարտի, 2020
Մարտունու համայնքի ղեկավարը պետք է հրաժարական տա այդ ամենից հետո․ Մասիս Մայիլյան

Մարտունու համայնքի ղեկավարը պետք է հրաժարական տա այդ ամենից հետո․ Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար և նախագահիի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մարտունու համայնքի ղեկավարի կողմից Արցախի Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավը խոչընդոտելու դեպքին։ Նա, մասնավորապես, գրել է․«Հանրության լայն շերտերը մտահոգված են օրերս Մարտունի քաղաքի մուտքի մոտ կատարված ու մեղմ ասած՝ տհաճ միջադեպից։ Հիշեցնեմ՝ Մարտունու համայնքի ղեկավարն իր թիմակիցներով փակել է քաղաք տանող ճանապարհը՝ խոչընդոտելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի՝ Արցախի Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավը։Կատարվածի սկզբունքային գնահատականն արդեն տվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ անընդունելի համարելով Մարտունու համայնքի ղեկավարի գործողությունները, որոնք հանգեցրել են կոնկրետ խմբի անձանց նախընտրական քարոզչության ազատ իրականացման իրավունքի և հավաքների ազատության խախտման: Նաև փաստվել է, որ համայնքների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական ու քաղաքացիական հայացքներից, պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել կամ գոնե չխանգարել մարդու իրավունքների և ազատությունների համաչափ ու հավասար իրացմանը բոլոր անձանց կողմից:Ես խստորեն դատապարտում եմ կատարված ապօրինությունը և կարծում եմ, որ Մարտունու համայնքի ղեկավարը պետք է հրաժարական տա այդ ամենից հետո։Սակայն այս միջադեպը ուշագրավ է նաև այլ առումով։ Մարտունիում կատարվածը բերձորյան տրամաբանության մեջ է, ըստ որի՝ «մեր տարածքում» «մեր շեֆի» հասցեին ոչ ոք չի կարող վատ բան ասել։ Նկատի ունեմ տարիներ առաջ Բերձորում կատարվածը, երբ բռնի ուժով կասեցվել է հայաստանյան քաղաքական ուժի ներկայացուցիչների ավտոերթը դեպի Արցախ։ Ավտոերթի մասնակիցների թվում կային արցախյան շարժման առաջնորդներ, ազատամարտիկներ, կանայք ու երեխաներ։ Իմ այս վերաբերմունքը հետին թվով չէ։ Ժամանակին ես ու իմ գլխավորած հանրային կառույցը դրա սկզբունքային գնահատականը տվել ենք (ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը դատապարտում է Բերձորի բռնությունը / https://www.civilnet.am/news/2015/02/03/masis-mayilian-berdzor-violence-condemnation/260225 )։Խնդրահարույց են նաև երեկ Ստեփանակերտում ոստիկանության գործողությունները նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների քարոզարշավի շրջանակներում անցկացվող ավտոերթը կասեցնելու ուղղությամբ։ Հանրության կողմից վատ է ընդունվել այդ գործողությունը։Ժողովրդի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով։ Տարաձայնությունների հարթման և քաղաքակիրթ երկխոսության համար կա քաղաքական գործիքակազմ, որը պետք է մեզ մոտ արմատավորվի ու բարի ավանդույթ դառնա։Միևնույն ժամանակ՝ ընտրական գործընթացի բոլոր կողմերին կոռեկտության կոչ եմ անում։Քաղաքակիրթ մթնոլորտում ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը բոլորիս գերնպատակը պիտի լինի»։
18:44 - 19 մարտի, 2020
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020
Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` ռուսական իշխանությունները Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Մասիս Մայիլյանի եւ ՊԲ նախկին հրամանատար, Մասիս Մայիլյանի թեկնածությունն աջակցող Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ «Հրապարակը» գրել է, որ երեկոյան չի կարողացել ճշտել տեղեկությունը, դրա համար պաշտոնական հարցում է ուղարկել։ Infocom․am-ը փորձեց Արցախի Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, սակայն լուրը ո'չ հերքեցին, ո'չ հաստատեցին՝ նշելով միայն, որ այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը Infocom․am-ի հարցին՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, այսպես արձագանքեց․ «Ես մեկ բառով կպատասխանեմ․ ապատեղեկատվություն»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Բաբայանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը Infocom.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ժամանակը կգա, պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ Նա նշեց, որ այս պահին Բաբայանը ՌԴ գնալու մտադրություն չունի, բայց անհրաժեշտության դեպքում հաստատ կկարողանա մուտք գործել Ռուսաստան։ Մեր ճշտող հարցին՝  «հաստատ կկարողանա գնալ ՌԴ» պնդումն արդյոք նշանակո՞ւմ է, որ նման արգելք չկա, Դոլուխանյանը պատասխանեց, որ իրենք չեն հետաքրքրվել՝ արգելք կա՞, թե՞ չկա, որովհետեւ այս պահին դա իրենց չի հետաքրքրում, Բաբայանի մուտքը ՌԴ արգելելու որոշման վերաբերյալ էլ պաշտոնական տեղեկություն չի եղել։
13:09 - 03 մարտի, 2020
«Փոխվել են ժամանակները, լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին ազնիվ ու բացճակատ մրցակցությունն է». Մասիս Մայիլյանը սկսել է քարոզարշավը

«Փոխվել են ժամանակները, լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին ազնիվ ու բացճակատ մրցակցությունն է». Մասիս Մայիլյանը սկսել է քարոզարշավը

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը սկսել է նախընտրական քարոզարշավը: Այս մասին հայտարարություն է տարածվել նրա ֆեյսբուքյան էջում: «Քարոզարշավի մեկնարկի օրը ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը և քաղաքական ընդդիմախոսների արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունը, ինչի մասին քանիցս առիթ եմ ունեցել խոսելու նախընտրական պատրաստությունների շրջանում։ Հենց այս սկզբունքներն ենք դրել «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ձևավորման ու համագործակցության հիմքում։ Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին մեկ անգամ ևս կոչ եմ անում հրաժարվել նաև ֆեյքային պատերազմից ու զանազան մանիպուլյացիաներից։ Պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։ Ինքս մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը, նույնը ակնկալելով մյուսներից։ Բարի երթ բոլորին»,- ասված է հայտարարության մեջ։
12:09 - 27 փետրվարի, 2020
Սամվել Բաբայանը որոշել է սատարել Մասիս Մայիլյանին

Սամվել Բաբայանը որոշել է սատարել Մասիս Մայիլյանին

Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը որոշում է կայացրել մարտի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում սատարել Արցախի գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանին:Քիչ առաջ նրա ղեկավարած կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է քաղխորհրդի հայտարարությունը, որում ասվում է. ««Միասնական հայրենիք» կուսակցության եւ Մասիս Մայիլյանի քաղաքական համագործակցության վերաբերյալ նախապատրաստվում է հուշագիր, որը կստորագրվի օրերս՝ ԶԼՄ-ների ներկայությամբ:Կոչ ենք անում բոլոր ուժերին դրսեւորել քաղաքական կամք՝ հրաժարվել նեղ անձնային շահերից, համախմբվել ժողովրդի և պետության հետաքրքրությունների շուրջ և առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանի թեկնածությունը՝ ի հաստատումն ժողովրդաիշխանության»:  Փետրվարի 9-ին տեղի ունեցած համագումարում Բաբայանը հայտարարել էր, որ առաջիկա 5 օրվա մեջ կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը: «Այսօր ավելին, քան երբևէ մեզ միասնականություն է պետք, այլ ոչ քաղաքական պառակտում: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքն իբրև գաղափարախոսություն իրացվում է անհեռատես քաղաքական գործիչների կողմից, իմաստուն գործիչները մտածում են հանրության հետաքրքրությունների համախմբման մասին, որովհետև ճգնաժամային իրավիճակները հաղթահարելի են միայն ժողովրդական համախմբմամբ: Իսկ այսօր վիճակն իսկապես ճգնաժամային է:Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել սատարել նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից Մասիս Մայիլյանին, ով ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով:Մասիս Մայիլյանը սկզբունքորեն ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը երեք հիմնախնդրի մասին է. մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում»,- ասվում է հայտարարությունում:
17:30 - 11 փետրվարի, 2020
Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկայի հետ

Ուրուգվայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 23-ին ժամանել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեո: Ինչպես հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից, այցը առաջին օրը Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահ, երկրի իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկի՝ Խոսե Մուխիկայի հետ։ Զրույցի ընթացքում ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել նախագահ Մուխիկայի և Ուրուգվայի իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ ավանդաբար ձևավորված բարեկամական վերաբերմունքը։ Ներկայացնելով Արցախի պետականաշինության գործընթացը, Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի և Ուրուգվայի ժողովուրդներին միավորում է ընդհանուր արժեհամակարգը։Նախագահ Մուխիկայի խնդրանքով ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական Խորհրդի անդամ, Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) փոխնախագահ Մարիո Նալբանդյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
07:57 - 24 ապրիլի, 2019
Չի կարող այնպես լինել, որ Արցախը չմասնակցի բանակցություններին և կատարի ՀՀ-ի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունները |tert.am|

Չի կարող այնպես լինել, որ Արցախը չմասնակցի բանակցություններին և կատարի ՀՀ-ի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունները |tert.am|

Մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումները պետք է շարունակվեն, հատկապես երբ ՀՀ վարչապետի մոտեցումն այդ հանդիպումների ժամանակ կառուցողական է, և Արցախի վերադարձը որպես նախապայման չի դնում Հայաստանը. այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: «Նրանք շարունակելու են այդ շփումները թե՛ երկու երկրների ղեկավարների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով, նաև օրակարգում պահելով լիարժեք ձևաչափի վերականգնումը, այսինքն՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»,- ասաց Մասիս Մայիլյանը: Անդրադառնալով հարցին՝ ինչպես պետք է Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, Մայիլյանը պատասխանեց. «Որպես մեխանիզմ կարելի է առաջարկել հետևյալ ձևը՝ քանի որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները խոսելու են միայն ՀՀ անունից, պետք է կատարվի դերերի բաժանում. այս հակամարտության մեջ կա 5 առանցքային խնդիր՝ կարգավիճակի, անվտանգության, տարածքների, փախստականների, շրջափակման և այդ հարցերի մեծ մասը Արցախի հանրապետության իշխանությունների լիազորությունների ներքո են գտնվում և պարզ  է՝ ՀՀ իշխանությունները չեն կարող բանակցել նմանատիպ խնդիրներով»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ պետք է վերականգնվի եռակողմ բանակցային վիճակը: «Այստեղ նոր բան հորինելու խնդիր չկա, որովհետև 1992-ից 1997 թվականը Արցախի պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է այդ բանակցություններին և ամենաշոշափելի արդյունքները գրանցվել են հենց այդ ժամանակահատվածում, երբ Արցախը լիարժեք մասնակցում էր և իր վրա էր վերցրել իր բաժին պատասխանատվությունը տարածաշրջանային խաղաղության համար»,- նշեց նա: Լրագրողի դիտարկմանը՝ Արցախի դիրքորոշումը հետևյալն է՝  Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցել Վիեննայում կամ այլ վայրում, բայց առանց Արցախի համաձայնության որևիցե փոխզիջում կամ պայմանավորվածություն չի կարող լինել, Մայիլյանը պատասխանեց . «Այո, ենթադրում է հենց դա, բանակցությունների և հանդիպումների տրամաբանությունից կան երեք կողմեր, սակայն այս բանակցության մեջ կա երկու հիմնական կողմ՝ Արցախի հանրապետությունը և Ադրբեջանը, և հնարավոր չէ առանց լիարժեք ձևաչափի որոշումներ ընդունել: Չի կարող այնպես լինել, որ այդ հանդիպումներին, վերջնական փաստաթղթի ստորագրմանը չմասնակցած կողմը կատարի մյուս երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը»:
13:29 - 09 ապրիլի, 2019
Տարածքների զիջումը Արցախի ու Հայաստանի անվտանգության ոչնչացում է․ Մասիս Մայիլյան

Տարածքների զիջումը Արցախի ու Հայաստանի անվտանգության ոչնչացում է․ Մասիս Մայիլյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտն ունեն նույն մոտեցումը․ Regnum գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ «Ինչպես բազմիցս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանը մտադիր չէ բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունը դարձնել նախապայման, միևնույն ժամանակ, բանակցություններ է վարելու միայն իր անունից։ Դա նշանակում է, որ հարցերը, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավազորության և իրավասությունների դաշտում, չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով։ Նման մոտեցումն անաչառ է, և, մեր կարծիքով, կարող է ծառայել որպես բանակցությունների սեղանի շուրջ Արցախը վերադարձնելու մեխանիզմներից մեկը»,- ասել է Մայիլյանը։ Տարածքների վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ Արցախի ԱԳ նախարարն ասել է, որ «քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, հետևաբար, անհեռանկար է խնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրել տարածքային զիջումների հիման վրա»։ «Փաստը, որ 1988-ին, երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը եղել է Բաքվի վերահսկողության տակ, վկայում է այն մասն, որ տվյալ հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Այսինքն՝ չնայած նրան, որ այդ տարածքները վերահսկել է ադրբեջանական կողմը, հակամարտություն այդուհանդերձ եղել է։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում կարելի է հասնել հակամարտության կարգավորման։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ նման առաջարկները ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, որն Արցախի համար Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» է։ Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացում․ այն վտանգի տակ կդնի իր պատմական հողում տեղաբնիկ բնակչության բուն գոյությունը։ Այլ խոսքերով ասած՝ մեզ համար այս հարցն ունի գոյութենական նշանակություն։ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի նվաճումը, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և անգամ մայրաքաղաք Երևանի գրավումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չհեշտացնենք նրա ռազմավարական նպատակի իրագործումը»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։  civilnet.am  
10:24 - 21 մարտի, 2019
Արցախի ԱԳՆ ղեկավարը Միրոսլավ Լայչակին ծանոթացրել է ղարաբաղյան կողմի մոտեցումներին |news.am|

Արցախի ԱԳՆ ղեկավարը Միրոսլավ Լայչակին ծանոթացրել է ղարաբաղյան կողմի մոտեցումներին |news.am|

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին ծանոթացրել է ղարաբաղյան կողմի մոտեցումներին։ Հանդիպումը կայացել է մարտի 13-ին՝ Երեւանում։ Ինչպես լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է Մասիս Մայիլյանը, զրույցի ընթացքում ինքը ներկայացրել է բանակցություններում Արցախի, որպես երրորդ կողմի, մասնակցության անհրաժեշտության հիմնավորումները։ «Կարծում եմ՝ ներկայացված փաստարկները համոզիչ էին»,- ասել է Մայիլյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ գործող նախագահը նախընտրել է լսել, եւ ոչ թե գնահատականներ տալ։ Նախարարի խոսքերով, հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս արած հայտարարությունը չի քննարկվել, թեեւ դրանում առկա շատ դրույթներ դիտարկման առարկա են եղել։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակնկալվող հանդիպմանը, ԼՂՀ արտգործնախարարը նշել է, որ հանդիպումները կարեւոր են, եւ դրանք պետք է շարունակվեն։ Այդ համատեքստում Մասիս Մայիլյանը հստակեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայաստանը ներկայացնելու պատրաստակամության մասին, եւ այն մասին, որ ինքը Արցախը ներկայացնելու իրավասություն չունի։ Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի մանրամասների մասին նախարարը հրաժարվել է խոսել՝ հիշեցնելով նիստի գաղտնի բնույթը։ ԱՀ արտաքին գործերի նախարարություն
05:18 - 14 մարտի, 2019
Արդեն ժամանակն է հրաժարվել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում եղած հնացած սկզբունքներից. Մասիս Մայիլյան |tert.am|

Արդեն ժամանակն է հրաժարվել ԼՂ հարցի կարգավորման գործընթացում եղած հնացած սկզբունքներից. Մասիս Մայիլյան |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկնել են այն սկզբունքների և տարրերի մասին, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ խոսվել է: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ կարծիք ունեն համանախագահների հայտարարության այն մասի վերաբերյալ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հաշվի առնի 2009-2012 թթ. համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերը, որոնք ենթադրում են նաև ԼՂ-ն շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, այսպես ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: «Վերջին տարվա ընթացքում մենք չենք լսել այդ պնդումներն իրենց կողմից: Այդ պատճառով մի փոքր տարօրինակ էր: Բայց իրենք փորձել են իրենց տեսակետը ասել, փորձել են ասել, որ այդ առաջարկները դեռևս բանակցային սեղանի վրա են»,- ասաց նա: Մասիս Մայիլյանի խոսքով՝ Արցախի վերաբերմունքն է, որ արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից և պետք են նոր, իրատեսական առաջարկներ: «Նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց: Բայց եթե մնան հնացած սկզբունքները, և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել գործընթացում»,- ասաց նա: Ըստ Մասիս Մայիլյանի՝ արդեն հնացել են 27 տարիներին եղած բոլոր առաջարկները: «Դրանք պետք է վերանայվեն»,- ասաց նա: Անդրադառնալով Արցախում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքներն ու տարրերը պարզաբանման կարիք ունեն, Մասիս Մայիլյանը նշեց. «Մենք էլ ենք համամիտ, որ դրանք պարզաբանման կարիք ունեն, բայց նաև ասում ենք, որ դրանք նաև վերանայման կարիք ունեն»: tert.am
05:12 - 14 մարտի, 2019