Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտն ունեն նույն մոտեցումը․ Regnum գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նրա խոսքով՝ եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
«Ինչպես բազմիցս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանը մտադիր չէ բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունը դարձնել նախապայման, միևնույն ժամանակ, բանակցություններ է վարելու միայն իր անունից։ Դա նշանակում է, որ հարցերը, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավազորության և իրավասությունների դաշտում, չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով։ Նման մոտեցումն անաչառ է, և, մեր կարծիքով, կարող է ծառայել որպես բանակցությունների սեղանի շուրջ Արցախը վերադարձնելու մեխանիզմներից մեկը»,- ասել է Մայիլյանը։
Տարածքների վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ Արցախի ԱԳ նախարարն ասել է, որ «քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, հետևաբար, անհեռանկար է խնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրել տարածքային զիջումների հիման վրա»։
«Փաստը, որ 1988-ին, երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը եղել է Բաքվի վերահսկողության տակ, վկայում է այն մասն, որ տվյալ հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Այսինքն՝ չնայած նրան, որ այդ տարածքները վերահսկել է ադրբեջանական կողմը, հակամարտություն այդուհանդերձ եղել է։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում կարելի է հասնել հակամարտության կարգավորման։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ նման առաջարկները ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, որն Արցախի համար Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» է։
Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացում․ այն վտանգի տակ կդնի իր պատմական հողում տեղաբնիկ բնակչության բուն գոյությունը։ Այլ խոսքերով ասած՝ մեզ համար այս հարցն ունի գոյութենական նշանակություն։
Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի նվաճումը, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և անգամ մայրաքաղաք Երևանի գրավումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չհեշտացնենք նրա ռազմավարական նպատակի իրագործումը»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։
comment.count (0)