Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգողն է։ Ծնվել է 1987թ. նոյեմբերի 27-ին։

2011թ․ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 2007թ․ գործունեություն է ծավալել «Ժառանգություն» կուսակցությունում: 2010-2011թթ․ աշխատել է 4-րդ գումարման ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական։ 2010 թ․ համակարգել է «Կրթության իրավունք» շարժումը: 2011 թվականից աշխատել է տարբեր տեղական լրատվամիջոցների համար, նաեւ՝ որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։ 2011-2013թթ․ աշխատել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում: 2014 թ․ հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: 

Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին. մինչ այդ նա մարդ էր ծեծում |armtimes.com|

Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին. մինչ այդ նա մարդ էր ծեծում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ մաքսային ծառայության գնդապետ, շատերին Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը դատի է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ նրա որոշ հայտարարություններ համարելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող: «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն-ազգանունները ես չգիտեմ, մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ: Այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում, քան նախկինում...»,- մայիսի 22-ին հրապարակային մի քննարկման ժամանակ ասել է Դանիել Իոաննիսյանը: Տարածված հայտարարությամբ նրան արձագանքել է Բաբկեն Ղազարյանը՝ մասնավորապես նշելով. «…Ստահոդ լուրերն իբրեւ անհերքելի ճշմարտություն մատուցելու անթաքույց մղումներն այդքանով չեն սահմանափակվել եւ առաջին փորձին հաջորդել է եւս մեկը՝ անտեսելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ մայիսի 24-ին հնչեցրած պարզաբանումը թեմայի մասին, ըստ որի՝ ԱԱԾ ղեկավարն, անդրադառնալով իմ՝ քրեական հեղինակություն հանդիսանալու եւ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին Իոաննիսյանի պնդումներին, նշել էր, որ Բաբկեն Ղազարյանը ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է նաեւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, եւ շփումը եղել է ի պաշտոնե: Ա.Վանեցյանի հայտարարությունից անմիջապես հետո Իոաննիսյանը մայիսի 25-ին կրկին նույնաբովանդակ տեսակետներ է հնչեցրել»: Ղազարյանը համոզմունք է հայտնում, որ Իոաննիսյանը հստակ նպատակադրումով սկսել է ինչպես իր, այնպես էլ ԱԱԾ տնօրենի անձն ու գործունեությունը պախարակելու գործընթաց: «Հետեւաբար անհրաժեշտ եմ համարում հասարակությանը եւս մեկ անգամ հիշեցնել, որ ես ոչ թե քրեական հեղինակություն եմ, ինչպես հայտարարում է Իոաննիսյանը, այլ Բաբկեն Ղազարյանը, ով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում երկարամյա արդյունավետ գործունեություն է իրականացրել՝ նպաստելով մաքսային բարեփոխումներին նպատակաուղղված բազմաթիվ հաջողված միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում էապես բարելավվել են մաքսային ընթացակարգերը՝ դառնալով արագ, արդյունավետ ու որակյալ: Ավարտել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում, գերազանցությամբ ավարտել եմ նաեւ Ռուսաստանի մաքսային ակադեմիան՝ կատարելագործելով մաքսային ոլորտում գիտելիքներս ու փորձառությունս: Գերազանց եւ բարեխիղճ ծառայության համար ինձ շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, պարգեւատրվել եմ նաեւ հուշամեդալներով: Իմ գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել եմ որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի»,- նշել է նա: Վերջինս դատարանի միջոցով պահանջում է, որ Դանիել Իոաննիսյանը զրպարտություն համարվող հայտարարությունները հերքի հրապարակայնորեն՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Այնպես, ինչպես դրանք տարածել է: Նաեւ ակնկալում է 2 միլիոն դրամ ու խոստանում, որ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով: «Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեեւ ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտելիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է): Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց է ստանալու ԶԼՄ-ներով իմ մասին իր հայտարարության համար, այլեւ մի քանի այլ «հաճելի» անակնկալ: Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի:)))) Բայց սյուռն այն է, որ այդ անձը պնդում է, որ ես նպատակադրումով եմ իրեն պախարակում:))) Երեւի նախանձում եմ, որ ինքը մականունով ու «քուչում հարգըված տղայա»»,- Բաբկեն Ղազարյանի հայտարարությանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: *** Բաբկեն Ղազարյանը, որը հայտարարում է, թե իր գործունեությամբ հասարակության կողմից մշտապես ընկալվել է որպես պատշաճ վարքագիծ ունեցող, օրինապահ քաղաքացի, ժամանակին մարդ էր ծեծում: Դեռ տարիներ առաջ հայտնի էր, որ նա Էրեբունու այժմ նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ընկերոջ որդին է, եւ «Հայկական ժամանակի» լրագրողը լավ է հիշում, թե Ղազարյանն ինչպես է 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը նույն Էրեբունու ընտրատեղամասերից մեկում հարձակվել իր վրա, բռնությամբ խլել ձայնագրիչն ու ֆոտոապարատը, երբ ՀԺ-ի լրագրողը ֆիքսել է տեղամասում ընթացող համատարած, ճչացող ընտրախախտումները: Այդ օրը Բաբկեն Ղազարյանը հարվածել էր նաեւ Աժ այն ժամանակվա պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին, որը փորձել էր պաշտպանել լրագրողին: Լրագրողի նկատմամբ բռնության այս աղմկոտ միջադեպը տեղ գտավ միջազգային հեղինակավոր բոլոր կազմակերպությունների զեկույցներում, որից հետո իշխանությունները ստիպված էին քրեական գործ հարցուցել, որը սակայն, բնականաբար, կոծկեցին, կարճեցին: Դեռեւս մաքսային ծառայության աշխատակից չդարձած Բաբկեն Ղազարյանի բազկի ուժը թերեւս չեն մոռացել նաեւ 2008-ի քաղաքական զբոսանքների մասնակից այն քաղաքացիները, որոնք Հյուսիսային պողոտայում հուլիսի 2-ին հարձակման էին ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց թվում է եղել Բաբկեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ Համաժողովրդական շարժման բազմաթիվ մասնակիցներ ու այդ ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներ Մարտի 1-ի արյունալի իրադարձոթյուններից ու արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական զբոսանքներ էին իրականացնում, ինչն ազդում էր իշխանությունների նյարդերի վրա: ««Ես ճանաչեցի Էրեբունիից մի քանիսին: Էրեբունիի թաղապետ Մհեր Սեդրակյանի թիկնապահներն էին»,- Հյուսիսային պողոտայում քաղաքացիների վրա հարձակումից հետո լրագրողներին ասում էր 77-ամյա տիկին Լուսինեն, ով նույնպես փորձել էր միջամտել, երբ տեսել էր, թե ինչպես են սադրիչները ծեծում մեկին: «Իմ աչքի առաջ մի մարդու գցեցին գետնին եւ հարվածում էին գլխին: Ես փորձեցի պաշտպանել, բայց էդ լակոտը ինձ վերցրեց եւ ինչքան ուժ ուներ, գետնին տվեց: Հիմա չեմ կարողանում շունչ քաշել: Բա սա երկի՞ր է»,- ասում էր նա: …«Մեկը Արեշի բնակիչ է, որը միշտ զբաղվել է ընտրակեղծիքներով` չակերտավոր թաղապետ Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի համար, մյուսն էլ Իսրայել Հակոբկոխյանի աշակերտն էր, ում ես ճանաչում եմ անձամբ»,- վկայում էր մեկ ուրիշը»,- կարդում ենք այդ օրերի մամուլում: Ոստիկանները վերոնշյալ ծեծկռտուքին չէին միջամտել, թեպետ ամեն ինչ տեղի էր ունեցել նրանց աչքի առաջ: Բռնության հեղինակներն էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Ավելին, ոմանք հետո պաշտոններ են ստացել: 2012 թվականին էլ Բաբկեն Ղազարյանը համալրել է Հանրապետական կուսակցության շարքերը: Նկարում շրջանակի մեջ վերցված անձը Բաբկեն Ղազարյանն է՝ Հյուսիսային պողոտայում քաղաքացիների վրա հարձակման եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառելու ժամանակ: Այս նկարը եւ համապատասխան միջադեպի մասին տեղեկությունը հրապարակվել է ՀԺ-ի 2008 թվականի հուլիսի 3-ի համարում: Բաբկեն Ղազարյանը, բնականաբար, պատասխանատվության չի ենթարկվել, ավելին, նա, կեղծված ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո իշխանություններին մատուցած ծառայությունների դիմաց որպես պարգեւատրում ստացել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի պաշտոնը:
18:33 - 31 մայիսի, 2019
Ռուսական սահմանապահները «Զվարթնոցում» գործելու իրավունք չունեն. Դանիել Իոաննիսյան

Ռուսական սահմանապահները «Զվարթնոցում» գործելու իրավունք չունեն. Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիներ միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․  «Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի քաղաքացուն Հայաստան չթողնելու մասին: Մայիսի 2-ին մեծ միջոցառում կա (որը նաև ես եմ վարելու), որի քննարկելու ենք կոռուպցիայի դեմ պայքարը և դրա ինստիտուցիոնալ ռեֆորմի հեռանկարները: Այդ միջոցռամանը շատ կարևոր դեր պետք է ունենար Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, ում ԱԱԾ սահմանապահները «այլ երկրի պահանջով» գիշերը չեն թողել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միայն երկար-բարակ միջամտություններից հետո պատգամավորին թողեցին մուտք գործել: «Այլ երկիրը», բնականաբար, Ռուսաստանն է, որը, այդ թվում Մուստաֆա Նայեմի նկատմամաբ 2018 թվականի նոյեմբերին կիրառել է պատժամիջոցներ (ֆորմալ, դրանք կոչվում են «պատասխան սահմանափակումներ»): Այսինքն, Ռուսաստանն է որոշում, թե ով մտնի Հայաստան, իսկ ով՝ ոչ... Սա, բարեկամներ, տիեզերական խայտառակություն է: Քանի դեռ Սահմանապահ ծառայությունը ԱԱԾ-ի ենթակայության տակ է, իսկ ԱԱԾ-ում Դերժինսկու նկարը «հարգված» է և Զվարթնոցում ապօրինաբար նստած են ռուսաստանյան սահմանապահները՝ մենք ունենալու ենք պետականության ու անկախության այսօրինակ խնդիրներ»:    
06:44 - 02 մայիսի, 2019
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը չպետք է դառնա «ճշտի նախարարություն»․ Դանիել Իոննիսյան

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը չպետք է դառնա «ճշտի նախարարություն»․ Դանիել Իոննիսյան

Իրազեկ քաղաքացիներ միավորման համակարգող Դանիել Իոննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․  «Կառավարության աշխատակազմաի տակ գործող ՊՈԱԿ-ում «Տեղեկատվության ստուգման կենտրոն» (Օուրելի լեզվով՝ «ճշտի նախարարություն») ստեղծելու մասին՝ -Կառավարությունը (կամ ՊՈԱԿ-ը), այո, պետք է մշտադիտարկի կեղծ լուրերի տարածումը և աջակցի իր կառուցվածքային մարմիններին (նախարարություններ և այլն) ժամ առաջ հերքելու դրանք: Բայց դա պետք է անեն համաատասխան մարմինների հասարակության հետ կապերի ստորաբաժանումները և ոչ «ճշտի նախարարությունը»: -Ավելին, Կառավարությունը որևէ իրավունք չունի հերքելու տեղական ինքնակառավարման մարմինների մասին տարածված տեղեկությունները: Կառավարությունը ընդհանրապես իրավունք չունի որևէ բան ասելու ՏԻՄ-ի անունից (ինչն այդ ՊՈԱԿ-ը արդեն անում է): Կարա օգնի, որ ՏԻՄ-ը դա անի, բայց միմիայն օգնի: -«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է աջակցի Կառավարության կառուցվածքային մարմիններին, որ իրենք հերքեն տեղեկությունները: ՊՈԱԿ-ը կարող է աջակցել նաև ՏԻՄ-երին: Աջակցի, բայց ոչ իր վրա վերցնի մարմիններին հասարակության հետ կապերի ստորաբաժանումների ֆունկցիաները (դառնալով «ճշտի նախարարություն»): -Ի վերջո, ՀՀ Կառավարության գործառույթների մեջ չի մտնում լրատվական գործունեությամբ զբաղվելը: Դա նաև նախատեսված չէ նշված ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ: Սահամանդրության և օրենքների հարգման անհրաժեշտության մասին կարող եմ չգրել: -Ասեմ նաև, որ նման փորձ եղավ ԵՄ-ում (բայց միմիայն արտաքին ապատեղեկատվության դեմ), բայց հետո հասկացան, որ իրենք պետք է ոչ թե նյութեր արտադրեն, այլ աջակցեն այլ մարմիններին պայքարել կեղծ լուրերի դեմ և տարածեն այլոց գրած հերքումները: Այլ կերպ ասած, պետական գործադիր իշխանությունը կարող է ԶԼՄ-ի հրապարակումը որակել որպես ապատեղեկատվություն միմիայն այնքանով, որքանով դա վերաբերում է պետական գործադիր իշխանությանը (և ոչ ՏԻՄ-ին, ԱԺ-ին, դատական համակարգին և այլն): Պետական համակարգի խոսնակների մեծ մասի ոչ կոմպիտենտությամբ պայմանավորված այսպիսի քայլերը երկարաժամկետ առումով հակասում են ժողովրդավարական հասարակության պրինցիպներին: Հ.Գ. Որպեսզի կոնկուրենցիայով մտահոգվածի տպավորթւոյւն չստեղծեմ, հավելեմ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակի (FIP.am-ի) տարեկան բյուջեն մոտ 25-30 հազար դոլար է, ինչը կազմակերպության բյուջեի մոտ 6 տոկոսն է: Դրա վրա աշխատում են մեր 22 հոգանոց թիմից միմիայն 4-ը: Միաժամանակ, մենք 130 հազար դոլարից ավել գումար ենք ծախսում, որ այլ լրատվամիջոցներին ու լրագրողներին տանք փաստերի ստուգման հմտություններ, որ այդ ծանր գործը այլոք էլ անեն: Այդ նպատակի համար լրագրողներին նաև դրամաշնորհներ ենք տալու»:  
10:11 - 25 մարտի, 2019