Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը
 |armenpress.am|

Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե  Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը  (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ   Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն: Անդրադառնալով այս գործընթացին քաղաքական ենթատեքստ տալու փորձերին՝ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք է։   «Այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»,- նշեց նա:
11:14 - 11 ապրիլի, 2023
ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը` որպես իրավասու մարմին, առարկել է գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։ ««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրոպ Լիմիթիդ» ընկերությունը (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ձեռք բերել վերջինիս պատկանող' Ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսը: Հաշվի առնելով, որ «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր հերթին պատկանում է ռոսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը (Ռուսաստանի Դաշնության օրենքների համաձայն գրանցված ընկերություն), նշված գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։․․․ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ, իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առարկել է գործարքի կայացմանը։ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ՝ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը․․․»,- նշված է ՀԾԿՀ որոշման մեջ։  Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։  Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։   
15:21 - 10 ապրիլի, 2023
ԲՏԱ տեղակալը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության աջակցության ծրագրերը

ԲՏԱ տեղակալը հայ-հնդկական համաժողովում ներկայացրել է ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության աջակցության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին առցանց մասնակցել է «Arrow հայ-հնդկական համաժողով 2023»-ին (Arrow Indo-Armenian Summit 2023): Համաժողովի նպատակն էր համախմբելու հայաստանյան և հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգի ձեռներեցներին և առաջնորդներին՝ քննարկելու համագործակցության սերտացման հնարավորությունները: Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների և ստարտափների զարգացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը: Նմանատիպ ծրագրերի իրականացմամբ պետությունը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում անհատ ձեռնարկատերերի և ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար Հայաստան տեղափոխվելու և այստեղ գործունեություն ծավալելու, ինչպես նաև որակյալ աշխատուժ ներգրավելու համար: Այն ընկերությունները, որոնք 2022 թ. մարտի 1-ից սկսած ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող՝ տեղացի, օտարերկրացի, պետությունը տրամադրում է աջակցություն նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով: Ինչպես նաև, տեղական ընկերություններում աշխատողները բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում հնարավորություն ունեն օգտվելու հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձից: HyeTech ընկերության համահիմնադիր Ներսես Օհանյանը ևս մասնակցել է համաժողովին: Նա իր խոսքում նշել է, որ համաժողովը հիանալի հնարավորություն է ընձեռել շփվելու Հնդկաստանի ձեռնարկատերերի հետ, կիսվելու բացառիկ փորձով, ստեղծելու ամուր կապեր հնդկական տեխնոլոգիական էկոհամակարգում: Համաժողովի ընթացքում քննարկվել են ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ երկկողմ համագործակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Հայդարաբադի Skyroot Aerospace-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը, նշվել, որ այն լավ օրինակ կարող է ծառայել այլ ոլորտների ստարտափների միջև համագործակցության ստեղծման համար: Համաժողովը կազմակերպվել էր հնդկական T-Hub առաջատար ինովացիոն կենտրոնի կողմից, որը Հնդկաստանի նորարարության էկոհամակարգի առաջատարներից է։
12:22 - 31 մարտի, 2023
ԲՏԱ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին

ԲՏԱ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին: Դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Դեսպանն անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք-2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։
19:42 - 28 մարտի, 2023
Հայաստանի դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը․ համագործակցության հուշագիր ՀՀ կառավարության և SADA-ի միջև

Հայաստանի դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը․ համագործակցության հուշագիր ՀՀ կառավարության և SADA-ի միջև

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր SADA-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորություններ ունենալու, թվային հմտություններին տիրապետող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով։ Համագործակցության հուշագիրը կնքվել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։ Հուշագիրը կնքելիս կողմերն առաջնորդվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման փոխադարձ ցանկությամբ։ Հուշագրի համաձայն՝ Հայաստանի պետական մարմինները և SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել կողմերին՝ ընդգծելով կրթական բովանդակության հասանելիության կարևորությունը. «Այս գործիքակազմի և համակարգի ներդրմամբ էապես առաջընթաց է ապրելու հասանելիությունը դեպի կրթական բովանդակություն, իսկ յուրաքանչյուր ժողովրդավար, լուսավորյալ և կիրթ հանրության կայացման  գործում անվիճելի է հասանելի կրթությունը։ Վստահ եմ՝ այս գործիքակազմի ներդրման արդյունքները շուտով արդեն կտեսնենք։ Ուրախ ենք նաև, որ սա ուղղակիորեն բխում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունից»։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը։ Վահան Քերոբյանը նշել է, որ Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի համակարգի ներդրման արդյունքում մեր երեխաները կունենան այն նույն թվային միջավայրը, որը Google-ն արդեն ներդրել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Առաջին փուլում համակարգը ներդրվելու է Հայաստանի մի քանի հանրակրթական դպրոցներում, իսկ պիլոտային ծրագրի հաջող իրականացումից հետո տարածվելու է նաև մյուս բոլոր դպրոցներում։ SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը կարևորել է Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման և հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը: «SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- ասել է Սաֆոյանը։ SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին արտոնագիր ստանալու հարցում՝ Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:
18:51 - 11 մարտի, 2023
2022-ին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ԲՏԱ ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն. Հակոբ Արշակյան

2022-ին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ԲՏԱ ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ողջույնի խոսքով հանդես է եկել «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը: Ողջունելով մասնակիցներին` Հակոբ Արշակյանը խոսել է ՏՏ ոլորտի վերջին զարգացումներից: Նրա խոսքով՝ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը: Անդրադառնալով «Էնթերփրայզ Արմենիայի» գործունեությանը` ԱԺ փոխնախագահը կարևորել է կառույցի օժանդակությունը մեր երկրում ներդրումների աջակցման և նման ընկերությունների ներգրավման հարցերում: «Մենք ողջունում ենք միջազգային ընկերությունների մուտքը Հայաստան, ինչը նպաստում է հայկական նմանատիպ ընկերությունների ստեղծմանը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Բանախոսն անդրադարձել է գիտությանն ուղղված ֆինանսավորման աճին` նշելով, որ այն  կազմում է 30 մլրդ դրամից ավելի: «Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համար»,- նշել է Հակոբ Արշակյանը: Փոփոխվող և զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը` պատրաստելու բարձրակարգ մասնագետներ: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվիեն: Նրանք անդրադարձել են ոլորտի խնդիրներին և նախանշել դրանց լուծման ուղիները: Ոլորտի զարգացման տեսանկյունից կարևորվել է գործարար հատվածի և պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է բնագավառում նոր մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կարևորվել են ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները: Այնուհետև պանելային քննարկումների ձևաչափով անդրադարձ է կատարվել ոլորտում մեր երկրի աշխատուժի հարցին, որոշ մասնագիտությունների գծով կրթության որակի, ինչպես նաև տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի ներդրման հիմնախնդիրներին:
17:28 - 11 մարտի, 2023
Մեկնարկեց «Դիջիթեք 2022»-ը

Մեկնարկեց «Դիջիթեք 2022»-ը

Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկեցին «Դիջիթեք 2022» ցուցահանդեսը և համանուն վեհաժողովը։  Ցուցահանդեսը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), այս տարի անցկացվում է արդեն է 17-րդ անգամ։  Վերջին «Դիջիթեք»-ը տեղի էր 2021-ին, իսկ 2022-ի ցուցահանդեսը հետաձգվել էր՝ սահմանային իրավիճակով պայմանավորված։ Այս օրերին անցկացվում է հետաձգված «Դիջիթեք 2022»-ը։ Իսկ սեպտեմբերին տեղի կունենա «Դիջիթեք 2023»-ը, որի սպասվող գլխավոր միջոցառումն է «Դիջիթեք վեհաժողովը» (Digitec Summit)։ «Դիջիթեք 2022»-ի բացմանը ներկաներին ողջունեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Նա կարևորեց ԱՏՁՄ-ի և կառավարության համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ, ինչպես նաև կրթության մեջ կատարվող ներդրումները։ Ալեքսանդր Եսայանը «Գլոբալ տեխնոլոգիական կենտրոններից մեկը դառնալու առաքելությունն իրականացնելու համար մենք չպետք է կրթենք միայն ինժեներների․ մենք նաև կարիք ունենք բժիշկների, արվեստագետների, իրավաբանների, որոնք ունակ են զարգանալու և միասին աշխատելու»,- նշեց Ալեքսանդր Եսայանը։ Բացման արարողությանը ներկա էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, որը նշեց՝ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ տարբեր ծրագրեր է մշակում, ինչպես նաև փորձում է ակտիվ շփումներ ունենալ՝ ոլորտի խնդիրները հասկանալու համար։  Ռոբերտ Խաչատրյանը Նախարարն ասաց, որ այս տարվա ցուցահանդեսին փորձել են նաև ստարտափների ներգրավել, Վրաստանի գործընկերների աջակցությամբ նաև այնտեղից են ստարտափների հրավիրել։ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինն էլ խոսեց այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են լուծել զարգացող տեխնոլոգիաները։ Նա նշեց, որ ԵՄ-ն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, իսկ տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն կանաչ տնտեսությունների զարգացման գործում։  Անդրեա Վիկտորինը «Դիջիթեք» վեհաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանն իր ելույթում շեշտեց՝ տեխնոլոգիաների զարգացումն ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա՝ կրթություն, առողջապահություն, քաղաքականություն, պաշտպանություն։  Նրա խոսքով տեխնոլոգիական արդյունաբերությունը, որ հիմնված է կրթական ամուր համակարգի վրա, ինչպես նաև գիտության մեջ ներդրումները երիտասարդ կանանց և տղամադրկանց համար հնարավորություններ են ստեղծում դառնալու ավելի տեղեկացված և ներգրավված քաղաքացիներ։ Րաֆֆի Քասարջյանը Այս տարվա «Դիջիթեք» վեհաժողովի թեման է «Ամբիցիոզ թեք. բաց տնտեսությունների դիմակայունությունն աշխարհի աճող անկայունության պայմաններում»։ «Դիջիթեք 2022» ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 120 ընկերություն, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բացի տեխնոկոգիական ընկերություններից՝ ցուցահանդեսին ներկայացված են նաև Հայաստանի գիտական մի քանի ինստիտուտներ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է «Գիտուժի» հետ համագործակցությամբ։ «Դիջիթեք 2022»-ը կշարունակվի նաև մարտի 11-ին և 12-ին։   Աննա Սահակյան
12:26 - 10 մարտի, 2023
Հայաստանը և Էստոնիան ստորագրել են նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության հուշագիր

Հայաստանը և Էստոնիան ստորագրել են նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում հունվարի 15-17-ը աշխատանքային այցով եղել է Էստոնիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հունվարի 17-ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
14:21 - 18 հունվարի, 2023
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը

Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 23-ին Երեւանում ողջույնի խոսքով է հանդես եկել «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառմանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: «Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարեւորության միջոցառման: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաեւ նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝ հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, եւ այստեղ շատ մեծ է բարձր տեխնոլոգիական ընկերությունների դերը: 2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը. այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության ֆինանսավորումը 80 եւ ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու իրողությանը, ինչպես նաեւ 2022 թ. պաշտպանական արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին: Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը: ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այս միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտով հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները եւ փորձեր ձեռնարկելու՝ այդ միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ: Դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
16:02 - 23 դեկտեմբերի, 2022
Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի

Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի

Կառավարությունն այսօր հաստատեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնողներին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակացության տրամադրան կարգը հաստատելու  նախագիծը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ  նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՏՏ համաշխարհային շուկայում բազում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք շղթայական ազդցություն են ունենում նաև այս ոլորտի վրա։ «Ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտները դրամային արտահայտմամբ նվազել են: Նրա խոսքով՝ նոր իրողությունները հաշվի առնելով կարող են տուժել համակարգաստեղծ ՏՏ ընկերությունները»։  Նախարարի խոսքով՝ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:
12:32 - 01 դեկտեմբերի, 2022
Մինչև 2028 թ. մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Մինչև 2028 թ. մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ. վարչապետին է ներկայացվել ԲՏԱ նախարարության 2022-ի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում անցկացվել է գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Քննարկման սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախարարությունների և գերատեսչությունների 2022 թ. գործունեության արդյունքներն ամփոփելու շրջանակում այսօր մենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ենք: Ճիշտ է, տարին օրացուցային դեռ չի ավարտվել, բայց, ըստ էության, մենք այսօր կարող ենք ամփոփել արդյունքները, որովհետև այն՝ ինչ պետք է առաջիկա ամսվա ընթացքում տեղի ունենա, արդեն պետք է պլանավորված և ընթացքի մեջ լինի»: ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախ ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել տարբեր ոլորտները համակարգող փոխնախարարներին: Այնուհետև անդրադարձ է կատարվել գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական և բացասական ցուցանիշներին: Հաջորդիվ ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ, օժանդակություն է ցուցաբերվում վերջիններիս հետագա գործունեությանն ու շուկա մուտք գործելուն: Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր՝ ընդգծելով բյուջեի կատարողականի բարձր մակարդակի ապահովման, հանրության շրջանում ծրագրի վերաբերյալ առավել լայն իրազեկում իրականացնելու և շահառուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ ՏՏ մի շարք ընկերություններ բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի: Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Հայփոստի» գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նոր բաժանմունքների ստեղծմանը: Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նախատեսվում է մինչև 2026 թվականը մեր երկրի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն: Վարչապետին զեկուցվել են տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը: Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ պատասխանատուները նշել են, որ մինչև 2028 թվականը մեր երկիրը նախատեսում է տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Նախատեսվում է 2023 թվականին Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:
16:53 - 28 նոյեմբերի, 2022
Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։   Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախանշված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, վենչուրային ֆոնդի, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:   Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, նշել, որ Ուկրաինայի հայությունը հայրենիքի կողքին է, և պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը:   Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին հույս է հայտնել, որ ճանաչողական այս հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի:
15:51 - 19 նոյեմբերի, 2022
Հայաստանը պլանավորում է երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք


 |armenpress.am|

Հայաստանը պլանավորում է երկրորդ արբանյակն ուղարկել տիեզերք |armenpress.am|

armenpress.am: Բաց թողնված առաջին հայկական արբանյակից բացի Հայաստանը մտածում է նաև երկրորդ արբանյակ բաց թողնելու մասին, որը կարող է լինել հայկական արտադրության: Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը՝ անդրադառնալով երկրում արբանյակաշինության զարգացման վերաբերյալ հարցին: «Տիեզերական ծրագրերը բավականին երկարաժամկետ պլանավորման արդյունք են լինում: Առաջին արբանյակի արձակումը մեզ մոտ ստացվել է շատ աննախադեպ արագությամբ: Բայց այդ ընթացքում կուտակված պոտենցիալը և ձեռքբերումները մեզ թույլ են տալիս խոսել այն մասին, որ մենք շատ արագ կանցնենք արդեն պետական երկրորդ արբանյակի կազմակերպման, նախագծման աշխատանքներին: Այն առաջին արբանյակից էականորեն կտարբերվի ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլ նաև այն բանով, որ և նախագծման, և ամենայն հավանականությամբ, ինտեգրացիայի զգալի մասը կարվի Հայաստանում: Այն ոչ միայն կլինի երկրորդ հայկական արբանյակը, այլ նաև կլինի հայկական արտադրության առաջին արբանյակը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ դա է նպատակը: Նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում SATLANTIS ընկերության գրանցումն արդեն նախանշած քայլերից մեկն էր արբանյակաշինության զարգացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, և  արբանյակից ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես խաղաղ նպատակներով, այդ թվում՝ անվտանգային նպատակներով մոնիթորինգ իրականացնելու համար: Ասուլիսի շրջանակում ներկայացվեցին նաև երկրագնդի տարբեր կետերից արված լուսանկարներ, օրինակ՝ Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող պատկեր, որն արվել է սեպտեմբերի 14-ին: Մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման:
15:47 - 18 նոյեմբերի, 2022
ԲՏԱ նախարարը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է դեսպանին, ընդգծել, որ Հայաստանի և Բրազիլիայի դիվանագիտական հարաբերություններն արդեն 30-ամյա պատմություն ունեն, ինչը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ընդլայնման և խորացման հիմք է հանդիսանում: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը մեծ ներուժ ունի, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք միտված են նպաստելու տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը։ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո», «ՔՈԱՖ» և մարզերում գործող այլ տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը, մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով ոլորտային փոխշահավետ ծրագրերի իրականացմանը՝ դեսպանն առաջարկել է դիտարկել Բրազիլիայի Գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և կապի նախարարության, Տեխնոլոգիաների և Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտների հետ գործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև «Համակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման թիմի» (CERT) ստեղծման բրազիլական փորձի փոխանակման հնարավորությանը։ Ռոբերտ Խաչատրյանը և Ֆաբիո Վազ Պիտալուգան պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով:
09:18 - 03 նոյեմբերի, 2022