ՀՀԿ-ն, այո՛, սխալներ ունեցել է, բայց այդ սխալներն ուղղելի են, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների․ Արթուր Վանեցյան |tert.am|
tert.am: Այսօր Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության մարզային գրասենյակի բացման արարողությունը, որին ներկա էին կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, «Հայրենիք» կուսակցության Սպիտակի տարածքային պատասխանատու Կարեն Թեյմուրյանը, այլ պաշտոնատար անձինք, կուսակցականներ։
Բացման խոսքում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ չնայած կուսակցության երիտասարդ լինելու հանգամանքին, մարզերում տարվել է մեծ աշխատանք։ Անդրադառնալով ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու փաստին՝ Վանեցյանը նշեց, որ սա պատահական չէ, քանի որ երկու կուսակցությունների գաղափարական հիմքում էլ ազգային պահպանողական արժեքներն են, որոնք երկուսի կողմից էլ կարևորվում են։
«Մեր կուսակցությունների դաշինքը ոչ միայն մարտավարական տեսանկյունից է կարևոր, այլ նաև նրանով, որ մենք ունենք նույնանման գաղափարական արժեքներ։ Միանշանակ «Պատիվ ունեմ» դաշինքը գնում է հաղթելու, ես որևէ կասկած չունեմ, որ մեր թիմն ընտրությունների արդյունքներով ունենալու է այնքան քվե, որ ձևավորի իշխանություն, և իշխանություն ձևավորելուց հետո մենք իրականացնելու ենք այն բոլոր ծրագրերը, որոնք մեր նախընտրական ծրագրում կան»,-ընդգծեց Վանեցյանը։
Արթուր Վանեցյանի պնդմամբ՝ կարևոր մի հանգամանք կա․ Հայաստանը կանգնած է պետականության և ազգային արժեքների կորստի առջև, և անհրաժեշտ է այդ հարցերը կարգավորել, ապա միայն անցնել գյուղատնտեսական, սոցիալական, առողջապահական և այլ խնդիրների։
Դրանց մասին խոսելը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն պոպուլիզմի դրսևորում է համարում՝ ընդգծելով, որ «մենք հիմա կանգնած ենք բնաջնջվելու, ազգից քոչվոր ցեղի վերածվելու իրական սպառնալիքի առջև»։ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ այսօր անվտանգությունը լավագույնս կարող է ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքը՝ փաստելով․ «Անվտանգային հարցերով մեզանից լավ որևէ մեկը չի կարող զբաղվել»։
16:32 - 31 մայիսի, 2021