ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը
 |hetq.am|

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը |hetq.am|

hetq.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։  «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգում մասնակցել ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը։ Այն հարցին, թե Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է արդյոք Փաշինյանը հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կառավարության մամուլի ծառայությունից նշել են, որ այս պահին օրակարգում է միայն ԱՊՀ առաջնորդների ձևաչափով հանդիպմանը մասնակցությունը։  Ամեն տարի դեկտեմբերին վերջին ԱՊՀ երկրների առաջնորդներն ունենում են ոչ պաշտոնական հանդիպում, որի ընթացքում քննարկվում է այդ տարվա ընթացքում ԱՊՀ երկրների միջև համագործակցությունը և նախանշվում առաջիկա տարվա անելիքները։ Հանդիպմանը մասնակցում են ԱՊՀ երկրների բոլոր առաջնորդները, սակայն վերջին տարիներին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրաժարվում է մասնակցել այս ձևաչափով հանդիպումներին։
17:46 - 21 դեկտեմբերի, 2022
Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը
 |azatutyun.am|

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։ «Ռուսաստանի նախագահի հրավերով դեկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ հանդիպումը, հուսով ենք, որ դա լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցությանը», - երեքշաբթի օրը Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեբեդևը։ Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը կարող են ոչ ֆորմալ ձևով խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում։ 
13:42 - 20 դեկտեմբերի, 2022
Ես չէի կարող պատկերացնել, որ ստիպված կլինեմ հետևել լրահոսին՝ իմանալու համար, թե կարո՞ղ եմ այցելել Արցախում բնակվող իմ քույրերին և եղբայրներին. Հայկ Մամիջանյան

Ես չէի կարող պատկերացնել, որ ստիպված կլինեմ հետևել լրահոսին՝ իմանալու համար, թե կարո՞ղ եմ այցելել Արցախում բնակվող իմ քույրերին և եղբայրներին. Հայկ Մամիջանյան

Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Ելույթի հայերեն թարգմանությունը՝ ստորև. «Հարգելի' գործընկերներ, Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովի կազմակերպման և հրավերի համար։ Չնայած «ֆրակցիա» և «պարտիա» բառերը այս կամ այն իմաստով թարգմանաբար «ինչ-որ մի բանի մաս» են նշանակում, այն, ինչի մասին ես կխոսեմ այսօր, հետաքրքրում է ոչ թե մի մասին, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներին, ողջ աշխարհի հայությանը։ Մեզ բոլորիս բարդ տարածաշրջան է բաժին հասել։ Եվ ես ի նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ ողջ ԱՊՀ տարածքը։ Խորհրդային միության փլուզման պահից ի վեր մեր տարածաշրջանը գեյզերների հովիտ է հիշեցնում, որտեղ այս ու այնտեղ պարբերաբար ժայթքումներ են տեղի ունենում։ Միայն ոչ թե տաք ջուր ու գոլորշի է ժայթքում, այլ՝ մեր զինվորների արյունը։ Ժողովուրդները, որոնց ներկայացուցիչներն այսօր հավաքվել են այս դահլիճում, անմիջականորեն գիտեն պատերազմի ու խաղաղության գինը. մեր պապերն ու նախապապերը կռվել են կողք-կողքի, ուս-ուսի, իսկ որոշ դեպքերում՝ մեր հայրերն ու եղբայրները կռվել են միմյանց դեմ: Բայց մենք՝ բոլորս, խաղաղություն ենք ուզում։ Բայց թե ի՞նչ գնով։ Համոզված եմ, որ Ձեզանից ոչ ոք իր երկրին խաղաղություն ցանկանալիս անգամ իր մտքով չի անցկացնում ստիպողական, պարտադրված խաղաղությունը: Այս տեսակ խաղաղության խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ այն անարդար է, այլ նաև ոչ երկարատև: Մենք դարձել ենք ականատեսը պատմական իրադարձությունների, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ մենք՝ բոլորս, պետական ինստիտուտների ներկայացուցիչներ ենք, ինչ-որ առումով նաև դրանց կերտողը. մեզ բոլորիս ծանոթ աշխարհակարգը քանդվում է, և դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այն ապագայում։ Պատմական այս փուլում մենք հնարավորություն ունենք հիմք դնելու «Խաղաղ Հարավային Կովկաս» անվամբ հարատև կառույցի կամ ընտրել հակամարտությունների այնպիսի լուծումներ, որոնցում հաշվի չի առնվում ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքները։ Նման որոշումը նման է արնահոսող վերքը դիմահարդարման հաստ շերտով ծածկելուն՝ վերքը չի լավանա, իսկ ցավը միայն կուժեղանա։ Իմ ժողովրդի համար անցած մի քանի տարիները հեշտ չէին։ Բայց նույնիսկ ամենավատ մղձավանջային երազում ես չէի կարող պատկերացնել, որ միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ, պարբերաբար կփակվի։ Ես չէի կարող պատկերացնել, որ ստիպված կլինեմ հետևել լրահոսին՝ իմանալու համար, թե արդյոք կարող եմ այցելել Արցախում բնակվող իմ քույրերին և եղբայրներին։ Իսկ երեկվանից Ադրբեջանը նաև դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Այս տեսակ դիվանագիտությունը, որն իրականացվում է հումանիտար աղետի սպառնալիքի ներքո, ինձ համար անընկալելի է։ Ես հուսով եմ, որ այս խնդիրն իր վերջնական և հարատև լուծումը կստանա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և դիվանագիտական կորպուսի ջանքերի շնորհիվ։ Համոզված եմ, որ այս միջոցառման կազմակերպիչները, և, ընդհանրապես, մենք՝ բոլորս, կցանկանայինք այսպես կոչված «հաջողության պատմություն» արձանագրել՝ ԱՊՀ երկրների խորհրդարանականների փոխգործակցության շոշափելի արդյունք մեր համաժողովի շրջանականերում։ Այսպիսով, ես հանդես եմ գալիս առաջարկով, որը հնարավորություն կտա մեզ հենց նման արդյունք արձանագրել։ Ընթացիկ տարվա ամռանը ես նամակ հղեցի Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ առաջարկով հնարավորության տալ ինձ այցելել Բաքվի բանտերում գտնվող իմ հայրենակից ռազմագերիներին, ովքեր եռակողմ համաձայնագրի խախտմամբ, որը ստորագրվել էր այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, մինչ օրս ազատ չեն արձակվել։ Իմ առաջարկը մինչև հիմա անպատասխան է մնացել։ Թույլ տվեք միջխորհրդարանական ֆորումի այս հարթակից օգտվելով՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել այդ ցանկությունը՝ հուսալով, որ Ադրբեջանի օրենսդիրները վերջինս կփոխանցեն իրենց խոսնակին, իսկ ԱՊՀ մյուս երկրների մեր գործընկերները կկարողանան որպես միջնորդ հանդես գալ մարդասիրական այս առաքելությանը։ Շնորհակալություն ուշադրության համար, և խաղաղություն մեզ բոլորիս»:
12:56 - 14 դեկտեմբերի, 2022
Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ. Զախարովա
 |1lurer.am|

Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 12-ին հանդիպում կունենա ԱՊՀ մասնակից երկրների դեսպանների հետ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դեսպանների հետ»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ՌԴ գլխավոր դիվանագետը կամփոփի անցնող տարում ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության արդյունքները, կմատնանշի Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղությունները: «Նախարարը դեսպաններին կտեղեկացնի նաև մի շարք արդիական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին»,- հավելել է դիվանագետը։
13:55 - 08 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստին քննարկվել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստին քննարկվել են ԵԱՏՄ զարգացման հեռանկարները

Այս տարին մեզ համար նշանակալից է, քանի որ նշում ենք ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի 25-ամյակը: Այս իրադարձությունները նշանավորեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ներկա փուլի սկիզբը, որոնք համապատասխանում են մեր ժողովուրդների կենսական շահերին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, այս մասին նոյեմբերի 10-ին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ այսօրվա հանդիպմանը կքննարկվեն խորհրդարանական համագործակցության շրջանակում ԵԱՏՄ զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները ներկա գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, ինչպես նաեւ երկու երկրները կապող միակ ցամաքային անցակետի՝ Վերին Լարսի հետ կապված հարցեր: Նշելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում անցակետի հետ կապված կրկին առաջացել են խնդիրներ՝ Վաղարշակ Հակոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կկարողանան հստակ, մանրամասն եւ համահունչ ներկայացնել առաջադրված խնդիրները, գտնել ռացիոնալ լուծումներ ու նախանշել արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: Բանախոսն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, ներկայացվել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքները: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է արդյունավետ համագործակցության դրական փորձ: Երկու երկրների միջեւ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի եւ փոխադարձ աջակցության վրա: Նա եւս համոզմունք է հայտնել, որ առաջացած խնդիրներին համատեղ քննարկման արդյունքում կտրվեն համապատասխան լուծումներ: Համատեղ նիստի ավարտից հետո Վաղարշակ Հակոբյանը եւ Կազբեկ Տայսաեւը հանդես են եկել հայտարարություններով՝ լրագրողներին ներկայացնելով նիստի ընթացքում քննարկված հարցերը:
15:40 - 10 նոյեմբերի, 2022
ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

Նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։ Ծրագրի մասնակիցները նոյեմբերի 8-ին այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական  քաղաքականությանը: Նրանց հետ հանդիպմանը նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը  ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը: Նա նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է երիտասարդների ինքնիրացման համար նոր հնարավորություններ ստեղծելու, նրանց կարողությունները զարգացնելու նպատակով. «Մեր նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել գրագետ հասարակություն, որը կծառայի նաև պետության զարգացմանը»: Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով  իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն: Քննարկման ընթացքում կարևորվել են հատկապես մարզերում իրականացվող ծրագրերը՝ երիտասարդների զբաղվածության ապահովման, կրթության իրավունքի իրացման առաջնահերթությունների շեշտադրմամբ:  Հյուրերը բարձրաձայնել են երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին  և ընձեռած հնարավորություններին:  ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման  ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև  Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. Երիտասարդական մայրաքաղաք Հրազդան:
17:53 - 09 նոյեմբերի, 2022
Սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը չի նշանակում՝ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել. ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը չի նշանակում՝ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը հանդես է եկել ելույթով: Ելույթում մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։ Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։ Հարգելի գործընկերներ, Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։ Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։ Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։ Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։ Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։ Հարգելի գործընկերներ, Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։ Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։ Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։ Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»: Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։ Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։ Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։ Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից. Հանդիպման հարգելի մասնակիցներ, Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։ Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։ Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։ Հարգելի գործընկերներ, Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար: Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:  Հարգելի գործընկերներ, Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն ուշադրության համար»:
17:55 - 03 նոյեմբերի, 2022
ՀՀ-ն ստանձնեց ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

ՀՀ-ն ստանձնեց ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի նախագահությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Նիստը նվիրված է եղել խորհրդի կազմավորման 30-ամյակին, որին մասնակցել են ներկայացուցիչներ՝ ԱՊՀ տարբեր երկրներից։ Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդի գործունեության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, փորձի փոխանակման ու հետագա անելիքների վերաբերյալ։  Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Բեկետժան Ժումախանովը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ակմադի Սարբասովը և այլք։ Խորհրդին անդամակցող այլ պետությունների ներկայացուցիչներ միացել են առցանց ձևաչափով։ Ընդգծելով սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը Խորհրդատվական խորհրդի դերը բնորոշել է որպես ընդհանուր մոտեցումների և սկզբունքների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման արդյունավետ հարթակ։ Անդրադառնալով ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների կողմից ոլորտային լայնածավալ բարեփոխումների իրականացմանը՝ նախարարն էական է համարել փորձի ու գիտելիքի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։ «Խորհրդատվական խորհրդի շրջանակում համագործակցության այս ձևաչափը մեծապես խթանում է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների իրականացումը։ Վստահ եմ՝ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ոլորտում համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ ուժերի մեկտեղմանը»,– նշել է նախարարը։ Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են իրականացվող և նախատեսվող ոլորտային բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ապահովման առցանց հարթակների օրինականացման, ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացման ընթացքի, զբաղվածության ծրագրերում երիտասարդների ակտիվ ներգրավվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքներին։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ նիստի որոշումը։
17:41 - 03 նոյեմբերի, 2022
Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը |armenpress.am|

Մեկնարկել է ԱՊՀ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 35-րդ հոբելյանական նիստը, որին մասնակցում են  ներկայացուցիչներ ԱՊՀ տարբեր երկրներից։ Նիստի ընթացքում քննարկվեցին խորհրդի գործունեությունը, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակմանն ու հետագա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ սա հետաքրքիր ու կարևոր խորհրդատվական հարթակ է, որտեղ ԱՊՀ մասնակից երկրները ներկայացնում են գաղափարներ և լուծումներ: «Այս մարմինը  որոշակի քաղաքականությունների շուրջ խորհրդատվական գործառույթներ ունի, և տարբեր երկրներ հնարավորություն ունեն  մի շարք հարցերում երկկողմանի հարաբերությունների համատեքստում լուծումներ գտնել: Նաև բազմակողմանի հարթակ է, որտեղ կարող են միասին քննարկել ԱՊՀ շրջանակներում ընդհանրական աշխատաշուկայի ստեղծման հնարավորությունը, նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով ավելի մոբիլ դարձնել պահանջարկը և առաջարկը»,- ասաց նախարարը: Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ սա համագործակցային և խորհրդատվական մի հարթակ է, որտեղ քննարկվում են ԱՊՀ անդամ երկրների սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածությանն առնչվող կարևոր հարցեր: ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության խորհրդական Օլգա Կրիմսկայան ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանական 35-րդ նիստի մեկնարկը՝ ընդգծելով, որ խորհուրդը 1993 թվականին ստեղծվել է ԱՊՀ պետությունների միջև սոցիալ-աշխատանքային ոլորտի վերաբերյալ տեղեկության փոխանակման կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում մասնագետների որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով: «Այս պահին խորհրդի հիմնական խնդիրներն են՝ մշակել  աջակցության միասնական ծրագրեր աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, աշխատանքի պաշտպանության, աշխատաշուկայի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում նոր  համագործակցությունների ստեղծման ուղղություններով»,-ասաց նա:   Օլգա Կրիմսկայան ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում  խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերում կարևորում են ԱՊՀ ճյուղային համագործակցությունն այլ մարմինների հետ:
14:43 - 03 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները. ՀՀ փոխվարչապետ

 |armenpress.am|

Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախքան նիստի մեկնարկը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետի ելույթն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ,Օգտվելով առիթից՝ կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել ղազախստանյան մեր ընկերներին և անձամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ավանդական ջերմ ընդունելության և, ԱՊՀ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին համապատասխան, ԱՊՀ ներուժի լիարժեք իրացմանն ուղղված ջանքերի համար։ Նաև շնորհավորում եմ Ակիլբեկ Ժապարովին գալիք նախագահության կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանք։Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՊՀ գործադիր կոմիտեին և անձամբ Սերգեյ Լեբեդևին՝ գործադիր կոմիտեի ուղղությամբ կատարած աշխատանքի և այսօրվա հանդիպման կազմակերպմանը մասնակցելու համար։Վերջերս պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մեր երկրների ղեկավարներն ընդունել են որոշումներ՝ ուղղված ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա զարգացմանը։Ընդհանուր առմամբ դրական գնահատելով այս տարի կատարված աշխատանքը՝ ընդգծեմ, որ ներկա տնտեսական պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեն մակրոտնտեսական ռիսկերի մեղմմանն ուղղված ջանքերի համատեղումը, ինչպես նաև հնարավոր ֆինանսատնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված նպատակային միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքները:Այս համատեքստում ընդգծեմ «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքը, որի իրականացումը կարևոր գործոն կդառնա ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տնտեսությունների աճի համար։ Առաջիկայում շոշափելի արդյունքի հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս ուղղությամբ արդյունավետ երկխոսության։Բարձր, գիտատար և մրցունակ տեխնոլոգիաների ստեղծումն ու զարգացումը առաջնահերթություն է տնտեսական աճի ապահովման համար։ Միաժամանակ առանցքային նշանակություն ունեն տեխնոլոգիական զարգացման նախագծերի մշակումն ու իրականացումը։ Վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիական նախագծերի հետևողական իրականացումը շոշափելի տնտեսական արդյունք կտա և կնպաստի ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։ Գիտական ներուժի ինտեգրումը, այս ոլորտում առկա ավանդական կապերի խորացումն ու ընդլայնումը, ԱՊՀ երկրների փոխգործակցությունը գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում կարող են լրացուցիչ խթանի դեր խաղալ տեխնոլոգիական զարգացման ապահովման գործում։Թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից համարվում են արդյունավետ պետական կառավարման համակարգի ստեղծման, բարենպաստ գործարար միջավայրի ապահովման և տնտեսական աճի խթանման կարևորագույն գործիքներ։ԱՊՀ շրջանակներում գիտատեխնիկական ոլորտում այսօր կա և գործում է միակ հիմնարար փաստաթուղթը՝ «Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր գիտատեխնիկական տարածքի ստեղծման մասին» 1995 թվականի նոյեմբերի 3-ի համաձայնագիրը։ Այս առումով նպատակահարմար է թվում մտածել այնպիսի փաստաթղթի մշակման մասին, որը հաշվի կառնի նոր տեխնոլոգիական մարտահրավերները, ինչպես նաև գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային լավագույն փորձը, ինչը թույլ կտա ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսություններին հասնել նոր մրցակցային մակարդակի:Այս համատեքստում մենք աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների գիտատեխնիկական և տեխնոլոգիական համագործակցության հայեցակարգի և դրա իրականացման համար Գործողությունների ծրագրի ընդունմանը, ինչը դրականորեն կազդի Համագործակցության շրջանակներում բնակչության աճող սոցիալ-տնտեսական կարիքները բավարարող և ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին դիմակայող միջպետական գիտական և տեխնոլոգիական միասնական տարածքի զարգացման վրա:Նիստի հարգելի մասնակիցներ,Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները։Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործում հիմնական դերը վերապահված է այդ թվում նաև անցած տարվա նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության իրականացման շրջանակներում ձևավորված սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների կառուցողական համատեղ աշխատանքին։Հատկապես կարևոր է նշել, որ պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացում մենք պետք է հենվենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, համաձայն որոնց խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։Ինչպես արդեն գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից Ադրբեջանն անօդաչու սարքերի, հրաձգային և հրետանային զենքերի օգտագործմամբ ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքը՝ ներառյալ բնակելի շենքերը, քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների (այդ թվում՝ խաղաղ բնակիչների) թիվն այժմ գերազանցել է 210-ը։ Ստույգ հայտնի է երեք քաղաքացիական անձանց մահվան և երկու անհետ կորած քաղաքացիական անձանց մասին։ Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Անհետ կորած զինվորների թիվը կազմել է 28։Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տարհանվել է ավելի քան յոթ ու կես հազար մարդ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերեր։Ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված խոշտանգումների, դաժան սպանությունների և գերեվարվածների մարմնական խեղումների, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների պղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունները ցնցել են ողջ քաղաքակիրթ աշխարհի գիտակցությունը:Չափազանց տագնապալի է, որ մեդիա տարածքում տեղադրված նյութերը, որոնք վկայում են ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին, ոչ միայն լայնորեն տարածվում են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում, այլև ստանում են դրական գնահատական։Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել։Դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով փորձ է կատարվում հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր:Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է հատկացվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին։Ամփոփելով ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմատիկայի» անընդհատ շահարկումը, այն իմաստով, որով այն շահարկվում է, միայն խոչընդոտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը։Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության իններորդ կետում «միջանցք» բառը ոչ մի տեղ չի հիշատակվում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «միջանցք» բառն օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի առնչությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունը և որևէ կապ չունի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած հորինված զուգահեռ դիտարկում ենք որպես հակաարդյունավետ:Հայտարարության մեջ չկա Հայաստանի որևէ միակողմանի պարտավորություն՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր ճանապարհ կառուցելու վերաբերյալ։Մենք միշտ առաջարկել ենք և առաջարկում ենք ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը՝ կողմերի ինքնիշխանության ու օրենսդրության հարգանքի հիման վրա՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ փոխշահավետ լուծումներ գտնելու միջոցով։Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը երթուղավորելու և մարդկանց շփումը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ակնհայտ ձգտումը վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմը չի հետապնդում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու վերջնական նպատակ»:
16:58 - 28 հոկտեմբերի, 2022
Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

 |armenpress.am|

Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին |armenpress.am|

armenpress.am:  Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել:  Նոյեմբերի 9-ի  փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է Լեռնային Ղարաբաղ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածք, Ղարաբաղի շրջան չկա, և նրա լեռնային և դաշտային հատվածները համարվում են  այդ շրջանի մասը: Անդրադառնալով Գաֆարովայի հայտարարություններին, թե հայ զինծառայողներն, իբր, ռազմական հանցագործություններ են թույլ տվել, ՀՀ Աժ նախագահը որպես օրինակ հիշեցրեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է: «Ես վստահ եմ, որ ներկա գտնվողները տեղեկացված են այդ ամենի մասին: Կասեմ միայն երկու արտահայտություն, որպեսզի հասկանանք և պատկերացնենք ինչ-որ պետության ցինիզմը և գործողությունները, բավական է տեսնել  մի օրինակ, որ նմանատիպ միջազգային ձևաչափով հանդիպմանը կարելի է հյուրանոցի սենյակում կացնահարել քնած մարդուն: Դա արել է «քաջ» զինվոր Սաֆարովը, որը համարվում է Ադրբեջանի հերոս: Ահա միակ բանը, որ կարող եք իմանալ, որպեսզի պատկերացնեք, թե ով ինչպես է գործում»,- ընդգծել է Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը: «Իմ գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ- խմբ.) կարող է նրանց անվանել Լեռնային Ղարաբաղի ծովահեններ, հանցագործներ, բայց նրանք ընդամենը մարդիկ են, որոնք մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում` կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Եկեք առաջարկենք մեր ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստին իրենց հետ բերեն բոլոր պահվող անձանց, որովհետև նրանց ծնողները և հարազատները ամեն օր մեզանից պահանջում են, որպեսզի դրանով զբաղվենք»,- եզրափակեց Սիմոնյանը:
16:10 - 28 հոկտեմբերի, 2022
Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները. Ալեն Սիմոնյան

Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: «Կարծում ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է տարածաշրջանում իրականացվող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը: Հայաստանի համար կարեւոր է նաեւ իրավիճակի քաղաքական գնահատականը, որը կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի համար կարեւոր է համագործակցությունը միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում: ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացված են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր տասը մշտական հանձնաժողովներում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը հետագայում եւս ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ համատեղ աշխատանքին՝ ուղղված օրենսդրության արդիականացմանը, հումանիտար եւ մշակութային ոլորտներում փոխգործակցությանը:
14:20 - 28 հոկտեմբերի, 2022
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին:      Ստորև ներկայացնենք Սիմոնյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում.   «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,   Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,   Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում: Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում։ Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում և կնախընտրեի խոսել խաղաղության և համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով։   Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և ռազմագերիներ, ինչպես նաև կան մի քանի հազար տեղահանվածներ:   Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։   Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին և նոյեմբերին։   Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների և անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր։   Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում։ Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցավոք, միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ և հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։   Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում և ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է։ Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը և բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը։   Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։ Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման և ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ։     Հատուկ կարևորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով։ Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը։   ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա և Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն):   Գործընկերնե՛ր, կցանկանայի նաև նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։   Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա։ Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանը պատրաստ է բացել եղածը և նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։   Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա։ «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և որևէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա։     Առավել ևս, որ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։   Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, և դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի։   Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր։ Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի վրա» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները և որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը։   Չափազանց կարևոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։   Հարգելի՛ գործընկերներ, Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետևանքներ չունեն աշխարհի համար։ Հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է։   Եվ մենք ցուցաբերել ենք կամք և կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ։   Շնորհակալություն ուշադրության համար»:  
12:12 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևային: Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարևորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում, որը կարող է արդյունավետ լինել բանաձևերի քվեարկության համակարգային մոտեցման և միջազգային ասպարեզում երկու կողմերի խորհրդարանականների փոխադարձ աջակցության տեսանկյունից»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության և փոխգործակցության կարևոր հարթակ: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի դրսևորմանը և դրան հաջորդած դեպքերին: Նա նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: «Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ և հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80.000 հայ: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50.000) և Սամարղանդ (25.000) քաղաքներում: Սամարղանդ քաղաքը՝ որպես մշակույթների խաչմերուկ, ոգեշնչում էր մեր հայրենակից, հայ իմպրեսիոնիստ և ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Տեր-Թադևոսյանին: Սամարղանդում նա ստեղծել է ավելի քան 400 արվեստի նմուշ: «Հպարտությամբ կցանկանայի նշել Հովհաննես Տեր-Թադևոսյանի դերը 20-րդ դարի սկզբին Ուզբեկստանի կերպարվեստի ձևավորման գործում: Նա մասնակցել է Նկարիչների միության ստեղծմանը և հիմնել կերպարվեստի աշխատողների ասոցիացիա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարն Ալեն Սիմոնյանին խնդրել է փոխանակվել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում մեր երկրի առաջավոր փորձով: Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել պաշտոնական փոխայցերի հրավերներ:   
12:22 - 27 հոկտեմբերի, 2022