Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Խծաբերդում և Հին թաղերում գերեվարված շիրակցիների հարազատներին խոստացել են բանակցություններով պարզել զինծառայողների վիճակը |armenpress.am|

Խծաբերդում և Հին թաղերում գերեվարված շիրակցիների հարազատներին խոստացել են բանակցություններով պարզել զինծառայողների վիճակը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատները բացել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Ճանապարհը բացվել է Շիրակի մարզպետի և ոստիկանապետի հետ հանդիպումից հետո: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը զինծառայողների հարազատներին հայտնել է, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ` հանդիպելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: «Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու ու, երբ ունեցանք տեղեկություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,- նշել է մարզպետը: Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:
16:59 - 16 դեկտեմբերի, 2020
Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch |armenpress.am|

Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch |armenpress.am|

armenpress.am: Հեղինակավոր Human Rights Watch-ը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ` նշելով, որ այդ հարձակումը, հնարավոր է, պատերազմական հանցագործություն է: Կազմակերպությունը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը մեկ օրում Ղազանչեցոցին երկու հարված են հասցրել: «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ապացույց են նրա, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»,- նշված է հոդվածում: HRW-ին հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ին տված հարցազրույցում նշել է, թե եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության արդյունք: Հոդվածագիրը հիշեցրել է, որ եկեղեցու հրթիռակոծման արդյունքում վիրավորում են ստացել նաև տեղանքում այդ պահին աշխատանքներ իրականացրած լրագրողները:
15:54 - 16 դեկտեմբերի, 2020
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարություն է տրածել․ «2020թ. աշնանը տեղի ունեցած Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կրել է անդառնալի մարդկային կորուստներ: Այս ծանր օրերին, երբ թշնամին շարունակում է ոտնձգություններ կատարել Արցախի բնակավայրերի ուղղությամբ, երբ կազմալուծված են պետական համակարգն ու բնականոն կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ տարբեր ենթակառուցվածքներ, կուսակցությունը անիմաստ է համարում ներքաղաքական պայքարը և իր ողջ ներուժով լծվելու է Արցախի հետպատերազմյան վերականգնման գործին: Դեկտեմբերի առաջին կեսին կուսակցության ղեկավար անդամները խորհրդակցություններ են անցկացրել ԱՀ նախագահի, քաղաքական տարբեր ուժերի և դերակատարների հետ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է նոր, ավելի ներկայացուցչական կառավարության և Անվտանգության խորհրդի ձևավորման գաղափարը և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Արցախի հետպատերազմյան վերականգնման գործում: Կարևոր ենք համարում անվտանգության երաշխիքների մեծացումը, տարբեր հարցերի շուրջ որոշակիության ապահովումը, հրատապ խնդիրների արագ լուծումը և անցումը զարգացման ծրագրերին»:
15:25 - 16 դեկտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատևման: Նախևառաջ, կուզեի իմ խորին ցավակցությունները հայտնել բոլոր զոհվածների հարազատներին և ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի ու ծանր կորուստների համար: Մենք ցմահ երախտապարտ ու պարտական ենք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հերոսի և նրանց հարազատներին, մենք երախտապարտ ենք նաև Հայրենիքի պաշտպանության գործին այս կամ այն ձևով սրտանց մասնակցած յուրաքանչյուր անձի՝ զինվորից մինչև սփյուռքահայ մանուկ, առաջնագծից մինչև խորը թիկունք: Ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը: Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև: Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ և քրտնաջան, հետևողական, խելացի ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին: Թե ինչ ունենք և ինչ պետք է անենք, հակիրճ կներկայացնեմ ըստ ոլորտների: Անվտանգություն. Անշուշտ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին: Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները: Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում: Արտաքին քաղաքականություն. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝ • Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար: • Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան: Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, և՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար: • Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար: • Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ: Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է: • Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով: Հումանիտար և սոցիալական ոլորտ. Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Ուստի, ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն: Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ տեսանկյունից նախատեսում ենք մեկնարկել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ • Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները. • Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով. • Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով. • Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները. • Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով. • Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով. • Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը. • Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը. • ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից. • Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն. • Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն. • Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ. • Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները. • Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները: Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, և առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու և իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս և այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաև Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ ևս կհետևեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին և Արցախին կցուցաբերեն շարունակական և ուղղակի մարդասիրական աջակցություն: Ներքին քաղաքականություն. Ծանր կորուստներով պատերազմն ինքնին պետական ու քաղաքական համակարգերի համար ճգնաժամի մեծ աղբյուր է: Մյուս կողմից, պատերազմական ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ցանկացած պետության անհրաժեշտ է ներքին կայունություն ու միասնական աշխատանք, այլապես ճգնաժամերը կարող են երկար տևել ու խորանալ: Ինձ համար, բնականաբար, ընկալելի են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար և հաշվետու՝ ժողովրդի առջև: Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից: Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը:Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով... Այնուամենայնիվ, անկախ առկա իրավիճակի համար իմ իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո ես պատրաստ էի վայր դնել Հանրապետության նախագահի իմ լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չգնացի այդ քայլին: • Նախ՝ արդյո՞ք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար. • Երկրորդ՝ արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար. • Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը. • Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ: Այժմ գալով իմ որոշումներին ու ապագա անելիքներին, կուզեի շեշտադրել հետևյալ կետերը՝ • Սկսել եմ քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի և հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերը այս ճգնաժամը հաղթահարելու հարցում: Արդեն մի շարք ուժերի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ ու ջանքերի մեկտեղում, այլոց հետ շարունակում ենք քննարկումները, և տեսնում եմ հնարավորությունը բոլորի հետ փոխգործակցելու: Հարկ է ընդգծել, որ համագործակցությունը պետք է լինի լայն ընկալմամբ, այլ ոչ թե սահմանափակվի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ տարբեր պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման տեսքով: Այսինքն, յուրաքանչյուր կարողունակ ու սրտացավ ուժ ու անձ պետք է հնարավորություն ստանա իր ներուժը ծառայեցնելու մեր նույնական նպատակի կյանքի կոչմանը, իսկ այդ ճանապարհին ես միշտ բաց եմ լինելու բոլոր ուժերի ու անձանց հետ համագործակցելու հարցում. • Թեև Սահմանադրությունը Հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով, սակայն նշված համագործակցության ու միասնականության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստակամ եմ Հայրենիքի ու ժողովրդի համար կենսական նշանակության որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համախորհուրդ: Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը. • Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ. • Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից։ • Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ. • Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ. • Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ. • Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ: Պետական կառավարում. Այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա: Ուստի, նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը: Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գիտակցի, որ այժմ Արցախի բոլոր բնակիչները այսպես թե այնպես խոցելի են, և բոլորս պարտավոր ենք ծառայել նրանց, պարտավոր ենք ինքներս սրտացավության ու ծառայության օրինակ լինել մնացածի համար: Ես ակնկալում եմ, որ մեր հասարակությունում երկար ժամանակ կտիրի փոխօգնության ու համերաշխության աննախադեպ մթնոլորտ, ինչի շնորհիվ մեզ կհաջողվի արագորեն հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը: Ի դեպ, նշվածի համատեքստում կուզեի անդրադառնալ նաև առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին: Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ: Սիրելի՛ հայրենակիցներ Հիմնախնդիրներն ու մարտահրավերները չափազանց շատ են այս ժամանակահատվածում՝ երբեմն անկառավարելի ու անորոշ մեզ համար: Սակայն մեր նախորդ ու գալիք սերունդների առաջ պարտավոր ենք ամուր կանգնել Հայրենիքի փրկության ու զարգացման դիրքերում: Մենք ազգովի վճռական ենք պատվով դուրս գալու այս ծանր իրավիճակից, ուղղելու մեր մեջքը և առաջ շարժվելու մեր պատմական երթում: Մենք պարզապես իրավունք չունենք ձախողվելու այս փուլում, ինչը կարող է նշանակել բոլոր փուլերի ձախողում: Սա մեր արդար պայքարն է՝ մեր նախնիների պայքարի բնական շարունակությունը, և մենք միանշանակ հաջողելու ենք: Ամրություն, անվտանգություն ու հարատևում Հայոց Սուրբ Հայրենիքին»:
14:18 - 16 դեկտեմբերի, 2020
Ամբողջ ազգը դիտում է տեսանյութեր հայ զինծառայողների գերեվարման և սպանության մասին․ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Ամբողջ ազգը դիտում է տեսանյութեր հայ զինծառայողների գերեվարման և սպանության մասին․ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի, երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն չեն մխիթարում և փարատում այս վիճակը, այլև ավելի են խորացնում այն՝ հարկադրելով մարդկանց հայացքները պարզել այլ ուղղությամբ։Անհետ կորածների, զոհվածների ու գերեվարվածների ընտանիքները և ողջ ազգը այս վիճակում պահելը արդյո՞ք նպաստում է առանց այն էլ լարված մթնոլորտի լիցքաթափմանը, արդյո՞ք հարիր է արժանապատվության, բարոյականության և ՀՀ ու ԱՀ քաղաքացու հանդեպ ստանձնած պարտականությունների պատասխանատու իրագործման ընկալումներին։Անհայտ կորած մեր հայորդիների շարքում շարունակում է մնալ նաև Մայր Աթոռի միաբան Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ով առաջին իսկ օրից իբրև կամավոր մեկնեց առաջնագիծ։Մայր Աթոռում շարունակում ենք աղոթել և կոչ անում հայրենի իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք։Վերջին օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ռազմագերիների հարցով որոշակի քայլեր ձեռնարկվել են»։
11:48 - 16 դեկտեմբերի, 2020
Հին Շենն ապաշրջափակվել է։ Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից

 |armenpress.am|

Հին Շենն ապաշրջափակվել է։ Մանրամասներ Բերդաձորի տարածաշրջանում տիրող վիճակից |armenpress.am|

armenpress.am: Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին։ Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը։ Այսօր տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։ Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ։ Լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ ևս 100 հայ է գերեվարվել, որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի։ Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով։
00:06 - 16 դեկտեմբերի, 2020
Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է Շուշիի գյուղերում տիրող իրավիճակը
 |m.armeniasputnik.am|

Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է Շուշիի գյուղերում տիրող իրավիճակը |m.armeniasputnik.am|

m.armeniasputnik.am: Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները քիչ առաջ հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից։ Տեղեկությունը հայտնեց Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։«Երկու ժամ առաջ են հետ քաշվել։ Մենք պատրաստ ենք եղել բնակիչներին դուրս հանել գյուղերից, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն հետ են քաշվել, դրա կարիքը չկա։ Գյուղերի միջև ճանապարհը բաց է», – ասաց Միրզոյանը։ Հարցին, թե  Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի տարածքում կա՞ն արդյոք հայ զինծառայողներ, Միրզոյանը ասաց, որ բանակ որպես այդպիսին տեղում չկա։ «Զինվորներ կան, բայց համատարած կանգնած չեն, առաջնագիծ չկա, խրամատներ չկան», – ասաց նախարարը։ Նա շեշտեց, որ Շուշիի շրջանի բոլոր գյուղերը` բացառությամբ պատերազմի ժամանակ գրավված Շուշիի ամենախոշոր գյուղի` Քարինտակի, մտնում են Լաչինի 5 կմ–անոց միջանցքի մեջ և ըստ այդմ պետք է մնան հայկական կողմի վերահսկողության տակ։ Խոսքը Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր և Քիրսավան գյուղերի մասին է։«Հիմա ստացվում է` այդ գյուղերը շրջափակման մեջ են, սակայն դրանք Ադրբեջանին փոխանցելու կամ զիջելու մասին խոսք չկա։ Չնայած Խծաբերդի մասին էլ նման բան չկար, բայց նրանք հարձակվեցին ու գրավեցին գյուղը», – ասաց Միրզոյանը։  
23:52 - 15 դեկտեմբերի, 2020
ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ՄԽ համանախագահների հետ հանդիպման չեղարկումը մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին․ Արա Պապյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագաները վերջին օրերին տարածաշրջանային այցեր են իրականացրել․ դեկտեմբերի 12-ին նրանք Ադրբեջանում էին, իսկ երեկ այցելել էին Հայաստան։ ՀՀ վարչապետը նախօրեին ընդունել է համանախագահ երկրների ներկայացուցիչներին ու անհրաժեշտ է համարել ՄԽ համանախագահության ձեւաչափում բանակցությունների վերականգնումը: Իսկ ահա Արցախի նախագահի ու համանախագահների միջեւ նախատեսված հանդիպումը չեղարկվել է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է, որ պատճառը ոչ լիարժեք ձեւաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանն Արցախի նախագահի քայլը համարում է Արցախի շահերի դավաճանություն։ Infocom-ի հետ զրույցում Պապյանը մեկնաբանեց, որ անգամ Ալիեւը, որը համարում է, որ հարցը Մինսկի խմբի շրջանակներում չպիտի լուծվի եւ արդեն լուծված է համարում, այսինքն՝ շահագրգռված էլ չէ հանիդպել եռանախագահներին, չհամարձակվեց նրանց հետ չհանդիպել․ հանդիպեց, իր ասելիքն ասաց․ «Հիմա ինչ-որ մի տեղական իշխանիկ, որ իրենից ոչինչ չի ներկայացնում, հրավիրվում է մասնակցել աշխարհի երկու հզորագույն պետությունների ներկայացուցիչների հետ, Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկու երկրների հետ, մարդկանց հետ, որոնք առաջ են տանում հենց Արցախի շահերը, բայց չի գնում հանդիպման, որովհետեւ, ենթադրաբար, ինքը սպասարկում է ՌԴ շահերը։ Պարզ ասվում է, չէ՞՝ հանդիպումը չի կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ, քանի որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում։ Սրան դավաճանությունից բացի այլ անուն տալ չի լինի, այս դավաճանական վիճակով այդ մարդը չի կարող որեւէ խնդիր լուծել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դա մեծագույն նվերն էր, որ Արցախի իշխանությունը կարող էր տալ Բաքվին, եւ, ըստ էության, տվեց։ Պապյանի կարծիքով՝ այս քայլի հետեւանքով հարաբերությունները կարող են ավելի վատանալ համանախագահող երկու երկրների հետ, եւ սա այն դեպքում, երբ ինքներս շահագրգռված պիտի լինեինք նրանց հետ հանդիպում ունենալ ու նրանց ներգրավվածությունը հնարավորինս ակտիվացնել։ Ազգային-ժողովրդավարական բեւեռի ու Արա Պապյանի համոզմամբ եւս Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափում, ինչի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Ադրբեջանը պետք է իր զորքերը եւ վարձկան ահաբեկիչներին դուրս բերի պատերազմի միջոցով գրաված տարածքներից: Ըստ Բեւեռի՝ ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը պետք է որակվի ընդամենը որպես հրադադարի եւ հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները պետք է դատապարտվեն եւ առոչինչ ճանաչվեն:  Մեր զրույցում Պապյանը կարծիք հայտնեց, որ ՄԽ ձեւաչափը ձախողված չէ, իսկ շրջանառվող պնդումները, թե այսքան տարիներ այդ շրջանակում ըստ էության աշխատանք չի տարվել, դրա համար էլ զարգացումները հանգեցրել են պատերազմի, հիմնավոր փաստարկ չհամարեց․ «Դա ալիեւյան փաստարկ է․ ի՞նչ է նշանակում «այսքան տարիներ»․ 70-ականներից գնում է Կիպրոսի հակամարտությունը, Իսրայելա-արաբական հակամարտությունը՝ տասնյակ տարիներով, սա ամենաթարմ հակամարտությունն է, թող եւս 30 տարի բանակցեին, ո՞վ ասաց՝ պիտի արագ լուծվեր, եւ լուծվեր հօգուտ Ադրբեջանի։ Ընդհակառակը, Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը ռազմական ճանապարհով է լուծում հարցը՝ ոտնահարելով այսքան տարիների բանակցությունը։ Եւ, փաստացի, Ադրբեջանը ոտնահարել է իր իսկ ստանձնած պարտավորությունները, որովհետեւ բազմիցս է ստորագրել փաստաթուողթ, որտեղ հստակ գրված է եղել, որ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշում։ Առաջինը եղել է ուժի չկիրառումը, այսինքն՝ Ադրբեջանն իր պարտավորություններից հրաժարվել է, եւ եթե հիմա Ադրբեջանին տալ ուժով իր խլածը, նշանակում է խրախուսել միջազգային իրավունքի ոտնահարումը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միջազգային իրավունքը քրեական իրավունք չէ, որ ինչ-որ դատաստանագիրք լինի, դրանով պատժեն․ միջազգային իրավունքը պետությունների ստանձնած պարտավորություն է պարունակում։ Եւ, Պապյանի համոզմամբ, եթե նախադեպ է ստեղծվում, որ պետությունը կարող է ստանձնել պարտավորություն, հետո այն ոտանահարել, նշանակում է քանդել այդ ամբողջ իրավական դաշտը․ «Սա շատ վտանգավոր նախադեպ է, եւ դրա համար էլ մենք կարծում ենք, որ պիտի վերադառնանք Մինսկի խմբի ձեւաչափ, կարծում ենք, որ սա խնդրի լուծում չէ, սա պարզապես հրադադար է, եւ այն չի կարող լինել կապիտուլյացիոն փաստաթուղթ, այսինքն՝ որով զուտ ռազմական գործողությունները դադարեցնելու երկկողմ պարտավորությունց ինչ-որ տարածքների հանձնում լինի, սահմանային հարցեր, եւ այլն։ Եթե այդպես է, նշանակում է ոտնահարվում է ոչ միայն միջազգային իրավունքը, այլ նաեւ ՀՀ Սահմանադրությունը․ երկրի ղեկավարն իրավունք ունի միանձնյա միայն հրադադարի պարտավորություն ստանձնել, բայց ոչ այնպիսի պարտավարություններ, որոնք արդեն միջպետական պայմանագրի կարգավիճակ ունեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ միակ ելքը ՄԽ շրջանակներին վերադարձն է․ «Հիմա այսպիսի անարդար իրավիճակ է, ոտնահարվել են մի կողմի իրավունքները՝ այն պատճառով, որ այդ մի կողմն այսօր ավելի թույլ է։ Մենք պիտի ուժեղանանք եւ զենքի ուժով խնդի՞ր լուծենք, սա՞ են ուզում։ Սա բերելու է փակ ցիկլի, մի անգամ մենք ենք ուժեղ լինելու, մի անգամ՝ իրենք․ հարցը պիտի լուծվի բանակցություններով՝ Մինսկի խմբի շրջանակում։ Պիտի վերադառնանք այն կետին, որին կայինք մինչեւ այս պատերազմի սկիզբը։ Պարզապես հայկական կողմը, երբ խոսում է տարածքային ամբողջականության մասին, պիտի անպայման հստակեցնի՝ ինչ տարածքի մասին է խոսքը, արդյոք ՍՍՀՄ վարչական միավորի տարածքը կարո՞ղ է համարվել միջազգային իրավունքի սուբյեկտի տարածք, թե՞ ոչ»։  Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին՝ Ազգային-ժողովրդավարական բեւեռը եւս այն համոզմանն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա։ Արա Պապյանի խոսքով՝ պնդումը, թե հրաժարականը կհանգեցնի իրավիճակի ավելի վատթարացման կամ բախումների, ճիշտ չէ, որովհետեւ Փաշինյանը, հեռանալով վարչապետի պաշտոնից, շարունակելու է մնալ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության առաջնորդը․ «Ինքն է բոլորին բերել այդ խորհրդարան, ինքն էլ բոլորին տիրություն է անում, այնպես որ՝ հանգիստ կարող է խորհրդարանի միջոցով վերահսկել այն անձին, որը կլինի ժամանակավոր վարչապետ՝ մինչեւ խոստացած փոփոխությունները տեղի ունենան, հետո երկիրը կգնա ընտրությունների, եւ դրանով կորոշվի երկրի ճակատագիրը։ Կարծում եմ՝ դա է միակ ելքը, հակառակ դեպքում ճգնաժամային վիճակը շարունակվելու է, եւ երկիրը դուրս չի գալու այդ վիճակից»։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը կհեռանա, եթե ժողովրդի հստակ կամարտահայտում լինի, Պապյանն ասաց, որ Փաշինյանը պիտի հստակեցնի՝ ինչ է նշանակում կամարտահայտություն լինի կամ չլինի․ «Ենթադրենք՝ չկա կամարտահայտում, ինքը պարտված վարչապետ չէ՞, ինքը չի ստորագրե՞լ կապիտուլյացիա, ինքը, երկուսուկես տարի լինելով երկրի ղեկավար, կարո՞ղ է նշել մի ոլորտ, որտեղ հաջողություն ենք ունեցել։ Ի վերջո կա սեփական խղճի դատարանի հարցը, սեփական գործունեության գնահատականը։ Անկախ նրանից՝ ժողովուրդն ուզում է, թե չէ, ինքը պիտի հրաժարական տա։ Գամալ Աբդել Նասերը, երբ պարտվեց Իսրայելին, հրաժարական տվեց եւ գնաց, հետո ժողովուրդը կամարտահայտությամբ նրան հետ բերեց, բայց նա ուներ այնքան խիղճ եւ քաղաքական իրատեսություն, որ գնաց։ Ադոլֆ Հիտլերը, երբ պարտվեց, ինքնասպան եղավ, Ճապոնիայի ամբողջ կառավարությունը, երբ պարտվեց, հարակիրի արեց (ճապոներեն՝ փորը կտրել), հունական ռազմական ամբողջ ռազմական ու քաղաքական ղեկավարությունը, երբ պարտվեց, գնդակահարվեց, անգամ Նապոլեոնը, երբ պարտվեց, աքսորվեց սուրբ Հեղինե կղզի։ Այդպիսի բան չկա աշխարհում, որ մեկը պարտվի պատերազմում, այն էլ նման ջախջախից ու խայտառակ ձեւով, շարունակի մնալ իշխանության։ Սա արդեն զավեշտ է»։  Պապյանի խոսքով՝ կա մեկ ձեւ՝ որոշելու, թե ինչպիսին է ժողովրդի կամարտահայտությունը․ գնալ ընտրությունների․ «Գնա ընտրությունների, ժողովուրդը քվեն կտա քեզ՝ կիմանաս, որ չի ուզում գնաս, նորից քեզ կընտրի, չի տա քվեն՝ ուրեմն ուզում է՝ գնաս։ Ընդհանրապես, ցանկացած լուրջ հարցից առաջ կառավարությունը նորից գնում է ժողովրդի մոտ եւ հանրաքվեի եղանակով խնդրում է, որ վերահաստատի իրեն տված լիազորությունները։ Այսօր առանձին հանրաքվեն մեզ համար ծախսաշատ հաճույք է, դրա համար միանգամից ընտրությունով հնարավոր է այդ ամենը հստակեցնել»։  Իսկ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ու խոստացած բարեփոխումները, Պապյանի համոզմամբ, հնարավոր է կեսից մեկ տարում իրականացնել․ պետք է գա ժամանակավոր վարչապետ, իրականացնի այդ քայլերը, կազմակերպի ընտրություններ։ Եւ պնդումը, թե Փաշինյանի հրաժարականի դեպքում նախկինները կվերադառնան, ըստ մեր զրուցակցի, մանր, գավառական խորամանկություն է․ «Ի վերջո խորհրդարանն է ընտրելու վարչապետ։ Հիմա մի թեկնածություն այդ խմբավորումն է առաջադրել (Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները,- խմբ․), մի թեկնածու էլ՝ խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Կարող է՝ մեկ-երկու թեկնածություն էլ առաջադրի հենց «Իմ քայլը»՝ իր շարքից։ Ընդհանրապես, ճիշտ կլիներ, որ «Իմ քայլը» գտներ տնտեսական շրջանակներում մի ապաքաղական անձի, նրան էլ առաջադրեր։ Թող խորհրդարան ներկայացվեն ժամանակավոր վարչապետի մի քանի թեկնածություններ, խորհրդարանն ընտրի։ Ի՞նչ է, այդ տասնյոթից դուրս այլ մարդիկ չկա՞ն, եւ ես չեմ կարծում, որ խորհրդարանն անպայմանորեն պնդելու է, որ ընտրվի հենց Վազգեն Մանուկյանը։ Ես կարծում եմ՝ եթե թեկնածուն չեզոք լինի, չլինի «Իմ քայլ»-ից ու տասնյոթից, դրան էլ բոլորը կհամաձայնվեն։ Կարեւոր է, որ այդ անձը լինի տնտեսական լավ ղեկավար, որովհետեւ ծանր վիճակ է սպասվում, եւ կարողանա ապահովել օրենսդրական փոփոխություններն ու ընտրությունները»,- եզրափակեց Ազգային-ժողովրդավարական բեւեռ նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արա Պապյանը։ Հայարփի Բաղդասարյան
19:53 - 15 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է արցախահայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ

Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է արցախահայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux»  հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:  Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպմանը Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:  Արման Թաթոյանն ընդգծել է իր այն եզրակացությունը, որ տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ հանգեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ անմարդկային դաժանությունների ու վայրագությունների, ինչն արտացոլված է Պաշտպանի  հրապարակած արտահերթ զեկույցում։ Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն:
19:48 - 15 դեկտեմբերի, 2020
«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է

«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է

Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է։ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է իր բովանդակությամբ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
16:17 - 15 դեկտեմբերի, 2020