armenpress.am: Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանել է Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։ Ի՞նչ իրավիճակ է այս պահին։
Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը։
Այսօր տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։ Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը։
Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ։
Լրատվամիջոցներում տեղեկություններ ու տեսանյութեր հայտնվեցին, ըստ որոնց՝ ևս 100 հայ է գերեվարվել, որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի։
Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չեմ բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։ Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով։
comment.count (0)