Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երեւանի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա հայտնեց, որ համաձայն ԿԸՀ-ի՝ 2021-ի դեկտեմբերի 29 արձանագրությունների՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակից ընտրված Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասի։ ԿԸՀ հունվարի արձանագրությունների համաձայն՝ Օվսաննա Հովսեփյանի եւ լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են Արմեն Մանուկկյանին եւ Շուշաննա Սիրականյանին, նրանք եւս դիմումներ են ներկայացրել իրենց լիազորութունները դադարեցնելու մասին։ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի եւ Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին։ Աննա Ավանեսյանը եւ Վահան Ներսիսյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Աննա Ավանեսյանի եւ Վահան Ներսիսյանի մանդատները տրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Լեւոն Սահակյանին եւ Մանուել Մարգարյանին։
11:34 - 08 փետրվարի, 2022
Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով |armtimes.com|

Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով |armtimes.com|

armtimes.com: Առաջիկա 10 օրվա ընթացքում Երեւանում եւս երկու երթուղի կշահագործվի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով: Այս մասին այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը: «Արդեն ավարտել ենք վարորդների հավաքման փուլը։ 7 օրվա ընթացքում կունենանք մրցույթի արդյունքները, որից հետո կշարունակենք երթուղիների սպասարկումը»,- ասաց նա: Հիշեցնենք՝ մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, 2021 թվականի դեկտեմբերի 12-ից սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով։ Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է շուրջ 17 երթուղի: Երեւան քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 ավտոբուս կգնի 2022 թվականին: Բացի այդ, Եվրամիության գործընկերների հետ վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կգնվի եւս 100 ավելի մեծ՝ 12-մետրանոց ավտոբուս:
14:38 - 07 փետրվարի, 2022
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են` առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Ա.  Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
11:49 - 07 փետրվարի, 2022
Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին

Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին

Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարությունն ընթանում է ամբողջ թափով:Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24մ: Այն ունի 7 ուղեանց, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում:Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է Հրազդան գետի վրա կառուցված մետաղական կամուրջը, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում: «Բավականին լավ համագործակցություն եղավ ֆրանսիական նախագծող կազմակերպության, իսպանական, վրացական կազմակերպությունների, ինչպես նաև մեր տեղական կապալառուների հետ: Պետք է նշեմ նաև, որ բավականին լավ արդյունք ունենք, աշխատանքներն ընթանում են ըստ նախանշվածի, խնդիրներ չունենք և ակնկալում ենք, որ արդեն մայիսին ամբողջությամբ կբացենք: Արդյունքում կունենանք մեկ ընդհանուր ճանապարհ, որը հնարավորություն կտա շրջանցել Երևանի կենտրոնական փողոցները»,- նշել է քաղաքապետը: «Կամրջի շինարարությունը գրեթե ավարտել ենք: Եվրոպական չափանիշներին համապատասխան կառույց է: Վստահաբար կարող եմ ասել, որ գործող ճանապարհից այն ավելի ապահով կլինի և որ կարևոր է՝ վարորդների համար զգալիորեն կկրճատի Արգավանդից Շիրակ տեղափոխվելու ճանապարհահատվածը: Շատ հպարտ եմ, որ ավարտին ենք հասցնում այս մեծ նախագիծը: Շատ դժվար էր աշխատել քովիդի և պատերազմական իրավիճակի պայմաններում, բայց լավ թիմի ու համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացանք հասնել արդյունքի»,- ասում է վերահսկող կազմակերպության անձնակազմի ղեկավար Պիեր Մորիսը:Կարևոր այս նախագծի իրագործումը որքան պատասխանատու էր շինարարների համար, նույնքան էլ՝ քաղաքային իշխանությունների: Ճանապարհաշինության ընթացքում եղան նաև անհանգստություններ որոշ քաղաքացիների կողմից: Նախագծում նրանց առաջարկով փոփոխություններ արվեցին: «Բոլոր մեծածավալ շինարարությունները ենթադրում են որոշակի դժվարություններ, և այս ճանապարհահատվածի շինարարության պարագայում էլ առանց երթևեկության կազմակերպման փոփոխության հնարավոր չէր աշխատանքներ իրականացնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր համաքաղաքացիներին՝ համբերատար լինելու համար. ծրագիրն իրականացվեց, ճանապարհը կառուցվեց: Մի քանի ամսից արդեն ճանապարհը բաց կլինի շահագործման համար, և բոլորը կզգան, թե որքան հարմար է երթևեկել նոր ճանապարհով»,- ասել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը: Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում`ճանապարհաշինությունից ավտոբուսների հավաքակազմի համալրում, տրանսպորտի համակարգման կենտրոնի ստեղծում ու լուսացույցների կառավարում: Արդեն իսկ բանակցություններ են ընթանում կառավարության հետ՝ ևս մեկ՝ Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատված կառուցելու նպատակով: «Այս պահին բանակցում ենք «Սիմենս» կազմակերպության հետ, որպեսզի մոտ ժամանակներս լուսացույցների համատեղ կառավարման փորձնական համակարգ ներդնենք մի քանի խաչմերուկներում, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, կսկսենք փուլ առ փուլ շարժվել առաջ: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մենք որոշ աշխատանքներ կատարել ենք և շարունակում ենք իրականացնել: Մոտ ժամանակներս արդեն, կարծում եմ, եվրոպական արտադրության ավտոբուսների ձեռքբերման մրցույթը կայացած կլինի, և ակնկալում ենք, որ 2022թ. արդեն դրանք կլինեն Երևանում: Կարծում եմ՝ այս ծրագրերով հնարավորություն կունենանք վերափոխելու Երևանն ու դարձնելու մարդակենտրոն և հարմարավետ՝ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի ֆինանսավորմամբ կառուցվող նոր ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Անընդհատ երթևեկությամբ այն կապ կհաստատի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների միջև:   
14:45 - 04 փետրվարի, 2022
Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում, քննարկվի և ըստ ավագանու անդամների որոշման` թեկնածուն հաստատվի կամ չհաստատվի այդ պաշտոնում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը: «Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում և քննարկվի և, ըստ ավագանու անդամների որոշման, հաստատվի կամ չհաստատվի թեկնածուն: Որոշումը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կայքում: Ներկայումս որևէ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ` մինչև Երևանի ավագանու նիստին չներկայացվի և չքննարկվի»,- ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:
13:27 - 02 փետրվարի, 2022
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքը

Երևանի քաղաքապետարանում հունվարի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, կարևորելով համայնքային ծառայության պատշաճ կազմակերպումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գործառույթներն անձամբ է համակարգելու: «Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ, մենք պետք է լինենք առաջամարտիկ. մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝  Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում գարնանը նախատեսվում է ծառատունկ կազմակերպել: Քաղաքապետարանի տարեկան ծրագրերով աշխատանքներ կտարվեն նաև ոռոգման ցանցում առկա խնդիրները լուծելու նպատակով: Ջուրը այդ տարածք հասցնելու նպատակով նախորդ տարի հիմնական ջրատարի 1.9 կմ խողովակաշար է փոխարինվել: Քաղաքապետը հանձնարարել է մնացած 377 մետրն էլ փոխարինել այս տարի, որպեսզի համայնքապատկան տարածքի ոռոգման խնդիրն ամողջությամբ լուծում ստանա: «Մայրաքաղաքում մայթերի պատշաճ ձնամաքրումն ապահովելու նպատակով համայնքը նախատեսում է ձեռք բերել հատուկ տեխնիկա: Հարկ է նշել, որ մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Դեռևս 2009-ին Երևանի ավագանու ընդունած որոշման համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածքները:Ձմռան ամիսներին հետիոտնի ու երթևեկության անվտանգությունն ապահովելու համար քաղաքում լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ամառային անվադողերով երթևեկող վարորդները: Քաղաքապետը հանձնարարել է տեղեկատվություն տրամադրել ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք բերված պարտավորությունների մասին և ճշտել՝ օրենքում փոփոխություններ կատարվե՞լ են, թե ոչ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընթացիկ տարում ամբողջությամբ կարդիականացվի Հանրապետության հրապարակի շատրվանների կառավարման համակարգը: Հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ հնարավորին շուտ գործարկվի շատրվանային համալիրի երաժշտական ու լազերային շոուի համակարգը: «Երևանի քաղաքապետարանը դիտարկում է Եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Դրանք կարևոր դեր կունենան քաղաքի տնտեսական զարգացման համար: Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ խնդիրը լուծելու նպատակով հանդիպումներ են կայանում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման առնչությամբ քաղաքապետի օգնական Սեյրան Մեջլումյանը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատակիցների վերապատրաստումից անմիջապես հետո քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ կկազմակերպվի նոր համակարգով: Աշխատանքային խորհրդակցությանը տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետարանի սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը հունվարի 26-ի դրությամբ կազմում է 2 մլրդ 932 մլն. դրամ, կատարողականը՝ 113 %: Եկամուտների հաշվառման և գանձման վարչության բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանն էլ զեկուցել է, որ այն 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 160 մլն. դրամով:  
22:43 - 31 հունվարի, 2022
Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն արդեն իմ ենթակայության տակ է լինելու․ Երևանի քաղաքապետ |1lurer.am|

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն արդեն իմ ենթակայության տակ է լինելու․ Երևանի քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կարևորեց կադրային ճիշտ քաղաքականությունը և հայտնեց, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը լինելու է իր ենթակայության ներքո: «Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ՝ մենք պետք է լինենք առաջամարտիկ, մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել համայնքային ծառայությունը: Նաև նշեմ, որ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունն արդեն իմ ենթակայության տակ է լինելու, անձամբ եմ այդ համակարգումն իրականացնելու»,- ասաց Սարգսյանը: Նա հայտնեց նաև՝ այն ոլորտները ևս, որոնք նախկինում ինքը համակարգել է որպես քաղաքապետի առաջին տեղակալ, իր անմիջական վերահսկողության ներքո են լինելու: ««Փարքինգ սիթի սերվիս»-ը, «Երևանի ավտոբուս»-ը, «Երևանի մետրոպոլիտեն»-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ»-ը, «Գերատեսչական շենքերի պահպանում և շահագործում» ՓԲԸ-ն իմ անմիջական կուրացիայի տակ են լինելու: Բազում փոփոխություններ եմ իրականացրել այս 3 տարիների ընթացքում, այդ փոփոխություններն ինձնից լավ այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող իրականացնել»,- ասաց նա:
11:58 - 31 հունվարի, 2022
Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել․ քաղաքապետ

Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ՀՀ ԶԻնված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել։ Ուղերձում մասնավորապես ասվում է․  «Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու փառապանծ ուղի անցել մեր բանակային ստորաբաժանումները, և այդ ճանապարհին, ինչպես պետությունը, այնպես էլ հայ ընտանիքներն իրենց հերթին փորձել են անել հնարավորինը՝ նպաստելով բանակաշինության գործին ու բանակի հզորացմանը: Հայոց պատմության էջերը թերթելով՝ ակնհայտ է դառնում, որ մշտապես ունեցել ենք ինքնապաշտպանության խնդիր: Մեր սահմանները պարբերաբար ենթարկվել են ոտնձգությունների: Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների մասնակցությունն արցախյան ազատագրական պատերազմին կամարտահայտման, վճռականության ու միասնականության լավագույն դրսևորումներից է: Ցավոք, մեզ պարտադրված այդ պատերազմում ծանր կորուստներ ենք ունեցել: Բոլորիս սրտերում դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերը, բայց հայ զինվորը, վստահաբար, չի պարտվել: Խոնարհումս՝ մեր անմահացած հերոսների հիշատակին: Միաժամանակ վստահեցնում եմ, որ Երևան համայնքը, Երևանի քաղաքապետարանն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում արել և անելու է ամեն ինչ՝ մեր նահատակված եղբայրների ընտանիքներին սատարելու, վիրավորում ստացած զինվորների կողքին լինելու ու համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: Քաղաքապետարանի հատկապես սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր առաջնահերթորեն հենց այդ նպատակին են ուղղվել: Հարգելի զինծառայողներ, պատերազմի վետերաններ, չնայած մեզ բաժին հասած ծանր փորձություններին, վստահ եմ, որ մեր ժողովրդի աննկուն կամքի, հավատի ու նվիրումի շնորհիվ, պետության, համայնքների ու բոլորիս ջանքերով մեր Ազգային բանակը կարճ ժամանակում կհաղթահարի բոլոր դժվարությունները: Ի սրտե շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հոբելյանական՝ 30-րդ տարեդարձը: Իմ և երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից մեր բոլոր զինծառայողներին մաղթում եմ առողջություն ու խաղաղ ծառայություն: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրերով ու նախաձեռնություններով շարունակելու է համակողմանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին ու զինծառայողներին»:
11:41 - 28 հունվարի, 2022
Գայանե Մելքոմյանը դադարեցրել է իր գործունեությունը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Գայանե Մելքոմյանը դադարեցրել է իր գործունեությունը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում։   «Սիրելի՛ ընկերներ, երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում, նախ որպես ավագանու անդամ, ապա՝ քաղաքապետի տեղակալ, իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը, և աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները։   Խորապես ափսոսում եմ թե՛ դրա, թե՛ ինձ վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Բայց իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ։   Շնորհակալ եմ Հայկ Մարությանին և բոլոր գործընկերներիս՝ վստահության ու համատեղ աշխատանքի, ընկերներիս՝ աջակցության և միասին երազելու համար»,-ասված է գրառման մեջ։ 
20:42 - 26 հունվարի, 2022
Երևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնից

Երևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ 1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ 2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։ Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները: Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:
13:20 - 26 հունվարի, 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է քաղաքապետին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության։ Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Քննարկման առանցքում եղել են նաև «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացմանը, հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանն ու մանկապարտեզաշինությանը, ինչպես նաև մայրաքաղաքի մաքրության ապահովման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը կգտնվի իր ուշադրության կենտրոնում։
17:24 - 25 հունվարի, 2022
Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին

Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն հունվարի 20-ի ստուգայցեր են իրականացնում և տուգանք կիրառում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործող առևտրի օբյեկտների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների: Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա»,- ասվում է հաղորդագրության մեջ: ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեր աշխատակիցները վերահսկողության իրականացման նպատակով պարբերաբար այցելել են առևտրի կետեր, բացատրական աշխատանքներ տարել տնտեսվարողների հետ՝ օրենքի պահանջը կատարելու և թույլատրելի տոպրակների օգտագործմանն անցնելու համար: Այսօրվանից արդեն սկսել ենք ստուգայցերը, միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով» ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է: Օրվա ընթացքում կազմվել է ավելի քան 60 արձանագրություն: 50 միկրոն և ավելի հաստությամբ տոպրակները, որոնք հնարավոր է օգտագործել բազմակի, առայժմ թույատրելի են, բայց, իհարկե, տնտեսվարողները, ժամանակի ընթացքում պետք է անցնեն այլընտրանքային լուծումների»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Ըստ աղբյուրի՝ օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները բնության մեջ քայքայվում են ավելի քան 400 տարվա ընթացքում: Մասնագետներն այս կերպ մտադիր են էապես նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը:  
19:58 - 20 հունվարի, 2022