Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն
15:03 - 26 ապրիլի, 2022

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:

Այն հիմնվել է «Ռոն–Հայաստան-վերապատրաստում-փոխանակումներ» ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների ու ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի քաղաքապետարանն այսօր կենտրոնի գլխավոր գործընկերն է:Կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ քաղաքապետի առաջին տեղակալն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել շուրջ 200 սաների համար ստեղծված պայմաններին: Մասնագիտական որակյալ կրթություն, ֆրանկոֆոնիայի տարածում և ճանապարհ դեպի միջազգային հարթականեր. Երևանում շուրջ 20 տարի գործունեություն ծավալող կրթօջախը պատանիներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն է տալիս: Կենտրոնում ուսուցանվում է խոհարարական, ատամնատեխնիկական գործ, կարի արտադրության տեխնոլոգիա, ինչպես նաև վարսավիրական արվեստ և դիմահարդարում: Այս տարի բացվել է նաև հրուշակեղենի տեխնոլոգիա բաժինը:

Այցի ընթացքում ներկայացվել է նաև կենտրոնի զարգացման ծրագիրը: Կարևորելով կրթօջախի գործունեությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել