ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Երևանի Կիևյան փողոցում կնոջ նկատմամբ բռնության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

Երևանի Կիևյան փողոցում կնոջ նկատմամբ բռնության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2022 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, նույն օրը Երևան քաղաքի հիշյալ փողոցում քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին մի խումբ անձանց հետ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ: «Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:33 - 05 մայիսի, 2022
ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում |pastinfo.am|

ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում |pastinfo.am|

pastinfo.am: ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից խաղաղ անհնազանդության ակցիաները լուսաբանող «Mediahub» լրատվականի լրագրողի և օպերատորի մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։ Հիշեցնենք, որ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում խոչընդոտել էր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի նկատմամբ։ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից «Mediahub»-ի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը զուգորդվել էր բռնության գործադրմամբ, այն է՝ անհնազանդության ակցիաները նկարահանելու ժամանակ նրան ոտքով հարվածելու մասին տեսանյութը և դրա վերաբերյալ հաղորդումները դատախազությունն ուղարկել է ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։
13:53 - 05 մայիսի, 2022
Մեղրիից Երևան ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք տեղափոխել փորձող անձինք ձերբակալվել են

Մեղրիից Երևան ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք տեղափոխել փորձող անձինք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, 2022թ. մայիսի 1-ին ժամը 06:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կիլոմետրի հատվածում տեղադրված հենակետում կատարված ստուգմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Acura» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են «РПК» տեսակի «КП 3310» և «СО 7446» համարների հրազեններ, երկու պահունակ՝ լիցքավորված 45 և 23 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով, ինչպես նաև՝ 8 հատ դատարկ պահունակ: Հիշյալ ավտոմեքենայի՝ 1974թ. ծնված վարորդը և երկու ուղևորները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք փոխադրելու կասկածանքով։ Վերջիններս ձերբակալվել են։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի, ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ բազմակողմանի և լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:43 - 02 մայիսի, 2022
«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

«Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի ընթացքում մի խումբ մասնակիցներ, անտեսելով պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված պահանջները, բողոքի ակցիա իրականացնող այլ անձանցից առանձնանալու, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված՝ խախտել են հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք. նրանցից Երևանի 42-ամյա բնակիչ Ա.Խ.-ն, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նշված վայրում քայլող՝ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Հիշյալ քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել՝ Ա. Խ-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ հանրորեն վտանգավոր վերոնշյալ արարքը կատարելու համար: Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Լեո-Պարոնյան խաչմերուկին հարակից հատվածում ծեծի է ենթարկվել «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:29 - 29 ապրիլի, 2022
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է համածառայակիցը

Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է համածառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում: 2022թ. ապրիլի 29-ին համածառայակիցը ձերբակալվել է՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:22 - 29 ապրիլի, 2022
Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց
 |factor.am|

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված. վերաքննիչ բողոքը մերժվեց |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Հովսեփյանի կալանքի ժամկետը կրկին երկարեցվել էր փետրվարի 28-ին։ Պաշտպանական թիմը հայտարարել էր, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։ Դիմումի մասով մինչ օրս պատասխան չի ստացվել։   Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն օրեր առաջ է ավարտվել։ Factor.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նախաքննությամբ ապացուցվել է՝ Հովսեփյանը պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամի գույք։   «Ավելի քան 6 մլրդ 800 միլիոն դրամ եկամտի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Հովսեփյանը կառուցել է Բյուրականի առանձնատունը: Առանձնատունը նախկինում պատկանել է Նկարիչների միությանը։ Այն ունի 2 հա-ից ավելի տարածք, բազմաթիվ շինություններ: Ապօրինի ճանապարհով ստացած գումարներով Բյուրականում գտնվող առանձնատունը կառուցելու արդյունքում դրա արժեքը բարձրացել է, կազմում է 1 մլրդ դրամից ավելի: Բացի այդ՝ հանցավոր ճանապարհով ստացած գումարով Մաշտոցի պողոտայում ձեռք է բերվել 2 բնակարան, ավտոտնակ: Հովսեփյանը, նախկին «Երևան» հեռուստաընկերության սեփականատիրոջից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրգործերի մասին, հովանավորչության համար որպես կաշառք պահանջել է 206 մլն դրամ արժեքով 50 բաժնետոմս, որը ստացել է որդուն նվիրաբերելու եղանակով»,- նշվում է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներում։    Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացած եկամուտն օրինականացնելու համար: Առաջադրված մեղադրանքները ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահը չի ընդունում։    
15:33 - 29 ապրիլի, 2022
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահը ընկերության գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար. ՔԿ

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահը ընկերության գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաև նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000  դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։ Նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը և չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2֊րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:18 - 28 ապրիլի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ողջունելով հյուրին՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է հանդիպման ձևաչափը և նշել, որ հատկապես հետպատերազմական շրջանում առկա են  համատեղ քննարկման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր և որոշակի գործընթացներ: Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է 2020 թվականի արցախյան պատերազմի սանձազերծման, խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու և բռնի անհետացման դեպքերը։ Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ագրեսիվ պատերազմի ընթացքում զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների մասին՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության առաջին իսկ օրերից, համագործակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ՝ ապահովելով նաև հիշյալ կառույցի կողմից բարձրացված բոլոր հարցերի հրատապ արձագանքն ու պատշաճ աջակցության ցուցաբերումը՝ մասնավորապես տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով՝ նախաքննությամբ հաստատված թվով 205 անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած 777 անձանց որոնողական աշխատանքների խնդիրը։ Առաջնահերթությունների շարքում ներկայացվել է ներկայում Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև բռնի անհետացած անձանց կարգավիճակի հստակեցմանը վերաբերող խնդիրները։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ներկայացրել է պատվիրակության կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իրականացված և նախատեսվող գործընթացների, ռազմական գործողությունների վայրերում կատարվող որոնողական աշխատանքների առանցքային ուղղությունները, ինչպես նաև մարդասիրական իրավունքի ոլորտում նախաքննական մարմնի հետ շփումների հիմնական դրսևորումներն ու համագործակցության շրջանակները: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդյունավետ գործունեություն է ծավալել  ադրբեջանական կողմից հաստատված գերիների հետ տեսակցությունների և վերջիններիս հարազատների հետ կապի ապահովման, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների կատարման և տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցերում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև քննարկված հարցերի մասով հետագա արդյունավետ և շարունակական փոխգործակցության, վերջինիս ուղղությունների առավել ընդլայնման շուրջ՝ մասնավորապես կարևորելով գերեվարման փաստերի, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կազմակերպումն ու ցանկալի արդյունքների ապահովումը:
18:18 - 27 ապրիլի, 2022
Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել․ պաշտպան
 |hetq.am|

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել․ պաշտպան |hetq.am|

hetq.am: Երեկ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված ոստիկանը դեռևս չի հարցաքննվել: Այսօր պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին ասաց ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենք աջակցելու են գործի քննությանը, ինչ եղել է՝ հայտնելու են, ձերբակալման դեմ բողոք չեն ներկայացրել և չեն պատրաստվում ներկայացնել: «Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել: Դա պետք է տեղի չունենար: Մենք ցավակցում ենք հարազատներին: Որևէ մեկը չէր ցանկանա մահվան ելքով վրաերթ կատարել: Դա անզգուշությամբ է տեղի ունենում»,- ասաց Ռուբեն Բալոյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Բալոյանն այս պահին իր պաշտպանյալին վերագրվող կասկածանքի առնչությամբ շատ մանրամասներ չի հայտնում, բայց պնդում է, որ ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում: «Այսինքն՝ երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Կրկնում եմ՝ երբ տեսուչն է ժեստերով և ազդանշաններով կարգավորում երթևեկությունն, այդ պահին լուսացույցով աշխատանքը չի գործում: Այսինքն՝ երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը: Պաշտպանը չպատասխանեց հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել վթարը, ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել այն՝ նշելով, որ գործն այս պահին գտնվում է քննության սկզբնական փուլում, և նպատակահարմար չէ պատասխանել հարցերին՝ արդյոք վթարը ոստիկանի անուշադրության, թե՞ հղի կնոջ՝ երթևեկության կարգավորմանն ուղղված պահանջները չկատարելու հետևանք է: Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել նաև դեպքի վայրը լքելու առթիվ, Բալոյանը պատասխանեց, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: Պաշտպանը դիտարկում է, որ այն իրավիճակներում, երբ վրաերթի հետևանքով անձը կոտրվածքներ ունի, նպատակահարմար է նրան անշարժ դիրքում թողնելը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան բժիշկները, ինչը, փաստորեն, ըստ պաշտպանի, արագ արվել է: «Փորձում են ներկայացնել, իբրև ոստիկանը փախուստի է դիմել. այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց Բալոյանը և նշեց, որ հրամանատարի մեքենան բոլորին հայտնի է, նրա անձը՝ նույնպես: Մեր հարցին՝ վարչապետի անվտանգությունն ապահովող մեքենան, վթարի պարագայում իրավունք կամ պարտականություն ունի՞ կանգնելու, Բալոյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող. դրա համար անհրաժեշտություն կա որոշակի փաստաթղթեր ուսումնասիրելու: Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը
15:56 - 27 ապրիլի, 2022
Լեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:   Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
23:12 - 26 ապրիլի, 2022
Մեղադրանք է առաջադրվել տելեգրամյան էջում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

Մեղադրանք է առաջադրվել տելեգրամյան էջում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Նախնական տվյալներով, Telegram սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Telegram սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը: Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է:
14:17 - 23 ապրիլի, 2022
ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն

 |armenpress.am|

ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն  և այն հավասարեցված  կլինի թմրամիջոցների իրացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը: Նրա կարծիքով՝ այդ  քայլով ևս թմրամիջոցների գովազդ կատարող բազմաթիվ անձանց դժվարություններ կպատճառվեն: Անդրադառնալով Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված թմրամիջոցի  գովազդի դեպքին, Համբարյանն ասաց, որ նմանատիպ գովազդներ հայտնվում են ՀՀ տարբեր շինությունների վրա: «Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանում տեղադրված ցուցանակի վրա նշված էջը կառավարող անձը կալանավորված է: Նրա տան խուզարկության ընթացքում 2 կգ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել: Ներկայումս նախաքննական մարմնի կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում խմբի կազմում ընդգրկված և գովազներ տարածող, ինչպես նաև՝ թմրամիջոցներ տեղադրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-հավելեց նա: Հովհաննես Համբարյանի խոսքով՝ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է: Համացանցում բավականաչափ տարածում և կոնկրետ մեծ պահաջարկ ունեն  մեֆեդրոն և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները:  
15:31 - 15 ապրիլի, 2022
Քննչական կոմիտեն Հայաստանում համացանցի միջոցով թմրաշրջանառությամբ զբաղվող 6 կազմակերպված խումբ է հայտնաբերել


 |armenpress.am|

Քննչական կոմիտեն Հայաստանում համացանցի միջոցով թմրաշրջանառությամբ զբաղվող 6 կազմակերպված խումբ է հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի քննչական կոմիտեում քննվող քննչական գործերի նախաքննության շրջանակներում  հայտնաբերվել են թմրաշրջանառությամբ զբաղվող վեց կազմակերպված խմբեր, որոնց կողմից կառավարվել են 30-ից ավելի «Տելեգրամ»-ի  ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը: Նրա խոսքով՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր շուկայական արժեքը՝ ըստ իրենց կայքերում վաճառքի գների, գերազանցել է 250 միլիոն դրամը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում արդեն իսկ  հայտնաբերված դրամապանակներով կատարված գումարային շրջանառությունը գերազանցում է 700 միլիոն ՀՀ դրամը: «Բացի այդ կատարված խուզարկություններով Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնցում հատուկ սենյակներ  հարմարեցված են եղել թմրամիջոցների աճեցման համար: Հայտնաբերվել է նաև մեկ բնակարան, որը նախատեսված է եղել «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պատրաստման համար»,-ասաց նա: Համբարյանը փաստեց, որ ներկայումս անձը կարող է տանից դուրս չգալով պատվիրել և ստանալ թմրամիջոց առաքանու միջոցով: «Ներկայում սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չեն ունեցել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ թմրամիջոցները իրենց հայտնվելու օրվանից հետո սկսում են շրջանառվել հասարակական վայրերում և ընդգրկում են հանրության լայն շրջանակներ, հիմնականում դեռահասների, ինչպես նաև երիտասարդների»,-ասաց նա՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ ներկրվում է թմրամիջոցի հումքը, ինչից հետո այն տեղում իրացվում և  դառնում է շուկայի համար նախատեսված:
14:06 - 15 ապրիլի, 2022