Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին:
Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով:
Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն:
Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»:
Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի:
Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:
Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն:
Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը:
Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»:
Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։
Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։
Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։
Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։
Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։
Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։
Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության:
Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո:
Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն:
Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ:
Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»:
Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»:
Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։
Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։
Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։
Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»:
Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։
Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023