ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Լեմկինի ինստիտուտը պահանջում է ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն |armeniasputnik.am|

Լեմկինի ինստիտուտը պահանջում է ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ կատարած այցի արդյունքներից։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` պահանջելով ՄԱԿ–ից պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն, որում ներգրավված կլինեն միջազգային թիմի անդամներ չեզոք երկրներից տեղում առկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն կատարելու համար:   «Արցախում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներին հավատարիմ»,– շեշտված է հայտարարության մեջ:   ՄԱԿ-ը հայտարարել էր, որ առաքելության նպատակն է գնահատել իրավիճակը տեղում և ինչպես Լեռնային Ղարաբաղում մնացած, այնպես էլ տեղափոխված մարդկանց հումանիտար կարիքները բացահայտել։ Լեմկինի ինստիտուտն ընդգծում է` ՄԱԿ–ը բավականին բարդ նպատակի մասին էր հայտարարել, սակայն այն իրականացվել է ընդամենը 1 օրվա ընթացքում, ինչը հարց է առաջացնում` որքանով լուրջ է վերաբերվել ՄԱԿ-ի առաքելությունը տեղում իրավիճակի գնահատման խնդրին: Նշվում է նաև, որ սա վերջին 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ի առաջին այցն էր տարածաշրջան: Լեմկինի ինստիտուտը նկատում է` ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը մի քանի նիստ է անցկացրել Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով, ՄԱԿ–ի Արդարադատության դատարանը որոշումներ է կայացրել, որոնք անտեսվել են Ադրբեջանի կողմից։ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ նախազգուշացրել է Արցախում հայերի համար ցեղասպանության չափազանց բարձր ռիսկի մասին, սակայն ՄԱԿ-ը տարածաշրջան առաքելություն է ուղարկել միայն ադրբեջանական հարձակման ավարտից և Արցախի նախկին հանրապետությունից ավելի քան 100000 հայերի հեռանալուց հետո:   «Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 30–ին՝ Լեռնային Ղարաբաղում առաքելության տեղակայումից ընդամենը մեկ օր առաջ, 1 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերել ՄԱԿ–ի բնակավայրերի ծրագրին, միայն ավելացնում է առաքելության ազնվության և թափանցիկության վերաբերյալ մեր մտահոգությունները»,– նշված է հայտարարության մեջ:   Ինստիտուտը նաև տարակուսած է ՄԱԿ–ի հայտնած թվերի առնչությամբ, թե Արցախում մնացած հայերի թիվը 50-ից 1000 է։ Այն հակասում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ներկայացրած թվերին, որը պնդում էր, որ այս պահին տարածաշրջանում 40-ից ոչ ավելի մարդ է մնացել: Տարակուսելի է նաև ՄԱԿ–ի տարածած հայտարարության այն հատվածը, թե Ստեփանակերտի` իրենց այցելած շրջաններում չեն տեսել վնասված քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ` հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ։ Լեմկինի ինստիտուտը շեշտում է` կան ստուգելի լուսանկարչական ապացույցներ Ստեփանակերտ քաղաքում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին, որոնք ռմբակոծվել են Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ժամանակ: «Հատկանշական է, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ում հայկական առաքելության ներկայացուցիչները, և առաքելությունը չի այցելել Սյունիքի մարզ՝ խոսելու Արցախից դուրս եկած հայ փախստականների հետ»,– նշված է հայտարարության մեջ։ Ուստի Լեմկինի ինստիտուտն առաքելության աշխատանքը համարում է չստացված, քանի որ չի հաջողվել ճշգրիտ ներկայացնել կամ գնահատել Արցախի Հանրապետությունում տիրող իրական իրավիճակը:   «Մենք խորապես համոզված ենք, որ «առաքելություն հանուն առաքելության» իրականացումն ու «հայտարարություն հանուն հայտարարության» հանդես գալը համարժեք պատասխաններ չեն այնպիսի լուրջ և վտանգավոր իրավիճակներին, ինչպիսին ծավալվել Է Հարավային Կովկասում: Մենք կասկածի տակ ենք դնում այս առաքելության բարեխղճությունը»,– ընդգծում է ինստիտուտը։   Հավելում, որ այս ամենը խաթարում է այն վստահությունը, որը միջազգային հանրությունը հավաքականորեն ցուցաբերում է ՄԱԿ–ի աշխատանքի նկատմամբ:
13:46 - 29 հոկտեմբերի, 2023
Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

news.am: Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրաժարականը՝ նրա հայտարարությունից հետո, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման խթան է հանդիսացել հրեական պետության շարունակական վերահսկողությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ։ «Կարևոր է նաև գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել են, որ իրենց հողը հետեւողականորեն կլանվում է բնակավայրերով և ենթարկվում բռնությունների,  նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել են, իսկ նրանց տները քանդվել են: Նրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետ, մարում են»,- ասել է Գուտերեշը: Նա հավելել է, որ «պաղեստինյան ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»: Իսրայելը վրդովված է Գուտերեշի մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի դեսպան Գիլադ Էրդանը դրանք անվանել է «ցնցող» և պահանջել գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը, իսկ նախարար Բենի Գանցը ՄԱԿ-ի ղեկավարին անվանել է «ահաբեկչության ապոլոգետ»: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների քարոզարշավին, արժանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X միկրոբլոգում: «Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետ, որոնք կարեկցանք են ցուցաբերում Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններին: Ուղղակի, խոսքեր չկան»: Էրդանը ասել է, որ այդ արտահայտությունները«սարսափելի» էին և «բոլորովին չեն համապատասխանում մեր տարածաշրջանում առկա իրականությանը»: Արտաքին գործերի նախարար Քոհենը, ով Նյու Յորքում էր՝ մասնակցելու պատերազմին նվիրված հանդիպումներին, ասել է, որ չեղարկում է Գուտերեշի հետ նախատեսված հանդիպումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նա գրել է. «Անաչառ մոտեցման տեղ չկա։ Համասը պետք է ջնջվի երկրի երեսից»: Գանցը, ով վերջերս միացել է կառավարությանը որպես նեղ ռազմական կաբինետի անդամ, կարծում է, որ սրանք «սև օրեր են, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներում է ահաբեկչությունը»: «Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիների սպանությունը»,- գրել է նա։«Հիմա ժամանակն է կանգնելու պատմության ճիշտ կողմում կամ դատվելու: Ահաբեկչության ապոլոգետները չեն կարող խոսել աշխարհի անունից»:
09:13 - 25 հոկտեմբերի, 2023
Արցախ այցի արդյունքների վերաբերյալ՝ ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունն առնվազն զարմանալի է. Թաթոյան
 |news.am|

Արցախ այցի արդյունքների վերաբերյալ՝ ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունն առնվազն զարմանալի է. Թաթոյան |news.am|

news.am: ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունը, մեղմ ասած, զարմանալի է։ Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թաթոյան» իրավունքի և արդարադատության հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։ «Առաքելության արդյունքում հայտարարվել է, որ առաքելության անդամներն էթնիկ զտումների ականատես չեն եղել։ Մինչդեռ առաջին հերթին` ՄԱԿ-ը պետք է կանխեր տեղի ունեցածը, երկրորդ՝ առաքելությունը պետք է գար Կոռնիձոր և Գորիս և խոսեր փախստականների հետ, հետո գնար Արցախ և ամեն ինչ տեսներ, այլ ոչ թե գործեր Բաքվի հրամանով»,- նշել է Թաթոյանը։  Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր ազգի հետ կապված միջազգային կառույցների գեղեցիկ խոսքերն ուղղակի խոսքեր են, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գործում են քաղաքական դրդապատճառներով։ Դա վերաբերում է ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանին, պարզաբանեց Թաթոյանը՝ հավելելով, որ նման մոտեցումը խարխլում է ողջ միջազգային իրավական համակարգը։  
13:04 - 20 հոկտեմբերի, 2023
ՀՀ փոխվարչապետն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ծրագրերի կարևորությունը

ՀՀ փոխվարչապետն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ծրագրերի կարևորությունը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ողջունելով հյուրերին` փոխվարչապետ Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100,000 հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղությամբ իրականացվող աշխատանքները` ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում Ֆիլիպ Լըկլերկը վերահաստատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների հետ հումանիտար արձագանքի կազմակերպմանն ուղղությամբ Կառավարության արդյունավետ փոխգործակցության ապահովմամնը: Զրուցակիցներն ընդգծել են առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման ուղղությամբ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի կարևորությունը։
22:37 - 19 հոկտեմբերի, 2023
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու համագործակցության հարցեր

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու համագործակցության հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում Լեկլեխքը նշել է, որ գոհունակությամբ է լսում, որ գործակալությունն այդ դժվարին հանգամանքներում կարողացել է օգտակար լինել․ «Բայց, իհարկե, դա արեցիք Դուք, ու այդ կազմակերպված ու համատեղ աշխատանքը Ձեր պատասխանատվության և նաև հայ ժողովրդի հյուրընկալության շնորհիվ էր։ Շորհակալություն Ձեզ անձամբ, որովհետեև իմ գործընկերները նկարագրել են Ձեր ջանքերն ու պատմել կառուցողական համագործակցության մասին»։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկաների հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր։ Մարզպետը նաև կարևորել է, որ անկախ ներկա նոր մարտահրավերներից, Սյունիքում բնականոն շարունակություն ունենան գործակալության կողմից նախկինում սկսված ու նախանշված ծրագրերը։
10:58 - 19 հոկտեմբերի, 2023
Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

Գազայի հատվածում ավելի քան 1 միլիոն մարդ լքել է իր տունը. ՄԱԿ |hetq.am|

hetq.am: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ «Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի, այդ թվում՝ ավելի քան 352 հազար մարդ այժմ ապաստան է գտել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող դպրոցներում<..>: Մոտ 55 հազար մարդ էլ բնակվում է 51 այլ ապաստարաններում»,- նշվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նաև նշել է, որ «Գազայի հատվածում մնացել է հիմնական սննդամթերքի միայն երկու շաբաթվա պաշար, իսկ մթերային խանութներում՝ընդամենը չորսից հինգ օրվա»։  Ավելի վաղ, տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Իսրայելը փակել է դեպի Գազայի հատված հումանիտար բեռների առաքումը։
13:45 - 18 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի տարածաշրջանային բյուրոյի տնօրենը քննարկել են ԼՂ-ից Հայաստան բռնագաղթածներին ընդունելու ուղղությամբ աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի տարածաշրջանային բյուրոյի տնօրենը քննարկել են ԼՂ-ից Հայաստան բռնագաղթածներին ընդունելու ուղղությամբ աշխատանքները

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են 2023 թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով Հայաստան բռնագաղթած՝ 100 000-ից ավելի փախստականներին ընդունելու ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Ընդգծվել է, որ փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը: Զրուցակիցները առաջնային նշանակություն են տվել աշխատանքի արդյունավետ համակարգման խնդիրներին՝ նշելով Կառավարություն-ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, միջազգային և տեղական կազմակերպություններ փոխգործակցության կարևորությունը: Նշվել է ստեղծված իրավիճակում միջազգային դոնոր հանրության կողմից հումանիտար աջակցության նշանակությունը և այդ գործընթացում ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի՝ որպես մասնագիտական գործակալության դերը:
18:42 - 17 հոկտեմբերի, 2023
Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն |armenpress.am|

armenpress.am: Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։ «Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն», - նշել են դիվանագետները։ Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել: Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է զերծ մնալ պաղեստինյան անկլավի հետագա գնդակոծումներից:
11:22 - 16 հոկտեմբերի, 2023
ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան

ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Նա հիշեցրել է հայտարարության այն հատվածը, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:   40 states⬇️: “massive displacement of ethnic #Armenian|s from their homes stems from #AZ military operation of Sept 19 &9-month blockage of #LachinCorridor leading to dire humanitarian conditions.”🇦🇲🇫🇷🇧🇪🇩🇪🇦🇹🇬🇷🇨🇾🇪🇸🇳🇱🇸🇪🇸🇰🇸🇮🇵🇹🇨🇿🇵🇱🇱🇺🇱🇹🇱🇻🇪🇪🇩🇰🇫🇮🇧🇬🇭🇷🇲🇹🇮🇪🇺🇸🇯🇵🇬🇧🇨🇭🇲🇰🇳🇴🇮🇸🇦🇩🇨🇦🇦🇷🇺🇾🇱🇮🇦🇺🇳🇿🇲🇭 https://t.co/ZVt37DnWi5 — Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) October 14, 2023
19:35 - 14 հոկտեմբերի, 2023