Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ Ստեֆան Դիոնին

Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել: «Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը: Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը: «Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը: Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը: Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:
11:14 - 01 մարտի, 2022
Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ

Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ: Հակոբ Արշակյանը եւ Յուրի Վորոբյովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին վերաբերվող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման հետ կապված մի շարք հարցերի:
18:03 - 28 փետրվարի, 2022
ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ

ՀՀ մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ծանոթացել է աշխատակազմի հետ

Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին՝ նոր պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանը օժտված է մարդկային ու մասնագիտական բարձր հատկանիշներով, որում շուտով կհամոզվի նաև աշխատակազմը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանին ներկայացման համար։ Նորընտիր պաշտպանը նշել է, որ արդեն առիթ ունեցել է ծանոթանալու աշխատակազմի հետ և ընթացիկ աշխատանքների առավել մանրամասն քննարկումներն առջևում են։ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու գործում կենտրոնական նշանակություն ունեն բարձր մասնագիտական կարողություններով ու մարդկային հատկանիշներով օժտված և առաքելության գիտակցմամբ մարդիկ, ովքեր այսօր աշխատում են Պաշտպանի աշխատակազմում և ներկա են այս դահլիճում։ Առիթն օգտագործելով Քրիստիննե Գրիգորյանը նաև շնորհակալություն է  հայտնել բոլոր անձանց, ովքեր հիմնադրումից ի վեր աշխատել են աշխատակազմում և իրենց ներդրումը բերել հաստատության կայացման համար։ Միևնույն ժամանակ նորընտիր պաշտպանը նշել է, որ ինստիտուտի զարգացման ու շարունակական կայացման համար դեռևս անելիքներ շատ կան։ Քրիստիննե Գրիգորյանը հույս է հայտնել, որ աշխատակազմի հետ միասնական ու նվիրված աշխատանքով հնարավոր կլինի պատվով ու իրապես պրոֆեսիոնալիզմով իրականացնել այս կարևոր առաքելությունը՝ միտված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրավունքակենտրոն քաղաքականությունների առաջմղմանը մեր երկրում։ Նկատի ունենալով, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, Ք. Գրիգորյանը շեշտել է օրենսդիր մարմնի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։
17:13 - 25 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում

Հակոբ Արշակյանի ելույթը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստում

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով: Ստորեւ՝ նրա բացման խոսքն ամբողջությամբ։ «Ողջունում եմ ձեզ Երեւանում` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք քննարկել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության ներկա վիճակին, Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցեր: Ցանկանում եմ նշել, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարեւոր ուղղություններից մեկը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձեւաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծումներին աջակցելու համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպական միության հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, ինչն էլ, վստահաբար, կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը: Անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ ու արդար անցկացմամբ մենք վերահաստատեցինք ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի իշխանություններն առաջնահերթ են համարում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակականության ապահովման եւ ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիության ուղղությամբ: Նախորդ տարվա իրադարձությունները նոր իրականություն են ստեղծել  մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս: 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջեւ կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է 2021 թվականի մայիսի 12-ից: Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունները հանգեցրել են մարդկային զոհերի եւ լրջորեն վտանգել տարածաշրջանային անվտանգությունը: Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ եւ հասցեական արձագանք, այդ թվում`  Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմանը եւ Ադրբեջանի կողմից սահմաններում հրահրող հետագա սրացումներին: Մեր խորին համոզմամբ, ուժի կիրառումը չի կարող նպաստել վստահության ամրապնդման միջոցառումների հաստատմանը, ինչպես նաեւ խաղաղության մթնոլորտին: Այս առումով կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել Եվրոպական խորհրդարանի անդամներին` 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար: Կուզենայի առանձնահատուկ անդրադառնալ հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւի համար, որով Եվրոպական խորհրդարանը պահանջում է հակամարտության ընթացքում եւ դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների, ռազմական եւ քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը: 2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության արդյունքներով հաստատվեց նաեւ Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ-զեկույցը, որում Եվրոպական միությունը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Թուրքիային նաեւ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած տեսակի հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից եւ լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու հանձնառությունը: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ունեցած բացասական դերին: Հաշվետու զեկույցներում ԵՄ կողմը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Ցավոք սրտի, Հայոց ցեղասպանության չճանաչումը եւ ցեղասպանության ժխտումը բերում են նոր ցեղասպանությունների եւ պատերազմների: Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետեւանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար: Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Մենք կողմնակից ենք եւ ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով եւ գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության: Կուզենայի ձեզ տեղեկացնել, որ իմ գործընկեր, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հունվարի 14-ին հանդիպել է Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ: Այսօր, Վիեննայում տեղի կունենա բանագնացների երկրորդ հանդիպումը: Լիահույս ենք, որ Թուրքիան կվերանայի 1993 թվականից ի վեր անկախ Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը: Մենք պատրաստակամ ենք համագործակցության կամուրջներ ունենալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ տարբեր ձեւաչափերում գործող միջազգային կազմակերպությունների հետ` ի նպաստ մեր երկրի զարգացման ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման: Վստահ եմ, որ Եվրոպական միությունն այն կառույցն է, որն իր առաքելությամբ կաջակցի այդ խաղաղության ու կայունության հաստատմանը, իսկ մենք` խորհրդարանականներս, կօգտագործենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր լծակները մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ հարգման ուղղությամբ: Եվս մեկ անգամ ողջունում եմ գործընկերներին Հայաստանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն»,- իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
13:30 - 24 փետրվարի, 2022
Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին |armenpress.am|

Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի. Արշակյանը՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնում է, որ Հայաստանը հավուր պատշաճ կուսումնասիրի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հռչակագրի տեքստը, և արձագանքը չի ուշանա, սակայն, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է արտաքին քաղաքականությունը վարել այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով փետրվարի 22-ին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին: «Այժմ դեռ որևէ արձագանք չկա: Տեքստը հավուր պատշաճի կուսումնասիրվի, հետո արձագանքը, կարծում եմ, չի ուշանա »,-ասաց Արշակյանը: Նա շեշտեց՝ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես ինքը հարմար է գտնում: Նա նկատեց՝ դա Հայաստանի բարեկամ երկրի վարած արտաքին քաղաքականությունն է, որն այդ երկրի սուվերեն իրավունքն է: «Հիմա կա նաև մեր ռազմավարական գործընկերության պայմանագիրը ՌԴ-ի հետ, որն ամենաբարձր մակարդակով առաջ է գնում: Եթե ասում ենք, որ, եթե որևէ երկրի հետ մենք դաշնակցություն ենք անում, ապա այդ երկիրը մեկ ուրիշի երկրի հետ չպիտի ունենա, դա նշանակում է, որ ՀՀ-ն բազմաթիվ այլ երկրների, մասնավորապես ԵՄ-ի հետ, միգուցե նաև այլ միջազգային հարթակներում պետք է առաջնորդվի իր ունեցած այլ պայմանագրերի շրջանակներում»,-ասաց Արշակյանը: Նա հորդորեց հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքները: «Իհարկե, մեր ռազմավարական շահերը նույնպես պահպանելով, բայց պետք է հաշվի առնենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքականությունը վարելու իրավունքը»,-ասաց նա:
14:44 - 23 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ պատվիրակության անդամ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական այս ձեւաչափին, որն ամուր կապ է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ հանուն ընդհանուր օրակարգի առաջմղմանը: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցությունը, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ՝ նպաստելու  ենթակառուցվածքների, թվային օրակարգի, կլիմայի, տրանսպորտի ոլորտներում փոփոխությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում: Նա ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում դեռեւս կան ռազմագերիներ եւ այլ կալանավորներ, որոնք պետք է անվերապահորեն հայրենադարձվեն: «Սա միջազգային մարդասիրական իրավունքի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,-ասել է ԱԺ փոխնախագահը: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո եւ վերահաստատում  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեր դիրքորոշումը»,-նշել է Հակոբ Արշակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը կաջակցի խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ օրենսդիրները կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության եւ ԽՎ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա  կարեւորել է ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրիուս Կուբիլիուսը եւս կարեւորել է տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատումը:
22:07 - 22 փետրվարի, 2022
Գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է. գիտնականներն ու պատգամավորները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

Գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է. գիտնականներն ու պատգամավորները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ: ԳԱԱ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը: Քննարկվել են Հայաստանում գիտության և գիտատեխնոլոգիական ոլորտի հեռանկարային զարգացման հարցերը: «Այսօր Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների շեմին է: Բարեփոխումներն իրականացվում են Գիտության կոմիտեի հետ համաձայնեցված և գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ համահունչ: Բարեփոխումներ ասելով՝ նկատի ունենք գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական և  գիտահետազոտական ոլորտների կառավարման  ճիշտ շեշտադրում, գերազանցության կենտրոնների ստեղծում, դրանց հենքի վրա հետազոտական ցանցերի ստեղծում, կրթական, արդյունաբերական բաղադրիչների ներառում և այդ ամենի հիման վրա կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապի ապահովում, ինչը լուրջ գործոն է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման, գիտահեն տնտեսության ստեղծման գործում», - ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է.  «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, ովքեր իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»։  Հակոբ Արշակյանը շեշտել է՝ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է:   «Բացի ռազմավարական երկարաժամկետ ծրագրերից, ինչպիսին են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, բյուջետային պլանավորման համակարգը, ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, ինչը պետք է իրականացվի Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ: Հայաստանում գիտակրթական ոլորտում ներդրումներն ամենաարդյունավետն են, և այս տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող»: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է, որ պետք է լինի սերտ համագործակցություն Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության կոմիտեի և նախարարությունների միջև: «Պետության կողմից ընդունված կարգախոսը, ըստ իս, պետք է լինի մեկ նախադասությամբ՝ գիտատեխնոլոգիական արդիականացումը պետք է հանդիսանա ազգային զարգացման դոկտրին: Այդ դոկտրինը պետք է մշակել և ընդունել ամենալուրջ մակարդակով», - ասաց Արթուր Իշխանյանը: ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ գիտության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել: «Ամենակարևորը՝ գործընկերային հարաբերությունների ստեղծումն է համակարգի բոլոր կազակերպությունների և դերակատարների միջև: Կառավարությունն ընդունել և հանձն է առել գիտության ոլորտի հետ Հայաստանի ապագան կապելու առաքելությունը, ընդունել է գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհը: Այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում մոտ 85 տոկոսով:  Քայլեր են արվում Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի բարեփոխումների, օպտիմալացման ուղղությամբ: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունենք աննախադեպ համագործակցություն, բոլոր հարցերը քննարկվում են բաց ու հանգիստ մթնոլորտում: Աշխատանքը տալիս է իր արդյունքները»,-ընդգծել է նա: Հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել են խնդիրներ՝ կապված «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ: Ըստ Արթուր Իշխանյանի՝ անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան խմբագրում, որը հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին ժամանակին կատարել գնումները: Եզրափակելով հանդիպումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները պետք է լինեն շարունակական. «Ազգային ժողով, կառավարություն, գիտական ինստիտուտներ համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկար ունի: Այս հանդիպումը համարենք առաջին քայլն ու շարժվենք առաջ»:
14:48 - 22 փետրվարի, 2022
Իշխանության համար առաջնային է գիտության ոլորտը. Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Իշխանության համար առաջնային է գիտության ոլորտը. Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին և ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին:   Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բնագիտական ուղղություններով գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ: ԱԺ փոխնախագահն իր խոսքում կարևորել է հանդիպումը: «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ, և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, որոնք իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում գիտության զարգացմանը վերաբերող քննարկումներ են եղել: «Ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, որը պետք է իրականացվի պետական ինստիտուտների, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ»,- նշել է նա: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ իշխանության համար առաջնային դերակատարում ունի գիտության ոլորտը և հենց դրա վկայությունն է բյուջեով սահմանված ֆինանսավորման կտրուկ ավելացումը: Հայաստանում գիտակրթական ոլորտի ներդրումներն ամենաարդյունավետն են և հենց դրա վրա էլ կարող է հիմնվել Հայաստանի զարգացումը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ ակադեմիան կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին: Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժ մեջ մտնելուց հետո բարեփոխումները կթևակոխեն նոր փուլ: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ նա հույս է հայտնել, որ ֆինանսավորման ավելացումը կլինի շարունակական: Քննարկման մասնակիցները, անդրադառնալով իրենց բնագավառներում առկա խնդիրներին, նշել են, որ «Գնումներին մասին» օրենքում կան  խնդրահարույց դրույթներ և դրանում փոփոխություններ  կատարելու անհրաժեշտություն կա: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել գիտության և մասնավոր ընկերությունների միջև կապը: Ըստ նրա՝ գիտության զարգացմամբ է պայմանավորված տնտեսության հենքը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու և մոտ ապագայում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել: Քննարկման ավարտին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:  
21:15 - 21 փետրվարի, 2022
Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան |1lurer.am|

Որևէ հայտարարություն չի կարող ազդել հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության վրա. Հակոբ Արշակյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:  «Բազմիցս լսել ենք նման հայտարարություններ: Ցանկանում եմ շեշտել, որ հայ և բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և մենք շատ սերտ բարեկամական կապեր ունենք: Որևէ հայտարարություն չի կարող ազդել այդ ժողովուրդների բարեկամության վրա: Այստեղ որևէ մեկնաբանելու առիթ չեմ տեսնում: Բազմաթիվ մեկնաբանություններ տարբեր ժամանակներում եղել են»,- ասաց ԱԺ փոխնախագահը:  Արշակյանն ավելացրեց, որ միութենական պետության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չեն ընթանում:  Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Լուկաշենկոն, խոսելով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գաղափարի մասին, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»:
15:03 - 08 փետրվարի, 2022
Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց |armenpress.am|

Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստն ընդմիջվեց, խորհրդարանի նիստերի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ, սակայն խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է: Արշակյանի ելույթի ժամանակ տեղից խոսեց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: «Եվ ձեր ամբողջ խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացեք»,-ասաց Ռուբինյանը: Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, Ռուբինյանը ոտքի կանգնեց, ապա, քանի որ դահլիճում տարբեր պատգամավորները շարունակում էին խոսել, նա հայտարարեց ընդմիջում: Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռանում, նրանք շարունակում էին կանգնած խոսել:
13:51 - 17 հունվարի, 2022
Կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․Հակոբ Արշակյան |tert.am|

Կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Անկախության հաստատումից ի վեր, և այն պահից, երբ Թուրքիան սահմանները փակել է ՀՀ-ի հետ, վերջինիս դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման և սահմանների բացմանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։ «Հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, կարո՞ղ եք պարզաբանել, թե, ի վերջո, որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու կամ կարգավորելու փորձ անելու համար»,-հարցրել էր Խամոյանը։
11:41 - 17 հունվարի, 2022
Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ»-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը. նրան ընդունել է ԱԺ փոխնախագահը

Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ»-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը. նրան ընդունել է ԱԺ փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը: ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ: Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը: Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում: «Վայլդբերիզ» ընկերությունը էլեկտրոնային առեւտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 5,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի ավելի քան 20.000 աշխատակից, գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն: Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ եւ համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության եւ «ՀայՓոստի» միջեւ:
13:13 - 27 դեկտեմբերի, 2021
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը․Հակոբ Արշակյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը․Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է․   «Այսօր տեղեկացանք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը։   Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։   Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։   Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով սակայն, հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։   Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային Ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։   Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»։
22:30 - 23 դեկտեմբերի, 2021
Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը

Կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի  և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 33-րդ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջ և ավանդական բարեկամական  և ջերմ կապերը խոր արմատներ ունեն: Մեզ կապում են դարավոր բարեկամությունը, մշակութային և հոգևոր կապերը, դաշնակցային  և ռազմավարական գործընկերությունը. նշել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ հանձնաժողովը միջխորհրդարանական մակարդակում երկխոսության դինամիկ հարթակ է և հաջողությամբ լրացնում է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում փոխգործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի մանրամասն քննարկել խնդիրները, գտնել արդյունավետ լուծումներ  և նախանշել կառուցողական գործակցության նոր ուղղությունները: Խորհրդարանական փոխգործակցության ձևաչափում Հակոբ Արշակյանն ընդգծել է  միջազգային հարթակներում համագործակցության դերը: «Մենք գոհ ենք խորհրդարանականների փոխգործակցության մակարդակից այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը,  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի անվտանգության  և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհուրդը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը  և հավելել, որ բազմակողմ հարթակներում համագործակցության ամբողջ ներուժը չի իրացվել: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Հակոբ Արշակյանը շեշտել է, որ այժմ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջան է: Նա անդրադարձել է հետպատերազմյան իրավիճակին՝ նշելով, որ հումանիտար բազմաթիվ հարցեր դեռ ևս չեն լուծվել: Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին  և այլ պահվող անձանց: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ այս խնդիրների լուծման հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Մենք շնորհակալ ենք նա և ռուս խաղաղապահներին՝ խաղաղության  և անվտանգության,  ինչպես նաև հայկական կրոնական մշակութային ժառանգության հուշարձանների պահպանման հարցում գործադրած ջանքերի համար»,-ասել է Հակոբ Արշակյանը: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, բազմակողմ գործընկերության ամրապնդումը լիովին համապատասխանում են ժամանակի պահանջներին ու մեր պետությունների առջ և ծառացած լայնածավալ խնդիրներին: Եզրափակելով խոսքը՝ Հակոբ Արշակյանը նիստի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք: Ողջույնի խոսքում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներից է, երկու երկրներն արդյունավետ համագործակցում են միջխորհրդարանական տարբեր հարթակներում, հարաբերությունները դինամիկ զարգանում են մի շարք ոլորտներում: 2022 թ. լրանում է Ռուսաստանի  և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նա և «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակը, ինչը, ըստ Յուրի Վորոբյովի, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահի տեղակալը նշել է, որ խորհրդարանականները հետևում են տարածաշրջանային իրադարձությունների զարգացմանը  և կարծիք հայտնել, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում պատգամավորները երկկողմ միջպետական երկխոսության ամրապնդման համատեքստում անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, դրանց հիմնական ուղղություններին ու հեռանկարներին: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Այս համատեքստում ընդգծվել են միջխորհրդարանական հարթակներում արգասաբեր համագործակցությունը, երկկողմ հումանիտար կապերը, միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը: Կարևորվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման  և երիտասարդական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը: Քննարկվել են երկկողմ հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի  և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Երկու երկրների կրթության  և գիտության ոլորտների պատասխանատու փոխնախարարները ներկայացրել են այս հարցում իրականացվող քայլերը: Քննակման մասնակիցները բարձրացրել են ռուսալեզու ուսումնական ձեռնարկների և դասագրքերի համալրման հարցը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը, թատերական փառատոնների անցկացումը: Հանձնաժողովի նիստում որոշվել է աջակցել Երևանի Ռուսաստանի հրապարակում ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրմանը: Միջխորհրդարանական հանձնաժողովին առընթեր կստեղծվի փորձագիտական խորհուրդ, որը կհամալրեն տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետները: Նիստի ավարտին հաստատվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 2022թ. աշխատանքային պլանը: Հանձնաժողովի 34-րդ նիստը կանցկացվի Հայաստանում` հաջորդ տարի: Նիստին մասնակցել են նա և Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ  և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու Հայաստանում ՌԴ արտակարգ  և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
19:29 - 16 դեկտեմբերի, 2021
Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը չկայացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, քվորում ապահովելու համար սահմանված ժամանակում չգրանցվեցին բավարար թվով պատգամավորներ: Ժամը 12:00-ին  գրանցվել էր 30 պատգամավոր, քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն, հայտարարվել էր, որ պատգամավորների գրանցումը շարունակվում է մինչև 4 ժամ: Նիստին չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ բացի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից: 4 ժամ անց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 4 ժամվա գրանցման ժամանակահատվածում քվորում չի ապահովվել, այսպիսով նիստի իրավազորության ապահովում չի եղել, փաստորեն նիստը համարվում է չկայացած: Նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ, օրակարգում մեկ հարց էր՝ Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծն ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
16:31 - 15 դեկտեմբերի, 2021