ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին և ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բնագիտական ուղղություններով գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ:
ԱԺ փոխնախագահն իր խոսքում կարևորել է հանդիպումը: «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ, և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, որոնք իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում գիտության զարգացմանը վերաբերող քննարկումներ են եղել: «Ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, որը պետք է իրականացվի պետական ինստիտուտների, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ»,- նշել է նա:
Հակոբ Արշակյանը շեշտել է, որ իշխանության համար առաջնային դերակատարում ունի գիտության ոլորտը և հենց դրա վկայությունն է բյուջեով սահմանված ֆինանսավորման կտրուկ ավելացումը: Հայաստանում գիտակրթական ոլորտի ներդրումներն ամենաարդյունավետն են և հենց դրա վրա էլ կարող է հիմնվել Հայաստանի զարգացումը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ ակադեմիան կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին: Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժ մեջ մտնելուց հետո բարեփոխումները կթևակոխեն նոր փուլ: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ նա հույս է հայտնել, որ ֆինանսավորման ավելացումը կլինի շարունակական:
Քննարկման մասնակիցները, անդրադառնալով իրենց բնագավառներում առկա խնդիրներին, նշել են, որ «Գնումներին մասին» օրենքում կան խնդրահարույց դրույթներ և դրանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել գիտության և մասնավոր ընկերությունների միջև կապը: Ըստ նրա՝ գիտության զարգացմամբ է պայմանավորված տնտեսության հենքը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու և մոտ ապագայում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել:
Քննարկման ավարտին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:
comment.count (0)