էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը իր ներքին գործն է

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը իր ներքին գործն է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը իր ներքին գործն է։  «Պարզապես թույլ տվեք հիշեցնել, որ տասնամյակներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, ԵԱՀԿ-ն ու հիմա էլ ԵՄ-ն չեն զբաղվել ոչ մի ներքին գործով։ Մարդու իրավունքների հարցը չի համարվում ներքին գործ յոթ տասնամյակ՝ սկսած երկրորդ համաշխարհային պատերազմից»,- գրել է Մարուքյանը իր թվիթերյան միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։ «Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։
11:46 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից․ Մարուքյան

Ադրբեջանական հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են ԵՄ դիտորդական առաքելության կողմից․ Մարուքյան

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա փաստագրվել են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության կողմից։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Առաքելությունը ԵՄ-ի և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից ընդդեմ հայկական պետականության»,- գրել է Մարուքյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
10:19 - 14 նոյեմբերի, 2022
Հորինված մեղադրանքների քողի տակ թաքցնում եք նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը. Մարուքյանը՝ Ադրբեջանի պաշտոնակցին

 |armenpress.am|

Հորինված մեղադրանքների քողի տակ թաքցնում եք նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը. Մարուքյանը՝ Ադրբեջանի պաշտոնակցին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Փերվին Հայամ օղլու Միրզազադեի հոդվածին, որում վերջինս անդրադարձել էր Մարուքյանին և նրա՝ «Թվիթեր»-ում կատարած մի շարք գրառումներին: Իր պատասխանում Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ճանապարհը կա, և դա Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինծառայողներին դուրս բերելն է, բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց վերադարձնելն է, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին և արձանագրությանը համապատասխան դելիմիտացիա իրականացնելն է, կողմերի սուվերենության հիմքի վրա կոմունիկացիաների բացումն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության, իրավունքների և ազատության երաշխավորումն է: «Միևնույն ժամանակ խաղաղության ճանապարհ չեն կարող լինել սպառնալիքներն ու բռնությունը: Չնայած Ձեր ողջ հոդվածում կարմիր գծով անցնում են հենց հայ ժողովրդի հասցեին ուղղված սպառնալիքները, ինչը հատկապես ընդգծված է «գրավիչ» վերնագրով: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Սոչիի եռակողմ հայտարարությունը, որի շրջանակներում պայմանավորվել է զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից: Խորապես հիասթափված եմ, որ արդեն այսօր Ձեր հայտարարությունները դուրս են եկել պայմանավորվածությունների շրջանակից, որոնց հասել է Ձեր իսկ կառավարությունը: Նաև ցավում եմ, որ, չնայած արտաքին գործերի նախարարությունում 33 տարվա աշխատանքին, Դուք հակված եք իրար հակասող եզրահանգումների: Մի կողմից Դուք խոսում եք տարիքով ավագների հանդեպ հարգանքի մասին, ինչն ընդունված է Կովկասում, իսկ մյուս կողմից Ձեզ հանգիստ իրավունք եք վերապահում անցնել անձնական վիրավորանքների: Ինչպես ասել է դասականը՝ «եթե ուզում եք հարգանք՝ մի սկսեք վիրավորանքներից»: Սուտը, որը երբեմն դուրս է ցանկացած երևակայության սահմաններից, հաճախ կիրառվող գործիքներից մեկն է, որն օգտագործում եք Ձեր դատողություններում: Ռևանշիզմի, խաղաղասիրության բացակայության և այլ հորինված մեղադրանքների քողի տակ Դուք թաքցնում եք Ձեր ղեկավարության նոր ռազմական ագրեսիան արդարացնելու քաղցը: Նույն այդ քողի տակ Դուք փորձում եք թաքցնել Սումգայիթում և Բաքվում տասնյակ հազարավոր հայերի ջարդերը, որոնք ուղեկցվել են զանգվածային սպանություններով, թալանով և հրկիզումներով: Դուք փորձում եք նաև մոռացության մատնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ մշտական բռնությունը, ինչպես դա եղավ հակամարտության էսկալացիաների ընթացքում գրանցված ագրեսիաների ընթացքում՝  2016 թվականին և 2020 թվականին: Դուք փորձում եք միջազգային իրավունքի մասին բառերի տակ թաքցնել խաղաղ մարդկանց սպանությունները, ռազմագերիներին պահելն ու գնդակահարելը, զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների դիակները ծաղրելը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ոչնչացնելը, մշակութային և պատմական ժառանգության յուրացումն ու պղծումը: Երևում է՝ հենց այդպիսի մթնոլորտում են զարգացել պատմությունը խեղաթյուրելու և ամբողջությամբ վերաշարադրելու Ձեր մշտական փորձերը՝ հայկական քաղաքներն ու տարածքները յուրացնելու հատուկ ուղղվածությամբ: Ընդգծեմ նաև Ձեր հոդվածի ամբողջական դիսոնանսը, երբ դատողություններ եք անում «սուվերենություն» հասկացության մասին: Մի կողմից Ձեզ համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ ճանաչված ու պարզ են, երբ խոսք է գնում Արցախի ժողովրդի իրավունքների մասին, մյուս կողմից այդ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի կարիք կա, երբ խոսք է գնում Հայաստանի սուվերեն տարածքների դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին: Միթե՞ այդպես լինում է»,- ասված է Մարուքյանի պատասխան նամակում: Էդմոն Մարուքյանը կրկնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կա սահման, որոնք, ինչպես բազմիցս հաստատվել է, պետք է դելիմիտացվեն և դեմարկացվեն 1991 Ալմա-Աթայի հռչակագրին և արձանագրություններին համապատասխան: Նա հիշեցրել է, որ սահմանների դելիմիտացիայի համատեղ հանձնաժողովը ակտիվ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Էդմոն Մարուքյանն ակնհայտ է համարում, որ այդ հարցը երբեք էլ տարածքային վեճի բնույթ չի ունեցել: «Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ խաղաղության ճանապարհը բարդ է, սակայն այդ ճանապարհը կա: Ատելությունը, բռնությունը, սուտը և սպառնալիքները հակադրվում են խաղաղությանը, կյանքին, ճշմարտությանը և պայծառ ապագային: Հայ ժողովուրդը հազարամյակներով տարել է խաղաղապահության և արդարության խաչը և այսօր  չի պատրաստվում հրաժարվել իր ճանապարհից: Ես հավատում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, եթե կա բոլոր պայմանավորվածությունները իրագործելու և խաղաղության պայմանագիր կնքելու հստակ քաղաքական կամք: Կարող եմ վստահորեն փաստել, որ հայկական կողմն ունի մոտ ապագայում բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու և խաղաղության պայմանագիր կնքելու ամուր քաղաքական կամք: Տեսնենք՝ Ադրբեջանն ունի այդ քաղաքական կամքը»,- եզրափակել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը:
12:01 - 07 նոյեմբերի, 2022
Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ․ կան ադրբեջանական և ռուսական նախագծեր․Էդմոն  Մարուքյան

Չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ․ կան ադրբեջանական և ռուսական նախագծեր․Էդմոն Մարուքյան

Պաշտոնապես ասում եմ, չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, աշխատանքները ավարտվել են, որի վերաբերյալ ապագա հանդիպմանը կլինի քննարկում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ  հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Այն ինչ Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից պատռում էր, անգամ եթե ընդունենք, որ դա իրական է, դա հանդիպման ամփոփագիր է, պայմանագրի նախագիծ չէ։ Երբևէ Գեղամ Մանուկյանը ռիսկ կանի պատռել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Կա ռուսական նախագիծ։ Վարչապետն ասել է, որ սեպտեմբերին ներկայացվել է և հայկական կողմը համաձայնել է այդ առաջարկներին։ Ռուսական կողմը գիտի, որ դա ընդունելի է հայկական կողմի համար ու անընդունելի ադրբեջանական կողմի համար»,- նշել է Մարուքյանը։
22:27 - 28 հոկտեմբերի, 2022
Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ դերակատարությունը Ադրբեջանի հետագա ագրեսիաների կանխման հարցում

Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը կարևորել է ԵԱՀԿ դերակատարությունը Ադրբեջանի հետագա ագրեսիաների կանխման հարցում

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Էդմոն Մարուքյանը Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայի հետևանքները։ Հատուկ հանձնարարություններով դեսպանը առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ դերակատարությունը հետագա ագրեսիաների կանխման և հակամարտությունների կարգավորման հարցերում։
19:34 - 25 հոկտեմբերի, 2022
Դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Էդմոն Մարուքյան

Դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Էդմոն Մարուքյան

 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը․    «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.   1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն, իսկ օկուպացված հատվածը: Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։   2. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»։   Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
11:01 - 07 հոկտեմբերի, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին

Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին

Հայկական ուժերը երբեք պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ արել են ադրբեջանական ուժերը: Այս մասին ընդգծել է ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած վերջին գրառմանը: Կլաարը, մասնավորապես, գրել է, թե մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Նա ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, որ այդ ամենի իրական կատարողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ակնհայտ խորը վերքեր է թողել երկու կողմերի համար: «Պարզ է չէ՞, թե ինչ է կատարվում: Երբ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անհերքելի ապացույց է հայտնվում, դրա դեմն առնելու համար Ադրբեջանն արագ ներկայացնում է իբր նախկինում` 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմից իրականացված պատերազմական հանցագործություններ: Դրանից հետո շատ արագ զոհի և հանցագործի միջև դրվում է հավասարության նշան (իբր երկու կողմերն էլ նույնն են արել)»,- շեշտել է Մարուքյանը: Նա ընդգծել է՝ փորձել լայնամասշտաբ պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ դեպք համեմատել խաղաղության պայմանագրի տեքստ քննարկելու ընթացքում իրականացված ակնհայտ պատերազմական հանցագործության հետ ուղղակի ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Վստահ եմ, որ հայկական ուժերը երբեք նման պատերազմական հանցագործություններ չեն կատարել, անգամ համեմատության եզր չի կարող լինել այն ամենի հետ, ինչ մենք տեսանք այս զազրելի տեսանյութում: Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև»,- եզրափակել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը: Նշենք, որ Կլաարը իր թվիթերյան էջում գրել է, թե տեսանյութեր է ստացել ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ավելի վաղ նա գրել էր սոցցանցերում հրապարակված տեսանյութի մասին, որտեղ հայ ռազմագերիները գնդակահարության են ենթարկվում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից։ Ըստ «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրության՝ գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։  
09:59 - 03 հոկտեմբերի, 2022
Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ․ Էդմոն Մարուքյան

Որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ: «Այս օրերին Հայաստանն իր նորանկախ պատմության ամենաբարդ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանն է ապրում: Սա միջազգային հարաբերություններում կամ հանրային գիտակցության մեջ երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ, միգուցե, շատ արժեքներ կարող են սասանվել, ճկվել և կասկածի տակ դրվել, բայց անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել։ Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։ Դեպի այդ հորիզոնը տանող ճանապարհն ինքն է դառնում մեր ուսուցիչը, որպեսզի մեզանում կերտենք առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։ Անկախ պետություն ունենալու և հետևաբար՝ այն փայփայելու, պաշտպանելու և հզորացնելու մեր անկասելի ձգտումն այսօր էլ անսասան է: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, մաղթում բոլորիս նոր կորով և ուժ մեր պետականությունը պաշտպանելու և հզորացնելու առաքելության մեջ»,-ասված է ուղերձում:
13:50 - 21 սեպտեմբերի, 2022