ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՀ-ն 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ

ՀՀ-ն 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ

Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին: GLOBE ծրագրին ՀՀ մասնակցությանն անդրադարձ է եղել նաև վերջերս տեղի ունեցած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին ու գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում: «Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը։
11:49 - 12 հուլիսի, 2021
Ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն հրապարակել է տվյալներ

Ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը. ԳԹԿ-ն հրապարակել է տվյալներ

Հուլիսի 8-ին ավարտվել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է երկրորդ փուլի մի շարք առարկաների արդյունքները: «Կենսաբանություն» առարկայի համար հայտագրված 113 դիմորդից քննությանը մասնակցել է 101-ը: Միջին միավորը եղել է 9.54: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 40.6%-ը: 18-20 միավոր հավաքել է 10 դիմորդ կամ մասնակիցների 9.9%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8, 19-19.75 միավոր՝ 2 դիմորդ: «Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 54 դիմորդից քննությանը մասնակցել է 50-ը: Միջին միավորը եղել է 12.37: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 13 դիմորդ կամ մասնակիցների 26%-ը: 18-20 միավոր հավաքել է 17 դիմորդ կամ մասնակիցների 34%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 5, 19-19.75 միավոր՝ 7, 20 միավոր՝ 5 դիմորդ: «Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 89 դիմորդից քննությանը մասնակցել է 61-ը: Միջին միավորը եղել է 6.80: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 41 դիմորդ կամ մասնակիցների 67.2%-ը: 18-20 միավոր հավաքել է 4 դիմորդ կամ մասնակիցների 6.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 1, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ: «Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ: Միջին միավորը եղել է 12.1: Հիշեցնենք, որ հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործել է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում: Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
12:50 - 09 հուլիսի, 2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով: Խզմալյանը հիշեցրեց՝ երբ նոր էր ստանձնել փոխնախարարի պարտականությունները, խոստացել է, որ որևէ հարց գաղտնի չի լուծվելու կամ կարգավորվելու, և որևէ հարց իր սենյակի պատերի ներսում չի որոշվելու, այսինքն՝  մինչև ՀՀ կառավարության այս կամ այն հարցի շուրջ որոշում կայացնելը ոլորտի ներկայացուցիչները տեղեկացված են լինելու այդ մասին: «Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով՝ վերջերս նախարարություն հրավիրեցի մասնագետների, երկու թատրոնների տնօրեններին և խնդրեցի՝ նրանք կոլեկտիվներին փոխանցեն՝ կա դիրքորոշում այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական անձնակազմը պետք է միանա Պարոնյանի թատրոնի ստեղծագործական անձնակազմին երկու հիմնական պատճառով: Առաջինը մասնագիտական է: Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին՝ խոսել երաժշտական թատրոնի մասին առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը: Պետական կամերային երաժշտական թատրոնն իր կանոնադրական խնդիրները շատ ավելի լիարժեք կիրականացնի Պարոնյանի թատրոնի բազայի հիման վրա»,-շեշտեց Խզմալյանը: Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Անդրադառնալով հաջորդ պատճառին՝ Արա Խզմալյանը հիշեցրեց, որ Հայաստանում կան պետական կարգավիճակ ունեցող բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք բառացիորեն փողոցում են, դեգերում են մի տեղից մյուսը: «Կարող եք գնալ և տեսնել, թե «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթն ինչ պայմաններում է աշխատում: Փորձերն անցկացնում են Ֆիլհարմոնիկի նկուղներում, կամ Հայաստանի պարի պետական անսամբլը: Այդպես թվարկելով՝ կարող ենք առաջ գնալ և այս ամենի գագաթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացարձակ փողոցում լինելու հանգամանքն է: Ամեն օր ես զբաղվում եմ Սիմֆոնիկ նվագախմբի փորձերի խնդիրը կարգավորելով. խնդրում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբին, օպերային թատրոնին, կոնսերվատորիային, որ այսօր մեր ամենաստեղծարար, ակտիվ գործող, պետական կարգավիճակ ունեցող Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա իր փորձերի շարունակականությունն ապահովել: Գիտեք, թե ինչ տնտեսական վիճակ է. պետությունն առաջիկա տարիներին չի ունենալու այնքան ռեսուրս, որ կարողանա նոր համերգասրահ կառուցել և հոգալ Սիմֆոնիկ նվագախմբի խնդիրը, լուծել պարային համույթների հարցը և այլն: Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ևս իր տարածքը չունի ու վարձակալում է: Մենք պետք է գնանք եղած ռեսուրսների օպտիմալ և ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհով»,-ընդգծեց նա: Խզմալյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում, երբ մի ստեղծագործական կազմը միանում է մեկ այլ ստեղծագործական կազմի: «21-րդ դարում խոսել այն մասին, որ թատրոնը մեր տունն է, տաճար է, սրբավայր է և այլն, ծիծաղելի է: Սրանք անախրոնիկ դատողություններ են, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է հասկանա, որ ինքը ծառայություններ է մատուցում պետությանը և աշխատավարձ է ստանում  դրա համար:  Կարծում եմ՝ հին, 19-րդ դարի տերմինաբանությամբ այլևս պետք չէ խոսել թատրոնի մասին: Մենք պետք է կարողանանք տրամաբանված կարգավորել հարցը, որ Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա շարունակել իր ամենօրյա փորձերը, տաղանդավոր մարդիկ չմնան դրսում, այսինքն՝ մենք կրճատման ու բյուջեի հարց չենք լուծում, հակառակը՝ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում պրոֆեսիոնալ գործունեության համար և գնալու ենք այդ քայլին՝ անկախ այդ խմբերի արձագանքներից ու քմահաճույքից, որովհետև վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,-հավաստիացրեց փոխնախարարը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:49 - 09 հուլիսի, 2021
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍՆ պարզաբանումը

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍՆ պարզաբանումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում հուլիսի 7-ին տարածված տեղեկատվությունն առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած պարզաբանման մեջ ասվում է. «ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը: Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: Վերոնշյալից պարզ է դառնում, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը»: Նախարարությունը ԶԼՄ-ների գործընկերներին հորդորում է միասնական քննությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել լիարժեք և ամբողջական՝ զերծ մնալով անհարկի շահարկումներից, և հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է:
09:24 - 09 հուլիսի, 2021
Հայ-բելառուսական գիտական համագործակցություն. 6 ծրագիր կստանա ֆինանսական աջակցություն

Հայ-բելառուսական գիտական համագործակցություն. 6 ծրագիր կստանա ֆինանսական աջակցություն

2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից անցկացվող համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ–ԲՀ ԳՏՊԿ-2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը: Հաղթող ծրագրերը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Երևանի պետական համալսարանը:
16:29 - 07 հուլիսի, 2021
Դիլիջանում տրվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման վերապատրաստումների մեկնարկը

Դիլիջանում տրվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման վերապատրաստումների մեկնարկը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած մինչև նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր: Չափորոշիչների փորձարկումից առաջ՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը, Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու առարկայական ուսուցիչները կվերապատրաստվեն ԵՄ հանուն նորարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ԲՏՃՄ առարկայական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի  «ԱՅԲ» հիմնադրամը, հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչներինը` ԿԶՆԱԿ-ը: Բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, հումանիտար-հասարակական բնագավառինը կմեկնարկի հուլիսի 23-ից:  Փորձարկվող դպրոցներում կբացվեն նոր լաբորատորիաներ Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են առարկայական բոլոր չափորոշիչները: Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում: «Հաշվի առնելով փորձարկման արդյունքները՝  չափորոշիչների մշակումը կստանա վերջնական տեսք, և կքննարկվի դրանց ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր պետական դպրոցներում»,- նշել է փոխնախարարը: Նրա խոսքով` չափորոշչի փորձարկման համար պահանջվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: «Բնագիտական առարկաների համար բոլոր դպրոցներում կստեղծվեն լաբորատոր ենթակառուցվածքներ, դպրոցները կստանան համակարգչային սարքավորումներ: Չափորոշչի ներդրումը կիրականացվի լաբորատորիաների ստեղծմանը զուգահեռ, որպեսզի ծրագրային փոփոխություններն արդյունավետ լինեն: Իրականացնելով գործողությունների այս ողջ համախումբը` փորձարկման ընթացքում պետք է հասկանանք, թե նոր չափորոշիչն ինչ խնդիրներ ունի, ինչպիսի լրամշակումներ են անհրաժեշտ: Այս աշխատանքը պահանջում է ջանքերի համատեղում և փոխադարձ վստահություն: Մենք վստահում ենք ուսուցչին ու դպրոցին և ակնկալում ենք, որ այդ վստահությունը փոխադարձ է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ Տավուշի մարզի դպրոցները լինելու են հանրակրթության բովանդակային բարեփոխման առաջամարտիկը: Նոր չափորոշչի նորությունները ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է նաև նոր չափորոշիչներով առաջարկվող փոփոխությունները: Մեծ տեղ է տրվում խմբակներին, մասնավորապես առողջ ապրելակերպի խմբակը պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը համալրվել է պարտադիր գործնական բաղադրիչով` մարզառազմական ճամբարով, որն ավագ դպրոցի սովորողների համար կլինի պարտադիր: Որպես նոր պարտադիր խմբակ` բոլոր դպրոցներում կգործեն նաև մասնագիտական կողմնորոշման ակումբները: Նոր չափորոշիչներում կարևորվել է նաև համընդհանուր ներառման բաղադրիչը:  Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, փոխարենը սովորողների գնահատումը կիրականացվի բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Բացի դրանից` չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը: 7-րդ դասարանից սկսած ներդրվում է նախագծային ուսուցումը, որը նոր մոտեցում է և նախկինում չի եղել. դա աշակերտի կողմից հետազոտական աշխատանքի իրականացումն է: Նույն դասարանում «Հասարակագիտություն» առարկան ներառում է ֆինանսական գրագիտության, ձեռներեցության և հակակոռուպցիոն կրթություն: Մեծ շեշտադրում է արված բնագիտական ուղղվածությանը` կարևորելով փորձարարական ուսուցումը. այսինքն` աշակերտները պետք է տեսնեն այդ առարկաների կապն իրենց կյանքի ու շրջակա միջավայրի հետ: Մեծ ուշադրություն է դարձվում «Արվեստ և արհեստ» առարկայական բնագավառին, որը շարունակվում է հանրակրթության բոլոր աստիճաններում: Եթե նախկինում արվեստի ուսուցումը 7-8-րդ դասարաններում ավարտվում էր, ապա նոր չափորոշչով արվեստը մինչև 12-րդ դասարան կլինի կայուն բաղադրիչ: Այդ համատեքստում կուսուցանվի «Արվեստ» ինտեգրված առարկան: Մեծ կարևորություն է տրվում հայագիտական ուղղությանը, որի շրջանակում  5-6-րդ դասարաններում աշակերտներն անցնելու են «Իմ հայրենիք» նոր առարկան, որն այս տարի կփորձարկվի 5-րդ դասարանում: Այս առարկայի առաջնային խնդիրը հայրենաճանաչությունն է, որը սկսվում է սովորողի համայնքի պատմամշակութային ժառանգության ճանաչողությունից և փոխկապակցվում է հայրենագիտական արշավների հետ: Նախկին «Ինֆորմատիկա» առարկայի փոխարեն՝ 2-րդ դասարանից սկսած աշակերտներն անցնելու են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ» առարկան: Ավագ դպրոցում կներդրվի «Բնագիտություն» ինտեգրված առարկան` նախատեսված ոչ բնագիտական հոսքերի սովորողների համար: Առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է` համաեվրոպական շրջանակի B2 մակարդակի իմացություն ապահովելու պահանջով: Միաժամանակ խրախուսվում է տարածաշրջանային լեզուների ուսուցումը: Նշենք, որ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «ԱՅԲ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ներկայացրել են վերապատրաստման աշխատանքների գրաֆիկն ու աշխատանքային ընթացակարգերը: Դպրոցների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր` նոր չափորոշչի ներդրման և վերապատրաստման աշխատանքների հետ կապված: Դպրոցներից մեկի տնօրենի՝ արձակուրդի շրջանում վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ հարցին ի պատասխան` ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ հարցը կկարգավորվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակում:  Քննարկմանը հեռավար միացել են նաև Տավուշի մարզի բոլոր դպրոցների փորձարկվող դասարաններում դասավանդող ուսուցիչները:
14:27 - 07 հուլիսի, 2021
Հրապարակվել են մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Հրապարակվել են մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19.75 միավոր՝ 10 դիմորդ: 1 դիմորդ քննություն է հանձնել «Գերմաներեն» առարկայից: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 117 դիմորդից քննությանը մասնակցել է 98-ը: Միջին միավորը եղել է 8.94: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: 18-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ մասնակիցների 5.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 2, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ: «Մաթեմատիկա» առարկայի համար հայտագրված 236 դիմորդից քննությանը մասնակցել է 196-ը: Միջին միավորը եղել է 8.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 76 դիմորդ կամ մասնակիցների 38.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 7 դիմորդ կամ մասնակիցների 3.6%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 1 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 29 դիմորդից քննությանը մասնակցել է 28-ը: Միջին միավորը եղել է 7.60: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16 դիմորդ կամ մասնակիցների 57.1%-ը: 18-20 միավոր չի հավաքել ոչ մի դիմորդ: «Քիմիա» առարկայի համար հայտագրված 104 դիմորդից քննությանը մասնակցել է 102-ը: Միջին միավորը եղել է 8.96: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 45.1%-ը: 18-20 միավոր հավաքել է 9 դիմորդ կամ մասնակիցների 8.8%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 6, 19-19.75 միավոր՝ 2, 20 միավոր՝ 1 դիմորդ: Այսօր ընթանում են «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 112 և 2 դիմորդ: Քննաշրջանն ավարտվելու է հուլիսի 8-ին. քննություններ կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել է համապատասխանաբար 51 և 89 դիմորդ: Հայտագրման երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում գործում է մեկ քննական կենտրոն՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցում: Միայն «Մաթեմատիկա» առարկայի համար է առանձնացվել երկու քննական կենտրոն. այն անցկացվել է նաև Երևանի թիվ 200 դպրոցում: Հավելենք, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները կհաստատի մինչև հուլիսի 18-ը: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
12:54 - 07 հուլիսի, 2021
Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա: «STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ: Հիշեցնենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը, համաձայն 2020 թ.-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Starmus Universe 2007 S.L.» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել դեռևս 2021 թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված COVID-19 համավարակային իրավիճակով:
13:29 - 06 հուլիսի, 2021
Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ

Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ: Ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են: Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից` 89, Արամավիրի մարզից` 101, Գեղարքունիքից` 116, Կոտայքից` 112, Լոռիից` 126, Շիրակից` 137, Սյունիքից,                                                                                 Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչներ: Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին: Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ: Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել սույն թվականի հուլիսի 6-13-ը։ Պահանջվող փաստաթղթերն են․ դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին, տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք), բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը: Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։ Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, Հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։ Կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 07-Լ հրամանով հաստատված «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգի»: Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման օրերը կսահմանվեն մինչև օգոստոսի 20-ը և կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքերում: Առարկայական գիտելիքների ստուգման քննությունները կանցկացվեն սեպտեմբերին։
11:59 - 05 հուլիսի, 2021
Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Նոր վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն. Կարեն Գիլոյան

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: «Աշխատանքները պետք է իրականացնել հնարավորինս արագ և արդյունավետ: Հապաղել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր օրը կորուստ է սպորտի համար: Վազքուղու կառուցմամբ Արտաշատը կդառնա աթլետիկայի կենտրոն, իսկ հայ մարզիկները միջազգային մրցումներում առավել բարձր արդյունքներ կգրանցեն: Բացի դրանից՝ Արարատի մարզն ավելի սպորտային տեսք կստանա՝ հնարավորություն ունենալով անցկացնելու միջազգային մրցաշարեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը տեղեկացրել է, որ որոշ ընթացակարգային հարցերից հետո առաջիկա օրերին ներկայիս՝ դեռևս 1980-ականներին տեղադրված վազքուղին կապամոնտաժվի, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, և կմեկնարկեն նոր վազքուղու կառուցման աշխատանքները: «Շնորհակալ ենք հետևողական վերաբերմունքի համար: Մարզում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը բխում է բոլորիս շահերից»,- ասել է Կարեն Բենիամինյանը և վստահեցրել, որ բոլոր աշխատանքները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Արտաշատ կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկվել են նաև համայնքի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների զարգացմանը, բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու տարբերակներին առնչվող հարցեր:
17:51 - 02 հուլիսի, 2021
Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

Քննական գործընթացում ներգրավված ուսուցիչներին կտրամադրվի վճարովի այլ հանգստյան օր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ երկրում տիրող համաճարակային (COVID-19) իրավիճակով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական պարապմունքների ժամկետների փոփոխությունների հետ կապված, 2020-2021 ուստարվա 9-րդ դասարաններում անցկացվող ավարտական քննության օրը համընկել է ոչ աշխատանքային օրվա հետ (05.07.2021 թ.): ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ոչ աշխատանքային օրն աշխատելու հանգամանքը՝ առաջարկվել է քննական գործընթացում ներգրավված աշխատողներին մեկ ամսվա ընթացքում տրամադրել վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրն ավելացնել ամենամյա արձակուրդին՝ առաջնորդվելով աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին:    
14:31 - 02 հուլիսի, 2021
Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

Վահրամ Դումանյանը և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կարևորելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը, շեշտել է առկա համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացումն ու նոր նախագծերի իրականացումը: Վահրամ Դումանյանը կրթության և գիտության ոլորտներում ամերիկյան կողմի աջակցությամբ իրականացվող նախագծերից առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացում աջակցել ԿԳՄՍ նախարարությանը: Կարևորելով ծրագրի մինչև  2023 թվականը երկարաձգումը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ  ներառական կրթության բարեփոխումները ՀՀ կրթության քաղաքականության առանցքային ուղղություններից են: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին և գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ)  «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում: «Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցությանը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին հայկական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված աջակցության համար` նշելով, որ այդ ոլորտում գլխավոր մտահոգությունը շարունակում է մնալ 2020 թվականին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված  տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը: «Վստահ ենք, որ Ձեր կողմից ձեռնարկվող հնարավոր միջոցառումները լավագույնս կնպաստեն այս զգայուն և չափազանց կարևոր խնդրի կարգավորմանը»,- նշել է Վ. Դումանյանը: ԱՄՆ դեսպանը փաստել է, որ խնդիրը մտահոգիչ է և գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև EducationUSA, FLEX կրթական ծրագրերը, անդրադարձ է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներին, Հայաստանում ամերիկյան համալսարանի գործունեությանը, ինչպես նաև ամերիկյան կողմի աջակցությամբ ընթացող պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին:
19:34 - 01 հուլիսի, 2021
Հուլիսի 6-13-ը տեղի կունենա ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլը

Հուլիսի 6-13-ը տեղի կունենա ուսուցչի կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի սեփական նախաձեռնությամբ` կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության երկրորդ փուլ: Առարկայական գիտելիքի ստուգման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը 2021 թ. հուլիսի 6-ից մինչև 13-ը ներառյալ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ առձեռն ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանում ամեն օր՝ ժամը 9։30-ից մինչև 18։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։ Պահանջվող փաստաթղթերն են՝ դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին. տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք). բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը: Կամավոր ատեստավորումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թ. ապրիլի 23-ի 07 L հրամանով հաստատված աշխատակարգի համաձայն:
14:43 - 01 հուլիսի, 2021
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հյուրընկալել էր Դևիսի գավաթի ենթախմբում հաղթած թենիսի հավաքականին

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հյուրընկալել էր Դևիսի գավաթի ենթախմբում հաղթած թենիսի հավաքականին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել էին Հայաստանի թենիսի հավաքական թիմին, որը հաղթել է 2021 թվականի Դևիսի գավաթի խաղարկության չորրորդ ենթախմբում և հաջորդ տարի կմասնակցի երրորդ ենթախմբի մրցաշարին: Հաղթանակներից մեկը Հայաստանի հավաքականը տոնել է Ադրբեջանի մարզիկների նկատմամբ: Նախարար Դումանյանն իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց թիմի անդամներին մարզչական շտաբին և ֆեդերացիայի ներկայացուցիչներին: «Շնորհակալություն ձեզ մեզ նման մեծ հպարտության առիթ տալու համար: Մեր ունեցած հնարավորությունների սահմաններում աջակցելու ենք ձեզ առաջիկա գործունեությունում»,-ասաց նախարար Դումանյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանն էլ իր խոսքում շեշտեց, որ թիմը հաղթահարեց 4-րդ ենթախմբի արգելքը և այժմ հանդես կգա 3-րդ խմբում: «Ադրբեջանի դեմ մրցախաղը մեր պատերազմն էր, այն պատերազմը, որը հաղթեցինք: Սա մեր բոլորի հաղթանակն է` երկրի, ժողովրդի, ֆեդերացիայի»,-ասաց մասնագետը: Ավետիսյանը նաև բարձրաձայնեց, որ թենիսիստների զինծառայության հետ կապված դժվարություններ են ունենում և հույս հայտնեց, որ մարզիկներին հնարավորություն կտրվի ԲԿՄԱ-ում իրենց ծառայությունն անցնելու: Հավաքական թիմը որպես նվեր նախարարին փոխանցեց Դևիսի գավաթի խաղարկության գնդակը` հավաքական թիմի անդամների ստորագրությամբ: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը: Մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Չեռնոգորիայի, Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ պայքարում A խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և հնարավորություն ստացել արդեն 2022 թվականին հանդես գալու Դևիսի գավաթի երրորդ ենթախմբի մրցմանը: Ալբանիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույն՝ 2:1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ վերջին տուրում զիջել է Չեռնոգորիային: Դևիսի գավաթի երրորդ ենթախումբ են դուրս եկել խմբերում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:
13:28 - 30 հունիսի, 2021
Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 277 դիմորդ կամ մասնակիցների 21.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 119, 19-19.75 միավոր՝ 117, իսկ 20 միավոր՝ 41 դիմորդ: «Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 1459 դիմորդից քննությանը մասնակցել է 1403-ը: Միջին միավորը եղել է 14.66: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 138 դիմորդ կամ մասնակիցների 9.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ: «Քիմիա» առարկայի համար հայտագրված 1123 դիմորդից քննությանը մասնակցել է 1042-ը: Միջին միավորը եղել է 13.36: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 172 դիմորդ կամ մասնակիցների 16.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 272 կամ մասնակիցների 26.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 97, 19-19.75 միավոր՝ 143, իսկ 20 միավոր՝ 32 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 264 դիմորդից քննությանը մասնակցել է 246-ը: Միջին միավորը եղել է 12.76: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 դիմորդ կամ մասնակիցների 7.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 27 դիմորդ կամ մասնակիցների 11.0%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 21, 19-19.75 միավոր՝ 5 դիմորդ: Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։
15:32 - 29 հունիսի, 2021