ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը: Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են: Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը: Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով: «Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական  հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը: Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը: Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է  այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել: Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական  կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
12:33 - 24 մայիսի, 2021
ՄԿՈՒ ոլորտը պետք է առաջինն արձագանքի տնտեսության կարիքներին և աշխատաշուկայի զարգացմանը. ԿԳՄՍ փոխնախարար

ՄԿՈՒ ոլորտը պետք է առաջինն արձագանքի տնտեսության կարիքներին և աշխատաշուկայի զարգացմանը. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ hայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ, կազմակերպել է երկօրյա աշխատաժողով՝ «ՄԿՈՒ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և էկոնոմիկայի նախարարությունների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև տեղական և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։   Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին՝ ի դեմս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը տարիներ շարունակ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի աջակցության համար։ «ՄԿՈՒ ոլորտը կրթության համակարգի այն օղակն է, որը պետք է առաջինն արձագանքի տնտեսության կարիքներին ու աշխատաշուկայի զարգացմանը և իր ճկունությամբ հնարավորություն տա բավարարել այդ կարիքը՝ նոր մասնագիտությունների և որակավորումների, ինպես նաև կադրերի պատրաստման ուղղությամբ։ Այս տեսանկյունից ՄԿՈՒ հաստատությունները բոլոր մարզերում մասնագիտական կրթություն ստանալու հիմնական օղակն են։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, թե տարբեր ծրագրերի արդյունքում որակական և համակարգային փոփոխությունների համար ինչ առաջխաղացման տեղ կա»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ պահը հասունացել է, քանի որ տարիներ շարունակ ՄԿՈՒ ոլորտում փորձարկվում է դուալ համակարգը, ԱՀՈւ մոդելները, հայցեկարգային տարբեր փաստաթղթեր են մշակվում, և ներկայում կարիք կա հասկանալ, թե այդ գործիքակազմն արդյոք բավարա՞ր է լուծելու բոլոր խնդիրները, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում սոցգործընկերների և, հատկապես, գործատուների հետ համագործակցությունը։   «Իհարկե, նրանք ներգրավված են չափորոշիչների մշակման, կառավարման խորհուրդների, ինչպես նաև ոլորտի քաղաքականության մշակման գործընթացում՝ ի դեմս ՄԿՈՒԶԱԽ-ի, սակայն համակարգային առումով այդ համագործակցությունը չի կարելի բավարար գնահատել։ Դրա համար, անկասկած, կան տարբեր պատճառներ, որոնցից ամենակարևորը տնտեսության վիճակն է և տարբեր ոլորտներում տնտեսվարող սուբյեկտների անցած ճանապարհը։ ՄԿՈՒ համակարգը, սակայն, կարող է խթանող դեր ունենալ և փոխշահավետ լինել ուսհաստատությունների և գործատուների համար՝ նպաստելով երկուստեք զարգացմանը։ Հետևաբար նմանատիպ քննարկումներով ցանկանում ենք հասկանալ, թե առկա գործիքակազմերով ինչպես առավել արդյունավետ դարձնել նախատեսվող համակարգային փոփոխությունները»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս ամենը պետք է փոխկապակցել նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հետ:   Աշխատաժողովի մասնակցներին ողջունել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ընդգծելով, որ ԲՏԱ նախարարությունը կարևորում է Հայաստանում ՄԿՈԻ ոլորտի զարգացումը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում կարիքների բացահայտման և սահմանման ճանապարհայի քարտեզ՝ այդ հարցում ակնկալելով սերտ համագործակցություն ԿԳՄՍ նախարարության հետ։   «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության տնօրեն Վարդուհի Դադունցն իր հերթին նշել է, որ քննարկման արդյունքում նախատեսվում է վերհանել այն բոլոր մարտահրավերները, որոնք խոչընդոտում են ՄԿՈՒ ոլորտի զարգացմանը, որին վերջին տարվա ընթացքում գումարվել են նաև համավարակով պայմանավորված դժվարությունները։ Նա վստահություն է հայտնել, որ արդյունավետ քննարկման արդյունքում մասնակիցները կգտնեն այն ռազմավարական լուծումները, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համատեղ կաշխատեն պետական կառույցները, գործատուները և դոնոր կազմակերպությունները։ «Մենք աջակցում ենք Շիրակի մարզում ագրո և տեքստիլ ոլորտների կրթության որակի բարելավմանը՝ կարևորելով գործատուների հետ սերտ համագործակցությունն աշխատանքի վրա հիմնված մոդելի կիրառմամբ՝ ի նպաստ հմուտ մասնագետների պատրաստմանը։ Վստահ ենք, որ դրական փոփոխություններն առաջիկայում նկատելի կլինեն և կդառնան զարգացման մոդել նաև ՀՀ մյուս մարզերի ՄԿՈւ-ների համար»,- ասել է նա։   Աշխատաժողովն այսօր շարունակել է իր աշխատանքները, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով։ Մասնավորապես, ներկայացվել են ՄԿՈՒ համակարգի մարտահրավերներն ու գործատուների ներգրավվածության լավագույն փորձը, բացահայտվել աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշվել զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրերի պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը: Համաժողովի առաջնահերթություններից էր նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հետագա ծրագրերի սինխրոնացումն ու համագործակցային նոր հնարավորությունների ուրվագծումը:   Երկօրյա աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մաս է կազմում:
19:31 - 22 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ հանրային քննարկման են ներկայացրել «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը»: Այն կոչված է ստեղծելու իրավական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար: «Երիտասարդական քաղաքականության շրջանակում որպես ռազմավարական թիրախներ սահմանված են երիտասարդական էկոհամակարգի զարգացումը` երիտասարդների ներուժի իրացման հնարավորությունների շարունակական ընդլայնման և հանրային կյանքի գործընթացներում երիտասարդների դերակատարության բարձրացման համար, երիտասարդությանն առնչվող ոլորտների միջև համագործակցությունը, որը նախատեսում է ակտիվորեն տարածել տեղեկատվություն այլ կառույցների կողմից երիտասարդներին առաջարկվող հնարավորությունների վերաբերյալ, մշակել և կիրառել մեթոդական ուղեցույցներ, մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր և ապահովել ծրագրերի շարունակականությունը, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը, ինչը ենթադրում է, որպես ժամանակի հրամայական, Արցախյան վերջին պատերազմից հետո պատերազմի մասնակիցների, ինչպես նաև պատերազմից անմիջականորեն ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդներին տնտեսական մասնակցության հնարավորությունների ստեղծմանը և/կամ ընդլայնմանը: Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը մշակված է 6 հիմնական նպատակների շուրջ, որոնցում ամփոփված են ռազմավարությամբ առաջադրված տեսլականին միտված քայլերն առաջիկա հինգ տարիների համար՝ 1. Երիտասարդական քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգում և զարգացում.2. Ակտիվ քաղաքացիություն.3. Երիտասարդների տնտեսական մասնակցություն և զբաղվածություն.4. Առողջ և ներառված երիտասարդներ.5. Երիտասարդական աշխատանք և կամավորություն.6. Միջազգային համագործակցություն:Ռազմավարության գնահատման համար առաջարկվում է իրականացնել արտաքին գնահատում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ։Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 3-ը: Այս ընթացքում քաղաքացիները և շահառու խմբերը կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները»,- ասված է ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում:
12:46 - 22 մայիսի, 2021
Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները պետք է ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար․ ԿԳՄՍՆ

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները պետք է ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար․ ԿԳՄՍՆ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն։Մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա ծնողին կառաջարկվի համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի:Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին խնդրում է տվյալների ստուգումը կատարել մինչև մայիսի 31-ը՝ հետագայում նախընտրելի դպրոցում երեխային հայտագրելու ժամանակ հավելյալ խնդիրներից խուսափելու համար:Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն` 010/011 57-84-55, 010/011 57-84-53 հեռախոսահամարներով:Հայտագրման քայլերի հաջորդականությունը` կից տեսանյութում:
13:13 - 21 մայիսի, 2021
Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցներում ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թ. մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը: Աշխատակարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`«Մայրենի» (գրավոր, թեստ) - 22.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 25.06.2021 թ.«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և դպրոցում գործածվող դասագրքերից: 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝«Հայոց պատմություն» (բանավոր) - 21.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 24.06.2021 թ.«Գրականություն» (բանավոր) - 28.06.2021 թ.«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 30.06.2021 թ.Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 03.07.2021 թ.Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - 05.07.2021 թ.«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - հունիսի 21-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից: 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝«Հայոց լեզու» (գրավոր) - 09.06.2021 թ.«Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2021 թ.«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից: Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն: Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
11:53 - 21 մայիսի, 2021
Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

 ՀՀ ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ եթե երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Մխիթար Հայրապետյանը: Ըստ գործող օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Նախագծով առաջարկվում է լրացնել հետևյալ կետը՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում,  ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը: «Այսպիսով, դասընթացները լրացնելու պարագայում արդեն իսկ հնարավորություն կտրվի դասավանդել դպրոցներում՝ այն պարագայում, երբ երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը, այնուամենայնիվ, կմնա չլրացված»,- ասաց Հայրապետյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը, մասնավորապես նախարարությունը շատ կարևորում է այս կարգավորման ներառումը Հանրակրթության մասին օրենքի շրջանակում: Նրա խոսքով՝ նաև քաղաքային համայնքներում է լինում որոշ առարկաների գծով ուսուցիչների պակաս: «Հատկապես խնդրահարույց է բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասը և դրա լրացման հնարավորությունների նվազ լինելը՝ կապված այն սահմանափակող դրույթի հետ, որ այդ հաստիքներին կարողանում են հավակնել միայն մանկավարժի որակավորում ունեցող անձինք կամ այն անձինք, որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն»,- ասաց փոխնախարարը:
15:59 - 19 մայիսի, 2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել բուհերի ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության բարեփոխումների արդյունավետության և ոլորտի զարգացման հիմքը ֆինանսավորման նոր մոդելների մշակումն է: «Գոյություն ունեցող ֆինանսավորման մոդելը որակյալ և  մրցունակ  մասնագետ պատրաստելու ժամանակակից պահանջներին չի բավարարում»,-  ընդգծելով ֆինանսավորման խնդրի առաջնահերթությունը` փաստել է նախարարի տեղակալն ու հավելել, որ ներկայումս բուհերի ֆինանսավորման 90-95 տոկոս և ավելի չափաբաժինը ձևավորվում է ուսանողների վարձավճարներից: Մի դեպքում ուսանողի կրթության համար վճարում է պետությունը` բուհին հատկացնելով որոշակի տեղեր պետական պատվերի շրջանակում, մեկ այլ դեպքում` ուսանողը կամ որևէ մասնավոր, բարեգործական կազմակերպություն, որը ստանձնում է բուհում սովորողի ուսման վարձի հատուցման գործառույթը: Սակայն, բոլոր դեպքերում բուհերը, բացի ուսման վարձից, ֆինանսական այլ աղբյուրներ գրեթե չունեն, ինչը, ըստ նախարարի տեղակալի, արդյունավետ մոտեցում չէ բուհի զարգացման և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից: «Բուհերը, ըստ էության, ֆինանսական կախվածություն ունեն ուսանողների  քանակից, քանի որ ուսանողները համարվում են նրանց ֆինանսավորման հիմնական և գլխավոր աղբյուրը, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա»,- նշել է Կ. Թռչունյանը: Նա կարևորել է օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավումը բուհերի բյուջեներում, և բուհերին առաջարկել է այդ առումով լինել  նախաձեռնող: Նրա խոսքով` բարձրագույն կրթության բարեփոխումների և նախատեսվող նոր իրավական կարգավորումների մեջ ֆինանսավորման մի քանի բաղադրիչ է առանձնացվել: Կարևոր խնդիրներ են նաև առկա վիճակի գնահատումն ու վերլուծությունը, որոնցից կարող են բխել նաև ֆինանսավորման նոր մեխանիզմների վերաբերյալ իրատեսական առաջարկների ուղղությամբ համակարգված աշխատանքները: Հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց բուհերում գործող ֆինանսավորման բանաձևերը, մասնավորապես, ըստ ուսանողների և դասախոսների թվի հարաբերակցության և մի քանի այլ գործակիցներ: Բուհերի ներկայացուցիչները բարձրացրել են նաև մի շարք հարցեր` բուհական տարբեր մասնագիտությունների համար պետական պատվերի շրջանակում պետության սահմանած ուսման վարձի չափի, պետպատվերի տեղերի բաշխման, անվճար տեղերն ըստ ուսանողների սոցիալական վիճակի նպատակային հատկացման և մի շարք այլ խնդիրների առնչությամբ: Բուհերի ֆինանսավորման խնդիրների շուրջ քննարկումները լինելու են շարունակական:
15:18 - 19 մայիսի, 2021
Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն»  առարկաների ուղեցույցները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, պատասխանների ձևաթուղթը և դրա լրացման կարգը, ինչպես նաև առաջադրանքներում ընդգրկվելիք ծրագրային նյութի շրջանակները: Թեստերի կազմման համար հիմք են ընդունվել հանրակրթական դպրոցի վերոնշյալ առարկաների ծրագրերը: «Կենսաբանություն» առարկայի ուղեցույցը ԳԹԿ կայքում հասանելի կլինի առաջիկայում։
15:31 - 18 մայիսի, 2021
Հայաստանում ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցում

Հայաստանում ռազմամարզական ճամբարի ծրագիրը կփորձարկվի 4 դպրոցում

Մեկնարկում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը, որն այս տարի կիրականացվի 4 դպրոցում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է վերոնշյալ ուսհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ա. Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանը: Նշյալ ուսհաստատությունը պատասխանատու է փորձնական ծրագրի իրականացման համար: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ ճամբարի կազմակերպումն ուղղված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ծրագրի յուրացմանը և գործնական ճանապարհով ստացած գիտելիքների ամրապնդմանը: «ՆԶՊ-ի չափորոշչի վերանայման ընթացքում հաշվի են առնվել նաև այն լուրջ մարտահրավերները, որոնց մեր երկիրը բախվել է Արցախյան վերջին պատերազմից հետո: Այդ նպատակով խնդիր ենք դրել՝ բարձրացնել ՆԶՊ առարկայի որակը՝ էապես շեշտադրելով գործնական հմտությունների զարգացումը: Նախ, վերանայվել է ընդհանուր թեմատիկ ծրագրային ներկայացվածությունը, և ներառվել են այն բաղադրիչները, որոնք արդիական են ու համապատասխանում են ժամանակակից խնդիրներին: Եվ երկրորդ՝ էապես շեշտադրվել է գործնական հատվածը. նախատեսվում է փորձարկել մարզառազմական ճամբարները, որոնք պարտադիր են լինելու 11-րդ դասարաններում սովորող աշակերտների համար»,-  նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը  քննարկվել է ՀՀ պաշտպանության ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչների հետ: Փոխնախարարի խոսքով՝ այս տարի մարզառազմական ճամբարների ծրագիրը կփորձարկվի չորս դպրոցներում՝ 100 աշակերտի համար: Դպրոցներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության կազմակերպած մարզառազմական միջոցառումներին դրանց ակտիվ և հաջող մասնակցությունը: Այդ ուսհաստատություններն են Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցները: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է փորձարկել տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ վրանային ճամբարը, որպեսզի աշակերտներին հնարավորություն տրվի համապատասխան պայմաններում ստանալ անհրաժեշտ գործնական հմտություններ: «Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնում այդ 100 երեխայի համար, որպեսզի պատշաճ կազմակերպենք գործընթացը: Այդ տարիքի երեխաների հետ անցկացվող նմանատիպ միջոցառումների ընթացքում կարևոր են վերահսկողական մեխանիզմները. նախապատրաստական աշխատանքների կարիք կա թե՛ ծնողների, և թե՛ երեխաների հետ: Ընդ որում՝ ծնողների համաձայնությունը պարտադիր է՝ երեխաներին այդ գործընթացում ներգրավելու համար»,- շեշտել է փոխնախարարը և հավելել, որ առանց համատեղ աշխատանքի ծրագիրը չի կարող հաջողել: Այդ համատեքստում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերոնշյալ դպրոցներին, որ համաձայնել են դառնալ փորձնական ծրագրի մաս՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված փորձառությունը կօգնի առավել մեծ ոգևորությամբ մասնակցել մյուս փուլերին: Նրա խոսքով՝ փորձարկման ծրագրի արդյունքում այն կլրամշակվի և կբարելավվի: Ճամբարի կառուցվածքը կձևավորվի ՀՀ զինված ուժերի գումարտակի կառուցվածքի նմանությամբ, որը ներառում է երեք վաշտ, յուրաքանչյուր վաշտում՝ երեք դասակ, յուրաքանչյուր դասակում՝ տասը կամ տասներկու սովորող: Ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարը նախատեսվում է թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար: Ծրագրի տևողությունը 12 օր է։
10:27 - 18 մայիսի, 2021
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը, իսկ նախարարության համակարգման ոլորտները երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորություն են տալիս: «Ներկայում մեզ համար առաջնահերթ է նախարարության համակարգման ոլորտներում բարեփոխումների և ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացումը, որոնց ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում: Համոզված եմ, որ Ճապոնիայի հետ սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը և ճապոնական կողմին շնորհակալություն հայտնել շարունակաբար ցուցաբերվող աջակցության համար:  Վահրամ Դումանյանն ընդգծել է գիտության և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի մեծ փորձը և առաջարկել է դիտարկել այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունը: Խոսելով երկու երկրների երիտասարդության միջև կապերի ամրապնդման կարևորությունից՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև բարձրագույն կրթության, սպորտի, մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նշված ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ չնայած պատերազմի և կորոնավիրուսի համավարակի հարուցած դժվարություններին՝ Հայաստանը կընթանա զարգացման ուղով, իսկ Ճապոնիան պատրաստ է օժանդակել բարեկամ երկրին:  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և դեսպան Ֆուկուսիմա Մասանորին քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: 
14:51 - 17 մայիսի, 2021
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում արտաքին և ներքին գնահատումներ կիրականացվեն

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում արտաքին և ներքին գնահատումներ կիրականացվեն

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած: Արտաքին գնահատում` վարկանիշային ցանկ Համաձայն նոր կարգի` պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպության միջոցով: Կազմակերպության ընտրությունը կկատարվի սահմանված կարգով`  սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակում: Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացվելու է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպությունների ցանկից տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի ընտրած կազմակերպության կողմից: Արտաքին գնահատման ժամանակ հաշվի են առնվում սաներին մատուցվող կրթական ծառայությունների որակի և նախադպրոցական կրթության չափորոշչի համապատասխանությունը, ինչպես նաև կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքները: Արտաքին գնահատմանը մասնակցում են ծնողները, կրթության պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինները, տեղական ինքնակառավարման մարմնի և ուսումնական հաստատության ներկայացուցիչները` վերջին 5 տարվա գործունեության արդյունքների հիման վրա: Արտաքին գնահատման արդյունքներն ամրագրվում են հավաստագրի միջոցով: Գնահատման չափանիշներով սահմանված միավորների առնվազն 75 տոկոսը ստանալու դեպքում հաստատությանը հինգ տարի ժամկետով տրվում է հավաստագիր:  Գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է վարկանիշային ցանկ, որը հրապարակվում է նախարարության կայքում: Ներքին գնահատում` ինքնավերլուծություն Գործունեության ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից: Ներքին գնահատումն ուսումնական հաստատության ինքնավերլուծությունն է, որն իրականացվում է տարեկան մեկ անգամ` մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ներքին գնահատմանը մասնակցում են ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողները, սաների ծնողները: Նշենք, որ ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության հաստատած հարցաշարերի հիման վրա: Ներքին և արտաքին գնահատման նպատակը նախադպրոցական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովումն ու նախադպրոցական կրթության որակի բարելավումն է` կրթական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցության խթանումը:  
11:39 - 17 մայիսի, 2021
Հանրային քննարկման է դրվել «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը. ԿԳՄՍՆ

Հանրային քննարկման է դրվել «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 28-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրով սահմանված ծրագրային նպատակների իրագործման անհրաժեշտությամբ։ Ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանված նպատակներից են՝ դպրոցական կառավարման բարելավված համակարգի ներդրումը և հանրապետության բոլոր մարզերում ու Երևան քաղաքում մինչև 2023 թվականը համընդհանուր ներառականության անցումը: Որպես նպատակ է սահմանվել նաև 12-ամյա կրթությանը նոր բովանդակություն հաղորդելը՝ չափորոշիչների, ուսումնական պլանի ու առարկայական ծրագրերի և ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ու օտար լեզուների բովանդակության և դասավանդման մոտեցումների վերանայման միջոցով: Օրենսդրական փաթեթի նախագիծն առնչվում է հետևյալ ոլորտներին՝ ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրում, հանրակրթության կառավարման գործընթացում առավել ճկուն և արդյունավետ մոտեցումների ամրագրում, ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցում, ինչպես նաև հանրակրթության բովանդակության հանդեպ արդիական պահանջների ամրագրում: Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացում Նախագծով առաջարկվում է ներդնել ուսուցչի մասնագիտական ստանդարտ հասկացությունը՝ որպես նրա գիտելիքների, գործունեության, պատասխանատվության և վարքագծի բնութագիր։ Միաժամանակ որակավորման տարակարգ հասկացության սահմանումը խմբագրվում է՝ այն փոխկապակցելով մասնագիտական ստանդարտին։ Կրթության կառավարման լիազոր մարմնի լիազորությունների շարքում ամրագրվում է մասնագիտական ստանդարտների հաստատման լիազորությունը։ Վերանայվում են նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, ըստ որի՝ հաջորդ տարակարգին դիմելու համար սահմանված են որոշակի հերթականություն և ժամանակահատված, ինչը հնարավոր չի դարձնում տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին դիմել միանգամից այդ տարակարգի համար՝ պարտադիր դարձնելով անցումը բոլոր նախորդ աստիճաններով: Այն նաև հնարավոր չի դարձնում համապատասխանելու դեպքում առավել վաղ ժամկետում դիմել հաջորդ աստիճանի տարակարգի համար։ Հետևաբար, հանդիսանալով համակարգում ուսուցիչների մասնագիտական զարգացման և առաջխաղացման հիմնական գործիքներից մեկը՝ նշված կարգավորումը, սակայն, տարակարգերի շնորհման մեխանիզմին թույլ չի տալիս իրապես խրախուսող և խթանող դեր խաղալ։ Նշված համատեքստում դիտարկվող խնդիր է նաև այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի չպահպանվելը։ Հաշվի առնելով, որ տարակարգը բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները, ուսումնական հաստատության փոփոխությունը չի կարող համարվել բավարար հիմք՝ ուսուցչի բնութագրի վերանայման համար։ Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված համակարգի ամբողջական բարեփոխման համար վերանայվել են նաև ատեստավորման գործընթացին վերաբերող դրույթները, մասնավորապես հնարավորություն է տրվել ատեստավորում իրականացնել թե՛ պարզ, թե՛ բարդ ընթացակարգերով՝ հաշվի առնելով, որ տարբեր մասնագիտական ստանդարտների համապատասխանող ուսուցիչների համար կարող են գործել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ բարդ ընթացակարգով ատեստավորումներ՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգմանը։ Հանրակրթության կառավարում Տնօրենների հավաստագրման գործընթացում առաջարկվում է տարբերակում կիրառել հավաստագրման ընթացիկ մեխանիզմում՝ ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Սա թույլ կտա տարբերակված մոտեցում կիրառել արդեն իսկ գործող տնօրենների նկատմամբ, որոնք հավաստագրի երկարացման համար ներկայում անցնում են ամբողջությամբ նույն ընթացակարգով, ինչպես նաև գործադրել նվազ վարչարարություն և ռեսուրս պահանջող գործիքակազմ՝ ատեստավորման միջոցով։ Միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև հնարավոր կլինի խուսափել այն դեպքերից, երբ տնօրենի պաշտոնավարման՝ գործնականում անսահմանափակ ժամանակը բացասական երևույթների հիմք է դառնում։ Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ անցնում է ատեստավորում, որի արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացությունը հիմք է՝ տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին անհամապատասխանության եզրակացության դեպքում տվյալ անձն ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին կարող է մասնակցել միայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար սահմանված կարգով նորից դիմելու և նորից հավաստագիր ստանալու դեպքում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացության դեպքում տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը կարող է երկարացվել 3 տարով, բայց ոչ ավելի, քան 10 տարի անընդմեջ նույն պետական ուսումնական հաստատությունում։ Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանության եզրակացություն ստացած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։ Այս ընթացակարգը թույլ կտա նվազեցնել վարչարարությունը, գործող տնօրենների նկատմամբ կիրառել առավել արդյունավետ և նրանց փորձառությունը հաշվի առնող քաղաքականություն՝ միաժամանակ այն հավասարակշռելով ընդհանուր ժամկետային սահմանափակման դրույթներով, որոնք կարող են հանրակրթության ոլորտում լավ փորձի տարածման և զարգացման հիմք դառնալ։ Կարևոր փոփոխություն է նաև հավաստագրումից առաջ պարտադիր վերապատրաստման սկզբունքի վերանայումը, որի արդյունքում վերապատրաստումը կամավոր է։ Ըստ այդմ՝ հավաստագիր ստանալ ցանկացող անձն ինքը պետք է որոշի՝ վերապատրաստվե՞լ, թե՞ ինքնուրույն պատրաստվել քննություններին։ Մյուս փոփոխությունն է հաստատության զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառելիության արդյունավետության օգտագործման և հաստատության ռազմավարական զարգացման նպատակով դրա կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ու պարբերականության ամրագրումը, ինչպես նաև դրա կատարման արդյունքներով տնօրենին անվստահություն հայտնելու լիազորության վերապահումը հաստատության կառավարման խորհրդին։ Սա թույլ կտա բարձրացնել խորհրդի դերակատարությունն ուսումնական հաստատության գործունեության ընթացքում և ամրագրել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայում հաճախ կրում է զուտ ձևական պահանջի բնույթ։ Ներառական կրթություն Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը՝ ներառելով վարքի և հուզակամային, մշակութային ու լեզվական գործոնները: Նախատեսվող փոփոխություններն ուղղված են նաև ներառական կրթությանը վերաբերող դրույթներում առավելապես կրթական քաղաքականությունն ուղղորդելու և բժշկական մոտեցումներից խուսափելու սկզբունքի հետևողական կիրառմանը։ Առավել ամբողջական մոտեցմանն է ուղղված մյուս փոփոխությունը, ըստ որի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը դիտարկվում է որպես մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մաս: Առաջարկվել է նաև հրաժարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող «բարձրացված չափաքանակ» հասկացությունից՝ փոխարենը ներդնելով հետևյալ բովանդակությունը. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը՝ առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթներով»։ Ակնկալվող արդյունք Ակնկալվում է, որ նշված ուղղություններով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները։
19:06 - 16 մայիսի, 2021
Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլն ավարտել է և պատրաստվում է քննությունների: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանընշեց, որ հայտագրման ընթացքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, որևէ խնդիր չի եղել: 24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել: «Որևէ դժգոհություն չի եղել, մեկ, երկու հոգի են եղել, որ չեն հասցրել, նրանց ուղղորդել ենք երկրորդ փուլ: Ի՞նչ է իրենից ենթադրում հայտագրման առաջին փուլը. մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը, ինչպես նաև քննությունների հանձնումը: Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի լինելու է երկու փուլով: Ե՛վ առաջին փուլը, և՛ երկրորդ փուլը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում: Երկրորդ փուլը մենք նախատեսում ենք բանակից զորացրվածների, Սփյուռքից եկած մեր հայրենակիցների, ինչպես նաև այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ընթացքում»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդծելով, որ երկրորդ փուլն անցկացվելու է հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին և երկրորդ փուլից հետո նոր անցկացվում է մրցույթ: Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ նա նշեց, որ միասնական քննություններ հանձնողների թիվն այս տարի Հայաստանում 10 հազար 957 է, Արցախում՝ 529-ը՝ ընդհանուր թիվը կազմելով 11 հազար 486: Ներբուհական քննություն հանձնողների թիվը 1 899 է: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է: Դիմորդների շրջանում ավելի շատ ընտրած առարկաներից, առաջին տեղով, «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», այնուհետև «Հայոց լեզու և հայ գրականությունը»: «Այս տարի նախորդ տարիների նման չէ: Երեք քննություններից միասնական հանձնում ենք երկուսը, և դիմորդներին տրված էր հնարավորություն ընտրելու օտար լեզուն կամ հայերենը: Դիմորդների զգալի մասը ընտրել է օտար լեզուն: Վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիների շարունակ դիմորդներն ավելի բարձր գնահատական են ստանում «Օտար լեզվից», քան «Հայոց լեզվից»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդգծելով, որ շուտով այդ բացը կլրացվի, որովհետև փոփոխություններ են նախատեսված, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» քննությունը դառնա պարտադիր: Դիմորդների շրջանում նախընտրելի մասնագիտությունների կառուցվածքում առանձնապես փոփոխություններ չեն եղել: Ամենից շատ դիմորդները դիմել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտության համար, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա ուղղությունն է, որին հաջորդում է ԵՊՀ-ի «Իրավագիտությունը», ՀՊՏՀ-ի ֆինանսները, Բրյուսովի անվան պետական համալսարանի ծառայությունների բաժինը: Վերջինս, ըստ Կարո Նասիբյանի, նորություն էր: Դիմորդների շրջանում պահանջված բուհերից են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:
14:22 - 14 մայիսի, 2021
Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին․ ԿԳՄՍՆ

Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն մայիսի 18-ին․ ԿԳՄՍՆ

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին բոլորին հրավիրում է միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի և  մեր ազգային ինքնության վկայությունները:  Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:                                                                                     COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան կնշվեն նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո`  թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար: Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113  մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը:
13:15 - 14 մայիսի, 2021