Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ
15:59 - 19 մայիսի, 2021

Թափուր տեղը երկու մրցույթով չհամալրելու դեպքում ուսուցիչ աշխատելու համար կգործեն այլ պահանջներ

 ՀՀ ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին, որով սահմանվում է, որ եթե երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Մխիթար Հայրապետյանը:

Ըստ գործող օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Նախագծով առաջարկվում է լրացնել հետևյալ կետը՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում,  ուսուցչի տվյալ թափուր տեղի  համար կարող է դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:

«Այսպիսով, դասընթացները լրացնելու պարագայում արդեն իսկ հնարավորություն կտրվի դասավանդել դպրոցներում՝ այն պարագայում, երբ երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը, այնուամենայնիվ, կմնա չլրացված»,- ասաց Հայրապետյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը, մասնավորապես նախարարությունը շատ կարևորում է այս կարգավորման ներառումը Հանրակրթության մասին օրենքի շրջանակում: Նրա խոսքով՝ նաև քաղաքային համայնքներում է լինում որոշ առարկաների գծով ուսուցիչների պակաս: «Հատկապես խնդրահարույց է բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասը և դրա լրացման հնարավորությունների նվազ լինելը՝ կապված այն սահմանափակող դրույթի հետ, որ այդ հաստիքներին կարողանում են հավակնել միայն մանկավարժի որակավորում ունեցող անձինք կամ այն անձինք, որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեն»,- ասաց փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել