ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը. առարկայական գիտելիքի ստուգման արդյունքներով՝ 30-50 տոկոս հավելավճար

Հաստատվել է ուսուցչի կամավոր ատեստավորման ընթացակարգը. առարկայական գիտելիքի ստուգման արդյունքներով՝ 30-50 տոկոս հավելավճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը: Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝ ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը: Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում: Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։   Հայտերի ներկայացում   Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող ուսուցիչը պահանջվող փաստաթղթերը 2021 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պետք է առցանց ուղարկի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ներկայացնի ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն` ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։   Պահանջվող փաստաթղթերն են՝   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով դիմում` առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին, տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:   Գիտելիքի ստուգում   Սահմանվել է, որ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։ ԿԳՄՍ նախարարությունը կազմում է ուսուցիչների ցուցակները՝ ըստ դասավանդած առարկաների ու մարզերի, և մինչև օգոստոսի 1-ը փոխանցում ԳԹԿ, որտեղ կազմվում են առարկայական թեստերը: Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից: ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքը ստուգելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընտրում է գիտելիքի ստուգման կենտրոններ, ուսուցիչներին բաժանում խմբերի (քսան հոգուց ոչ ավելի) և յուրաքանչյուր ուսուցչի համար մինչև օգոստոսի 15-ը պատրաստում անցաթուղթ:   Ստուգման ընթացակարգ   Գիտելիքի ստուգման ժամանակ՝ գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո, արգելվում է ուշացած ուսուցչի մուտքը քննասենյակ: Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը: Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ: Թեստերը չեն ստուգվում. դրանք ԳԹԿ-ում սկանավորվում, ճանաչվում, և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Արդյունքները ԳԹԿ-ի կայքէջում հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։   Բողոքարկում   Անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումն առցանց եղանակով ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] : Բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ: Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում` գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Արդյունքները հրապարակվում են բողոքարկման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում: Բողոքարկման գործընթացի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, ԳԹԿ-ն նախարարություն է ներկայացնում ուսուցիչների գիտելիքի ստուգման անհատական արդյունքները՝ ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, թեստում նշված առաջադրանքների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի։ Հաջորդաբար լիազոր մարմինը (նախարարություն, քաղաքապետարան, մարզպետարան) ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին տեղեկացնում է համապատասխան հավելավճարի տրամադրման չափի մասին: Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:
13:06 - 27 ապրիլի, 2021
Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը ստորագրեցին երիտասարդության և սպորտի ոլորտների մասին հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար, Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վարդինե Օհանյանը ստորագրեցին համագործակցության մտադրությունների մասին հուշագիր: Դումանյանն ասաց, որ տվյալ փաստաթղթով երկու երկրի միջև երիտասարդության և սպորտի բնագավառներում գործուն կապերի հիմք է դրվում: «Մեր գործունեությունը կծառայի նաև Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ամրապնդմանը: Հույս ունեմ, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես կանցնենք գործնական քայլերի»,- նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը և հավելեց, թե հավատում է, որ շուտով կլինեն նաև արդյունքներ: Վարդինե Օհանյանը կարևորեց Լիբանանի և Հայատանի միջև համագործակցության փաստաթղթի ստորագրումը, քանի որ այն երկու ժողովրդի միջև հրաբերությունների ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է: «Այս համագործակցությունը «ոսկե առիթ» եմ համարում հայերի և լիբանանցիների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Հույս ունեմ, որ գործնական քայլերը մոտ ապագայում կսկսվեն»,- ասաց Օհանյանը: Խոսելով լիբանանցի երիտասարդների առջև ծառացած խնդիրներից՝ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության նախարարը նշեց, որ  դրանք տնտեսական են: «Մեր երկրի քաղաքական անկայուն վիճակը իր անդրադարձն է ունենում երիտասարդների վրա, նրանք հաճախ գտնվում են լուրջ մարտահրավերների առաջ: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ երիտասարդների համար աշխատանք չկա և նրանք իրենց ներուժը չեն գտնում Լիբանանում, այդ պատճառով մեկնում են արտասահման»,- ընդգծեց Օհանյանը և հավելեց, որ իրենց լուրջ խնդիրներից է լիբանանցի երիտասարդների արտագաղթը: Վերջինս կարևորեց նաև այն, որ ստորագրված փաստաղթի շնորհիվ երկու երկրների միջև տեղի կունենա փորձի փոխանակում:
13:43 - 26 ապրիլի, 2021
Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը |armenpress.am|

Արա Խզմալյանը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացումների չեղարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը անամոթություն կամ գիտակցված ապատեղեկատվություն է համարում մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը, իսկ Ռուսական թատրոնում՝ «Անմարդկային կատակերգություն» դրաման:   Ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում Արա Խզմալյանն ասաց. «Եկել եմ ոլորտից, եկել եմ զուտ մասնագիտական չափանիշներից ու նկատառումներից ելնելով ու կվերադառնամ այդ ոլորտ: Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում: Դրա մեխանիզմն էլ չկա»: Անդրադառնալով «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացմանը՝ Խզմալյանը հիշեցրեց, որ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն արդեն հերքել է այն լուրը, թե ՀՀ կառավարությունից արգելել են խաղալ այն: «Երնջակյանը նշել է, որ բեմադրությունը խաղացանկում է, պարզապես Հրանտ Թոխատյանը գործուղման է մեկնել արտասահման, այդ պատճառով դեռ չեն խաղում: Նույնիսկ նյութն այն մասին, թե իբր ես արգելել եմ ներկայացումը, ինձ ուղարկել է Լուսինե Երնջակյանը: Նրանից եմ իմացել, որ նման խոսակցություն կա»,-ընդգծեց Խզմալյանը: Նախարարի տեղակալը բացառում է քաղաքական նպատակներով ներկայացման չեղարկումն ու շեշտում, որ ավելի շուտ կհրաժարվի իր զբաղեցրած պաշտոնից, քան իրեն թույլ կտա կաշկանդելու ստեղծագործական ազատությունը, եթե դա ստեղծագործական ազատություն է: «Ցավոք սրտի, ազատություն ասելով մենք հասկանում ենք ամենաստոր  հայհոյախոսությունը, արվեստի և մասնագիտության հետ կապ չունեցող հայհոյախոսությունը: Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը  ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ վարչապետի հրաժարականի հայտարարության տակ է ստորագրել, ընդդիմադիր հայացքներ ունեն նաև դիրիժորն ու թատրոնի այլ ներկայացուցիչներ, սակայն իրենք շարունակում են համագործակցել, և այդ ամենը դա չի խանգարում, որ իրենք լրագրողների հետ հանդիպեն հենց օպերային թատրոնի շենքում (ապրիլի 26-ին այնտեղ մամուլի ասուլիս էր հրավիրվել): «Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը նույնպես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, բայց թատրոնը շարունակվում է կառուցվել այս իշխանության օրոք: Այնպես որ այս մեղադրանքներն անհիմն են, անլուրջ ու անամոթ»,-եզրափակեց Արա Խզմալյանը:
13:41 - 26 ապրիլի, 2021
«Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում եւ հնարավորինս փոքրաթիվ մարդկանցով. ԿԳՄՍՆ հորդորը դպրոցներին |armtimes.com|

«Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում եւ հնարավորինս փոքրաթիվ մարդկանցով. ԿԳՄՍՆ հորդորը դպրոցներին |armtimes.com|

armtimes.com: Անցյալ տարի ավանդական «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի հորդորում է բոլոր դպրոցներին վերջին դասն անցկացնել բացօթյա տարածքում: Այս մասին ասաց Հանրակրթության բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը: «Նախարարությունը միջոցառման ավելի բովանդակային կողմին է ուշադրություն դարձնում, որ վերջին դասի կազմակերպումով ամփոփվեն ուսումնական տարիները: Հաշվի առնելով համավարակը եւ նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում են ընդունելության միասնական քննություններ՝ կհորդորենք բոլոր դպրոցներին, եթե նույնիսկ փոքրիկ միջոցառումներ ցանկանան կազմակերպել, փակ տարածքներում մեծ միջոցառումներ կազմակերպելու գործընթացից զերծ մնալ, եւ դրանք կազմակերպել բացօթյա տարածքներում, հնարավորինս սահմանափակ քանակությամբ մարդկանցով»,- նշեց նա: Հարցին, թե նախորդ տարիների շրջանավարտների համար, որոնք այդպես էլ չկազմակերպեցին այդ միջոցառումը, որեւէ բան նախատեսվո՞ւմ է կազմակերպել, հանրակրթության բաժնի պետը նշեց, որ նախարարության համակարգման ոլորտում դժվար թե նման միջոցառում կազմակերպվի: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
12:58 - 26 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ իրենք բարձրագույն կրթության մասին հակասահմանադրական օրենք չեն առաջարկել |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն արձագանքել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չստորագրելու և ՍԴ ուղարկելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը: Դումանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԿԳՄՍ-ն հակասահմանադրական ոչինչ չի առաջարկել: «Ստացվում է բուռն աշխատանք մեր կողմից, ինչպես աշխատել ենք, շարունակելու ենք աշխատել, ինչպես ասել եմ, կրկնում եմ, որ մենք կաշխատենք միայն օրենքի շրջանակում, գործող կարգերի շրջանակում և շարունակում ենք աշխատել: Որ օրենքը կլինի, այդ օրենքի շրջանակներում էլ կաշխատենք»,- նշել է Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանը չի պատասխանել հարցին, թե ինչու է Արմեն Սարգսյանը դիմել Սահմանադրական դատարան, միայն ընդգծել է, որ իրենք մայր օրենքի հետ անհամապատասխանություն չեն տեսնում: Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել մարտի 24-ին Ազգային ժողովի ընդունած այդ օրենքը և ապրիլի 22-ին դիմել Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։
16:57 - 23 ապրիլի, 2021
Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

Վահրամ Դումանյանն ու Վարդինե Օհանյանը քննարկել են սպորտի ոլորտում հայ- լիբանանյան համագործակցությունը զարգացնելու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։ Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով գործընկերոջ այցը ԿԳՄՍՆ, նախ երախտագիտություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին պաշտոնական պատվիրակությամբ մասնակցելու համար։ Անդրադառնալով երկու երկրների՝ 2020 թվականի ընթացքում ունեցած դժվարություններին՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ դրանք կհաղթահարվեն։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-լիբանանյան համագործակցությունը՝ առաջարկելով շարունակական զարգացման նպատակով ընդլայնել երիտասարդության և սպորտի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները. «Մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորվել են բարեկամական ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է միջպետական ծրագրերի իրականացման, առկա փոխգործակցության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Երկկողմ հարաբերություններն ունեն մեծ ներուժ, որը մենք հաջողությամբ կարող ենք օգտագործել երիտասարդության և սպորտի ոլորտներում»։ Վարդինե Օհանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույնը և բարեմաղթանքները։ «Հայ-լիբանանյան հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ։ Համոզված եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեր փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա։ Մենք մեծապես արժևորում ենք Հայաստանի փորձառությունը երիտասարդության ու սպորտի ոլորտներում և պատրաստ ենք այդ ուղղություններով համագործակցությանը»,- ասել է Վարդինե Օհանյանը և ընդգծել լիբանանահայ համայնքի առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերություններում։  Կողմերը խոսել են երկու երկրների երիտասարդների առջև ծառացած մարտահրավերների, խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությունների մասին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ այժմ մշակման փուլում է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը, և աշխատանքային խումբն առանձնակի ուշադրություն է դարձնում Սփյուռքի հետ հարաբերություններին, միջպետական երիտասարդական ֆորումների իրականացման հնարավորություններին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ հայ-լիբանանյան հարաբերությունները հնարավոր է խորացնել նաև այդ ձևաչափով։ Անդրադառնալով սպորտային ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակներին՝ կողմերը քննարկել են երկու երկրների մարզիկների համատեղ ուսումնամարզական հավաքներ, սեմինարներ անցկացնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի մարզական ենթակառուցվածքները ներկայացնելու պատրաստակամություն է հայտնել, ինչին Վարդինե Օհանյանը սիրով համաձայնել է։ Գործընկերները փոխադարձաբար հետաքրքրվել են երկու երկրների մարզիկների՝ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներից և միմյանց մաղթել հաջողություն սպորտային գլխավոր ստուգատեսում։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև կրթական բարեփոխումների, մշակութային կապերի ամրապնդման, լիբանանահայ համայնքի ու Լիբանանում հայկական դպրոցների վերաբերյալ և առաջիկա օրերին համագործակցության մտադրությունների նամակ ստորագրելու պայմանավորվածություն ձեռք բերել՝ այդպիսով անցնելով կապերի խորացման գործնական քայլերի։
12:43 - 23 ապրիլի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները

2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է  hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման հաջորդական քայլերը և ժամկետները: 1-ին փուլ Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։ 2-րդ փուլ Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։  Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր: 3-րդ փուլ Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։ Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ: Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:
15:27 - 22 ապրիլի, 2021
Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն. առկա է 189 թափուր տեղ

Սահմանամերձ կամ բարձրլեռնային դպրոցներում աշխատելու հնարավորություն. առկա է 189 թափուր տեղ

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգով նախատեսված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան: Այդ նպատակով կրթության կառավարման միասնական տեղեկատվական հարթակում գործարկվել է kadrer.emis.am կայքը, որտեղ մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 189 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված է մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն: Նշված բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, եթե նրանք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` սահմանամերձ բնակավայրերում այժմ աշխատում են նախկին կարգով` ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ գործուղված մոտ 240 մանկավարժներ: Նրանց հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։ Նախորդի համեմատ՝ գործուղման նոր կարգով սոցիալական մի շարք բարելավումներ են նախատեսվում. մասնավորապես գործուղված ուսուցիչները 30 տոկոս աշխատավարձի հավելավճար կստանան: Բացի դրանից` կհատկացվի 8.000-50.000 դրամ գույքի տեղափոխման գումար (նախկինում հատկացվել է 15․000 դրամ): Առաջարկվում է նաև բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի 10.000-ից 33.000 դրամի չափով (նախկինում հատկացվել է ամսական 10.000 դրամ), տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս, ինչպես նաև կոմունալ ծախսերի գումար` ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության և այլ ծախսեր` ամսական 5.000 դրամ): Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների կողմից՝ եռամսյակային կտրվածքով։ Առիթն օգտագործելով` Արցախից Հայաստան տեղափոխված ուսուցիչներին նախարարի տեղակալը հորդորում է համալրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժական թափուր տեղերը: Նա նաև նշում է, որ գործուղված ուսուցիչը կարող է համատեղությամբ աշխատել` դասավանդելով հարևան համայնքներից մեկի դպրոցում ևս, եթե ըստ նրա մասնագիտության՝ առկա լինեն թափուր դասաժամեր, և գործուղման վայրում լիարժեք ծանրաբեռնվածությամբ չապահովվի: Այս դեպքում գործուղված մասնագետը կարող է օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսված տրանսպորտային փոխհատուցման հնարավորությունից, եթե հարևան բնակավայրը գործուղման վայրից առնվազն 5 կմ հեռավորությամբ է գտնվում: «Կան առարկաներ, որոնց համար նախատեսված դասաժամերը քիչ են, հետևաբար հնարավոր չէ ամբողջական դրույքով ծանրաբեռնվածություն ապահովել: Այդպիսի առարկաներից են, օրինակ, «Երաժշտությունը», «Տեխնոլոգիան», «Կերպարվեստը»: Վերջին տարիներին ավանդաբար շատ են նաև բնագիտական առարկաների ուսուցիչների թափուր տեղերը»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` հավելելով, որ գործուղումը լավ հնարավորություն է հատկապես բուհը նոր ավարտած մասնագետների համար: Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` թափուր տեղերի պահանջարկի ձևավորումը վերջնական չէ․ տեղեկատվությունը մարզերի կողմից անընդհատ համալրվում և թարմացվում է: Գործուղման նոր կարգով որոշակի հստակեցումներ են կատարվել. գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։ Ընդգծելով գործուղման պայմանների բարելավման կարևորությունը` Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնում, որ մարզային դպրոցներում առկա թափուր մանկավարժական տեղերի պահանջարկի հարցը գործուղման կարգով ամբողջությամբ չի լուծվում: Նրա խոսքով` առաջարկվող տարբերակը միջանկյալ լուծում է, մինչև հիմնական ուսուցիչ գտնելը: Նոր կարգով նույն մասնագետի հետ նույն դպրոցում կարող է առավելագույնը երկու անգամ կնքել գործուղման պայմանագիր, որից հետո գործուղված մասնագետին կարող է առաջարկվել հիմնական աշխատանքային պայմանագիր` մրցութային կարգով: Այսինքն` հիմնական ուսուցիչ ներգրավելու նպատակով դպրոցը պետք է շարունակաբար՝ մինչև տվյալ տեղի վերջնական համալրումը, ուսուցչի թափուր տեղի համալրման մրցույթներ հայտարարի: 
11:05 - 21 ապրիլի, 2021
Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը

Քոլեջների ավարտական կուրսերում սովորողները մեկ անգամ տարկետում կստանան` մինչև 20 տարին լրանալը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր կարգավորմամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, բայց ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ մեկ անգամ կտրվի տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Երկարաձգման նպատակն է` հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին հնարավորություն տալ ավարտելու կրթական ծրագիրը, ստանալու համապատասխան որակավորում, որից հետո միայն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նշենք, որ գործող օրենքով՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչև 19 տարեկանը: Նմանօրինակ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հիմնական կրթության հիմքով քոլեջների միջին մասնագիտական կրթական ծրագրերով կան մասնագիտություններ, որոնց ուսման տևողությունը 4 տարի է:
14:47 - 20 ապրիլի, 2021
Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Ապրիլի 6-ին՝ «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքի ժամանակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ուսուցիչների՝ դասղեկության համար նախատեսված գումարը կրճատվել է։ «Ստուգողականի համար փող էր հասնում, դասղեկության համար փող էր հասնում, էդ բոլոր փողերը հանում ա, արդյունքում ուսուցիչներին ավեի շատ աշխատավարձ չի տվել»,- մասնավորապես, ասել է նա։ Ինչի՞ մասին է խոսում Հրանտ Բագրատյանը։  Ուսուցիչների վարձատրության բանաձևը սահմանվում է կառավարության համապատասխան որոշմամբ։ Այս պահին գործում է N 1262-Ն որոշումը։ Ուսուցիչների աշխատավարձի չափը որոշող բանաձևն առաջիկայում նախատեսվում է փոփոխությունների ենթարկել։ Անցած տարի փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններով նախապես առաջարկվում էր սահմանել դասարանի ղեկավար հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսել հավելավճար, որի տրամադրման կարգը կսահմաներ ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը, սակայն, առաջարկեց «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը։ Չնայած, ըստ կառավարության, առաջարկվող փոփոխությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրակրթության ոլորտի վրա, սակայն գործադիրը գտնում էր, որ կա լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն։ «Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են՝ կախված սովորողների թվից, հետևաբար՝ որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը։ Ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը  լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա նշյալ ուսումնական  հաստատությունների համար»,- ասված էր կառավարության առաջարկում։ Բացի այդ՝ կառավարությունը նշում էր, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ, և առաջարկում էր այդ հարցը կանոնակարգել կառավարության N 1262-Ն որոշման շրջնակում։ Այս որոշման մեջ ներառված բանաձևով, հիշեցնենք, հաշվարկվում են ուսումնական հաստատություններին տրվող ֆինանսները։ Փաստորեն, այս պահին դպրոցների տնօրենների հայեցողությանն է թողնված՝ ուսուցիչներին դասղեկության համար լրավճար տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ։ «Հանրակրթական ուսումնական հաստատության աշխատողներին  լրավճարներ հատկացնելու հարցը քննարկվում է դպրոցի խորհրդի կողմից՝ ելնելով հաստատության բյուջետային միջոցների հնարավորություններից:  ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին դասղեկության, գրավոր աշխատանքները ստուգելու համար լրավճարներ կամ այլ վճարներ և այդ վճարների մեծությունը սահմանող իրավական որևէ կարգավորումներ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Եթե նախկինում ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում էր՝ ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից, ապա 2020-ի ամռանը կատարված փոփոխություններով սահմանվեց, որ ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ հանրակրթական ծրագրերի՝ հաշվի չառնելով աշակերտների թիվը։  Կառավարությունը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել էր «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչ այս ֆինանսավորվում էին՝ ըստ աշակերտների թվի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցած տարվա ամռանը տեղեկացրեց, որ հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ՝ համաձայն որի՝ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ապահովվելու է ընդհանուր բանաձևով։ Նախագծում ներկայացված նոր բանաձևում ներառված է նաև դասղեկության համար նախատեսվող լրավճարը։ ԿԳՄՍՆ-ից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ սահմանվող նոր բանաձևում դասղեկության համար լրավճարը պարտադիր է դառնալու պետական ուսումնական կրթական բոլոր հաստատությունների համար: «Նախագծով նախատեսվում  է դասղեկության համար, մեթոդ միավորման ղեկավարին տրվող և բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարներ: Որոշման նախագիծը գտնվում է լրամշակման փուլում»,- տեղեկացրել են նախարարությունից։ Փաստորեն, Հրանտ Բագրատյանի այն պնդումը, թե դասղեկության համար ուսուցիչներին տրող վճարները հանվում են, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ դասղեկության համար լրավճար տալու հարցը թողնված է դպրոցի հայեցողությանը, իսկ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի հաշվարկման բանաձևում պարտադիր ներառել նաև դասղեկության համար տրվող վճարը։ Աննա Սահակյան  
15:00 - 19 ապրիլի, 2021
ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍՆ նախատեսում է մի շարք եկեղեցիներ, վանքեր, քանդակներ վերականգնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով ներդրողների հետ, նախատեսում է մի շարք մշակութային հուշարձաններ ամրակայել ու վերականգնել: Ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ 2020-ին պետական միջոցներով վերականգնել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի և վնասվել: Այն տեղադրվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում: Մասնակի ամրակայվել և վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Աշխատանքների ընթացքում ավելի վաղ շրջանի եկեղեցու հիմքեր են հայտնաբերվել, և վերականգնման աշխատանքները ժամանակավոր կասեցվել են՝ նախագիծը վերամշակելու համար: «Վերականգնվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցին, և այս տարի կիրականացվեն եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները: Պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր: Անդրադառնալու ենք Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման նախագծին,  Շատիվանքի  վանական համալիրի վերականգնման նախագծին և Ագարակ հնավայրի ամրակայման ու թանգարանացման նախագծին»,-նշեց Վանյանը: Նրա խոսքով՝ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմաթիվ հուշարձաններ, որոնց վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, և նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերարների, հասարակական կազմակերպությունների, այլ շահագրգիռ կողմերի ու կազմակերպությունների հետ: «Այս առումով ունենք բազմաթիվ հաջողված փորձեր: 2020-ին փոխգործակցության հուշագրի հիման վրա սկսվել են Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Օրեր անց կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, և այդ գործընթացը շարունակական կլինի: Նախնական պայմանավորվածություն կա մի շարք հուշարձանների վերականգնման, ամրակայման, տարածքների բարեկարգման հետ կապված: Դրանցից են Երևանի Կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքը, Պտղնու տաճարը, Ավանի մատուռներից մեկը և այլն»,- բ շեշտեց վարչության պետը: Մասնավոր ներդրողների հետ համագործակցության պարագայում անհրաժեշտության դեպքում նախարարության մասնագետներն իրականացնում են անվճար նախագծային աշխատանքներ, որ թեթևացնեն ներդրողների ֆինանսական բեռն ու հնարավորինս արագ կազմակերպեն թղթարարական գործընթացները: «2021-ին նախատեսված է մի քանի նոր նախագծի իրականացում, որոնք հետագայում կվերականգնվեն, օրինակ՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարը, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերը և կից տարածքները: Կարևոր է նաև Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ ճանապարհաշինարարներ Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնումը: Ժամանակին այդ քանդակները ևս վանդալիզմի են ենթարկվել ու թալանվել: Կարևոր է ցույց տալ, որ պետությունը տեր է կանգնում իր ժառանգությանը»,-ընդգծեց Հարություն Վանյանը:
15:13 - 16 ապրիլի, 2021
Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը

Մարզերում կիրագործվի 6 ծրագիր՝ միտված երիտասարդական կյանքի բարելավմանը

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մշակութային-ժամանցային միջավայրերի ապահովմանը, սոցիալական ձեռներեցության կարողությունների զարգացմանը, ինքնազարգացման հնարավորությունների ընդլայնմանը, կրթական, մշակութային, տեղեկատվական իրադարձությունների իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի հիմնական շահառուները երիտասարդներն են, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դեռևս նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում մրցութային կարգով ընտրվել են վեց կազմակերպություններ` մարզերում վերոնշյալ ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար:  Այդ ծրագրերը նախ COVID-19 համավարակի, այնուհետև պատերազմի պատճառով չեն իրականացվել: Կառավարության հատկացրած շուրջ 110 մլն դրամ ֆինանսավորմամբ այս տարի այդ ծրագրերը կյանքի կկոչվեն: Ծրագրերից առաջինով` Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկում, կբացվի և կգործի երիտասարդների ինքնազարգացման, մշակութային-ժամանցային, նորարարական LOFT կենտրոն: Բազմաֆունկցիոնալ կենտրոնը կունենա տեխնիկական, տեխնոլոգիական և բովանդակային հագեցվածություն, որը մարզի երիտասարդության համար կապահովի ոչ ֆորմալ կրթության և մշակութաժամանցային միջավայր: Երկրորդ ծրագրով` Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում կհիմնվի «Բյուրական մշակութային լաբորատորիան», որը ստեղծարար միջավայրում այլընտրանքային կրթական ծրագրերի, ուսուցման դասընթացների, համաժողովների, հանդիպումների և սեմինար-քննարկումների հնարավորություն կապահովի Արագածոտնի մարզի շուրջ 3000 երիտասարդների  համար: Երրորդ ծրագրով` Գյումրիում «ԳՈՒՐԲԱՆ» մշակույթի կենտրոնը հայ և օտարերկրացի արվեստագետների մասնակցությամբ կիրականացնի շուրջ 24 մշակութային միջոցառում` նպաստելով հայ և օտարերկրացի արվեստագետների երկխոսությանը: Նախագծի առավելությունն այն է, որ չկա տարիքային և այլ սահմանափակում։ Ստեղծվելու են համապատասխան միջավայր և տարածք, այլ կերպ ասած՝ արվեստանոց՝ ազատ ստեղծագործող արվեստագետների միջև երկխոսության, համատեղ գաղափարների մշակման և մշակութային արժեքների ստեղծման համար: Չորրորդ ծրագրով` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում կիրականացնի «Հզորացի՛ր, հզորացրու՛» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է «Ֆրիլանս» հարթակի ստեղծում, սոցիալական ձեռնարկատիրության, վաճառքի իրականացման, մարքեթինգի, գովազդի, անձնային աճի զարգացմանը միտված 40 երիտասարդների վերապատրաստում: Հինգերորդ ծրագիր` «Լյուպին» երիտասարդական ՀԿ-ն Արագածոտնի մարզի Թալին համայնքում կիրականացնի «Ստեղծարար համայնք» նախագիծը, որի շրջանակում մարզային երիտասարդության համար կկազմակերպվեն դասընթացներ:Վեցերորդ ծրագրիր` Մասիսի Երիտասարդական կենտրոնում կիրականացվի  «Youth Lab» նախագիծը, որի նպատակը տարեկան շուրջ 300 երեխայի ՏՏ ոլորտի ոչ ֆորմալ կրթության ապահովումն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է հետևել իրականացման ընթացքին, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաև հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետև սա առաջին հերթին զարգացման ծրագիր է»: Նմանօրինակ նախագծերը շարունակական դարձնելու նպատակով Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերից, մարզային կենտրոններից և քաղաքային համայնքներից ներկայացվող առաջարկները:
14:23 - 16 ապրիլի, 2021
Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին |armenpress.am|

Չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով. Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնների նոր խաղացանկերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակներում մարդկանց կյանքում դրական դերակատարում կարող է ունենալ արվեստը: Խզմալյանի հավաստիացմամբ՝ թատրոնները պետք է խաղացանկերը համալրեն նոր ներկայացումներով, որոնք կբարձրացնեն հասարակության պատասխանատվության զգացումը, ապրելու կամքը: Նախարարի տեղակալն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանդիպել են թատրոնների տնօրենների հետ՝ հասկանալու ստեղծագործական ծրագրերն ու մոտեցումները: «Մենք ունենք դեռևս չսպիացած վերքեր, մենք ունենք որոշակի անկումային տրամադրություն, ողբերգություն ենք ապրել: Երբ ողբերգական տրամադրությունների իրական, լուրջ պատճառներ կան, շատ կարևոր է, որ արվեստը գա, օգնի, դառնա հենարան մարդու համար, որ վերջինս չխորտակվի սեփական ողբերգության և սեփական ապրումների մեջ: Այդ իսկ պատճառով թեմատիկ ընտրության հարցում թատրոնները պետք է շատ զգույշ լինեն: Պատերազմին անդրադառնալը վաղ է. չի՛ կարելի խոսել բաց վերքի մասին բաց վերքով: Մենք դեռ պետք է վերապրենք պատերազմը, անցնենք այդ էմոցիոնալ վայրիվերումները, որում այսօր ենք»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ իր խորին համոզմամբ՝ արվեստագետի, մշակութային գործչի առաքելությունն այսօր դրական տրամադրվածություն ստեղծելու, ապրելու ցանկության, կամքի կենտրոնացման, պատասխանատվության բարձրացման հարցում շատ ավելի մեծ է, քան երբևէ: Ըստ Խզմալյանի՝ եթե մենք այս կարևորագույն առաքելությունը մի կողմ դնենք և խոսենք պատերազմի, պատերազմի զոհերի մասին, չենք կարող մրցակցել կյանքի հետ, քանի որ այն շատ ավելի զորեղ է և շատ ավելի բան ունի ասելու մարդուն, քան կարող է ասել արվեստը: «Այսօր արվեստը պետք է հակադրվի կյանքին, պետք է  չենթարկվի կյանքի թելադրանքին և կյանքի ողբերգականությանը: Այն պետք է մարդուն ապրելու հնարավորություն տա: Ոլորտի պատասխանատուները պետք է մտածեն այս մասին: Եթե մենք չկարողանանք բալանսավորել հանրային տրամադրությունները, դրանով խթանելու ենք արտագաղթը, խթանելու ենք  հարբեցողությունը, թմրամոլությունը, մեկուսացումը, քաղաքացու ապասոցիալականացումը: Արվեստը պետք է գա օգնելու մարդուն դուրս գալու իսկապես պատմական բարդագույն իրավիճակից»,-ընդգծեց փոխնախարարը: Խոսելով թատրոնների աշխատանքի արդյունավետության գնահատման մասին՝ Խզմալյանը նշեց, որ իրեն հաճախ հարցնում են, թե ինչպես է պատկերացնում արվեստում արդյունավետության չափելի ցուցանիշները: Խզմալյանն առաջարկում է մի քանի կետի վրա ուշադրություն դարձնել: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:03 - 16 ապրիլի, 2021
Հաստատվել են 2021/2022 ուստարում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը
 |1lurer.am|

Հաստատվել են 2021/2022 ուստարում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Բուհերի մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում կիրականացվի ընդունելություն նոր՝ «Գեոմատիկա» և «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտություններով, «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն» և այլ կրթական ծրագրերով: 2021-2022 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին: Ընդհանուր առմամբ, 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը:
19:19 - 15 ապրիլի, 2021
ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին |armenpress.am|

ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ կտրամադրի մասամբ կամ ամբողջապես սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհներ տրամադրելիս առաջնահերթություն կտա մշակութային այն ծրագրերին, որոնք մասամբ կամ ամբողջապես կանցկացվեն սահմանամերձ համայնքներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2021-ի մարտին, և դիմողների աննախադեպ ակտիվություն է նկատվում: «Ժամանակակից արվեստի բաժնում հայտերը միշտ ավելի շատ են եղել, քան մշակութային ժառանգության բաժնում: Ընդհանուր առմամբ ստացել ենք 250-ից ավելի հայտ: Այժմ ուսումնասիրում ենք հայտերն ըստ առաջնահերթությունների, ըստ պետական քաղաքականության և այն ճգնաժամային ծրագրի, որը մշակել ենք «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ»,- ասաց Խզմալյանն ու հիշեցրեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում արտասահմանից Հայաստան եկած երիտասարդները լծվում են պետական աշխատանքին: Նրանք ուսումնասիրություն են կատարել՝ հասկանալու համար, թե պատերազմներից հետո ինչ խնդիրներ են ծագում այս կամ այն երկրում, փորձել են հասկանալ, թե հատկապես եվրոպական երկրներն ինչպես են լուծել այդ խնդիրները: «Մենք տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում բոլոր քաղաքակիրթ երկրներն ավելացնում են մշակույթի բյուջեն, մեծացնում  մշակույթի տեղն ու դերը, և մշակույթը դառնում է ճգնաժամի հաղթահարման հզոր գործիք: Բարեբախտաբար, մշակույթի ոլորտում ֆինանսական կրճատումների հետ կապված մեր մտավախությունները չիրականացան: Բյուջեով հաստատված գումարներից բացի, կառավարության հետ քննարկում ենք այն միջոցառումները, որոնք կարող են ֆինանսավորվել այլ միջոցներից: Խոսքը վերաբերում է նաև հոբելյաններին. տարին հարուստ է  հոբելյաններով՝ Միրզոյան, Բաբաջանյան, Խուդոյան, Բեկնազարյան, Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակ և այլն»,- հիշեցրեց փոխնախարարը: Նա ընդգծեց, որ պետք է լինեն ոչ միայն հոբելյանական հանդիսավոր միջոցառումներ, այլև հանրային տրամադրությունների փոխակերպման, դրական տրամադրություն ներարկելու և որոշակիորեն կյանքն աշխուժացնելու, լավատեսություն առաջացնելու նպատակով իրականացվող նախաձեռնություններ: Դրամաշնորհների տրամադրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:Անժելա Համբարձումյան
12:42 - 15 ապրիլի, 2021