Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու
15:00 - 19 ապրիլի, 2021

Հրանտ Բագրատյանը սխալվում է․ դասղեկության համար վճարները չեն կրճատվելու

Ապրիլի 6-ին՝ «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սևանի հանրահավաքի ժամանակ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ուսուցիչների՝ դասղեկության համար նախատեսված գումարը կրճատվել է։

«Ստուգողականի համար փող էր հասնում, դասղեկության համար փող էր հասնում, էդ բոլոր փողերը հանում ա, արդյունքում ուսուցիչներին ավեի շատ աշխատավարձ չի տվել»,- մասնավորապես, ասել է նա։

Ինչի՞ մասին է խոսում Հրանտ Բագրատյանը։ 

Ուսուցիչների վարձատրության բանաձևը սահմանվում է կառավարության համապատասխան որոշմամբ։ Այս պահին գործում է N 1262-Ն որոշումը։ Ուսուցիչների աշխատավարձի չափը որոշող բանաձևն առաջիկայում նախատեսվում է փոփոխությունների ենթարկել։

Անցած տարի փոփոխություններ կատարվեցին «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում։ Փոփոխություններով նախապես առաջարկվում էր սահմանել դասարանի ղեկավար հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսել հավելավճար, որի տրամադրման կարգը կսահմաներ ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը, սակայն, առաջարկեց «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը։

Չնայած, ըստ կառավարության, առաջարկվող փոփոխությունը կարող էր դրական ազդեցություն ունենալ հանրակրթության ոլորտի վրա, սակայն գործադիրը գտնում էր, որ կա լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն։

«Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են՝ կախված սովորողների թվից, հետևաբար՝ որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը։ Ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը  լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա նշյալ ուսումնական  հաստատությունների համար»,- ասված էր կառավարության առաջարկում։

Բացի այդ՝ կառավարությունը նշում էր, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ, և առաջարկում էր այդ հարցը կանոնակարգել կառավարության N 1262-Ն որոշման շրջնակում։ Այս որոշման մեջ ներառված բանաձևով, հիշեցնենք, հաշվարկվում են ուսումնական հաստատություններին տրվող ֆինանսները։

Փաստորեն, այս պահին դպրոցների տնօրենների հայեցողությանն է թողնված՝ ուսուցիչներին դասղեկության համար լրավճար տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ։

«Հանրակրթական ուսումնական հաստատության աշխատողներին  լրավճարներ հատկացնելու հարցը քննարկվում է դպրոցի խորհրդի կողմից՝ ելնելով հաստատության բյուջետային միջոցների հնարավորություններից:  ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին դասղեկության, գրավոր աշխատանքները ստուգելու համար լրավճարներ կամ այլ վճարներ և այդ վճարների մեծությունը սահմանող իրավական որևէ կարգավորումներ չկան»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Եթե նախկինում ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում էր՝ ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից, ապա 2020-ի ամռանը կատարված փոփոխություններով սահմանվեց, որ ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ հանրակրթական ծրագրերի՝ հաշվի չառնելով աշակերտների թիվը։ 

Կառավարությունը, հիշեցնենք, ավելի վաղ առաջարկել էր «Հանրակրթության մասին» օրենքով չսահմանել դասարանի ղեկավար հասկացությունը, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչ այս ֆինանսավորվում էին՝ ըստ աշակերտների թվի։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցած տարվա ամռանը տեղեկացրեց, որ հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ՝ համաձայն որի՝ ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ապահովվելու է ընդհանուր բանաձևով։

Նախագծում ներկայացված նոր բանաձևում ներառված է նաև դասղեկության համար նախատեսվող լրավճարը։

ԿԳՄՍՆ-ից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ սահմանվող նոր բանաձևում դասղեկության համար լրավճարը պարտադիր է դառնալու պետական ուսումնական կրթական բոլոր հաստատությունների համար:

«Նախագծով նախատեսվում  է դասղեկության համար, մեթոդ միավորման ղեկավարին տրվող և բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարներ: Որոշման նախագիծը գտնվում է լրամշակման փուլում»,- տեղեկացրել են նախարարությունից։

Փաստորեն, Հրանտ Բագրատյանի այն պնդումը, թե դասղեկության համար ուսուցիչներին տրող վճարները հանվում են, չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին գործող կարգավորումների համաձայն՝ դասղեկության համար լրավճար տալու հարցը թողնված է դպրոցի հայեցողությանը, իսկ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի հաշվարկման բանաձևում պարտադիր ներառել նաև դասղեկության համար տրվող վճարը։

Աննա Սահակյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել