armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհներ տրամադրելիս առաջնահերթություն կտա մշակութային այն ծրագրերին, որոնք մասամբ կամ ամբողջապես կանցկացվեն սահմանամերձ համայնքներում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2021-ի մարտին, և դիմողների աննախադեպ ակտիվություն է նկատվում:
«Ժամանակակից արվեստի բաժնում հայտերը միշտ ավելի շատ են եղել, քան մշակութային ժառանգության բաժնում: Ընդհանուր առմամբ ստացել ենք 250-ից ավելի հայտ: Այժմ ուսումնասիրում ենք հայտերն ըստ առաջնահերթությունների, ըստ պետական քաղաքականության և այն ճգնաժամային ծրագրի, որը մշակել ենք «Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ»,- ասաց Խզմալյանն ու հիշեցրեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում արտասահմանից Հայաստան եկած երիտասարդները լծվում են պետական աշխատանքին:
Նրանք ուսումնասիրություն են կատարել՝ հասկանալու համար, թե պատերազմներից հետո ինչ խնդիրներ են ծագում այս կամ այն երկրում, փորձել են հասկանալ, թե հատկապես եվրոպական երկրներն ինչպես են լուծել այդ խնդիրները: «Մենք տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում բոլոր քաղաքակիրթ երկրներն ավելացնում են մշակույթի բյուջեն, մեծացնում մշակույթի տեղն ու դերը, և մշակույթը դառնում է ճգնաժամի հաղթահարման հզոր գործիք: Բարեբախտաբար, մշակույթի ոլորտում ֆինանսական կրճատումների հետ կապված մեր մտավախությունները չիրականացան: Բյուջեով հաստատված գումարներից բացի, կառավարության հետ քննարկում ենք այն միջոցառումները, որոնք կարող են ֆինանսավորվել այլ միջոցներից: Խոսքը վերաբերում է նաև հոբելյաններին. տարին հարուստ է հոբելյաններով՝ Միրզոյան, Բաբաջանյան, Խուդոյան, Բեկնազարյան, Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակ և այլն»,- հիշեցրեց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ պետք է լինեն ոչ միայն հոբելյանական հանդիսավոր միջոցառումներ, այլև հանրային տրամադրությունների փոխակերպման, դրական տրամադրություն ներարկելու և որոշակիորեն կյանքն աշխուժացնելու, լավատեսություն առաջացնելու նպատակով իրականացվող նախաձեռնություններ:
Դրամաշնորհների տրամադրմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:
Անժելա Համբարձումյան
comment.count (0)