Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացումը․ Anadolu |azatutyun.am|

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացումը․ Anadolu |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում հունիսի 21-ին կայացած հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։ Այդ մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք առաջնահերթություններ։ «Բլինքենը ողջունել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինային։ Նա ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման կրիտիկական ժամանակաշրջանում և քաջալելել Թուրքիայի աջակցությունը Շվեդիային դաշինքին միանալու համար»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։ Սա Բլինքենի և Ֆիդանի առաջին հանդիպումն էր։
13:47 - 22 հունիսի, 2023
ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքենը՝ Սի Ծինփինին
 |tert.am|

ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ. Բլինքենը՝ Սի Ծինփինին |tert.am|

tert.am: Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «ԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի անկախությանը և մտադիր չէ հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ձգտում նոր «սառը պատերազմի»և չի ցանկանում փոխել չինական համակարգը։ Բլինկենը հունիսի 18-19-ը Չինաստան կատարած այցի ընթացքում արդեն հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանի և Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։ Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է ամերիկացի քաղաքական գործչի այցը։ Պեկինն այս քայլը մեկնաբանել է որպես Վաշինգտոնի աջակցությունը թայվանական անջատողականությանը և անցկացրել է լայնածավալ զորավարժություններ։
15:05 - 19 հունիսի, 2023
Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին. հաջողության դեպքում այն կարող է Պուտինին ստիպել գնալ բանակցությունների. Բլինքեն
 |tert.am|

Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին. հաջողության դեպքում այն կարող է Պուտինին ստիպել գնալ բանակցությունների. Բլինքեն |tert.am|

tert.am: Ուկրաինական հաջող հակահարձակումը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցել Կիևի հետ՝ պատերազմին վերջ տալու համար, հունիսի 12-ին Վաշինգտոնում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը նշել է, որ հակահարձակումը, որը սկսվել է հունիսի 8-ին, դեռ իր սկզբնական շրջանում է, և որ դրա ելքի վերաբերյալ խոսելը դեռ «շատ շուտ է»: Բլինքենը նաև ընդգծել է միջազգային լայն աջակցությունը Ուկրաինայի հակահարձակմանը և ասել, որ վստահ է, որ Ուկրաինան հաջողությամբ կվերականգնի իր տարածքը։ «Շատ կարևոր է նշել, որ ինչին նախագահ Պուտինը փորձում էր հասնել Ուկրաինայում, արդեն ռազմավարական ձախողում է կրել, քանի որ Պուտինի ունեցած նպատակը՝ Ուկրաինան քարտեզից ջնջելը, վերացնելը, նրա անկախությունը և Ուկրաինան այս կամ այն ձևով կլանել Ռուսաստանի մեջ, ձախողվել է, և նա չի կարող հաջողության հասնել», - ասել է պետքարտուղարը: Երկու պաշտոնյաներն էլ հույս են հայտնել, որ հակահարձակումը կբերի խաղաղություն և, ի վերջո, դուրս կմղի Ռուսաստանին Ուկրաինայից այնպես, որ կերաշխավորի երկարաժամկետ կայունություն Ուկրաինայում: Հակահարձակման հարցում Ուկրաինայի հաջողությունը «կուժեղացնի նրա դիրքերը ցանկացած բանակցային սեղանի շուրջ, իսկ Պուտինը վերջապես կենտրոնանա իր սկսած պատերազմն ավարտելու բանակցությունների վրա», - ասել է Բլինքենը:
11:30 - 13 հունիսի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին
 |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցերին զուգահեռ քննարկել է մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Բաքվի և Երևանի միջև երկխոսության, F-16 ինքնաթիռների մատակարարման և արդիականացման, ինչպես նաև Հացահատիկի գործարքի վերաբերյալ: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկու երկրների ընդհանուր օրակարգի արագ վերաքննարկման շուրջ։  
12:26 - 08 հունիսի, 2023
ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին
 |armenpress.am|

ԱՄՆ-ն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ վարչակազմը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ներկայացրել է իր առաջարկներն ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Դերեկ Հոգանը։ Պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության գործընթացն առաջ է գնում, և հիշեցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին բանակցությունների մասին: «Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների արտաքին գործերի նախարարներին՝ աշխատելու որոշ ամենավիճելի հարցերի շուրջ, որոնցից են, օրինակ՝ սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն դաշնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ: Հոգանի խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք կողմերն ուսումնասիրում են: Պաշտոնյան նաև բարձր է գնահատել Եվրոպական Միության դերը՝ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնում բանակցություններից հետո Եվրոպական Միության նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Նա նաև նշել է, որ կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական Միության նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար: Դերեկ Հոգանն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նշելով, որ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում այդ հարցի առնչությամբ:
12:33 - 24 մայիսի, 2023
Իր տարեկան զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին
 |amerikayidzayn.com|

Իր տարեկան զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին Աշխարհի տարբեր հատվածներում կառավարությունները շարունակում են թիրախավորել կրոնական փոքրամասնություններին՝ օգտագործելով բազմաթիվ բռնի մեթոդներ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կրոնական ազատությունների մասին պետքարտուղարության տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ։ Փաստաթղթում մտահոգություն է արտահայտված Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև Մյանմարում կառավարող ռեժիմի և Աֆղանստանում «Թալիբան» շարժման գործողությունների առնչությամբ: Միևնույն ժամանակ, պետքարտուղարության զեկույցը առաջընթաց է գրանցել աշխարհի որոշ հատվածներում, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, ուր հատուկ քրեական դատարանը հետևողական է քաղաքացիների նկատմամբ կրոնական բռնությունների դեպքերը քննելիս: Պետքարտուղարության զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատություների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում: Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին՝ նշելով. «Մամուլը շարունակում է քննարկել այն, ինչը ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների վատթարացում, և որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված կառավարության քաղաքականությանը»: Ըստ փաստաթղթի, «կառավարությունը շարունակում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը դուրս բերել դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրից՝ համապատասխան պատմագիտական բովանդակությամբ նյութերը ներառելով հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում»: ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ: Զեկույցի՝ Ադբեջանին վերաբերող հատվածն անդրադառնում է հայկական եկեղեցիներին ու պատմամշակութային հուշարձաններին: Այն մեջբերում է Cornell University-ի Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունը՝ հիմնված տարվա ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Դրանք, ըստ զեկույցի, վկայում են, որ Նախիջևանում գտնվող միջնադարյան և ավելի նոր շրջանի հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանոցների շուրջ 98 տոկոսը ավերվել է 1997-2011 թվականներին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:46 - 17 մայիսի, 2023
Բլինքենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստությունը. Պետդեպ |news.am|

Բլինքենը և Կուլեբան քննարկել են Ուկրաինայի հակահարձակման նախապատրաստությունը. Պետդեպ |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։ «Նրանք քննարկել են Ուկրաինայի հակահարձակման ընթացիկ նախապատրաստությունը, այդ թվում և այն, թե ինչպես միջազգային գործընկերների ավանդը կարող է նպաստել դրա հաջողությանը։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը կենսականորեն կարևոր է Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար, և հաստատել է ԱՄՆ կողմնակցությունն այն հարցում, որ Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի՝ ընդգծելով (ԱՄՆ նախագահ- խմբ.) Ջո Բայդենի խոստումը՝ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան որ կպահանջվի»,- նշվել է հաղորդման մեջ։
10:29 - 13 մայիսի, 2023
Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը: Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է: «Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին:
09:15 - 12 մայիսի, 2023
Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

Բլինքենն ու Միշելը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավարությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։ Նշվում է՝ նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։  «Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է մինչ սահմանային իրադրության լարումը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի մասնակցությամբ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է եռակողմ հանդիպում։ Մինչ այս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում։  
10:04 - 11 մայիսի, 2023
Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն |amerikayidzayn.com|

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման հարցում. ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ամփոփոչ ելույթը  Հայաստանի Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտից հետո։ «Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակելու առաջարկել իր աջակցությունը, ներգրավվածությունը, բարի կամքը՝ դեպի կայուն խաղաղություն` այս և ապագայում ցանկացած այլ քննարկումներ հյուրընկալելու համար: Դա է նպատակը։ Երկու կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։ Հուսով եմ, որ նրանք տեսնում են, և ես հավատացած եմ, որ համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում: Եվ այդ համաձայնության ձեռքբերումը, կարծում եմ, կունենա ոչ միայն պատմական նշանակություն, այլև խորապես բխում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերից ու շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ երկու այս երկրների սահմաններից դուրս: Կարծում եմ, որ բանակցությունների տեմպը և այն հիմքը, որը ստեղծել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես գտնվում ենք համաձայնության հասնելու ճամփին։ Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է. մենք դա գիտենք. Բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել մեր երկու ընկերներին անցնել վերջնագիծը: Եվ ինչպես ասում եմ, ես կարծում եմ, որ դա չափազանց շատ հասանելի է: Ի վերջո, պետք է ասեմ, որ այն ղեկավարությունը, որը մենք տեսնում ենք թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից, և իմ բարեկամներ երկու արտգործնախարարներից, ոգեշնչող է։ Սրանցից ոչ մեկը հեշտ չէ, բայց հանձնառությունը, առաջ շարժվելու, մնացած դժվարին հարցերով զբաղվելու վճռականությունն իրական է: Եվ այս մի քանի օրերից մենք զգում ենք, որ, ինչպես ասացի, շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել։ Վերջնական համաձայնությունը հասանելի է, և մենք վճռական ենք շարունակել օգնել մեր բարեկամներին հասնել դրան: Այսպիսով, շնորհակալություն երկու պատվիրակություններին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ձեզ այստեղ ուղարկելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, և մենք անհամբեր սպասում ենք շարունակությանը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների ամփոփիչ իր ելույթում»:
10:04 - 05 մայիսի, 2023
Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը
 |civilnet.am|

Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը |civilnet.am|

civilnet.am: Այսօր՝ մայիսի 4-ին, Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը։ Պետդեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրը բանակցություններին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:58 - 04 մայիսի, 2023
Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

tert.am: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել է Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։ Այս մասին գրել է Reuters-ը։ Ուկրաինայի նախագահական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ միջադեպը ենթադրում է, որ Մոսկվան պատրաստում է խոշոր «ահաբեկչական սադրանք»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ավելի վաղ հայտարարել էր՝ «տեղեկություն չունեն Կրեմլի վրա գիշերվա այսպես կոչված հարձակումների մասին»․ «Ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքները ազատագրելու, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել էր Սերգեյ Նիկիֆորովը: Կրեմլի պնդմամբ՝ գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի Կրեմլի նստավայրի վրա։ «Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը: Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի նախաշեմին», - ասվում է հաղորդագրությունում՝ հավելմամբ, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։ «Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - նշել են Կրեմլում։
21:47 - 03 մայիսի, 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ
 |azatutyun.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր էլ շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը դրանց վերջին օրն է, «Ազատությանը» փոխանցել են արտգործնախարարությունից։ Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի՝ սպասվում է, որ վաղը նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմիանա արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ամփոփիչ բանակցություններին։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ամերիկյան մասնակցության և այլ մանրամասների մասին վաղը կհայտնեն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
16:52 - 03 մայիսի, 2023