Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|
21:47 - 03 մայիսի, 2023

Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

tert.am: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել է Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։ Այս մասին գրել է Reuters-ը։

Ուկրաինայի նախագահական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ միջադեպը ենթադրում է, որ Մոսկվան պատրաստում է խոշոր «ահաբեկչական սադրանք»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»:

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ավելի վաղ հայտարարել էր՝ «տեղեկություն չունեն Կրեմլի վրա գիշերվա այսպես կոչված հարձակումների մասին»․ «Ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքները ազատագրելու, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել էր Սերգեյ Նիկիֆորովը:

Կրեմլի պնդմամբ՝ գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի Կրեմլի նստավայրի վրա։ «Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը: Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի նախաշեմին», - ասվում է հաղորդագրությունում՝ հավելմամբ, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - նշել են Կրեմլում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել