Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Նազելի Բաղդասարյանը շիրակցի գերիների հայրենադարձման խնդրի լուծման հարցում կարևորել է Հայաստանում ԵՄ դեսպանի ջանքերը

Նազելի Բաղդասարյանը շիրակցի գերիների հայրենադարձման խնդրի լուծման հարցում կարևորել է Հայաստանում ԵՄ դեսպանի ջանքերը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։   «Ձերդ գերազանցություն, տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական միությունը մեր մարզում։ Ինձ համար՝ որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր բնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե գյուղատնտեսության, թե զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք, տիկին դեսպան, մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը, և վստահ եմ՝ այստեղ կհաջողենք»,- ողջունելով դեսպանին՝ նշել է Շիրակի մարզպետը։   Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու արդեն ձևավորված համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի համար` նշելով, որ ամենևին պատահական չէ, որ այսօր Շիրակ այցելած պատվիրակության բոլոր անդամները կանայք են, քանզի իրենք նպատակ ունեն քաջալերելու և աջակցելու Շիրակի մարզպետին որպես կին ղեկավարի․ «Տիկին մարզպետ, ուրախ եմ Ձեր հիանալի մարզում կրկին լինելու համար։ Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ մեր օրակարգում, շուտով նոր ծրագրի մասին կազդարարենք, խոսքը Գյումրու զարգացմանը նպաստող նոր տնտեսական ծրագրի մասին է։ Ես ուզում եմ ընդգծել Ձեր անձնական նախաձեռնողականության կարևորությունը համագործակցության ամրապնդման հարցում և վստահ եմ, այո՛, համագործակցությունը կլինի շարունակական»։   Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ջանքերը խնդրի լուծման հարցում։   Անդրեա Վիկտորինը նշել է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղության լիարժեք հաստատման ուղղությամբ, ինչի ապացույցը ԵՄ դիտորդական առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին:   Կողմերն անդրադարձել են համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրերի, քննարկել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  
15:32 - 26 հոկտեմբերի, 2022
Շիրակի մարզպետարանում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության, մարզի քաղպաշտպանությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետարանում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության, մարզի քաղպաշտպանությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետարանից հայտնել են, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի խորհրդի կազմով։   Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022 թվականի 8 ամիսների կատարողականին, համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության և ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացմանը, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և 2023 թվականին նախատեսվող ծրագրերի հայտերի մշակմանն ու ներկայացմանը։   «Սուբվենցիոն ծրագրերը կառավարություն-համայնք համագործակցության արդյունավետ ձևաչափ են, որոնց իրականացումն ու արդյունավետությունը խիստ կարևոր են։ Ծրագրերի ընթացքին պետք է հետևեն պատասխանատուները, դրանցում թերությունները բացառելու համար պետք են համայնքապետների աչալրջությունն ու վերահսկողությունը, աշխատանքների տեմպերից գոհ չեմ և հորդորում եմ լինել առավել զգոն և թույլ չտալ անհարկի ձգձգումները»,- նշել է Շիրակի մարզպետը։   Խորհրդակցության ավարտին քննարկվել են մարզի քաղպաշտպանության պլանին վերաբերող հարցեր, տրվել են հանձնարարականներ՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստվածության պահանջվող մակարդակի պահպանմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ:
18:21 - 30 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օգոստոսի 31-ին Շիրակի մարզում էր։ Նախքան մարզ հասնելը, փոխվարչապետի առաջին կանգառը եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»  Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի կառուցման աշխատանքների շինարարական հրապարակը, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և կապալառու ընկերության ինժեների ու շինարարի հետ ներկայացրել են կատարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Թալին - Լանջիկ հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022թ․-ի սեպտեմբերին, իսկ կահավորման և գծանշման աշխատանքները՝ 2022 թ․-ի նոյեմբերի ընթացքում։ Շիրակի մարզում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի  ճանապարհահատվածում, փոխվարչապետ Մաթևոսյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Փոխվարչապետն ու մարզպետը շրջել են տարածքում, շինարարության պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքի ու որակի հետ կապված մի շարք հարցեր։ Նշենք, որ շուրջ 27,5կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկի, կավարտվեն 2023թ․-ի դեկտեմբերին։ Այցի հաջորդ վայրը 4.9 կմ երկարությամբ Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության հիմնանորոգվող ճանապարհահատվածում էր, որի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ներկայում իրականացվում են գոյություն ունեցող ծածկի քանդման, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման, երթևեկելի մասի ջրահեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող խողովակների վերատեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին: Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված ջրահեռացման համակարգը զուգահեռ նորոգելու հետ։ Հարցի լուծման ուղիները գտնելու նպատակով փոխվարչապետ Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ։ Հաջորդիվ, փոխվարչապետն այցելել է Ազատանի թիվ 2 դպրոցի կառուցման շինհրապարակ։ Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 380 աշակերտի համար: Ազատան համայնքի միջնակարգ դպրոցը բաղկացած է տարբեր տարածքներում գտնվող 2 մասնաշենքերից, որոնցից առաջինը կառուցվել է 2000-ական թվականներին, գտնվում է բարվոք վիճակում, իսկ 2-րդ մասնաշենքն անմխիթար վիճակում է։  Ծրագրի շրջանակում որոշվել է պահպանել 1-ին մասնաշենքը և դրա հարևանությամբ կառուցել նոր մասնաշենքեր՝ ունենալով մեկ ամբողջական դպրոցական համալիր։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 12-ին և կտևի 2 տարի։ Մարզային այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետը եղել են նաև «Ազատամարտիկների պանթեոն»-ում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների շիրմներին: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Նշենք, որ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրով, 2021 թվականին մեկնարկել են Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է։ Գյումրու քաղաքային Բարեկամություն» զբոսայգում ևս ակտիվ շինարարություն է իրականացվում։  7,2 հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից բարեկարգվող տարածքում կառուցվելու է ոռոգման և խմելու ջրի ցանց, հիմնանորոգվելու են կոյուղագծերը, կառուցվելու է ջրահեռացման համակարգ, բարելավվելու է էլեկտրականության համակարգը, հիմնանորոգվելու է լուսավորման ցանցը, այգու մուտքերի մոտ կառուցվելու են թեքահարթակներ և այլն։ Նախապես կնքված համաձայնագրի հիման վրա՝ Գյումրու համայնքը կառուցապատված տարածքը հանձնելու է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամին (ՏՈՒՖ)՝ շահագործման և պահպանման նպատակով։ Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ, ՏՈՒՖ-ն իրականացնում է ճարտարապետական-նախագծման, զբոսայգու ժամանցային հատվածում նախատեսված կարուսելների և սարքավորումների ձեռքբերման, միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքներ և այլ մասնագիտական հետազոտություններ։ Փոխվարչապետի վերջին կանգառը «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ նոր սպորտային համալիրի կառուցման շինհրապարակում էր։ Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այցի ընթացքում, խոշորացված Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարների  կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է «Ենթակառուցվածքների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ենթածրագրի շրջանակում համայնքներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ համայնքապետերին հանձնարարելով տեխնիկան օգտագործել բոլոր բնակավայրերի կարիքների համար։ 
10:25 - 01 սեպտեմբերի, 2022
2022-ին Գյումրիում կիրականացվի 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրերով

2022-ին Գյումրիում կիրականացվի 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրերով

3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը կառավարության համամասնությունն է․ 2022-ին Գյումրիում, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, կիրականացվի 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրերով․ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է Գյումրու սուբվենցիոն մի շարք ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես, «Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակույթային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանականերում ընթացքի մեջ են Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի և տանիքի վերանորոգման աշխատանքները, նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 741 հազար դրամ՝ 45 տոկոս պետության համամասնությամբ։ «Գյումրու տիկնիկային թատրոնի հարցը բավական չարչրկված հարց էր, և ըստ էության, լինելով Անդրկովկասի առաջին տիկնիկային թատրոնը պետք է արձանագրեմ, որ տարիներ շարունակ պատշաճ ուշադրություն չի դարձվել կառույցին: Այս կառույցի հետ կապված գործընթացները սկսվեցին դեռ 2019 թվականին, երբ կառավարության համապատասխան որոշմամբ տանիքի վերանորոգման համար նախագիծ պատրաստվեց։ Շատ ուրախ եմ, որ նախորդ տարվա ընթացքում համայնքը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներառել էր նաև այս կառույցը, ներկայացվել էր մարզպետարան, որը, բնականաբար, ողջունվեց մեր կողմից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։ Նազելի Բաղդասարյանն ընդգծել է, որ այցերի բուն նպատակը առկա և հնարավոր թերություններն արձանագրելն է, որպեսզի հենց աշխատանքների փուլում դրանք ֆիքսվեն և հնարավոր լինի արագ շտկել։ «Փաստացիորեն պատուհանների փոփոխություն չի եղել և շինարարը աշխատանքների արդյունքում ինչպես այդ խնդիրն է արձանագրել, նաև փոքր բեմի ետնապատում գտնվող որմնանկարի հետ կապված խնդիրը, այնտեղ լուծում է գտնվել, որ պետք է ևս մեկ շերտ արհեստականորեն առաջ բերել՝ պատի հատվածի խնդիրը կլուծվի, իսկ պատուհանների հարցին մարզպետարանի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրվել, կամ նախագծային փոփոխություն կնախատեսենք, կամ ինչ-որ այլ միջոց, որի արդյունքում կատարված աշխատանքն կունենա լիարժեք արդյունք: Եվս մեկ խնդիր ենք արձանագրել՝ աստիճանավանդակների նեղության հարցը, որը հակահրդեհային առումով կարող է խնդիրներ առաջացնել, տեսնենք ինչպիսի լուծումներ կունենանք այս հարցում: Հակառակ դեպքում ստացվում է, որ աշխատանք է իրականացվում և հետո ինչ-որ թերացումների պատճառով խնդիրներ ենք ունենում և արածը ջուրն է լցվում»,- նշել է մարզպետը։ Սուբվենցիոն ծրագրով կնորոգվի նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» փայտե պատշգամբը, մարզպետին ներկայացվել է, որ աշխատանքները դեռ չեն մեկնարկել, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքների իրականացում։ Մարզային իշխանությունները հետևել են նաև փողոցաշինական աշխատանքներին։ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 998 մլն 646 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում են 5 ընկերությունների կողմից։ «Պետք է ասել, որ տեմպերի առումով այս պահին Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները 2022 թվականի ես բավարար եմ գնահատում, չնայած ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից դեռ ունենք անավարտ ծրագրեր, որի մասով պետք է հետևողական լինենք»,- կարևորել է Նազելի Բաղդասարյանը և նշել, որ հետևողականություն կցուցաբերվի բոլոր համայնքների ու բոլոր ծրագրերի նկատմամբ։ Անորակ աշխատանք ու ձգձգումներն անընդունելի են լինելու։ Արդեն մեկնարկել է նաև 2023թ-ի հայտերի ընդունման գործընթացը։ Ըստ մարզպետի, սա ևս մեկ քայլ առաջ է, որովհետև ծրագրային փաթեթները ընդունելուց հետո, հունվար ամսից արդեն հնարավոր կլինի մրցույթների իրականացումը, իսկ շինաշխատանքներն ամբողջ ծավալով ավելի վաղ կմեկնարկեն:
15:57 - 29 օգոստոսի, 2022
Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 անապահով ընտանիքի կտրամադրվեն 19 դոլարին համարժեք դրամ «սննդի քարտեր»

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 100 անապահով ընտանիքի կտրամադրվեն 19 դոլարին համարժեք դրամ «սննդի քարտեր»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու շահառուների ընտրության ճշգրտությունն ու սննդի քարտերի օգտագործման արդյունավետությունը: Գործընկերները համատեղ կիրականացնեն պարենային անապահով ընտանիքների նախնական ընտրությունը՝ փոխադարձ համաձայնեցված չափորոշիչներով, որպեսզի շահառուների ընտանիքներում ներառված լինեն թե՛ տեղացի, թե՛ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ։ Ծրագրի իրականացման համար ԱՍՀՆ և Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փորձնական ծրագրի համաձայնագիր, որի շրջանակում կիրականացվի պարենային կարիքների գնահատում, սննդի քարտերի թողարկման և անխափան օգտագործման փորձարկում, ինչպես նաև արդյունքների գնահատում։ «Սննդի քարտեր» փորձնական ծրագրի արդյունքները հիմք կհանդիսանան հնարավոր նոր պետական աջակցության ներդրման համար։ Ծրագրի գործնական փուլը կմեկնարկի առաջիկայում․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի, որից հետո Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները կկարողանան դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ապահովելու սոցիալական աջակցությանը միտված քաղաքականություն, որն օգնում է լուծել պարենային անապահովության մի շարք խնդիրներ։ ԱՍՀՆ-ն և ՊՀԾ-ն և ջանքեր են գործադրում՝ ամրապնդելու սոցիալական պաշտպանության ազգային համակարգի ճկունությունն ու ակտիվությունը։
10:42 - 26 օգոստոսի, 2022
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

 |armenpress.am|

Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի երկաթուղային կայարանն անցել է բնականոն աշխատանքի. տարածքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 17-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ստացել Գյումրի կայարանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և ոստիկանական ուժերի կողմից տեղում աշխատանքներ են իրականացվել, կայարանի վարչական շենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Սակրավորների ստուգումից հետո կայարանն անցել է բնականոն աշխատանքի: «Տարածքը սահմանազատվեց, կատարվեց տարհանում, իսկ գնացքի նստեցում-իջեցումը կազմակերպեցինք շենքի հեռվից: Շենքն ամբողջովին ստուգեցին և, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, անցանք մեր բնականոն աշխատանքին»,- տեղեկացրեց Գյումրու Երկաթուղային կայարանի մեկնակայանի պետ Սերգեյ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ գնացքներն այս պահին աշխատում են,  հետաձգումներ չկան:
14:22 - 17 օգոստոսի, 2022
Մանթաշ գյուղի բնակիչները փակել էին Արթիկ-Ալագյազ ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը
 |news.am|

Մանթաշ գյուղի բնակիչները փակել էին Արթիկ-Ալագյազ ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը |news.am|

news.am: Շիրակի մարզի Մանթաշ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 17-ին, փակել էին Արթիկ-Ալագյազ ճանապարհը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը: Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը հայտնեց, որ ճանապարհը արդեն բաց է, գյուղացիների հետ պայմանավորվել են, որ մինչև երեկո խնդիրը կլուծվի: Նրա խոսքով՝ գյուղացիներն ամեն տարի բախվում են այս խնդրին, քանի որ ջրամբարը և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Իսկ թե ինչու է խնդիրը ամեն տարի կրկնվում, Սուքիասյանի խոսքով՝ պատասխանատուները վախենում են մեծ քանակով ջուր բաց թողնել Մանթաշի ավազանից, քանի որ կա մտավախություն, որ ձմեռն էլ կարող է ջրամբարում ջուր չլինի, և մարդիկ խմելու ջուր էլ չունենան:  «Այստեղ մարդկանց միակ ապրուստը գյուղատնտեսությունն է: Այդ դաշտերը պետք է ոռոգվեն, բայց ոռոգման պատասխանատուները անընդհատ ասում են այսօր–վաղը, ջուր չեն բացում, մարդիկ էլ ճանապարհը փակել են: Պատասխանատուները պետք է այդ ուղղությամբ մտածեն, այդ հարցը լուծեն »,- ասաց նա: 
12:00 - 17 օգոստոսի, 2022
Գերիների հարազատները դադարեցրին նստացույցը. Կառավարությունից խոստացել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպել |news.am|

Գերիների հարազատները դադարեցրին նստացույցը. Կառավարությունից խոստացել են վարչապետի հետ հանդիպում կազմակերպել |news.am|

news.am: Շիրակցի գերիների հարազատները քիչ առաջ պայմանավորվածություն են ձեռք բերել վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ, որ նստացույցը դադարեցնեն։ «Մեզ խոստացան վաղը զանգահարել եւ տեղեկացնել վարչապետի հետ հանիդպման օրվա եւ ժամի մասին։ Այս պահին մենք վերադառնում  ենք Շիրակի մարզ»,- ասաց գերիներից մեկի հարազատը։ Հիշեցնենք, որ շիրակցի գերիների հարազատները երեկ առավոտից նստացույց էին սկսել եւ հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ վարչապետի աշխատակազմից լսել էին նրանց պահանջը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց չէին տեղեկացրել հանդիպումը կկայանա՞, թե՝ ոչ։ Գերիների հարազատները շարունակել էին իրենց նստացույցը եւ գիշերել Կառավարության շենքի դիմաց։ Առավոտյան արդեն գերիների հարազատներին վարչապետի աշխատակազմից խոստացել են հանդիպում կազմակերպել վարչապետի հետ եւ նրանք դադարեցրել են նստացույցը։
11:38 - 09 օգոստոսի, 2022
Համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել. Շիրակի մարզպետը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել. Շիրակի մարզպետը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:   Մարզպետն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում: «Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որ նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար, խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներին է վերաբերվում։ Ունենք դրական տեղաշարժ երկու առումով էլ։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել խնդիրները, այլև գործել ի նպաստ քաղաքացու և, բնականաբար, ի նպաստ երեխաների լավագույն շահի»,- ասել է նա։ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության պատրաստակամությունը՝ անդրադառնալով Հայկասարում և Նահապետավանում մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ կարևորելով նախադպրոցական կրթությունը։   Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ամասիայում և Անիում ուսուցիչների՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տարածքի ընդլայնման ու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերի, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությանն ու դեռահասների նախաձեռնողականության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված ծրագրերին։   Քրիստինե Վայգանդը մարզպետին տեղեկացրել է Արթիկ համայնքում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական նոր կենտրոն հիմնելու մտադրության մասին։   Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով պետություն-համայնք-միջազգային կառույցներ համագործակցությունը։   Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, հնարավոր համագործակցության մի շարք այլ հարցերի շուրջ:        
16:06 - 26 հուլիսի, 2022
Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել

 |armenpress.am|

Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով Ղարիբջանյանի և Գետքի բնակիչները ճանապարհ էին փակել |armenpress.am|

armenpress.am: Ոռոգման ջրի խնդրի լուծման պահանջով հուլիսի 15-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյան և Գետք բնակավայրերի բնակիչները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհի՝ Ղարիբջանյանի հատվածը: Որոշ ժամանակ ճանապարհը փակ պահելուց հետո երկու գյուղերի բնակիչները Ղարիբջանյանի վարչական կենտրոնում հարցը քննարկեցին  Շիրակի մարզպետարանի, «Շիրակ» ՋՕԸ և Ախուրյան խոշորացված համայնքի պատասխանատուների հետ:  Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ  Ռոման Համայակյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված շոգ եղանակով պայմանավորված խնդիրն ավելի է սրվել: «Ղարիբջանյանն ամբողջությամբ ու Գետքի մի մասը չեն հանդիսանում Շիրակ ջրօգտագործողների ընկերության անդամ,  և ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում. այս գյուղերում միշտ օգտագործել են միայն իրենց ջրի պաշարները: Շոգ եղանակին զուգահեռ մեկնարկել է նաև ոռոգման սեզոնը, ավելացել են նաև ցանքատարածությունները, ինչով պայմանավորված խնդիրը լրջացել է»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ խնդրի լուծման տարբերակն այդ գյուղերի  բնակիչների անդամակցությունն է «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը: Նա նաև հայտնել է, որ համայնքը խնդրին համապարփակ լուծում տալու համար ոռոգման ցանցի անցկացման սուբվենցիոն ծրագիր կներկայացնի կառավարությանը։
14:22 - 15 հուլիսի, 2022
Այս պահին երկրաշարժի հետևանքով փլուզման ահազանգեր չեն եղել․ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ

Այս պահին երկրաշարժի հետևանքով փլուզման ահազանգեր չեն եղել․ ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ

Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ գրանցված երկրաշարժից հետո արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: «ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել»,-նշված է մարզպետի գրառման մեջ: Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 11-ին` առավոտյան 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցվել է հերթական երկրաշարժը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ:
11:03 - 11 հուլիսի, 2022