Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ

Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում երեկ՝ նոյեմբերի 17-ին «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝  100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:  Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:  Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝  ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։ 
12:25 - 18 նոյեմբերի, 2022
Առաջարկվում է 2023 թ. սկսած ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Առաջարկվում է 2023 թ. սկսած ներդնել ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց համակարգային նշանակություն ունեցող ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին։  «Առաջարկում ենք 2023թ․-ից սկսած երեք հաջորդ տարիների ընթացքում ներդնել Հայաստանի  ռեզիդենտ բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգ։ Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից։ Նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը․ օրինակ, հարկային գործակալի կողմից գործատուի կողմից հաշվարկված եկամուտների և դրանցից բյուջե վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կամ երրորդ անձանցից հարկային մարմնի ունեցած այլ տեղեկությունները և այդ հայտարագիրը նախնական տեսքով՝ էլեկտրոնային եղանակով պատրաստել հայտարարատուի ծանոթացման համար։ Յուրաքանչյուր ֆիզիկական հայտարարատու անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում»,- նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ նախատեսվում է հայտարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ սոցիալական աջակցության կրեդիտների միջոցով, որի շրջանակում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների համար կատարված ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ։ Օրենքի նախագիծը դեռևս պետք է քննարկվի ու քվեարկության դրվի Ազգային ժողովում։   
11:37 - 17 նոյեմբերի, 2022
Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի պետբյուջեի նախագիծը

 |armenpress.am|

Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի. նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի պետբյուջեի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և  քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը: Այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում: Նա նախ հիշեցրեց, որ պետբյուջեի նախագիծը ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է: «Նախագծի հաստատմամբ ֆինանսավորում կապահովվի այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնց իրականցումը կարձանագրի անհրաժեշտ առաջընթաց կառավարության ծրագրով սահմանված նպատակների ուղղությամբ: 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և մեր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը՝ կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ: Արագ տնտեսական զարգացումն այլընտրանք չունի: ԱԺ ներկայացված բյուջեի նախագծի հիմքում ընկած հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է այդ նպատակին»,-ասաց Խաչատրյանը: Խաչատրյանը շեշտեց՝ 2023-ի բարձր տնտեսական աճի ցուցանիշը պետք է լինի կառավարության բարեփոխումների և հատկապես տնտեսական քաղաքականության արդյունավետության չափման հիմնական ցուցիչը: «2023 թվականի համար թիրախավորվում է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 7 տոկոս իրական աճ: Դժվարին մարտահրավեր է այն, որ այսպիսի բարձր տնտեսական աճը պետք է ձեռք բերվի զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում»,-ասաց Խաչատրյանը: Ապա նախարարը պարզաբանեց, թե ինչպիսին է լինելու կառավարության այն քաղաքականությունը, որը պետք է նպաստի որակյալ տնտեսական ակտիվության խթանմանը: Կառավարությունը կշարունակի ընդլայնել ներդրումային վերազինմանն ուղղված մասնավոր ծրագրերին աջակցությունը՝ տեխնոլոգիական հոսքագծերի և սարքավորումների նորացմանն ուղղվող վարկերի տոկոսները սուբսիդավորելու եղանակով: Ըստ Խաչատրյանի՝ այս ձևով կառավարությունը կխրախուսի որակյալ ներդրումային որոշումները և կխթանի արտադրողականության բարձրացման ուղղությամբ կազմակերպությունների որոշումների արագացումը: Միայն այս ծրագրով հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված աջակցության միջոցները կգերազանցեն 11 մլրդ դրամը:
11:52 - 16 նոյեմբերի, 2022
Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի գործընկերների հետ

Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Համաշխարհային բանկի գործընկերների հետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ: ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը եւ ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը եւ վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:   Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը ՀԲ հուսալի գործընկերն է եւ լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում հասնելու գործընկերային ավելի բարձր մակարդակի: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին եւ ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի եւ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
13:25 - 11 նոյեմբերի, 2022
Ֆինանսների նախարարը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է

Ֆինանսների նախարարը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-ից 9-ն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:  Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել են հարևան երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը: Տ. Խաչատրյանը ուրախությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր առաջին այցի ընթացքում ծավալվել են արդյունավետ և կառուցողական քննարկումներ: Իր խոսքում նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը. «Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»։ Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին, նախարարը ընդգծել է, որ  այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։ Հանդիպման ժամանակ Էհսան Խանդուզին ընգծել է. «Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:
12:15 - 09 նոյեմբերի, 2022
Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել. Հայաստանը տույժ է պահանջում
 |civilnet.am|

Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել. Հայաստանը տույժ է պահանջում |civilnet.am|

civilnet.am: Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։ Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։ ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23,2 մլն դրամ՝ որպես տույժ։ Նամակը Gnumner.minfin.am-ում կայքում հրապարակվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին։ Ինչ կարող էր հորդանանական ընկերությունը մատակարարել Հայաստան «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս»-ը (Jadara Equipment & Defence Systems) հորդանանական ընկերություն է, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։ Այն Հորդանանի ՊՆ-ին կից գործող Հորդանանի նախագծման և մշակման բյուրոյի դուստր ձեռնարկություն է։ Ընկերությունն առավել հայտնի է կարճ և միջին հեռահարության հակատանկային համակարգերով, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։ Զենքի մասերը լիցենզիայի հիման վրա նախկինում ներկրվում էին Ռուսաստանից։ Տարիների ընթացքում մասերի զգալի մասն արդեն տեղում է արտադրվում, սակայն Ռուսաստանից կախվածությունը շարունակում է որոշիչ մնալ։ Այս նռնականետը կիրառվում է Հորդանանի զինուժի կողմից, ինչպես նաև արտահանվել է Եգիպտոս, Իրաք, ԱՄԷ և Թունիս։ Ընկերությունը նաև արտադրում է «Տերմինատոր» անվանումով հակատանկային համակարգը, որը, ըստ որոշ աղբյուրների, հիմնված է ուկրաինական «Կորսար» համակարգի վրա կամ դրա կրկնօրինակն է։ «Ջադարա»-ի մյուս արտադրանքներն են՝ օպտիկական, գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր, դիպուկահար հրացան։ Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն Բաց տվյալներից հնարավոր չէ հստակ ասել, թե այս համակարգերից կամ սարքերից որո՛նց ձեռք բերման համար էր ՊՆ-ն կնքել պայմանագիր «Ջադարա»-ի հետ։ #CivilNetCheck-ը հարցումով դիմել է ընկերությանը՝ փորձելով մանրամասներ ճշտել գործարքի և դրա ձախողման պատճառների մասին։ Հայաստանը Հորդանանից սկսել է զենք ձեռք բերել առնվազն չորս տարի առաջ՝ 2018-ին։ Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զենքի առևտրի տվյալների բազայի՝ 2018 թվականին Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել սովետական արտադրության չորս «Օսա-ԱԿ» (Оса-АК) զենիթահրթիռային համալիր և այդ համալիրների համար 120 միավոր 9М33 հրթիռ։ Դրանք մատակարարվել են 2019-ին, ինչի մասին հանրայնացվեց 2019-ի դեկտեմբերին։ Այն, որ դրանք ձեռք են բերվել Հորդանանից, հաստատել են ՊՆ աղբյուրները։ Ապրանքի մատակարարման ձախողման պատճառներից կարող է լինել «Ջադարա»-ի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ընկերությունը և Ադրբեջանի ՊՆ-ն համատեղ մշակել են 152 մմ տրամաչափով հակատանկային «Terminator-FM» հրթիռային համակարգը։ Հեղինակավոր Jane’s ռազմական պարբերականի փոխանցմամբ՝ դրա համատեղ մշակումը սկսվել է 2021-ին։ Ավելի մանրամասն՝ civilnet.am:
18:36 - 02 նոյեմբերի, 2022
Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 35 միլիարդ 543 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021 թվականի պետական բյուջեով հաստատված փաստացի ծախսերը կազմել են 27 միլիարդ 853 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող ծախսերը գնահատվում են մոտավորապես 29 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված է հատկացնել 64 միլիարդ 912 միլիոն դրամ: «2022 թվականին Ազգային ժողով ներկայացված և օրենքով նախապես հաստատված ֆինանսավորման ծավալը կազմում էր 42 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչը տարվա ընթացքում Կառավարության կողմից, հաշվի առնելով բոլոր իրականացվող ծրագրերի կարևոր նշանակությունը և ծավալային փոփոխությունները, էապես ավելացվել է: 2022 թվականի ճշտված բյուջեով այն կազմում է 61 միլիարդ 375 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:
10:51 - 01 նոյեմբերի, 2022
Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ. ՀՀ ֆինանսների նախարար
 |1lurer.am|

Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ. ՀՀ ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Արտարժույթի նկատմամբ պահանջարկը և առաջարկը ազդում են դրամ-դոլար կամ դրամ-եվրո իրական փոխարժեքների վրա: Դրանք այս ամիսների ընթացքում ուժեղացրել են հայկական դրամը, բայց մյուս կողմից՝ նաև մեծ գնաճ կա, ինչը նաև պայմանավորված է հատկապես պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ: Այդ երևույթն ազդում է նաև Հայաստանում գնաճային բավական բարձր ֆոնին: Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ: Անդրադառնալով արտարժույթի արժեզրկման պայմաններում գնաճին՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Անդրադառնալով տնտեսական ակտիվությանը՝ նախարարը նշեց, որ այն արհեստական չէ: «Կան շատ անորոշությունններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորվել են մի կողմից՝ դեպի Հայաստան մարդկանց զգալի ներհոսքի պատճառով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացված անձանց, որոնք ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, և դրանով պայմանավորված արտարժութային ներհոսք է առաջացել, և մյուս կողմից՝ դրամական փոխանցումներն ավելացել են դեպի Հայաստան, որոնք ազդում են նաև ընդհանուր սպառման ծավալների ավելացման վրա, դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն: 9 ամիսների հանրագումարով ունենք 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն»,- ասաց նա: Նախարարը համաձայն չէ այն մտահոգությանը, որ տնտեսական ակտիվությունը մարզերում չի զգացվում: «Ես այդպիսի գնահատականին չեմ կարող համաձայնվել»,- ասաց նա՝ նշելով, որ հիմնական այցելուները գտնվում են Երևանում, բնականաբար, սպառումն ավելի շատ ավելանում է Երևանում: 
14:13 - 31 հոկտեմբերի, 2022
Ֆինանսների նախարարն ու տեղակալը գործուղվում են Իրան

Ֆինանսների նախարարն ու տեղակալը գործուղվում են Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին որոշում է ստորագրել, որի համաձայն ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը կգործուղվեն Իրանի Իսլամական Հանրապետություն։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին 2022 թվականի նոյեմբերի 7-9-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով: 2. Տիգրան Խաչատրյանի և Ավագ Ավանեսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Խաչատրյանի և Ավագ Ավանեսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
14:00 - 31 հոկտեմբերի, 2022
Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար
 |tert.am|

Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: Կա մի թյուր կարծիք, որ Հայաստանը հաջորդ տարի դադարեցնելու է Արցախի վարկավորումը, չնայած ձեր պրեզենտացիայից երևաց, որ դա այդպես չէ, բայց պետք է խնդրեմ ներկայացնեք։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Եկող տարվա բյուջեում Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 մլրդ դրամի չափով, ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա բյուջեով նույնպես 144 մլրդ դրամ էր նախատեսված։ Եկող տարի առանց փոփոխության կկատարվի ֆինանսավորումը։ Արցախի մեր գործընկերների հետ տարվա ընթացքում հաճախ ենք անդրադառնում այն հարցին, թե ինչպիսին են ֆինանսական միջոցների կարիքները»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների կարիքները հիմնականում վերաբերում են բնակարանային շինարարությանը։ «Բնակարանային շինարարությունը Արցախում իրականացվում է ՀՀ կառավարության մեծ աջակությամբ։ Հաջորդ տրվա ընթացքում 144 մլրդ դրամ է նախատեսված, բայց եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են Հայաստանի կառավարության աջակցությունը, ըստ բովանդակության կքննարկվեն և կստանան լուծումներ՝ ինչպես եղել է մշտապես»,- ասաց նա։  
12:28 - 31 հոկտեմբերի, 2022
Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Այս պահին կանխատեսում ենք, որ այս տարվա հարկային եկամուտները 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ կկազմեն՝ առնվազն 75 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված էր 2022 թվականի պետական բյուջեով։ Արդեն վերանայված ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում ենք, որ հաջորդ տարվա հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը կկազմի  ՀՆԱ-ի 3,7 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը։ Ըստ նախարարի՝ այսպիսի աճը համահունչ է հարկային ավելացումների սցենարին, որը նախատեսվել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով։ «Մեզ անհրաժեշտ է գալիք տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսով հարկային եկամուտների աճ ապահովել, որպեսզի կարողանանք 2026 թվականի համար ունենալ 25 տոկոսը գերազանցող մակարդակ»,- եզրափակեց Խաչատրյանը։
12:19 - 31 հոկտեմբերի, 2022
Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի

 |armenpress.am|

Նախատեսվում է պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ նվազեցնել՝ հասցնելով 50 տոկոսի |armenpress.am|

armenpress.am: 2023 թվականին նախատեսվում է ապահովել  համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական պարտքի զգալի բարելավում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։  «Որքան պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն Կառավարության անելիքների իրականացման ռիսկեր»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարը հիշեցրեց, որ 2021 թվականի արդյունքներով պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա էր և կազմում էր 60,3 տոկոս։ «Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան համախառն ներքին արդյունքի 50 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը։
11:37 - 31 հոկտեմբերի, 2022
2023 թվականին նախատեսվում է էականորեն ավելացնել հարկային եկամուտները․ Տիգրան Խաչատրյան

 |armenpress.am|

2023 թվականին նախատեսվում է էականորեն ավելացնել հարկային եկամուտները․ Տիգրան Խաչատրյան |armenpress.am|

armenpress.am: Ինչպես 2022 թվականի, այնպես էլ 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։  «Ի՞նչ է նշանակում մակրոտնտեսական կայունություն հարկաբյուջետային քաղաքականության և մասնավորապես պետական բյուջեի մասին օրենքի կիրառության սկզբունքների տեսանկյունից։ Առաջին հերթին դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես և Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- ասաց Խաչատրյանը։ Նա հիշեցրեց, որ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ։ «Մենք 2026 թվականին՝ Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, պետք է հասնենք հարկերը համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- եզրափակեց Խաչատրյանը։
10:49 - 31 հոկտեմբերի, 2022
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով

«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ/կարճաժամկետ սուվերեն վարկավորման «B+»/«B» վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով: ՀՀ Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը կնպաստեն Հայաստանի կայուն տնտեսական աճը, աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, Հայաստանի արտաքին դիրքի ամրապնդումը, արտաքին պարտքի կուտակման ավելի դանդաղ տեմպը: Գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը դրական ազդակ է՝ հատկապես հաշվի առնելով համաշխարհային եւ տարածաշրջանային  զարգացումները եւ դրանցով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները, եւ փաստում է տնտեսության զարգացման տեմպերի դրական դինամիկան, Կառավարության վարած սոցիալ-տնտեսական բարեփոխումների ու հատկապես՝ մակրոտնտեսական քաղաքականության հուսալիությունը: Վարկանիշի վերահաստատման հիմքում 2022 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցված բարձր տնտեսական աճն է՝ պայմանավորված մարդկանց եւ կապիտալի ներհոսքով, դրա արդյունքում ներքին պահանջարկի աճով, հարկային եկամուտների հավաքագրման բարձր տեմպով, նշված գործոնների, ինչպես նաեւ դրամի արժեւորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազմամբ:  «Կայուն» հեռանկարը պայմանավորված է  առաջիկա տարում եւ միջնաժամկետում կայուն տնտեսական աճի պահպանման՝ գործակալության սպասումներով: Որպես հնարավոր ռիսկեր առանձնացված են Ռուսաստանի՝ որպես ՀՀ հիմնական առեւտրային գործընկերոջ եւ դրամական փոխանցումների հիմնական աղբյուրի, տնտեսական անկման հնարավոր հետեւանքները եւ Ադրբեջանի հետ ռազմական լարվածության պայմաններում առկա գործոնները:
15:50 - 11 հոկտեմբերի, 2022
2023-ին կբարձրանա հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձը, բայց ավելի քիչ պարգեւավճարներ են լինելու. նախարար
 |news.am|

2023-ին կբարձրանա հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձը, բայց ավելի քիչ պարգեւավճարներ են լինելու. նախարար |news.am|

news.am: 2023-ի բյուջեում 21 մլրդ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքով, ավելացման վերաբերյալ առաջիկայում կներկայացնեն մանրամասն պարզաբանումներ. «Դրա հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը. Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում. Առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ եւ դրանց գումարվող որոշակի պարգեւավճարներ: Երկրորդ  դեպքում բազային աշխատավաձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձերին գումարվում են սահմանված հավելավճարներ: Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում եւ ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգեւավճարների եւ հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգեւավճարներ եւ հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
13:40 - 29 սեպտեմբերի, 2022