ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել է ավելի քան 11 մլրդ դրամ: Նախարարը հիշեցրեց, որ մինչև 2026թ պետք է վերակառուցեն, կառուցեն, վերազինեն առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ: Ավանեսյանը նախ ներկայացրեց արված աշխատանքը՝ օրեր առաջ բացվել է Մարտունու բժշկական կենտրոնը, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոն: Մինչև տարեվերջ կավարտվի նաև Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով: Այսինքն՝ 2023-ին շահագործման է հանձնվում 2 առողջապահական հաստատություն: Հաջորդ տարի շարունակվելու են  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն 2025-ին: «Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում և շարունակվելու են հետևյալ օբյեկտները՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի բժշկական կենտրոնի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի բժշկական կենտրոնների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024թ 3-4-րդ եռամսյակներում»,-ասաց նախարարը: Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները: Նախարարը նաև ներկայացրեց  2024-ին մեկնարկող կապիտալ աշխատանքները: Այդ աշխատանքների թվում են շտապօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները, Արթիկի ԲԿ-ի, Վարդենիսի, Վեդիի,  Ջերմուկի առողջության կենտրոնի, Արմավիրի մարզի Զարիշատի Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի,  Նոր Հաճընի պոլիկլինիկայի, Գյումրու թիվ 1, 2 պոլիկլինիկաների, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի, Կապանի բժշկական կենտրոնի (խոսքը պոլիկլինիկայի հատվածի մասին է), Գորիսի բժշկական կենտրոնի (պոլիկլինիկայի հատվածը), Արարատի հիվանդանոցի (պոլիկլինիկայի հատվածը), Վայքի պոլիկլինիկայի, Գավառի պոլիկլինիկայի շինաշխաատանքները: Վերոնշյալ բոլոր պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների համար այս տարի արդեն որոշակի գումար հատկացվել է, աշխատանքները մեկնարկել են, հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկեն ևս 20 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները:
12:29 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան
 |armenpress.am|

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։ «Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։
11:44 - 06 նոյեմբերի, 2023
Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է եղել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և նշել. «Սա շատ կարևոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց և լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլև սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս: Այս ընթացքում մարզերում մի շարք բժշկական կենտրոններ են կառուցվում»: Կառավարության ղեկավարը ներկայացրել է ներկայումս կառուցվող և հիմնանորոգվող բժշկական կենտրոնների ցանկը: Այսպիսով՝ կառուցվում են Վայոց ձորի մարզային հիվանդանոցը, Սիսիանի, Վաղարշապատի, Ծաղկահովիտի, Մասիսի, Նաիրի շրջանի, Տաշիրի բժշկական կենտրոնները, Վանաձորի բժշկական կենտրոնում ինֆեկցիոնի մասնաշենքը: Վերակառուցվում են Թալինի, Աշտարակի, Չարենցավանի բժշկական կենտրոնները և այլն: «Այս ծրագիրն ունի հստակ քաղաքական և առողջապահական նպատակ: Այդ նպատակն է՝ բժշկական ծառայությունները հնարավորինս մոտ տանել մարդուն, հնարավորինս մոտ տանել բուժառուին, որպեսզի դրանից օգտվելը լրացուցիչ բարդություններ չստեղծի: Մենք շատ երկար ժամանակ ականատես ենք եղել նաև բժշկական ծառայությունների գերկենտրոնացման, և մեր մարզերի բնակիչները, ովքեր առողջապահական ծառայություններ ստանալու կարիք են ունեցել, նույնիսկ պետական պատվերով, ստիպված են եղել բազմաթիվ լրացուցիչ ծախսեր անել, այդ թվում՝ տրանսպորտային, կեցության և այլն: Մեր քաղաքականությունը հենց 2018 թ.-ից եղել է այն, որ ծառայությունները պետք է մոտեցնել մարդկանց: Դա առավել արդյունավետ է, մտնում է տարածքային համաչափ զարգացման տրամաբանության մեջ և ի վերջո բարեկեցության կարևոր հատկանիշ է, թե ինչքանով է հասանելի բժշկական ծառայությունը մարդկանց համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության ոլորտի զարգացման համատեքստում վարչապետն ընդգծել է հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մեր քաղաքականությունն է՝ կանխել հիվանդության դեպքերը, վաղ ախտորոշում անել, և սա է պատճառը, որ մենք բժշկական կենտրոններին զուգահեռ Հայաստանում կառուցում, ստեղծում ենք բազմաթիվ նոր ամբուլատոր ծառայություններ»: Կառավարության ղեկավարը ներկայացրել է առաջիկայում բժշկական կենտրոնների, այդ թվում պոլիկլինիկաների, արդիականացման գործընթացները և նշել, որ այդ նախագծերն արդեն ընթացքի մեջ են. որոշները գտնվում են նախագծման, որոշները՝ մրցութային, որոշները՝ շինարարության փուլում: Առաջիկայում կկառուցվեն Շիրակի մարզի Արթիկի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի, Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Ջերմուկի առողջության կենտրոնը: Վարչապետը ներկայացրել է նաև հետևյալ բժշկական հաստատությունների ցանկը՝ Արմավիրի մարզի Զարիշատ բնակավայրի պոլիկլինիկա, Կոտայքի մարզի Նոր Հաճնի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 1, Արտաշատի, Շիրակի մարզի Գյումրու թիվ 2, Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկաներ, Սյունիքի մարզի՝ Կապանի, Գորիսի, Արարատի մարզի Արարատի հիվանդանոց բժշկական կենտրոնները, Վայոց ձորի Վայքի պոլիկլինիկա, Գեղարքունիքի մարզի Գավառի բժշկական կենտրոն, Արմավիրի մարզի՝ Գայի, Ջրառատի, Շենավանի, Վարդաշենի, Տանձուտի, Խանջյանի, Նորապատի ամբուլատորիաներ, Արարատի մարզի՝ Դիմիտրովի, Այգեստանի, Դվինի, Նոր Կյանքի ամբուլատորիաներ, Արագածոտնի մարզի Ոսկեվազի պոլիկլինիկա, Սյունիքի մարզի՝ Խնձորեսկի, Անգեղակոթի ամբուլատորիաներ, Գեղարքունիքի մարզի՝ Ծակքարի, Դպրապատի, Լոռու մարզի Մեծավանի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Տավուշի մարզի՝ Կողբի, Այրումի ամբուլատորիաներ: «Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ մարզերում, ներառյալ՝ Մարտունու բժշկական կենտրոնը, շուրջ 100 մլն դոլարի ներդրումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր մոտեցումը շարունակում է մնալ նույնը՝ դպրոցից սկսած, մենք պետք է դաստիարակենք և ունենանք ուժեղ հանրություն մտքով, ուժեղ հանրություն՝ մարմնով, ուժեղ հանրություն՝ հոգեբանորեն: Եվ այս բոլոր երեք ուղղությունները որևէ կերպ առնչվում են առողջապահության հետ», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է նաև ամբուլատորիայի առողջապահական անձնակազմի աշխատավարձերի բարձրացման մեխանիզմին, որի ներդրման շնորհիվ որոշ վայրերում արձանագրվել է ընդհուպ 170 տոկոսով աշխատավարձերի բարձրացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պարագայում ակնկալվում է նաև ավելի որակյալ բժշկական ծառայություն: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: **** Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի (շուրջ 4720 քմ) կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի հուլիսին: Արդիականացման աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Ծրագրի շրջանակում 2020թ․ հունվարին ստեղծվել են հեմոդիալիզի և արյան փոխներարկման ծառայությունները։ Ծրագրի իրականացման արդյունքում, 79 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ամբուլատոր ու ստացիոնար ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով, կսպասարկի մարզի բնակչությանը տեղում՝ իրենց բնակավայրերին մոտ։ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։  
16:55 - 04 նոյեմբերի, 2023
Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք բռնկում, և կարող եմ ասել, որ հենց այս պահին դեպի մարում է գնում բռնկումը: Այդ մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի նվազում, և հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում, բոլոր սիմպտոմները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման բոլոր աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք: Ունեցել ենք նաև բալիկի մահվան դեպք: Պետք է նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել, և ունեցել է այն հիվանդությունները, որոնք իրավիճակը շատ ավելի բարդացրել են»,- ասաց Ավանեսյանը՝ հորդորելով, որ ազգային օրացույցով սահմանված իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները չուշացվեն: Նախարարը նաև նշեց, որ մինչև քովիդի բռնկումը հանրության շրջանում եղել է 93-94 տոկոս պատվաստվածության աստիճան, մինչդեռ քովիդի ժամանակ, երբ առաջնային օղակի աշխատանքն ընդհատված էր, պատվաստումների տոկոսն իջել է: 2022-ին վերականգնվել են ցուցանիշները: «Մենք մեզ համար խնդիր ենք դրել, որ պետք է հասնենք 95-96 տոկոսի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քովիդի դեպքերին, ապա Ավանեսյանը նշեց, որ այս պահին որևէ նոր շտամ չկա, օմիկրոնի շտամն է շրջանառվում, բայց լինում է, որ գրիպն ու քովիդը միաժամանակ են լինում, այդ դեպքում հիվանդությունը բարդ է ընթանում: Իսկ ընդհանուր առմամբ քովիդի մասով անհանգստացնող բան չկա:
14:40 - 02 նոյեմբերի, 2023
Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։  15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 839 մլն դրամ, որից 100 մլն դրամը հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց՝ Սյունիքի մարզում կեցության ապահովմանը): Այս գումարը տրամադրվել է «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ կեցության ապահովման գործառույթն իրականացնելու նպատակով։  ՏԿԵՆ-ին տրամադրված գումարից 360 մլն դրամը Կառավարության սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ ծախսերի փոխհատուցման համար։ Այդ գումարից 50-ական մլն դրամ ուղղվել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի, իսկ 30-ական մլն՝ մյուս բոլոր  մարզպետարաններին։   Կառավարության հոկտեմբերի 5-ի որոշմամբ մարզպետարաններին նույն նպատակով հատկացվել է 600 մլն դրամ։ Արցախից բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար Արագածոտնի եւ Շիրակի մարզպետարաններին տրամադրվել է 30 մլն, Լոռիին՝ 40 մլն, Տավուշին՝ 45 մլն, Արմավիրին, Գեղարքունիքին եւ Վայոց Ձորին՝ 50 մլն, Սյունիքին՝ 65 մլն, Արարատին՝ 100 մլն, իսկ Կոտայքի մարզպետարանին՝ 140 մլն դրամ։ Նույն նպատակի համար Կոտայքի մարզեպատարանին Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ ուղղվել է եւս 300 մլն դրամ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի որոշմամբ մարզպետարանների աշխատակազմերին եւս 1 մլրդ դրամ է հատկացվել՝ դարձյալ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար։ Մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ շուրջ 479 մլն տրամադրվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման, հյուրանոցային, տրանսպորտային, վարձակալության եւ այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր շուրջ 15 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել է 30 մլն դրամ։ Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 11-ի  որոշմամբ, այդ գումարը հատկացվել է առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց՝ որպես Արցախի բնակչության օգնության ծախսերի փոխհատուցում։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի համար (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ էլ 15 մլն 911 հազար դրամ է հատկացվել «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանը հիմնելու համար։  221 մլն 676 հազար դրամ էլ սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալելու եւ կացության կազմակերպման ծառայություններն իրականացելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված ընդհանուր գումարից 10 մլրդն ուղղվել է բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական աջակցությանը՝ համաձայն կառավարության հոկտեմբերի 5-ի եւ հոկտեմբերի 17-ի որոշումների։ Առաջին որոշմամբ 8 մլրդ դրամ բաշխվել է 80 հազար շահառուի՝ մեկ անձի հաշվով 100 հազար դրամ, իսկ երկրորդով՝ 2 մլրդ դրամ բաշխվել է 20 հազար շահառուի։ Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշմամբ եւս 2 մլրդ դրամ է հատկացվել նախարարությանը՝ որպես բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն։ Այս գումարը բաշխվել է 40 հազար շահառուների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամ։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել շահառուներին 6 ամսվա կտրվածքով՝ 2023թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2024թ.-ի մարտը ներառյալ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով: Հայարփի Բաղդասարյան
21:34 - 01 նոյեմբերի, 2023
Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ

Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Գրիպի ընդհանուր ախտանշանները ներառում են՝ ջերմություն, մարմնի ջարդվածության զգացում, դող, սարսուռ և քրտնարտադրություն, գլխացավ, չոր հազ, շնչարգելություն, հոգնածություն և թուլություն, քթահոսություն (հարբուխ) կոկորդի ցավ և քերոցի զգացում, ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն, փսխում և փորլուծություն, որն ավելի տարածված է երեխաների մոտ։ Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։ Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը և այլն։ Հղիների մոտ՝ որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։ Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հիշեցնում և հորդորում են. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից, խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները, հետևե´ք անձնական հիգիենային:
18:50 - 01 նոյեմբերի, 2023
Անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից 2023-ին օգտվել է շուրջ 600 պացիենտ. ԱՆ

Անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից 2023-ին օգտվել է շուրջ 600 պացիենտ. ԱՆ

Այսօր Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է:   Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 600 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:   Ծրագրի մեկնարկից մինչ օրս ծառայությունից օգտվել է շուրջ 2600 պացիենտ:   Ծրագրում ընդգրկվելու հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:   Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման առողջապահության նախարարության ծրագիրը գործում է Երևանի 4 բժշկական կենտրոնում և Գյումրու ԲԿ-ում:
12:58 - 29 հոկտեմբերի, 2023
Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը

Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարն անդրադարձել են ՀՀ-ի վերականգնողական բժշկության ներուժի զարգացմանը

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար դոկտոր Մարթե Էվերարդի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հանդիպմանը քննարկել են վերականգնողական ծառայության և աջակցող տեխնոլոգիաների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որի ապահովմամբ հնարավոր է բարելավել վերականգնողական ծառայությունը Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության ոլորտում Հայաստանի մասնագիտական ներուժը զարգացնելուն ուղղված կոնկրետ քայլերին, որոնց իրականացման արդյունքում ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական և գործնական նոր հմտություններ: «Առողջապահության նախարարությունը միշտ պատրաստակամ է նպաստելու որակյալ և պացիենտակենտրոն վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովմանը Հայաստանի քաղաքացիների համար` մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ»,- նշել է Արմեն Գասպարյանը: «Վերականգնողական ծառայության բարելավման գործողությունների ծրագրի և համապարփակ ռազմավարություն մշակելու արդյունքում նախանշել ենք այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ծառայության բարելավմանը»,- ավելացրել է դոկտոր Մարթե Էվերարդը: Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցությունը, ինչը կկրի շարունակական բնույթ:
21:06 - 27 հոկտեմբերի, 2023
Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։ «Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Ժամերի ընթացքում երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, որից հետո արձանագրվել է մահ: Փոքրիկը կարմրուկի դեմ պատվաստված չի եղել»,- ասված է հաղորդագրությունում։ Նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք: «Ներկայումս հոսպիտալացված է 4 հիվանդ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 328-ը երեխաներ են, 143-ը` մեծահասակ: Արձանագրված կարմրուկի դեպքերի 93%-ը կարմրուկի դեմ չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ «Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել: Նշենք, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է»։
14:04 - 25 հոկտեմբերի, 2023
Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարությունը շաբաթական կտրվածքով կատարում է սուր շնչառական վարակների մոնիթորինգ, այս պահին վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ տեսանելի է քովիդի թվերի աճ: «Նկատում ենք, որ գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, և այս պահին սեզոնային ակտիվացում է դիտվում: Քովիդի շտամների փոփոխություն չի նկատվում: Շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթաշտամներով»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ քովիդի ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդացավ, հազ, գլխացավեր, ուստի, առանց թեստավորման, մի փոքր դժվար է դրանք միմյանցից տարբերակելը: Ինչ վերաբերում է քովիդից մահվան դեպքերին, նախարարը նկատեց՝ գրիպից էլ են գրանցվում տարեկան մահվան դեպքեր, և եթե անձն ունի առողջական լուրջ խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա պատճաշ բուժօգնություն, կարող են գրանցվել նաև մահվան դեպքեր: Հարցին՝ արդյոք առկա՞ է բավարար քանակությամբ գրիպի դեմ պատվաստանյութ, նախարարը վստահեցրեց՝ պաշարները համալրվել են, և այս պահին պատվաստանյութի պակաս չկա: «Հորդորում եմ օր առաջ պատվաստվել գրիպի դեմ, որովհետև այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: Ինչպես գիտեք՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցվելով ամեն տարի շրջանառվող ամենավտանգավոր շտամներին, և քրոնիկ հիվանդները, 65 տարեկանից բարձր անձինք և մինչև 12 տարեկան երեխաները ռիսկի խմբում են, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- ասաց նախարարը: Ավանեսյանը տեղեկացրեց՝ պատվաստանյութը եվրոպական արտադրության է և գործում է գրիպի 4 շտամների դեմ:
12:43 - 25 հոկտեմբերի, 2023
Արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն. ԱՆ

Արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն. ԱՆ

Ներկայումս Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ` շտապօգնության կանչերում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։Վերլուծությունն ըստ տարիքային խմբերի փաստում է, որ հիվանդացության 70%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում, որից 57%-ը՝ մինչև 4 տարեկանների։Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել և պատվաստվել:Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում։
12:34 - 19 հոկտեմբերի, 2023
Կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն. ԱՆ

Կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն ունեցող յուրաքանչյուր անձ կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն. ԱՆ

Պալիատիվ բուժօգնության կարևորությունն ընդգծելու նպատակով հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարի այն ունի «Կարեկցող համայնքներ» խորագիրը: Յուրաքանչյուր անձ, որն ունի կյանքին վտանգ սպառնացող և անբուժելի հիվանդություն, կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն, ինչը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական և այլ խնդիրները: «Ծառայության հասանելիությունն ապահովելու նպատակով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզավորվել է 33 բժշկական կազմակերպություն, որոնցից 17-ը ծառայություններ են մատուցում պետական պատվերի շրջանակներում Երևանում և հանրապետության տարբեր մարզերում: Այդ թվում` • ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում» գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան: • ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» բացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան 30 մահճակալ ունեցող բաժանմունք»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:  
14:22 - 14 հոկտեմբերի, 2023