ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Պարույր Սևակ փողոցում շինության փլուզումը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման․ ՄԻՊ

Պարույր Սևակ փողոցում շինության փլուզումը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը անդրադարձել է Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժմանը՝ նշելով, որ խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ ապամոնտաժումը:  Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ: Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման: Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով: Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
17:36 - 11 սեպտեմբերի, 2024
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսված կարգավորումները։ Ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծման ուղիներ մշակելու հարցում:
09:28 - 10 սեպտեմբերի, 2024
Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի․ ՄԻՊ

Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական եռօրյա աշխատաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից․ «Միջոցառմանը մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Նպատակն էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։ Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու մանդատը, ինչպես նաև իրականացված աշխատանքներն ու լուսաբանման այն առանձնահատկությունները, որոնք կարևոր են աշխատաժողովի մասնակիցների տեղեկացվածության և տարբեր ոլորտների առնչությամբ զգայունության բարձրացման համար։ «Լրագրողների մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն ունի։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, շատ եմ կարևորում Ձեր աշխատանքն ու մեր արդյունավետ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ մասնագիտական լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման համատեքստում»,- ասել է Պաշտպանը: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացմանն առնչվող տարբեր խնդիրներ տեղ են գտել նաև ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում: Պաշտպանը հանձնառու է լինելու դրանց լուծման հարցում։ Աշխատաժողովը մաս է կազմում «Լրագրողները ՝ հանուն մարդու իրավունքների» ծրագրի, որի շրջանակներում ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում է լրագրողական ամենամյա մրցանակաբաշխություն: Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ», - ասված է հաղորդագրությունում։
15:42 - 07 սեպտեմբերի, 2024
Քննարկվել են Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը:   Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Քննարկման առանցքային թեման են եղել Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր:   Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, վատ վերաբերմունքի դեպքերին և այդ գործերի քննության արդյունավետությանը, ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի դրսևորումներին, ոչ համաչափ ուժի կիրառմանը, նշված դեպքերով գործերի քննությանը, ատելության շարժառիթով հանցագործությունների քննությանը։   Անահիտ Մանասյանն ընդգծել է Եվրոպայի Խորհրդի հետ ծրագրային համագործակցության կարևորությունը՝ շեշտելով, որ համատեղ իրականացված ծրագրերը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր բնույթ են կրում։ «Այն բոլոր խնդիրները, ՄԻԵԴ վճիռների կատարման ոլորտում, որոնք այսօր մենք քննարկելու ենք, ինձ համար ունեն առաջնային նշանակություն, այս ուղղությամբ մենք պարբերաբար աշխատանքներ ենք տանում և հանդես գալիս հրապարակային հայտարարություններով»,- ասել է Անահիտ Մանասյանը։ Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հարցերին մանրամասն անդրադարձ է կատարել տարեկան հաղորդման շրջանակներում, ներկայացրել դրանց լուծման առաջարկներ։ Ի թիվս այլնի, Պաշտպանը կարևորել է նշված առաջարկների կատարման ուղղությամբ իրավասու մարմինների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը։   Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության և Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության համագործակցությանն առնչվող հարցերին, մասնավորապես, ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը։   Ամփոփելով՝ կողմերը շնորհակալություն են հայտնել հանդիպման և կառուցողական քննարկման համար։
18:34 - 05 սեպտեմբերի, 2024
Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ. ՄԻՊ

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ. ՄԻՊ

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ և անկախ մարմինների կողմից դատավարություններ, ինչն էլ ՄԻՊ-ը խորհրդապահական կարգով ներկայացրել է միջազգային գործընկերներին. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկատվությանը, թե Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերն առաջիկայում կփոխանցվեն դատարան։ Անահիտ Մանասյանը շեշտեց, որ գերիների հետ կապված հարցը ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում ներառված չէ և իրենք հարցին անդրադառնում են մարդու իրավունքների ընդհանուր սկզբունքները և արժեքները նկատի ունենալով։ «Նաև մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերելի են անմեղության կանխավարկածին, որոնք մենք էինք բացահայտել և կիսել միջազգային տարբեր գործընկերների հետ, այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ անկախ ամեն ինչից այս գործընթացն իրավունքի սկզբունքներին չեն համապատասխանում»,-ասաց նա։ Պաշտպանը նաև նշեց, որ կարևոր է հարցի քաղաքական ասպեկտը. «Բոլորս ենք հասկանում, որ սրանք միայն իրավական հարթությունում լուծման ենթակա հարցեր չեն»։
13:40 - 05 սեպտեմբերի, 2024
Փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ

Փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում. ՄԻՊ

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Պաշտպանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարևորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այս համատեքստում կարևորվել է Պաշտպանի հաստատության և Փաստաբանների պալատի միջև ձևավորված ամուր համագործակցությունն ի շահ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։   Պաշտպանը նշել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն։   Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտներին, բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության խնդիրներին, իրավաբանական օգնության նկատմամբ կիրառվող հարկային փոփոխություններին առնչվող և մի շարք այլ հարցեր։   Ի թիվս այլնի, զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավոր ուղղություններին և համատեղ միջոցառումների իրականացմանը։   Իր հերթին, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
20:31 - 04 սեպտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանը մասնակցել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը

Անահիտ Մանասյանը մասնակցել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել և որպես բանախոս է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված` ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները՝ խոշտանգումների դեմ պայքարի, թմրաշրջանառության ծավալների աճի դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։   «Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուստամ Բաքոյանը: Որպես բանախոս հանդես է եկել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։   Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ առկա խնդիրների մասին խոսել, չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն: Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը պետք է թիրախավորված և ակտիվ աշխատանք իրականացնի։   «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ խոշտանգումների հետ համահավասար վատ վերաբերմունքի ցանկացած ձև չափազանց վտանգավոր է։ Հատուկ արձանագրում եմ, որ իրավասու մարմինների կողմից ուժի կիրառումը ցանկացած պարագայում պետք է լինի համաչափ: Դա վերաբերում է նաև հատուկ միջոցների կիրառմանը: Մինչդեռ այս տեսանկյունից մենք անընդհատ արձանագրում ենք տարատեսակ խնդիրներ»,- ասել է Անահիտ Մանասյանը։   Պաշտպանի խոսքով՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի նշված գործերի պատշաճ քննությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ընդ որում` այստեղ խոսքը միայն ծառայողական քննության մասին չէ, այլ առաջին հեթին քրեական պատասխանատվության անխուսափելիության և նշված գործերի քննության առանձնահատկությունները հաշվի առնելու: Այդ տեսանկյունից այսօրվա պրակտիկան ունի տարատեսակ խնդիրներ, որոնք ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցի շրջանակներում: Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է նաև գործերի քննության անհապաղության սկզբունքը։   Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպված աշխատանքային քննարկման համար և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների բարձարաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից»,-ասված է հաղորդագրության մեջ։
18:53 - 03 սեպտեմբերի, 2024
ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ 

ՄԻՊ-ի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․  «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան, իսկ գիտելիքով հարուստ անհատները՝ առավել հզորացնում են մեր պետության հիմքերը։ Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, հիշե´ք, միայն գիտելիքի և որակյալ կրթության շնորհիվ է հնարավոր ձևավորվել հանդուրժողականության այնպիսի մթնոլորտ, որտեղ երաշխավորված կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունն ու իրավունքների նկատմամբ հարգանքը: Դրան հասնելու համար պետք է կատարելագործել ուսուցման մեթոդաբանությունը, դպրոցից սկսած՝ իրականացնել իրավագիտակցության բարձրացմանը միտված աշխատանքներ: Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը, ինչպես նաև կրթական հաստատություններում բուլինգի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը, ինչը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է հետևողական աշխատանք և մեծ նվիրում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր օրվա կապակցությամբ»:
10:22 - 01 սեպտեմբերի, 2024
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները. դիմելիությունն էապես աճել է

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները. դիմելիությունն էապես աճել է

2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը: «Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն, տարկետումներին, զինկոմիսարիատից կամ բժշկական հաստատություններից զորակոչիկների առողջական վիճակին վերաբերելի փաստաթղթեր ստանալուն, փորձաքննություններին: Բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, եղբայրների` միևնույն զորամասում ծառայելուն, «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայություն անցնելուն, ծառայության վայրեր նշանակելու վիճակահանությանը և այլ հարցերին: Աշխատակազմում գրավոր ընթացակարգով քննարկվել է 51 բողոք, 18-ի դեպքում իրականացվել է արագ արձագանքում, ևս 76 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանը աջակցել է խորհրդատվության միջոցով։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ ·         բողոքների քննարկման շրջանակում պարզաբանումների պահանջով և կոնկրետ առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն, ·         արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, զինկոմիսարիատների, ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հետ, ·         համակարգային բնույթ ունեցող հարցերի և Պաշտպանի տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկների իրացման վերաբերյալ առանձին քննարկում է տեղի ունեցել ՊՆ և ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում՝ ·      կրկնակի կամ ստուգիչ բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով զորակոչիկներին տրամադրվել են ուղեգրեր, ·      զորակոչիկները կրկին ներկայացվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, ·      ստացել են իրենց առողջական վիճակին վերաբերելի բժշկական փաստաթղթերը, ·      զորակոչիկներին տրվել են տարկետումներ կամ առողջական վիճակի պատճառով նրանք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից կամ ճանաչվել են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և այլն: Հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելիության ցուցանիշը զորակոչին վերաբերելի հարցերով էականորեն աճել է: Համեմատական պատկերը ցույց է տալիս, որ, օրինակ, նախորդ զորակոչերին ստացվել է 72, 64, 69 դիմում և այլն: Այդ ցուցանիշը երկու և ավելի անգամ աճել է 2024 թվականի ամառային զորակոչին՝ դառնալով 145: Նշված ցուցանիշներին զուգահեռ ավելացել է նաև անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի քանակը: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ հանրային վստահությունը կարևոր խթան է ինչպես մինչև զինվորական ծառայության անցնելը, այնպես էլ ծառայության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների գործուն մեխանիզմները կատարելագործելու տեսանկյունից: Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հանձնառությունը` լուծելու ոլորտում առկա` մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, և կարևորում է ՊՆ մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, Իրավաբանական վարչության, բժշկական հանձնաժողովների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են բազմաթիվ խնդիրներ»,-գրված է հաղորդագրության մեջ:
17:10 - 29 օգոստոսի, 2024
Էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման հաճախակի ընդհատումների խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն. ՀՀ ՄԻՊ

Էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման հաճախակի ընդհատումների խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն. ՀՀ ՄԻՊ

Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը: «Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում: Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից: Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն, և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում»,- գրել է Մանասյանը, ապա ներկայացրել ՄԻՊ-ի՝ թեմային առնվող  հայտարարություններից մի քանիսը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
18:21 - 26 օգոստոսի, 2024
ՄԻՊ-ը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

ՄԻՊ-ը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 24-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գյուղական դպրոցներում ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի ամփոփիչ միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ «Պաշտպանը նշել է, որ չափազանց կարևորում է կրթական հիմնադրամի ծրագիրը, որը, վստահաբար, իր նորարարական մոտեցումներով կատարում է կրթության համակարգի կատարելագործմանն ուղղված խնդիրները: «Իմ խորին համոզմամբ` կրթությունը չպետք է ընկալվի որպես կոնկրետ դասընթացների շրջանակներում տեղեկատվություն փոխանցելու և այն սերտելու գործընթաց: Կրթության առանցքում պետք է լինեն արժեքների փոխանակման, վերլուծական մտածողության զարգացման, մարդու ձևավորման ու զարգացման հիմքում ընկած արժեքների փոխանցման ու լիարժեք իրացման գաղափարները: Ավելին, վստահ եմ, որ հանրօգուտ աշխատանքը, այդ թվում`կրթական միջավայրում, արժեքների ձևավորման և փոխանցման ծառայություն է, երբ տալիս ես անգամներ շատ, քան ստանում ես: Այս ծրագիրը հիմնված է հենց նման արժեքների վրա, իսկ վերջինիս շրջանակներում յուրաքանչյուրիդ կողմից իրականացվող աշխատանքն ինքնին արժեքների ձևավորման ու փոխանցման իրական ծառայություն է, որն ունի նաև օրինակելի նշանակություն»,- ասել է Պաշտպանը:  Ավարտելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը վերահաստատել է ծրագրին իր ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը և մաղթել, որպեսզի այն կրի շարունակական բնույթ: Ուսուցիչ-առաջնորդների ավարտական միջոցառումը կոչվում էր «Նավասարդ»՝ որպես հայկական տոմարի առաջին ամիս: Անվանումը կրում էր նաև աշնանային բերքահավաքի տոնախմբությունների խորհուրդը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Նավասարդը հռչակել է իր բերքահավաքի տոն, իսկ բերքահավաքն այն բոլոր հնարավորություններն են, որոնք ուսուցիչ-առաջնորդների շնորհիվ ձեռք են բերել աշակերտները», - նշված է հայտարարությունում։
12:58 - 25 օգոստոսի, 2024
Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:  Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը, հաղթահարենք իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը»,- ասել է Պաշտպանը: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են նաև բուլինգի, խտրականության դեմ պայքարի, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների և մի շարք այլ հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին, որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները:   Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին: Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:  
11:21 - 24 օգոստոսի, 2024
ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է ազատությունից զրկված անձի՝ ընտանիքի հետ տեսակցության ապահովումը

ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է ազատությունից զրկված անձի՝ ընտանիքի հետ տեսակցության ապահովումը

Ազատությունից զրկված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը ընտանիքի հետ երկարատև տեսակցություն կազմակերպելու հարցով: Ըստ դիմումի՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները մերժել են այն կազմակերպել՝ պնդելով, որ անձին ցուցված է ստացիոնար բուժում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և, այդ նպատակով, անձը պետք է տեղափոխվի վերոնշյալ հաստատություն: Սակայն ազատությունից զրկված անձը նշել է, որ ինքն իրեն լավ է զգում և չի ցանկանում տեղափոխվել։ Բարձրացված հարցի առնչությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավասու ներկայացուցչի հետ։ Քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ թեև առկա է անձի ստացիոնար բուժման ցուցում, սակայն դա հնարավոր է կազմակերպել երկարատև տեսակցությունն ավարտելուց հետո։ Իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ազատությունից զրկված անձի կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում։
11:59 - 13 օգոստոսի, 2024
ՄԻՊ-ի ներկայացուցիչները սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ

ՄԻՊ-ի ներկայացուցիչները սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Ավելի վաղ Պաշտպանի աշխատակազմում տեղեկատվություն է ստացվել, որ կենտրոնում բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են կենտրոնի շահառուների պայմանները, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ և արձանագրել մի շարք խնդիրներ: Ներկայում այցի արդյունքներն ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում: Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին և կպահանջվեն հրատապ լուծումներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ՄԻՊ ներկայացուցիչներն անհետաձգելի այց են իրականացրել սոցիալական խնամքի ծառայություններ մատուցող կենտրոն, քանի որ բուժառուներն արժանանում են ոչ պատշաճ խնամքի։
16:08 - 12 օգոստոսի, 2024
ՄԻ պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

ՄԻ պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ. «Հարգելի՛ երիտասարդներ, Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ: Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է: Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: Վստահ եմ` երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում պետք է խթանվի էլ ավելի մեծ եռանդով: Երիտասարդներին առնչվող հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Այդ առումով խիստ կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։ Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մշտապես կատարելագործվեք որպես անհատ, քաղաքացի և մասնագետ»։
09:13 - 12 օգոստոսի, 2024