Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»

Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն: Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 90-ով՝ կազմելով 1295 դեպք: 2022 թվականին գրանցվել է սպանության երեք դեպք (2021 թվականին սպանության դեպք չի արձանագրվել): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 42-ով՝ կազմելով 324 դեպք, բնակարանային գողություններն աճել են 31-ով՝ կազմելով 67 դեպք: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության և դրա փորձի, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ մահվան ելքով վթարների դեպքերով հանցագործությունները: 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 11 ուսումնասիրություն. դրանց արդյունքում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, երեք ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ վեցը գտնվում են ուսումնասիրության փուլում: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել Սևան ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ Սևան ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգություն գտնվում է իր անմիջական հսկողության ներքո: Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 897 դեպք (2021 թվականին՝ 1021): 2022 թվականին աճ է արձանագրվել  միջին ծանրության հանցագործությունների մասով՝ կազմելով 338 դեպք (2021 թվականին՝ 320), նվազում է արձանագրվել ծանր հանցագործությունների մասով՝ 128 դեպք (2021 թվականին՝ 143), իսկ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 7-ով՝ կազմելով 13 դեպք (2021 թվականին՝ 6): Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն: Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաև համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում և Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը:  
11:15 - 21 փետրվարի, 2023
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել իրավիճակին ու խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել իրավիճակին ու խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման միջոցների կիրառման անթույլատրելի պրակտիկան, ստացիոնար սոմատիկ և հոգեբուժական օգնություն պահանջող դեպքերում վերջիններիս համապատասխան բժշկական հաստատություններում տեղավորելու և այնտեղ նրանց խնամքը պատշաճ կազմակերպելու, զբաղվածության ապահովման, հոգեբույժների խիստ անբավարար քանակի, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի ապահովմանն առնչվող հարցերը և այլն: ՄԻՊ-ի արձանագրած համակարգային լուծում պահանջող խնդիրների և դրանց լուծման առաջարկների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը, ինչպես նաեւ պատասխանատու մարմինների վերահսկողության բացակայությունը հանգեցրել են ստեղծված իրավիճակի։ Այցի արդյունքներն արտացոլող փաստաթուղթն արձանագրված խնդիրների վերաբերյալ պարզաբանումների պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինողը կուղարկի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն եւ ըստ անհրաժեշտության կքննարկվեն արձանագրված խնդիրների լուծման հնարավորություններն ու ուղղությունները։ ՄԻՊ-ը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես, ստեղծված իրավիճակում նշված կենտրոնում պատասխանատու մարմինների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել։ Միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենը կալանավորվել է, իսկ հոգեբույժի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ։ Պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց: Հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ։      
09:30 - 21 փետրվարի, 2023
Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան։  «Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (Մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 3-րդ կետերով (Մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 435-րդ հոդվածի 1-ին մասով(Կաշառք ստանալը), 436-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
16:23 - 20 փետրվարի, 2023
ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են Գեղարքունիքի մարզ

ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են Գեղարքունիքի մարզ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, փետրվարի 19-ին այցելել են Գեղարքունիքի մարզ: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:   Վարդենիսի համայնքապետարանում  համազեկուցողներին ներկայացրել են 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։   «Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները»,- գրառման մեջ գրել է մարզպետը: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան են ժամանել ԵԽԽՎ համազեկուցողներ։  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ, ավելի ուշ եղել են նաև Սյունիքի մարզում։ 
11:30 - 20 փետրվարի, 2023
Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց |armenpress.am|

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց՝ կապված տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։  Աշխատակիցները պնդում են, որ ձերբակալումն անհիմն է։  «Այս պահին աշխատակիցների 60 տոկոսը մասնակցում է ցույցին: Ոստիկանները ձերբակալել են «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի միակ հոգեբույժին: Կալանավորումը անհիմն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի իրավաբան Ստեփան Դավթյանը:  Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
17:16 - 18 փետրվարի, 2023
Ձերբակալվել են Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և 3 աշխատակիցներ

Ձերբակալվել են Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և 3 աշխատակիցներ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք: Ըստ հաղորդման՝ նաև տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։ Բացի հիվանդներին առնչվող դեպքերից, հաղորոդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ, իսկ հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաև Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ: Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ Գեղարքունիքի մարզի քննչական վարչության քննիչների, Ոստիկանւթյան ծառայողների համագործակցությամբ անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Մասնավորապես, նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։ Դրանց ընթացքում հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց: Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին: Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները: Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։ Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը: Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի մի շարք հանգամանքներ և գործի համար նշանակություն ունեցող տվյալներ պարզելու, Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հանցավոր հնարավոր այլ դրսևորումներ ի հայտ բերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 - 17 փետրվարի, 2023
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված հիվանդ է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված հիվանդ է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ այդ տեղեկությունների՝ հիվանդներից մեկը տնօրենի խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը: Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:01 - 17 փետրվարի, 2023
Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա
 |armenpress.am|

Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա |armenpress.am|

armenpress.am: ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից  երկուսի առողջական վիճակի մեջ կա  դրական առաջընթաց: Այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների  առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
13:59 - 23 հունվարի, 2023
Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է
 |news.am|

Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է |news.am|

news.am: Հինգ օր առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ  մեղադրյալի կարգավիճակ չունի։  «Ակտիվ քննությունը շարունակվում է։ Ինժեներասակրավորային վաշտի հետ առնչություն ունեցող մոտ երկու տասնյակ մարդ է հարցաքննվել, նրանցից բացի այլ անձինք նույնպես հարցաքննվել են»,– փոխանցեց Գոռ Աբրահամյանը։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
10:43 - 23 հունվարի, 2023
Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք: Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին: Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի: Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն: Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը: Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։ Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։ Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։ Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։ Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։ Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության: Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո: Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն: Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ: Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»: Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»: Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։ Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։ Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»: Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։ Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023
Վարդենիսի ոստիկանության ուղղությամբ պայթուցիկ սարք նետելու կասկածանքով 58 ամյա տղամարդ է ձերբակալվել

Վարդենիսի ոստիկանության ուղղությամբ պայթուցիկ սարք նետելու կասկածանքով 58 ամյա տղամարդ է ձերբակալվել

2023 թվականի հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, անհայտ անձը ոստիկանության հիշյալ բաժնի հատուկ պահպանվող տարածքի մուտքի դարպասի մոտ պայթուցիկ սարք է նետել, որի պայթյունից կոտրվել են ոստիկանության բաժնի վարչական շենքի ապակիները, վնասվել հատուկ պահպանվող տարածքի սանհանգույցի տանիքը, պատը, ինչպես նաև վնասվել է դարպասը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում փորձագետի մասնակցությամբ զննվել է դեպքի վայրը և արձանագրվել վնասվածքները: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի 58-ամյա բնակիչ է: Վերջինս անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին: Նախաքննության ընթացքում առգրավվել են հիշյալ տղամարդու հագին եղած հագուստները, ստացվել են արգասիքի նմուշներ, որպես վկա դեպքի հանգամանքերի շուրջ հարցաքննվել է վերջինիս կինը: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությանը: Նշանակվել է դատաապրանքագիտական, շինարարատեխնիկական, հետքաբանական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն, ստացված նմուշներով եւ առգրավված հագուստներով նշանակվել է քրեագիտական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցածի պատճառները և վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներն ամբողջությամբ պարզելու, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։
13:18 - 12 հունվարի, 2023
Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր․ Արման Թաթոյան

Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ դեկտեմբերի 29-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` փաստագրելու համար ՀՀ-ի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների ու առաջխաղացումների հետևանքով խաղաղ բնակիչներին պատճառված վնասները: Արման Թաթոյանն իր գրառման մեջ նշում է․ «Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր արաքների հետևանքով առաջացել են լքված գյուղեր, խմելու ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ, կամ չկա առհասարակ, խաթարված է մարդկանց անվտանգությունը: Կուտական, Վերին Շորժա, Փոքր Մասրիկ, Արփունք, Արեգունի, Սոթք և մյուս գյուղերի հետ կապված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թ. մայիսյան ներխուժումներից հետո ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի` պայմանավորված ադրբեջանական զինված առաջխաղացումներով։ Տասնյակ գյուղեր, բազմաթիվ բնակելի տներ, հայտնվել են ադրբեջանական ուղիղ դիտարկման ներքո, հազարավոր հեկտարների արոտավայրեր, խոտհարքներ, վարելահողեր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության կամ դիտարկման նեքո են: Դրանք պարզապես չի լինում օգտագործել: Ընդ որում, այս հողատարածքների նկատմամբ մարդիկ ունեն սեփականության օրինական իրավունք: Օրինակ՝ Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր: Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել, կամ չկա հասանելիություն առհասարակ: Բնակիչների, համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց են տալիս, որ գյուղերից լսվում են ադրբեջանական կրակոցների ձայները, որոնք մարդկանց ահաբեկելու նպատակ ունեն: Սոցիալական առկա խնդիրները խորացել են, ավելացել են կյանքի ու անվտանգության սպառնալիքները: Նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ նրանց հանցավոր տեղայակումներից։  Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով,  ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին: Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ»:
11:49 - 31 դեկտեմբերի, 2022
Գեղարքունիքի մարզպետը Սոթքում և Կութում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հրետակոծությունից տուժած կառույցների վերականգնման աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետը Սոթքում և Կութում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հրետակոծությունից տուժած կառույցների վերականգնման աշխատանքներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս համայնքի Սոթք եւ Կութ բնակավայրեր` 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի ընթացքում հրետակոծված բնակարանների եւ շենք-շինությունների վերականգնման աշխատանքները դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանը, Կութ բնակավայրի ղեկավար Գրիգորի Ավագյանը։ Մարզպետը տեղեկացրեց Սոթքի եւ Կութի վարչական ղեկավարներին եւ բնակիչներին, որ ՀՀ Կառավարության կողմից արդեն հատկացվել է եւս 20 միլիոն դրամ` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում իրականացվող վերականգնման աշխատանքների նպատակով։ «Շնորհակալ ենք բոլոր այն կառույցներից, որոնք մեզ ամեն կերպ սատարեցին, հուսադրեցին ու քաջալերեցին, նաեւ բավարար միջոցներ հատկացրին` մեր քանդված բնակարանները վերականգնելու նպատակով։ Եվ մենք մեզ ոգեւորված, երջանիկ ենք զգում, որ նորից վերադարձել ենք մեր տները եւ զբաղվում ենք առօրյա աշխատանքով եւ հոգսերով։ Մեր բնակարանները դարձել են ավելի նորոգ ու բարեկարգ, մենք ամրացած ենք մեր հողի վրա եւ որեւէ այլ տեղ բնակվելու վայր փնտրելու մտադրություն չունենք»,-ասացին Սոթք գյուղի բնակիչներ Գրետա Մելքումյանը եւ Մարիետա Աթայանը։ Այցի ավարտին Կարեն Սարգսյանը խոսեց դիտարկումից ստացած տպավորությունների եւ հետագա անելիքների մասին։  «Դեկտեմբերի 23-ի դրությամբ վերականգնման աշխատանքները հիմնովին ավարտված են 55 բնակարանում,  63 բնակարանում՝ ընթացքի մեջ են։ Այսքանը հաջողվել է իրականացնել ՀՀ Կառավարության կողմից հատկացված 50 միլիոն դրամի հաշվին, վերջին երեք ամիսների ընթացքում։ Վերականգնման մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ «Տաշիր» հիմնադրամի տրամադրած միջոցներով։ Կարելի է ասել, որ տարեմուտից մեկ շաբաթ առաջ արդեն բնակարանների վերականգնման գործընթացն ավարտվել է շուրջ 90 տոկոսով։ Կառավարության կողմից հատկացված 50 միլիոն դրամն ամբողջությամբ իրացվել է, իսկ նոր հատկացված 20 միլիոն դրամը կծախսվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Վերականգնվել կամ հիմնանորոգվել են բնակարանների տանիքները, պատերը, պատշգամբները, հատակները, տեղադրվել են նոր դռներ եւ լուսամուտներ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 35 ընտանիքի հատկացվել են արեւային ջրատաքացուցիչներ։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցներով նոր պատուհաններ եւ դուռ է տեղադրվել Կութի վարչական շենքում եւ բուժկետում, որոնք եւս տուժել էին հրետակոծությունից։ Մեզ հաջողվեց սահմանել վերահսկողության եւ կազմակերպչական այնպիսի մեխանիզմներ, որ հատկացված պետական միջոցները բացառապես ծախսվեն հասցեական, արդյունավետ եւ նպատակային։ Հիմնականում գոհ եմ իրականացված աշխատանքից, աշխատանքների ներկա ընթացքից։ Շատ ուրախացնող է, որ բնակիչների շուրջ 90 տոկոսը վերադարձել են իրենց տները եւ անցել բնականոն կյանքի։ Անելու ենք հնարավորը, որ մնացած ընտանիքները եւս վերադառնան իրենց տներ։ Հրետակոծությունից հիմնովին ավերված 4 բնակարանները, որոնք ենթակա չեն վերականգնման, կկառուցվեն հիմքից»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
10:42 - 26 դեկտեմբերի, 2022
Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Գործադիրը կփոխհատուցի ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների 70 տոկոսի արժեքը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի, հետպատերազմյան և 2022թ. սեպտեմբերի 12-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով քաղաքացիների կորցրած և/կամ սահմանն անցած գյուղատնտեսական նշանակության կենդանիների արժեքի փոխհատուցման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Որոշմամբ նախատեսվում է նաև գումար հատկացնել «Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի ձախ ճյուղի հիմնանորոգման աշխատանքներ» օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն, գյուղատնտեսական նշանակության կենդանիներ կորցրած քաղաքացիները բազմաթիվ դիմումներ են ներկայացրել մի շարք գերատեսչություններ՝ կրած վնասները փոխհատուցելու խնդրով։ Քննարկման արդյունքներով որոշվել է փոխհատուցել քաղաքացիներին՝ կորցրած անասունների արժեքի 70 տոկոսի չափով։ Համաձայն մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ քաղաքացիների կրած վնասի չափը կազմում է 545186.8 հազ. դրամ, որի 70 տոկոսը կազմում է 381 630.7 հազ. դրամ։ Մեկ այլ որոշմամբ էլ գումար է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ մարզի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով: Գործադիրն ընդունել է որոշում՝ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից նոյեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման անհրաժեշտությամբ պայմանավորված:
16:28 - 22 դեկտեմբերի, 2022