ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել իրավիճակին ու խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին
09:30 - 21 փետրվարի, 2023

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել իրավիճակին ու խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, ծանոթացել ստեղծված իրավիճակին, ինչպես նաև խնամարկյալների իրավունքերի պաշտպանությանն առնչվող հարցերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների համար շարունակում է խիստ մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում պարբերաբար բարձրացված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խնամքի հաստատություններում օրենքով չնախատեսված զսպման միջոցների կիրառման անթույլատրելի պրակտիկան, ստացիոնար սոմատիկ և հոգեբուժական օգնություն պահանջող դեպքերում վերջիններիս համապատասխան բժշկական հաստատություններում տեղավորելու և այնտեղ նրանց խնամքը պատշաճ կազմակերպելու, զբաղվածության ապահովման, հոգեբույժների խիստ անբավարար քանակի, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնամքի ապահովմանն առնչվող հարցերը և այլն:

ՄԻՊ-ի արձանագրած համակարգային լուծում պահանջող խնդիրների և դրանց լուծման առաջարկների նկատմամբ անհետևողական վերաբերմունքը, ինչպես նաեւ պատասխանատու մարմինների վերահսկողության բացակայությունը հանգեցրել են ստեղծված իրավիճակի։

Այցի արդյունքներն արտացոլող փաստաթուղթն արձանագրված խնդիրների վերաբերյալ պարզաբանումների պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինողը կուղարկի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն եւ ըստ անհրաժեշտության կքննարկվեն արձանագրված խնդիրների լուծման հնարավորություններն ու ուղղությունները։

ՄԻՊ-ը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես, ստեղծված իրավիճակում նշված կենտրոնում պատասխանատու մարմինների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել։ Միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենը կալանավորվել է, իսկ հոգեբույժի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ։ Պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններց:

Հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում Վարդենիս քաղաքի մի բնակիչ, ով երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել