ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը

ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանի պղծումը

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է Երևանի Օղակաձև այգու Տերյան-Մոսկովյան փողոցների հատման վայրում գտնվող Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծմանը՝ հայտարարելով, որ դատապարտում է  հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ «Հուշարձանը խորհրդանշում է հայ և հրեա ժողովուրդների անցած տառապանքը և վերածնունդը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դատապարտում է  հուշարձանի պղծման ու մշակութային վանդալիզմի ցանկացած դրսևորում: Նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ միջոցներ է ձեռնարկում  քանդակի՝ նախկին վիճակը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԿԳՄՍ նախարարությունը հայրենակիցներին կոչ է արել զերծ մնալ թեմայի ցանկացած անհարկի շահարկումից։
18:53 - 12 փետրվարի, 2021
Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը

ՀՀ կառավարության՝ փետրվարի 11-ին կայացած նիստում հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը բխում է 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջից: Համաձայն կարգի` պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-18 տարեկան այն երեխաները, որոնք. չեն հաճախել դպրոց, որևէ ուսումնական հաստատությունում երբևէ հաշվառված չեն եղել, հաշվառված, սակայն վեց աշխատանքային օր անընդմեջ կամ ամսվա մեջ ավելի քան 10 օր չհաճախած երեխաները, հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական (մասնագիտական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորած և տվյալ ուսումնական հաստատությունից դուրս մնացած մինչև 18 տարեկան երեխաները, ուսումնական հաստատություն հաճախած, սակայն ծնողի/նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա ուսումն անավարտ թողած երեխաները, տնային ուսուցման համակարգում հաշվառված երեխաները, եթե ՀՀ կրթության տեսչական մարմնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնային ուսուցում փաստացի չի իրականացվում: Նոր կարգավորմամբ կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է կատարել. դպրոցահասակ երեխաների հաշվառում և ուսումնական հաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում, ըստ անհրաժեշտության երեխայի (ընտանիքի) համար սոցիալական աջակցության ծրագրի իրականացում, երեխայի կրթական կարիքների գնահատում և ըստ անհրաժեշտության անհատական ուսուցման պլանի մշակում, ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն: Առնվազն երեք ամիսը մեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը» (ԿՏԱԿ), համեմատելով բնակչության պետական ռեգիստրի և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալներն իր համակարգի մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի տվյալների հետ, ներկայացնում է 6-18 տարեկան այն երեխաների ցուցակը, որոնք որևէ հաստատությունում հաշվառված չեն: Բացահայտված երեխաների ցուցակները, ինչպես նաև էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազան հասանելի կլինի շահագրգիռ պատասխանատու կառույցներին, որոնք ԿՏԱԿ-ի կողմից համակարգ մուտք գործելու հասանելիություն կունենան: Կրթությունից դուրս մնացած երեխաների տվյալները հասանելի են լինելու նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններին, խնամակալության և հոգաբարձության մարմնին, հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններին, Կրթության տեսչական մարմնին, ինչպես նաև ոստիկանությանը, տարածքային կառավարման մարմիններին, ուսումնական հաստատություններին (իրենց սովորողների մասով): Սահմանվում են նշված կառույցների հետ իրավահարաբերությունները, ինչպես նաև հնարավոր դեպքերը` երեխաների կրթությունից դուրս մնալու, նրան կրթության համակարգում ներառելու վերաբերյալ: Հստակեցված է նաև ծնողի դիմումի հետևանքով ուսումը կիսատ թողնելու հանգամանք: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը ծնողի դիմումի հիման վրա երեխային հանում է հաշվառումից, եթե դիմումում հստակ նշված է տեղափոխման վայրը, առկա է համապատասխան ուսումնական հաստատությունից երեխային ընդունելու վերաբերյալ համաձայնություն: Դիմումում նշված հաստատությունում չհաշվառվելու դեպքում ընդունող հաստատությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում բացում է նոր հայտ` սոցիալական դեպք վարելու և երեխայի հաստատություն հաճախելն ապահովելու համար: Նշենք, որ «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:      
14:36 - 12 փետրվարի, 2021
Խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում՝ մեր համալսարանին որևէ բան չի սպառնում. Արմեն Դարբինյանը դիմել է քաղաքացիներին

Խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում՝ մեր համալսարանին որևէ բան չի սպառնում. Արմեն Դարբինյանը դիմել է քաղաքացիներին

Խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած արժեքներին որևէ բան չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ դիմելով քաղաքացիներին: Դարբինյանի գրառումը՝ ստորև. «Սիրելիներս, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, Սփյուռքի արժանապատիվ հայեր, Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած սիրո և արժանապատվության շքերթի համար՝ ուղղված ինձ և համալսարանական արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած արժեքներին որևէ բան չի սպառնում: Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով: Ստեղծված իրավիճակում սակայն բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ. ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ; բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար; գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա: Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ»: Արմեն Դարբինյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զգալի ուժերը լծել է իրեն «պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը։ Վերոնշյալից հետո Հայ-ռուսական համալսարանի դասախոսները և ուսանողները համալսարանի հիմնական մասնաշենքի առջև հանրահավաք իրականացրեցին՝ հաջակցություն բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի:
14:01 - 12 փետրվարի, 2021
Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են. ԿԳՄՍՆ

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են. ԿԳՄՍՆ

Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:   Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։  Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը։Դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ՝ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, ինչպես նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։  
22:11 - 11 փետրվարի, 2021
Դպրոցի տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ են կատարվել

Դպրոցի տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ են կատարվել

ՀՀ Կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում: Գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում են` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: Վերացել է հաղթող չունենալու դեպքում ԿԳՄՍ նախարարի կամ փոխվարչապետի կողմից թեկնածուներից մեկին նշանակելու կարգավորումը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս: Նոր կարգում մեծացվել է ծնողական և մանկավարժական համայնքի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացում` սահմանելով, որ տնօրենի պաշտոնի հավակնորդը պարտադիր պետք է հանդիպի սովորողների և մանկավարժների հետ` զարգացման ծրագրի ներկայացման նպատակով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը, որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները: ՀՀ Կառավարության նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում: Նախկին տնօրենը չի կարող պաշտոնակատար նշանակվել Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կա՛մ մարզպետը, կա՛մ Երևանի քաղաքապետը, ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին: Լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող կարող է նշանակել նաև բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հստակ ամրագրվում է, որ նախկին տնօրենը, ում լիազորությունների դադարեցման արդյունքում է առաջացել տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող։ Մրցույթ հայտարարելը. նոր ժամկետներ Դպրոցի կառավարման խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդների, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը), կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ: Կառավարման խորհրդի նախագահը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթի հայտարարությունն առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին: Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am կայքում, ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` escs.am, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացվելուց հետո՝ առավելագույնը 2 աշխատանքային օրում: Մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ: Սահմանվում է, որ հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով: Եթե երկարաձգված ժամանակահատվածում ևս դիմող չի լինում, ապա հայտարարվում է նոր մրցույթ: Հայտերն ընդունում են կառավարման խորհրդի երկու անդամները, որոնք լիազորված են մրցույթ հայտարարած հաստատության խորհրդի կողմից: Ով կարող է դառնալ դպրոցի տնօրեն Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է: Հավակնորդը հաստատության խորհրդի նախագահին ներկայացնում է դիմում, ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), ինքնակենսագրություն, հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), դպրոցի զարգացման ծրագիրը, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է դպրոցի պաշտոնական կայքում և տրամադրվում խորհրդի անդամներին: Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Այդ դեպքում փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը: Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել բոլոր հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ: Ինչպես են արձանագրվում ծնողական և մանկավարժական համայնքի ձայները. նոր կարգավորում Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում` հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին: Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն, որի արդյունքները պարտադիր են մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար: Նրանք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին: Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից ըստ քվեարկության արդյունքների թեկնածու չընտրելու պարագայում խորհրդում առաջադրված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ: Նշենք, որ տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը), եթե նա տնօրենի պաշտոնի հավակնորդ է, չի մասնակցում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը: Տնօրենի ընտրություն` բաց քվեարկությամբ Մրցույթն անցկացնում է կառավարման խորհուրդը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում եզրակացություն` դրական կամ բացասական: Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին: Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում: Հիմնական նորություններից մեկն այն է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում: Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ, և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում դարձյալ հայտարարվում է նոր մրցույթ: Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները, որոնք կարող են բողոքարկվել 3 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը: Նշենք, որ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդի նախագահին նախապես ներկայացնելով դիմում:
17:01 - 11 փետրվարի, 2021
Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ֆեյսբուքյան էջում շարունակվել են անհիմն մեղադրանքները․ ԿԳՄՍՆ

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ֆեյսբուքյան էջում շարունակվել են անհիմն մեղադրանքները․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի Ֆեյսբուքի էջում՝ փետրվարի 10-ի գրառման մեջ շարունակվել են նախարարությանն ուղղված անհիմն մեղադրանքները: Այսպես՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացուցիչներին վերաբերող պնդումների առնչությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից այլ բուհերի թվում աշխատանքային կարգով հայցվել է նաև Հայ-ռուսական համալսարանի կանոնադրությունը, որը, ի դեպ, բացակայում է համալսարանի կայքում: Բուհը շուրջ երկու տասնամյակ անընդմեջ ղեկավարող Ա. Դարբինյանի գրառման մեջ ԿԳՄՍ նախարարությանը «մեղսագրվող» «ռեկտորի ընտրության և պաշտոնանկ անելու ընթացակարգերի հանդեպ հետաքրքրվածությունը» պայմանավորված է ներկայում Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման կառուցակարգերի վերաբերյալ ուսումնասիրմամբ՝ նպատակ ունենալով համադրել տարբեր իրավապայմանագրային ձևերով հիմնված բուհերի համապատասխան կարգավորումները:      
12:01 - 11 փետրվարի, 2021
Գիլոյանն Արտաշատ այցի ընթացքում քննարկել է քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

Գիլոյանն Արտաշատ այցի ընթացքում քննարկել է քաղաքային մարզադաշտի վերանորոգման և աթլետիկայի վազքուղու կառուցման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ից: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ռետինե ծածկույթով վազքուղու կառուցման աշխատանքները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին դիտարկում է ներդրումային ծրագրի միջոցով մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները վերանորոգելու և խաղադաշտում բարձրակարգ խոտածածկ տեղադրելու հարցերը, ինչն այդտեղ ինչպես Հայաստանի առաջնության, այնպես էլ միջազգային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն կտա։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ վերանորոգման դեպքում ֆեդերացիայի միակ պայմանը լինելու է բուն խոտածածկն աթլետիկայի մրցումների համար չօգտագործելը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և ընդգծել հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու կարևորությունը. «Արարատի մարզը սպորտային լուրջ ավանդույթներ ունի, իսկ Արտաշատի մարզադաշտը հաճախ ասոցացվում է հենց աթլետիկայի հետ։ Նպատակաուղղված աշխատանքը և ներդրումները կնպաստեն ոլորտի զարգացմանը։ Ռոբերտ Էմմիյանը շուրջ 10 տարի փորձում է իրականություն դարձնել վազքուղու կառուցումը, այժմ խնդիրը վերջապես լուծման փուլում է: Եթե արտառոց ոչինչ չպատահի, մինչև մայիս կսկսվի վերանորոգման աշխատանքների առաջնային փուլը»։ Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ռազմիկ Գոլեցյանի օլիմպիական հերթափոխի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Այգեզարդ համայնքում գտնվող բացօթյա հրաձգարան (ստենդային): Նախարարի տեղակալը ծանոթացել է կառույցների շենքային և գույքային պայմաններին, լսել աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները և քննարկել դրանք լուծելու ուղիները: «Հնարավոր չէ մեկ օրում վերացնել բոլոր խնդիրները, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի շնորհիվ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կ. Գիլոյանը։ Շրջայցի ավարտին նախարարի տեղակալն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հետ քննարկել է համայնքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, եղածների բարեկարգման հնարավորությունները և մարզում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։ Ռ. Թևոնյանը տեղեկացրել է, որ Լանջազատ համայնքի մարզադպրոցը, որտեղ կան ազատ ոճի ըմբշամարտի և ձյուդոյի խմբակներ, գործում է համայնքային ֆինանսավորմամբ, որը, սակայն, բավարար չէ գործունեությունն ընդլայնելու և առավել արդյունավետ դարձնելու համար: Մարզպետն առաջարկել է հնարավորության դեպքում դիտարկել մարզադպրոցի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործելու հնարավորությունը, ինչին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հարցն անպայման կքննարկվի:
15:52 - 10 փետրվարի, 2021
Մեղմացվել են նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները

Մեղմացվել են նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները

Առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ, սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում. այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականումհնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխաունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողերեխաների համար, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: «Չնայած իրականացված փոփոխություններին և մեղմացումներին՝ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև` Երևան քաղաքում:           Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ. եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ հեռավորություն, կրե՛ք դիմակ, հնարավորինս խուսափե՛ք մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից, տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, կրե՛ք դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով կամ լվացվե՛ք օճառով, սովորեցրե՛ք Ձեր երեխային հիգիենայի կանոնները և հետևե՛ք վերջիններիս պահպանմանը, սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում` անմիջապես կապվե՛ք Ձեր պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ: Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
14:42 - 10 փետրվարի, 2021
Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ կարծիքով՝ բուհում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: 1995-1997 թվականներին գործել է այս դրույթը, երբ գիտական խորհուրդը ներկայացրել է դեկանի 3 թեկնածու և ռեկտորը նշանակել է նրանցից մեկին, սա կայացած փաստ է և մենք դժգոհ չենք եղել: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Գրիգորյանի այն դիտարկմանը, որ բուհի ռեկտորի, դեկանի նշանակումը պետք է թողնել բուհի հայեցողությանը՝ ընտրի, թե նշանակի: «Իմ կարծիքով՝ ցանկացած բուհ-ում ռեկտորը չէ ամենաբարձր պաշտոնը, այլ՝ ամբիոնի վարիչը, պրոֆեսորը: Ինչպես նաև դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, ուսուցիչն է, լավ ուսուցիչը»,-ասաց նախարարը: Արձագանքելով նախարարին՝ պատգամավորն ասաց, որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝  հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի 3 թեկնածու է ներկայացնում և նախարարն էլ նշանակում է: «Եթե դա խորհուրդ է, ուրեմն ընտրություն պիտի կատարի խորհուրդը: Հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը ընտրական կարգով է անցկացնում, այսինքն հավասար ձայների դեպքում 3-ին էլ պիտի ներկայացնի՞: Ինձ անհասկանալի է մեխանիզմը: Այսինքն, մենք նույն հանրակրթական դպրոցների մեխանի՞զմն ենք ներդնելու մեր բուհական համակարգում, որ անհավասար ձայների դեպքում իրավունքը տալիս ենք փոխվարչապետին կամ նախարարին»,- ասաց Վարդան Գրիգորյանը: Նախարարը ասաց՝ ժամանակը սուղ է, հետո առավել մանրամասն կպատասխանի:
13:51 - 10 փետրվարի, 2021
Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

Առաջարկվում է անցում կատարել բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի․ ԱԺ-ն քննարկում է նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այն ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, որի խոսքով նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության և գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները: Ըստ նախարարի` օրինագծի հիմնական նպատակն է բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը, խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության ապահովումը: Փոփոխություններով անցում է կատարվելու բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի` բակալավր, մագիստրոս, դոկտոր: Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան` բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ, ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական: Նախարարի խոսքով` ԵՄ անդամ երկրներում ասպիրանտական ծրագիրը ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Փոփոխություններից է նաև այն, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում: «Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից` բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության համար հայոց լեզվի առարկայի քննությունը պարտադիր է»,- ասաց նախարարը: Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորմանը, ապա նախարարի խոսքով` ոչ թե բուհերին ֆիքսված պետպատվեր է տրամադրվելու, այլ դրամաշնորհի շրջանակում այլ աջակցությունը տրվելու է բուհ ընդունված անձին, ընդունվելուց հետո ինքն է որոշելու, թե տվյալ մասնագիտությունը որ բուհում ստանա: «Ոչ թե տեղերն ենք վերցնում, այլ անձը պետք է գնա բուհ, սովորողն ինքը կորոշի՝ տվյալ մասնագիտությամբ որ բուհում կսովորի»,-ասաց նախարարը: Նրա խոսքով` գործընթացը կարգավորվելու է մրցույթով, յուրաքանչյուր բուհի ֆիլտրման միջոցով ընտրելու է իր համար լավագույն ուսանողներին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ բուհերի կառավարման խորհրդի առաջարկվող 9 հոգանոց կազմին` հետաքրքրվելով, ինչու է այդ թիվը որոշվել: Նախարարն արձագանքեց` թվաքանակը բարդ է հստակ հիմնավորել, թե ինչու այդքան, ինչպես բարդ է գիտականորեն հիմնավորել` ինչու պատգամավորների թիվը պետք է լինի 132: Փոփոխություններով առաջարկվում է Երևանի պետական համալսարանին (ԵՊՀ) օրենքով տալ հատուկ կարգավիճակ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն մյուս բուհերի համեմատ, որ ֆինանսավորման առանձին կարգ ունենա: Շարունակությունը՝ hetq.am-ում։
12:53 - 10 փետրվարի, 2021
ԱԺ-ն քննարկում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը կրճատելու օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է բուհերի կառավարման խորհուրդների կազմը կրճատելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Փաթեթը խորհրդարանում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը»,- ասաց Դումանյանը: Նախարարը նշեց, որ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: «Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
11:26 - 10 փետրվարի, 2021
1303 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում․ ԿԳՄՍՆ

1303 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում․ ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունը 305 մլն դրամ է հատկացրել 2020 թվականի արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն՝ ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաձայն Կառավարության որոշման` այս փուլում ուսման վարձի փոխհատուցում կստանա 1303 ուսանող, որոնցից 70-ը սովորում են միջին մասնագիտական, մյուսները` բարձրագույն ուսումնական հաստատություններում: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն տրվող՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը շարունակական է: ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ փոխհատուցման մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության 2020 թ. դեկտեմբերի 10-ի նիստում: Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և կլինիկական օրդինատուրայի սովորողը, եթե սովորողն անձամբ կամ նրա ծնողը, ամուսինը, զավակները մասնակցել են մարտական գործողություններին: Մարտական գործողություններին մասնակցությունը հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բուհին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող փաստաթուղթ: Ըստ անհրաժեշտության՝ բուհը կարող է պահանջել նաև լրացուցիչ փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական, ծնողի անձնագիր, ամուսնու անձնագիր և այլն):
19:15 - 09 փետրվարի, 2021
Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմական ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց կարևոր  նշանակություն ունի:  «Հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը՝ ուղղված հետպատերազմական շրջանում հայտնված երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին խոսելով համագործակցության կարևորության մասին, փաստել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարձր է գնահատում ԿԳՄՍ նախարարության հետ տարիների համագործակցությունը: Հատկապես գնահատելի են ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում դպրոցականներին և ուսանողներին հեռավար ուսուցման գործիքներ տրամադրելու, կրթական նոր հարթակներ ստեղծելու, ինչպես նաև ապահով վերաբացման համար դպրոցներին հիգիենիկ պարագաներով աջակցելու համատեղ ջանքերը: Կրթությունը մարդկային կապիտալի կառուցման և երկրի զարգացումը խթանող շարժիչ ուժերից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին: Մասնավորապես, առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:  ՄԱԿ-ի ծրագրում թիրախային է դիտվում կրթության միջոցով բարեկեցությունը, և այդ համատեքստում կարևորվում է մարդու իրավունքների իրացումը` կրթության, այդ թվում՝ նաև մասնագիտական կրթության հասանելիության բարձրացման խթանմամբ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագրեր են նախանշվում նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, ներկայացնելով կրթության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, կարևորել է ներկայումս Հայաստանում կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկի՝ համընդհանուր ներառական կրթության զարգացմանն ուղղված համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև 2023 թվականը նախադպրոցական կրթության համակարգում անցում է կատարվելու համընդհանուր ներառականությանը: Կողմերն անդրադարձել են նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում: Նշվել է, որ համավարակով պայմանավորված առկա ուսուցման բացակայության պայմաններում երեխաներին դպրոցական սննդի շրջանակում տրվել են սննդի տուփեր: Խոսելով համավարակի պայմաններում կրթության շարունակականության ապահովման մարտահրավերի մասին` նշվել է, որ Հայաստանում միջազգային և տեղական կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների գործուն աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել հեռավար դասերին աշակերտների 85 տոկոս մասնակցություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ իրագործելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովմանը միտված աշխատանքները` առանձնահատուկ կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ համապատասխանաբար ԿԶՆ 4-ի և ԿԶՆ 2-ի շրջանակներում: Նա նաև տեղեկացրել է Կրթության միջազգային գործընկերությանը Հայաստանի անդամակցության մասին և վստահություն հայտնել, որ որպես դրամաշնորհային գործակալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերակատարումը լավագույնս կնպաստի ծրագրի առաջին փուլի արդյունավետ իրականացմանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված այլ խնդիրներ` համագործակցության ծրագրերի հստակեցման և գործունեության ընդլայնման նպատակով:
15:13 - 09 փետրվարի, 2021