Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան |1lurer.am|

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում ԼՂ հիմնախնդրի համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության ընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, մշակելը, նաև կնքելը»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը շեշտեց, որ չափազանց կարևոր է հիշել Մինսկի խմբի մշակած սկզբունքները: Դրանցից մեկը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: «Սկզբունքներից մեկը նաև ուժի չկիրառումն էր, որը 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց: Հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ արդյո՞ք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել»,- նշեց Միրզոյանը:
14:24 - 02 փետրվարի, 2022
Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին |1lurer.am|

Հարցը քննարկվում է. Արարատ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց, որ ինքը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Միաժամանակ Միրզոյանը տեղեկացրեց, որ այս հարցում վերջնական որոշում դեռ չի կայացվել:  «Միջոցառումը քիչ առաջ քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռ որոշում չունի, հարցը քննարկվում է: Ուզում եմ նշել, որ սա երկկողմ այց չէ, այն չպետք է դիտարկել երկկողմ համատեքստում: Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանը որոշել մասնակցել: Այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի»,- ասաց Միրզոյանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:  ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ Հայաստանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր, քննարկվում է մասնակցության նպատակահարմարությունը:
13:46 - 02 փետրվարի, 2022
ՀԱՊԿ-ում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀԱՊԿ-ում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ՀՀ վարչապետի որոշմամբ, ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Որոշման մեջ ասվում է. Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության 2021-2022 թվականների նախագահությանաշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումներիկյանքի կոչման և Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրով» (ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համակարգմամբ։ 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն hավելվածի։ 3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելտեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների և ծրագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության մասով միջոցառումների իրականացման ընթացքի մասին։ 4. Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ինկետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
12:35 - 02 փետրվարի, 2022
Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է․ Արարատ Միրզոյան |tert.am|

Այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է․ Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Մենք պարտավոր ենք դասեր քաղել, մենք պարտավոր ենք զբաղվել մեր պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ։ Այս մասին Եռաբլուրում զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ լրագրողներին հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ տարվող քաղաքականության քննադատությանը, ապա նա ասաց․ «Ես չեմ ուզում մեկնաբանել ընդդիմության տեսակետները, բայց հետաքրքրվե՞լ եք՝ ինչպես է եղել, որ 90-ականների վերջերից գրեթե որևէ տարի չի եղել, երբ հայ–թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, կոնտակտ չլինի»։ Նա կոչ արեց հեքիաթները դնել մի կողմ։ «Բավական է ապրել խաբկանքի մեջ, այն արհավիրքը, որ եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության արդյունք է, պետք է ուղիղ առերեսվել իրականությանը, ուղիղ խոսել և ոչինչ չթաքցնել։ Պետք չէ գնալ բանակցել մի բան, հետո գալ հայտարարել այլ բան»,–ասաց նա և նշեց, որ ինչ–որ ինքը բանակցում է, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասում է։
10:07 - 28 հունվարի, 2022
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:   Երկու երկրների ԱԳ նախարարները բարձր են գնահատել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան Ասելբորնը պատրաստակամություն են հայտնել առավել ակտիվացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը: Ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարարի՝ երկկողմ համագործակցության պատմության ընթացքում առաջին պաշտոնական այցը որպես նոր խթան կծառայի փոխգործակցության՝ դեռևս չօգտագործված ներուժի իրացման համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման շուրջ, և այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ հայ-լյուքսեմբուրգյան բարեկամական խմբերի միջոցով: Նախարարները գոհունակությամբ են նշել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ շրջանակներում արդյունավետ համագործակցության փորձը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ամրապնդելու բազմակողմ մակարդակում սերտ համագործակցությունը: Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների լուծման շուրջ: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից Լյուքսեմբուրգի հստակ դիրքորոշման, այդ թվում՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձևի ընդունման համար: Երկուստեք շեշտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է տարածաշրջանի պետությունների միջև փոխգործակցության հաստատման և կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծման կարևորությունը։      
20:01 - 26 հունվարի, 2022
Արարատ Միրզոյանն ու Ֆերնան Էտգենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանն ու Ֆերնան Էտգենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։   ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Ֆերնան Էտգենը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակում։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերի սերտացման և միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես՝ ԵԽԽՎ շրջանակներում, օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ համաձայնագրի շրջանակներում հետևողականորեն զարգացնելու ԵՄ հետ համագործակցությունը՝ այս առումով կարևորելով նաև Լյուքսեմբուրգի աջակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Պատգամավորների պալատի կողմից բանաձևերի ընդունման համար՝ ի սատարումն Արցախի հայության և նրանց իրավունքների պաշտպանության և պատերազմի հետևանքների վերացման։ Նախարարը նաև բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի օրենսդիր և գործադիր իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության առնչությամբ։ Տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։
17:33 - 26 հունվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022-ին կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության: «Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»,- ասված է Նիկոլ Փաշինյանի նամակում։ Իր հերթին Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։ Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան։
15:53 - 26 հունվարի, 2022
Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

Սահմանազատման վերաբերյալ Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ երեկ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։ «Նախարարը նշել է, որ Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի զարգացման, կանաչ էներգիայի, բնապահպանական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության և վերաինտեգրման գործընթացներին», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին խորհրդարանում հայտնել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։ «Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», - երեկ Ազգային ժողովում ասել է Միրզոյանը։
10:43 - 20 հունվարի, 2022
Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Ենթադրաբար կա ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել համանախագահների այցը տարածաշրջան․Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ ԱԺ-կառավարութուն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին։ «Մենք ամենասերտ կապի մեջ ենք, հաճախակի կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ և համանախագահողների հետ իսկապես և վաղուց նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից՝ կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն  ադրբեջանական կողմի ճնշումների, այդ այցը այնուամենայնիվ պիտի կայանա, այդ այցը նախատեսված էր սեպտեմբերին, հետո տեղափոխվեց նոյեմբեր, այնուհետև խոսքը գնում էր հունվարի կեսերի մասին և ակնհայտ է՝ այժմ համանախագահները փորձում են շատ ավելի կոնկրետ ժամկետներ և ամսաթվեր ճշտել և ի վերջո անցկացնել այդ այցը»։  Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, Միրզոյանը հիշեցրեց,  որ իր հանդիպումը երեք համանախագահների հետ եղել է Ստոկհոլմում։ «Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում 3+2 ձևաչափով, երեք համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, և վերջին պահին, հանդիպումից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել այդ հանդիպմանը՝ որոշակի պատրվակ բերելով, էական չի, դա բարձրաձայնելը։ Ուզում եմ ասել, որ այդ պահին արդեն բավականին շոշափելի էր և՛ օրակարգը, որով առաջարկվում էր շարունակել բանակցությունները, և կարող էինք արդեն խոսել, ըստ էության, խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին։ Ես վստահ եմ, վաղ թե ուշ Ադրբեջանը պիտի այս ձևաչափում շարունակի խաղաղ գործընթացը, հատկապես, երբ իրենք են շարունակաբար խոսում խաղաղ կարգավորման մասին, համաձայնագրի մասին և այլն, ահա սա այն հարթակն է, այն ձևաչափն է, որտեղ դա պետք է և կարող է քննարկվել»։
18:45 - 19 հունվարի, 2022
Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը․ Արարատ Միրզոյան

Զորքերի հայելային հետքաշման մասին խոսելիս խոսում ենք մինչեւ 2020-ի դեկտեմբե՞ր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի՞ դրությամբ իրավիճակը, նոյեմբերի՞ դրությամբ իրավիճակը։ Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք որոշ հայկական գյուղեր առնվազն անպաշտպան ենք թողնում։ Ի պատասխան՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ շատ դետալներ բացահայտել չի կարող, բայց իր ներկայացրած փաթեթում հանգամանալից կերպով նախատեսված են մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որեւէ գյուղ կամ ճանապարհ անպաշտպան չի մնա․ «Խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք այդ գործընթացի»,- ասաց Միրզոյանը։ Մամիջանյանը հստակեցրեց՝ որպես տրամաբանություն վերցրել են խորհրդային սահմանները, ոչ թե իր նշած թվականների կարգավիճակներից մե՞կը։ Միրզոյանը նշեց, որ հետքաշման համար որպես հիմք այս պահին քննարկվում է խորհրդային սահմանագիծը։ Մամիջանյանը, հիշատակելով, որ Ստոկհոլմում տեղի է ունեցել Միրզոյանի եւ Չավուշօղլուի հանդիպում, հարցրեց՝ ինչու են այդ հանդիպման մանրամասները գաղտնի պահվում, ի՞նչ է տեղի ունեցել այդ հանդիպմանը։ «Մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է․ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ։ Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, եւ կսկսենք գործընթացը»»,- մանրամասնեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ թեեւ դա պաշտոնական հանիդպում չէր, բայց լավ հանդիպում էր, եւ, ըստ նրա, ազդակները կարծես դրական են։ Նա նշեց, որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա։
18:27 - 19 հունվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022