ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՀՀ ՊՆ

Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՀՀ ՊՆ

2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը», - հայտնում են գերատեսչությունից:
21:29 - 18 սեպտեմբերի, 2022
Համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի շրջանում տեղակայված ստորաբաժանումներից մեկի անձնակազմը, մարտական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո, դուրս է եկել մարտական առաջադրանք կատարելու և առաջին իսկ վայրկյաններից մարտի բռնվել հակառակորդի քանակապես գերազանցող հատուկ ջոկատայինների հետ:    Ինչպես հայտնում են ՊՆ-ից, ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Էդվարդի Մինասյանն ու սերժանտ Նարեկ Մխիթարի Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա:   Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող սերժանտ Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը:   Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց ենթասպա Մինասյանի ու սերժանտ Հակոբյանի հետ կապն ընդհատվել է:   Ստորաբաժանման փայլուն գործողությունների շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Իսկ այդ մարտական հաջողության մեջ անուրանալի են ենթասպա Խաչիկ Մինասյանի և սերժանտ Նարեկ Հակոբյանի անձնազոհությունը:
12:22 - 18 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի |armenpress.am|

ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։ Լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական ​​հանձնաժողովը հայտարարել էր, որ 32 հայ զինծառայողների դիեր են այսօր հանձնվել Հայաստանին։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ Գլխավոր լուսանկարը՝ «Արմենպրես»-ի
23:03 - 17 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ․ հայտարարություն

ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ․ հայտարարություն

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ:    Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա:   ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը:   Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում:   Չհամաձայնեցված գործողությունները կարող են ժամանակի, ինչպես նաև նյութական ռեսուրսների վատնման կամ չարաշահման հանգեցնել` չտալով անհրաժեշտ արդյունք:   Նշված հարցերը համակարգելու համար ՊՆ պատասխանատու պաշտոնյաները պաշտպանության նախարարի օգնականներն են, հեռ.՝ 091 91 11 23 ; 044 35 54 34:
13:21 - 17 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը․ ՊՆ

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվել է սահմանային իրադրությունը․ ՊՆ

Սեպտեմբերի 16-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: Այս մասն հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Ջերմուկ քաղաքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը դիվանագետներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով Ջերմուկի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներն ու տեղեկություններ հայտնել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը պատասխանել է օտարերկրյա դիվանագետների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ադրբեջանցի զինծառայողների կողմից մարտական դիրքերում զոհված հայ զինծառայողների նկատմամբ իրականացված խոշտանգումներին, դրանք համարելով մարդասիրական միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ։ Հիշեցնենք՝ Ասրյանն ասել էր, որ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը  մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մխրճման խորությունը 8-10 կմ է, իսկ միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ գտնվում է Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերը չի թույլատրի այդ խմբի կենսունակությունը, չեն կարողանա նրանց ապահովել անհրաժեշտ սննդով, ջրով, եւ խումբը ստիպված հետ կքաշվի՝ միանալով իր հիմնական ստորաբաժանումներին։ Ըստ ԳՇ պետի՝ այսօր այդպիսի մի խումբ՝ 50-60 հոգանոց, հետ է քաշվել դեպի պետական սահման։
22:05 - 16 սեպտեմբերի, 2022
Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարի մայիսին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Այս մասին այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմական դրություն մտցնելու հարցին ու նշեց․ «ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։  Մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, ովքեր ասում էին, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանությանը։ ԱԽ նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել, այս փուլում նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը որոշումները կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ։ Շատերը ակնկալում էին, որ ռազմական դրություն պետք է մտցվի և այդ համատեքստում խոսույթ է ձևավորվել, թե ինչ անեն քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ առաջինը, մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը, և խոսքը վերաբերվում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է։ Իհարկե, մենք ամեն ինչով պետք է աջակցենք զինված ուժերին։ Կան հայրենակիցներ՝ եղբայրներ և քույրեր, ովքեր իրենց պատքն են համարում անմիջականորեն մասնակցել երկրի անվտանգության ապահովմանը։ Նման քաղաքացիները ցանկացած պահի կարող են դիմել կարող են դիմել համապատասխան կառույցներ, զինկոմիսարիատներ, մեր մյուս քաղաքացիները, պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված մեր զինված ուժերի նյութական ֆինանսական ապահովումը, ինչի մասին մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»,- նշեց Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց․ «բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»։ Սուրեն Պապիկյանը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին ու նշեց, որ օպերատիվ իրավիճակը սահմանին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։
11:09 - 16 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։    Նույն օրը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները: Նախարարը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:   Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:
22:52 - 15 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է․ Սուրեն Պապիկյանը՝ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:    «Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   ​Ընդգծել եմ, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:   ​Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը: Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:00 - 15 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը
 |civilnet.am|

ՊՆ-ն մեկնաբանել է հանրահավաքի մասնակիցներին սահման ուղարկելու լուրերը |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով բողոքի ակցիա իրականացնող, իր խոսքերով՝ «առողջ երիտասարդներին», հայտարարել է, թե վերջիններս ութ ժամ ունեն իրերը հավաքելու և առաջնագիծ մեկնելու համար, քանի որ «առավոտյան ժամը 09։00-ից զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց հետևից»։ Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որն էլ, ըստ նրա, խոսել է զինկոմի հետ և այս «ոգով, ուժեղ երիտասարդները վաղը առավոտվանից կստանան իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։ ՍիվիլՆեթը հարց ուղղեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին՝ արդյոք կա՞ որոշում երեկ ԱԺ կամ կառավարության դիմաց հանրահավաք իրականացնող տղամարդկանց առաջնագիծ ուղարկելու։ Պաշտպանական գերատեսչությունից արձագանքեցին, որ ոչ։ «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու դեպքում, ինչպես նաև վարժական հավաքներ անցկացնելու մասին՝ կառավարության առանձին որոշումներով։ Այս պահին նման որոշում չկա»,- ասաց Արամ Թորոսյանը։ Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե «զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց ետևից», մամուլի քարտուղարը հրաժարվեց գնահատական տալ այդ խոսքերին։ «Զինված ուժերը զբաղված է մարտական խնդիրների և ՀՀ պետական սահմանների և ինքնիշխան տարածքի պաշտպանությամբ։ ՊՆ-ն քաղաքական հայտարարություններին մեկանբանություններ տալ չի պատրաստվում»,- արձագանքեց նա։
13:45 - 15 սեպտեմբերի, 2022
ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են |civilnet.am|

ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են |civilnet.am|

ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը գրել է, որ 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ ՍիվիլՆեթի Գորիսի թիմը հայտնում է, որ ժամը 22:20-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է ինչպես Գորիսի, այնպես էլ Սիսիանի ուղղությամբ, և չեն լսվում հրետակոծությունների ձայներ։ Վարդենիսի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանն էլ հայտնեց, որ այս պահին հանգիստ է ամեն ինչ, նորմալ: Իրավիճակը մոտ մեկուկես-երկու ժամ է, ինչ հանդարտվել է։ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը ևս հայտնեց, որ նշված ժամանակահատվածում իրավիճակը հանդարտվել է։ Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն էլ հայտնեց, որ այս պահին իրենց ուղղությամբ կրակոցներ չկան, և իրավիճակը հանգիստ է։
22:57 - 14 սեպտեմբերի, 2022