Կապան

Կապան՝ քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։ 2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք: Գտնվում է երկրի հարավ-արեւելքում, Երեւանից 320 կմ հարավ-արեւելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2011 թվականանի մարդահամարի արդյունքներով կազմել է 43190 մարդ, 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջեւ», նաեւ՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:

Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը: Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի հետ կապված խնդրին, Կապանի քաղաքապետը նշեց՝ համաձայնագրի առաջին կետով նշված է, որ բոլոր մարտական գործողութունները դադարեցվում են և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են։ «Այսօրվա դրությամբ մենք թե՛ օդանավակայանից, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ ենք: Դա այն պատճառով, որ ապահովենք անվտանգությունը: Ներկա դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, որովհետև մենք փորձել ենք ապահովել անվտանգության գոտին»,- ասաց նա:    Շարունակությունը՝ tert.am-ում։
23:07 - 05 դեկտեմբերի, 2020
Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կապանում

Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կապանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09․00-ն սեպտեմբերի 4-ի ժամը 18․00-ն, դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշև, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09․00-ից ժամը 18․00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան նրբ, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազամատակարարումը։
09:50 - 01 սեպտեմբերի, 2020
Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ |hetq.am|

Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ |hetq.am|

hetq.am: Կապանի համայնքապետարանը 2020 թ.-ին հայտարարված գնումների մրցույթներից չորսով հաղթող է ճանաչել Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պատկանում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ընտանիքին: Համայնքապետարանը 2020 թ.-ին Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 447 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ հայտարարված 4 մրցույթների համար:  Ընկերությունը Կապանում պետք է իրականացնի հետևյալ շինարարական աշխատանքները ՝ փոսային նորոգման աշխատանքներ, որի արժեքը 3 մլն100 հազար դրամ է, ճանապարհների, բակերի, մայթերի վերանորոգման աշխատանքներ, որի արժեքը 213 մլն դրամ է, Կապան քաղաքի Ռ.Մինասյան, Կավարտ տանող ճանապարհի նորոգման աշխատանքներ, որի արժեքը մոտ 10 մլն դրամ է, Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում, որի արժեքը  221 մլն 450 հազար դրամ է: Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի հոր ընկերությունը նշված մրցույթների միակ մասնակիցն է եղել, մինչդեռ համայնքապետարանի այլ գնումներով հայտարարված մրցույթներում մի քանի հայտատու է գրանցվել:  Կապանի «Նորոգշին» ընկերությունը մասնակցել է նաև Կապանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների համար համայնքապետարանի հայտարարած մրցույթին և դարձյալ միակ մասնակիցն է: Հայտը գտնվում է գնահատման փուլում, սակայն դատելով համայնքապետարանի որդեգրած աշխատաոճից, հաղթող է ճանաչվելու Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն: Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստության (ՆՈՒՀ) վերանորոգման աշխատանքների համար ընկերությունը մոտ 180 մլն դրամի հայտ է ներկայացրել:     Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն պետք է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն ներկայացներ Ֆինանսների նախարարության www.procurement.am կայքում: Քանի որ կայքի փնտրման համակարգը չի աշխատում, չենք կարող ասել՝ նման հայտարարություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Չներկայացնելն ըկերությանը չի ազատում շահերի բախման փաստը թաքցնելու պատասխանատվությունից, բայց Գևորգ Փարսյանն այդպես չի մտածում: «Մենք շահերի բախում չունենք այդ առումով»,- հայտնեց նա: Մեր հարցին, երբ Ձեր հոր ընկերությունը, Ձեր ղեկավարած համայնքում մասնակցում է հայտարարված մրցույթին և հաղթում է, շահերի բախում չե՞ք տեսնում այստեղ: «Բայց ինչո՞ւ պիտի շահերի բախում համարվի: Չէ, ո՞նց կարող է, բաց, էլեկտրոնային մրցույթ է, ցանկացած կազմակերպություն կարող է մասնակցել, որտե՞ղ է արգելված: Ես չեմ հանդիսանում այդ կազմակերպության շահառուն և փոխկապակցվածությունը չկա, օրենքի առումով խնդիր չունենք»,-ասաց մասնագիտությամբ իրավաբան համայնքի ղեկավարը:  Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն մասնակցել է նաև Կապանի համայնքապետարանի 2019թ. հայտարարված գնումների մրցույթներին: Ի տարբերություն այս տարվա, երբ շահած մրցույթների մեծ մասում նա միակ մասնակիցն է եղել, նախորդ տարում նրանց ներկայացրած բոլոր հայտերը մրցակիցներ են ունեցել: Մեկ հայտով մինչև 8 ընկերություն է մրցույթին մասնակցել: Չենք կարող ասել, թե անցյալ տարի համայնքապետ որդին դրանցից քանիսն է շնորհել հորը, քանի որ Կապանի համայնքապետարանը պայմանագրերը չի հրապարակում https://armeps.am կայքում: Գ. Փարսյանն ասում է, որ ստույգ չի հիշում, բայց կարծես մի մրցույթում է հաղթող ճանաչվել:  Գևորգ Փարսյանը Կապանի համայնքապետ ընտրվեց 2018թ. հոկտեմբերի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններով: 2018թ. հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով նախկին համայնքապետը հրաժարական տվեց և ընտրվեց Գ. Փարսյանը: Ինքնակենսագրականում նորընտիր համայնքի ղեկավարը ներկայացրել էր, որ «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, աշխատել է նաև Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ում: Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, 2018թ. նոյեմբերին նա «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ-ում իր ունեցած 100% բաժնեմասը փոխանցել է այլ անձի:  Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն, որը պատականում է նրա հորը՝ Ռազմիկ Փարսյանին, հիմնվել է 2008թ.-ին, և վերջինս մինչ օրս հանդիսանում է ընկերության 100% բաժնեմասի տերը: Ընկերությունն զբաղվում է շինարարական աշխատանքներով: Հայր և որդի գրանցված են նույն հասցեում և որպես ընտանիքի անդամներ, ամեն տարի պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց եկամուտների մասին: Ռազմիկ Փարսյանը 2019թ.-ին ներկայացրած հայտարարագրով, որը վերաբերում է 2018-ի ֆինանսական եւ գույքային վիճակին, 223 մլն դրամ շահաբաժին էր հայտարարագրել, իսկ 2019-ի համար հայտարարագիր չի ներկայացրել:  Գևորգ Փարսյանն ասում է, որ հայրը հայտարարագիր չպետք է ներկայացներ: «Ընտանիքի անդամներից լրացնում են այն մարդիկ, ովքեր պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվում են, մենք նույն հասցեում ենք հաշվառված, բայց համատեղ չենք բնակվում»,- հայտնեց նա: 2020թ.-ին կառավարությունը 6 սուբվենցիոն ծրագիր է հատկացրել Կապանի համայնքապետարանին, որից մեկն էլ վերը նշված «Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգման աշխատանքներն են»՝ ընդհանուր 1 մլրդ 7 մլն 423 հազար դրամ արժեքով: Հաստատված 6 ծրագրերից ամենամեծ գումարը սրան է հատկացվել: Իսկ ընդհանուր 6 ծրագրերի հաստատված արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ 105 մլն դրամ, որից 838 մլն դրամը համայնքի ներդումն է, 1 մլրդ 267 մլն դրամը՝ պետական բյուջեից տրված գումարն է: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:43 - 22 օգոստոսի, 2020
Մթնաձորին հարակից Ծավ բնակավայրի մոտակայքում 9000 տնկի է հողին ամրացվել. տնկվել է 5000 ընկուզենի և 4000 այլ ծառատեսակ

Մթնաձորին հարակից Ծավ բնակավայրի մոտակայքում 9000 տնկի է հողին ամրացվել. տնկվել է 5000 ընկուզենի և 4000 այլ ծառատեսակ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի՝ 5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։ Տարածքը ցանկապատվել է, անցկացվել է ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։ Այնուհետև Վահե Ջիլավյանը եղել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։ Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։
16:20 - 25 հուլիսի, 2020
Վահե Ջիլավյանն այցելել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն

Վահե Ջիլավյանն այցելել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոն

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում, ծանոթացել Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի կողմից տրված դրամաշնորհի միջոցներով վերազինված, կահավորված և վերանորոգված կարի արտադրամասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Շուրջ 30.000 եվրո դրամաշնորհի շրջանակում այժմ Կապանի կանանց ռեսուրս կենտրոնում աշխատում է 6 մշտական աշխատող։ Կենտրոնը հասարակական գործունեությունից զատ ծավալում է նաև սոցիալական ձեռնարկատիրություն։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող Պահպանվող տարածքների ծրագիր֊ Հայաստան ծրագրի շնորհիվ Կապանն այժմ ունի ժամանակակից կարի արտադրամաս, որի արտադրանքը շուտով ներկայացված կլինի նաև մարզի հագուստի սրահներում։ Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցների հետ ամփոփել է ծրագրի արդյունքները, քննարկել այլ ծրագրերին մասնակցության հնարավորությունը։
12:51 - 25 հուլիսի, 2020
Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում դեռևս 2019 թվականի վերջին սկսված, 2020-ին շարունակված աննախադեպ երկարությամբ զիփլայնի կառուցման ծրագիրը մոտեցավ ավարտին։ Հուլիսի 20-ին պաշտոնապես բացվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը։ Այս մասին տեղեկացրեց նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը։ Այս ծրագրով Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: «Համավարակը հաշվի առնելով՝ բացումը լինելու է բաց տարածքում։ Ներկաներին տրամադրվելու են դիմակներ, ախտահանիչ միջոցներ։ Պահպանվելու են անվտանգության բոլոր կանոնները»,-ասաց Գեղամ Միրոյանը։  Զիփլայնի ծառայություններից հենց այսօր՝ հուլիսի 20-ին, օգտվողներն արդեն նախապես գրանցվել են։ Գեղամ Միրոյանը նշեց, որ բավական հետաքրքվողներ կան։ Տոմսի արժեքը 10 հազար դրամ է։ Կապանի՝ երկու մասից բաղկացած զիփլայնի ընդհանուր երկարությունը 1750 մետր է, մեկ կետից մյուս կետի երկարությունը 1080 մետր է, այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից: Նախագծի ինժեները վստահեցնում է, այն իր երկարությամբ ու տեղակայմամբ առանձնանում է տարածաշրջանում։ Զիփլայնն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, անցնում է քաղաքի վրայով: Արագությունը ճոպանի վրա հասնում է մինչև 120 կմ/ժ։ Մասնագետը նշում է, որ անվտանգության առումով որևէ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում:  Զիփլայնի նախագիծը զբոսաշրջության ոլորտում Կապանի 2020 թվականի առաջին խոշոր ներդրումային ծրագիրն է։
10:20 - 20 հուլիսի, 2020
Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. այն կունենա ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. այն կունենա ամենաերկար զիփլայնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը դառնա հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայներից: Նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը նշեց, որ մի քանի օրից կկատարվեն վերջնական փորձարկումները:   «Այս զիփլյանի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը 160 մետրը գերազանցում է: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն, զբոսաշրջիկն անցնեու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,-ասաց Գեղամ Միրոյանը:  Զիփլայնի կառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերի վերջից: Թղթաբանությունից մինչև վերջնական արդյունք՝ ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ այն արդեն պատրաստ է: Գեղամ Միրոյանը նշեց, որ հիմա վերջնական փուլում են:  «Անվտանգության առումով կարող եմ ասել, որ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն քննարկման փուլում է»,-ասաց Գեղամ Միրոյանը:   Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շատ կարևոր համարեց նման ծրագրի իրականացումը: Այն Կապանում զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին խոշոր ծրագիրն է:  «Աշխատանքները գրեթե ավարտման փուլում են: Այն շատ գրավիչ կլինի էքստրիմը սիրող զբոսաշրջիկների համար: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն կունենա Կապանի համար, վստահաբար մեր համայնքը զբոսաշրջիկներին այլ կողմից կներկայանա, այցելուների նոր հոսք կապահովվի: Ցավոք, համավարակով պայմանավորված` ծրագրերը փոխվեցին, սակայն չենք հուսահատվում, մենք և մասնավոր հատվածը շարունակում է աշխատել ու պատրաստվել»,-ասաց Կապան համայնքի ղեկավարը:   Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:05 - 02 հուլիսի, 2020
Կապանի դեպքերով քաղաքացուն բռնության ենթարկելու ահազանգի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

Կապանի դեպքերով քաղաքացուն բռնության ենթարկելու ահազանգի հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձի նկատմամբ բռնություն գործադրելու ահազանգի հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով. «Այսինքն՝ հիմնավորվել է, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- նշեց նա: Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց:  Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
13:09 - 30 հունիսի, 2020
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան և տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 3-ը, որոնք վերաբերում են մարդուն առևանգելուն, բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:08 - 01 հունիսի, 2020