«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործունեության հիմնական առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է:

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Ստեփան Մաչյանը։  

Նախկնում «Ճանապարհային դեպարտամենտը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր (ՊՈԱԿ)։ ՀՀ կառավարության 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց որպես «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։

 

Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով Տավուշում էր։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն էր։ Փոխվարչապետին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, համայնքապետներ, այլք: Դիլիջան համայնքում Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է ոլորանների ճանապարհահատվածում, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5կմ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները, հիմնանորոգելու համար: Աշխատանքների ընթացքին հետևելուց և մի շարք ուղղություններով հանձնարարական տալուց հետո փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող 11 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքներին: Այս աշխատանքները կավարտվեն 2022 թ. հոկտեմբերին: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը եղել է Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ընկած ճանապարհահատվածում, որտեղ պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկելու են 2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Դիլիջանում փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցվող տաղավարների շինհրապարակ, ծանոթացել այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ: Մարզային այցի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհի փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ էին իրականացվում։ Մասնավորապես, կառուցվելու է 275 խմ հենապատ, Նժդեհի փողոցում իրականացվելու են 1400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքներ՝ տուֆով և գրանիտե սալիկներով, իսկ Ադամյան փողոցում՝ 340 մ ճանապարհի սալիկապատում՝ գրանիտե սալիկներով: Ընդհանուր կատարվելու են 8000 քմ սալիկապատման աշխատանքներ տուֆով և 2450 քմ՝ գրանիտե սալիկներով: Բերդ համայնքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որն իրականություն է դարձել Կառավարություն-Համաշխարհային բանկ փոխգործակցության արդյունքում։ Նշենք, որ Բերդի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 32 հազար բնակիչների:   Շրջայցի ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են կենտրոնում ներառված սոցիալական 4 ծառայությունները (սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը) և միասնական ընդունարանը: Հավելենք, որ ներկայում հանրապետությունում գործում է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային 33 կենտրոն, 12-ի շինվերանորգման աշխատանքներն ընթացքում են, իսկ 4-ի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են: Բացման միջոցառումից հետո փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայր, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ երկու-երեքհարկանի 5 մասնաշենքեր ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թ. հուլիսին։ Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ։ 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թ. հունիսին:
12:24 - 16 հուլիսի, 2022
ՏԿԵ նախարարի տեղակալը և «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը դիտարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարությունը

ՏԿԵ նախարարի տեղակալը և «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը դիտարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նոր կամրջի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։     ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։     Նշենք, որ «Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։   Կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման։   Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։   Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։    
15:17 - 06 հուլիսի, 2022
ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊ ընկերությունները։ «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։  
10:15 - 01 հուլիսի, 2022
Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Կապանում հիմնանորոգվում է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Տ-8-22, /Մ-2/-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000 - կմ13+100)։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Տվյալ ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում։ Այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։ Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք։
16:42 - 07 հունիսի, 2022
Քննարկվել են Հայաստանում բիտումի արտադրություն հիմնելու հեռանկարները. ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են իրանցի գործընկերներին

Քննարկվել են Հայաստանում բիտումի արտադրություն հիմնելու հեռանկարները. ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են իրանցի գործընկերներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամնի մասնագետների և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ու իրանական Aras Jes Petro Co ընկերության ներկայացուցիչների միջև:   Հանդիպմանը իրանական կողմը ներկայացրել է իրենց ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակները, համագործակցության հնարավորությունները և Հայաստանում բիտումի արտարդրություն հիմնելու համար ընկերության հեռանկարները:   Նախարարության ներկայացուցիչները նշել են, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ակտիվ ճանապարհաշինական աշխատանքների ծավալները, շատ կարևոր է երկրում ունենալ բարձր որակի բիտում։ Կարևոր է նաև, որ բիտումի արտադրությունը կազմակերպվի հենց Հայաստանում:   Իրանական ընկերության խորհրդի նախագահ Մոհամադ Նարիմսազադը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ընկերության կողմից արտադրվող բիտումի տեսակների և ծավալների վերաբերյալ տեղեկատվություն՝ հայաստանյան կապալառու կազմակերպություններին փոխանցելու նպատակով։  
16:53 - 06 մայիսի, 2022
Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

Հայկական և վրացական կողմերը հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում նոր կամրջի շինարարության ընթացքին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հետևել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է դեպարտամենտի ֆեյսբուքյան էջը: «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշել է, որ այս կամրջի կառուցումը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից է։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երկու երկրների միջև բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծավալների աճ, երթևեկության հարմարավետության և անվտանգության բարձրացում։ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի փոխնախագահ Լևան Կուպատաշվիլին հույս է հայտնել, որ այս շինարարությունը միակ համատեղ ծրագիրը չի լինի, նման նախագծերը հետագայում շարունակական կլինեն, որոնց միջոցով երկու երկրների շինարարները հնարավորություն կունենան միմյանց հետ կիսել իրենց փորձառությունը։ Հայաստանի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտների ղեկավարները շրջել են շինհրապարակում, քննարկել աշխատանքային հարցեր։ Շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) կատարող կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրել են ընթացիկ աշխատանքներին։ Մասնավորապես, տեխհսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը նշել է, որ արևելյան կամրջի հեծաններն ամբողջությամբ տեղադրվել են, իսկ արևմտյան կամրջի վրա արդեն իսկ տեղադրվել է հեծանների 60 տոկոսը։ Կողմերը քննարկել են շինարարության ժամկետներին, որակին, կամրջի ջրահեռացմանն առնչվող և բազմաթիվ այլ հարցեր։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի մայիսին, շինարարության համար նախատեսված ժամկետը մեկ տարի է։ Կառույցը բաղկացած է իրարից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու զուգահեռ կամուրջներից, յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85մ է, երթևեկելի հատվածի լայնությունը՝ 8.35մ, յուրաքանչյուր կամրջի երկարությունը՝ 160մ: «Բարեկամություն» կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ, երկու կողմից մոտեցնող ճանապարհներ, հետիոտնի համար նախատեսված մայթեր։  
13:31 - 06 ապրիլի, 2022
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի բազմաթիվ ճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի բազմաթիվ ճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
20:32 - 22 մարտի, 2022
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17։15-ի դրությամբ

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները ժամը 17։15-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-Զանգեր), Գորայք-Սիսիան, Գորիս-Սիսիան, Կապան-Տաթև ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող, Վանաձոր-Դիլիջան, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Ստեփանավանի լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
18:16 - 20 մարտի, 2022
Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։ Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինտենսիվ երթևեկության պայմաններում ստեղծվում են խցանումներ և վթարավտանգ իրավիճակներ։ Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից՝ Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և տեղեկացնում, որ ավտոճանապարհներին տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող  010 562533 հեռախոսահամարով։
12:59 - 20 մարտի, 2022