Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ. Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նոր մանրամասներ

Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ. Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նոր մանրամասներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել հայկական գրանցմամբ օդանավի առևանգման մասին լուրերի վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև. «Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:  Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:19 - 23 փետրվարի, 2021
ԱՄՆ-ը չի կարող ներկա լինել ԳՀՀՊ-ի շուրջը բանակցություններին, մինչեւ չչեղարկի պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

ԱՄՆ-ը չի կարող ներկա լինել ԳՀՀՊ-ի շուրջը բանակցություններին, մինչեւ չչեղարկի պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: «Այս պահին ԱՄՆ-ը միջուկային գործարքի մասնակց չԷ, որպեսզի մասնակցի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջը նիստերին (ԳՀՀՊ)»,- ասել Է նա: Դիվանագետը հավելել Է, որ «մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի (Թեհրանի նկատմամբ) պատժամիջոցները, չի կարող ներկա լիենլ միջուկային գործարքի շուրջը բանակցություններին»: Փետրվարի 18-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել Էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ Է Եվրամիության հրավերով մասնակցելու Իրանի եւ «5 + 1» ձեւաչափի մյուս մասնակիցների հետ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, եւ Գերմանիա) իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցություններին: 
13:02 - 22 փետրվարի, 2021
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ |1lurer.am|

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am:  ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի՝ Թեհրան կատարած այցի ավարտին կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Իրանի միջուկային համալիրներում գործակալության տեսուչների ստուգումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Pars Today-ը: Գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը վերահաստատել են հարաբերություններում փոխվստահության առկայությունը, որի հիման վրա 2020 թ. օգոստոսի 26-ին հրապարակվել էր համատեղ հայտարարություն:   Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների չեղարկման» մասին օրենքի իրագործման շրջանակներում ԻԻՀ կառավարությունը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ 2021 թ. փետրվարի 23-ից դադարեցնում է ՀԳՀԾ-ի շրջանակներում կամավոր գործողությունների իրականացումը»:   Հայտարարության մեջ ասված է, որ Իրանը, ինչպես նախկինում, շարունակելու է Երաշխիքային համաձայնագրի գործադրումն առանց սահմանափակումների:   Կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր, որը գործակալությանը հնարավորություն է տալիս ևս երեք ամիս շարունակել մոնիտորինգը (համաձայն կցված տեխնիկական ցուցակի):   2020 թ. դեկտեմբերի 1-ին Իրանի իսլամական խորհրդարանը հաստատեց «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է օրենքի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում, ՀԳՀԾ-ի 26 և 36 կետերի համաձայն, դադարեցնել Լրացուցիչ արձանագրությունների գործադրումը:
10:57 - 22 փետրվարի, 2021
Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ |tert.am|

Բայդենը չի փոխել քաղաքականությունը Իրանի նկատմամբ. Զարիֆ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փոխել իր նախորդի քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն կախվածություն ունի պատժամիջոցներից»,-ասել է Զարիֆը: «Մեզ գործողություններ են պետք, ոչ թե խոստումներ: Մենք ուզում ենք վարքի փոփոխություն տեսնել, որպեսզի Դոնալդ Թրամփի օրոք սկսված ապօրինությունները չկրկնվեն»,-հավելել է նախարարը: Ըստ նրա, «բոլորի կողմից միջուկային գործարքի իրենց պարտավորությունների մասի կատարումից հետո» տեղի կունենան նաև բանակցություններ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջուկային գործարքի շուրջ, բայց դրանք չեն վերաբերվի համաձայնագրի փոփոխություններին կամ գործարքի նոր դրույթներին՝ տարածաշրջանային խնդիրներ և իրանական հրթիռային ծրագիր: «Այնուամենայնիվ, մենք կքննարկենք, թե ինչպես ապահովել, որ ԱՄՆ գործողությունները (գործարքից դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումը) այլևս չկրկնվեն, ինչպես խուսափել դրանից»,-ասել է Զարիֆը:
15:59 - 21 փետրվարի, 2021
Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. Արարատ Միրզոյան

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Զոհուրիին:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հաղորդակցության հետ կապերի վարչությունից։  Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Իրանին դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով արցախյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները: Որպես առաջնահերթություն օր առաջ իրականացնել ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Խորհրդարանի խոսնակը նաեւ հավելել է, որ հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաեւ տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում: Դեսպան Զոհուրին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը եւ վերահաստատել է ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել աշխուժացնելու, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեության ծավալման վերաբերյալ մի շարք հարցեր: 
16:11 - 18 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն Իրանի փոխդեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն Իրանի փոխդեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամադ Մոթաղիի, Նորարարության և բարգավաճման հիմնադրամի խորհրդի նախագահ Ալի Վահդաթի և Հայաստան ժամանած պատվիրակության այլ անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Իրանական ավելի քան 60 պետական և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանում են առողջապահական ոլորտի և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ առևտրատնտեսական ոլորտին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Կողմերը խոսել են նախկինում երկրների միջև ծավալված սերտ գործակցության, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում երկկողմ աջակցության վերաբերյալ: «Ուրախ եմ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցություն ծավալելու համար և այսօր այստեղ եմ իրանական ընկերությունների հստակ առաջարկներով` վերականգնողական և այլ ծառայությունների մատուցման շուրջ զրուցելու»,- ասել է Ալի Վահդաթին` հավելելով, որ հայկական պատվիրակությունը բժշկական սարքեր և դեղորայք արտադրող իրանական ընկերությունների աշխատանքին կարող է ծանոթանալ տեղում: «Շնորհակալ ենք առաջարկների համար, որոնց վերաբերյալ կբանակցենք Իրանի և տեղի գործընկերների հետ: Մեր հերթին առաջարկում ենք փորձի փոխանակումներ և համատեղ աշխատանք իրականացնել Հայաստանում COVID-19 սպասարկող հիվանդանոցներում, քանի որ թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը համավարակի դեմ պայքարում աշխատանքային մեծ փորձ են ձեռք բերել»,- նշել է Լենա Նանուշյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակին և այս շրջանում առավել կարևոր դարձած պատվաստանյութերի ձեռքբերմանը` Ալի Վահդաթին նշել է, որ իրանական մի քանի ընկերություններ աշխատում են պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ, որոնք գտնվում են կլինիկական փորձարկման 3-րդ փուլում: Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ համագործակցության նախատեսվող բոլոր ուղղությունները կյանքի կկոչվեն, ինչը 2 երկրի հարաբերությունների խորացմանն ուղղված հերթական քայլը կլինի:
19:22 - 17 փետրվարի, 2021
Ահաբեկիչները վերջնականապես կոչնչացվեն. ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարություն են արել Սիրիայի հարցով |tert.am|

Ահաբեկիչները վերջնականապես կոչնչացվեն. ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը համատեղ հայտարարություն են արել Սիրիայի հարցով |tert.am|

tert.am: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին վերջնականապես ոչնչացնելու նպատակով: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:«Կրկին վերահաստատել ենք մեր վճռականությունը՝ պայքարելու ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշախնության և տարածքային ամբողջականության խախտմանը և սպառնում են հարևան երկրների ազգային անվտանգությանը: Պայմանավորվել ենք շարունակել համագործակցությունը ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ալ-Քաիդա» կազմակերպության հետ առնչություն ունեցող այլ խմբավորումների ահաբեկիչներին վերջնականապես ոչնչացնելու նպատակով՝ միաժամանակ ապահովելով քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների անվտանգությունը», - ասվում է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով կայացած 15-րդ միջազգային եռակողմ հանդիպման ավարտին ընդունված համատեղ հայտարարության մեջ:Կողմերն ընդգծել և դատապարտել են ահաբեկչական ակտիվության աճը Սիրիայի տարբեր հատվածներում, ինչը հանգեցնում է խաղաղ բնակիչների մահվան:
16:46 - 17 փետրվարի, 2021
Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Իրանը նպատակ ունեն խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտում: Երևանում անցկացվեց բարձր տեխնոլոգիական միջոցառում, դրա շրջանակում ՝ բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդես: «Վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն աճել է:  Մենք ցանկանում ենք խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին: Նա կարևորեց  երկու երկրների գիտնականների, ձեռներեցների, ստարտափերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, փոխադարձ ներդրումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք համագործակել Հայաստանի բուհերի, լաբորատորիաների և գիտական կենտրոնների վերազինման գործում: Կարող ենք առաջարկել իրանական լաբորատոր արտադրանքներ՝ որակյալ և մատչելի գներով, ունենք բժշկական սարքավորումներ, կապի ոլորտում արտադրանքներ, որոնք կարող ենք տրամադրել Հայաստանի համապատասխան մարմիններին»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ պատրաստ են հնարավորություն ընձեռել երկու երկրների գիտելիքահեն ընկերությունների համագործակցությունը զարգացնելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը միջոցառումը լավ առիթ համարեց համատեղ ծրագրերին ուժ տալու, բարձր տեխնոլոգիական ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթ ուղղություն: Չնայած դժվարություններին՝ 2020-ին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով, աճել են նաև ընկերությունների, դրանցում աշխատողների թիվը, կառավարությունը թիրախային ծրագրերով 2021-ին կխթանի այդ աճը: «Այսինքն՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ զարգացման ուղղությամբ, և հրավիրում ենք մեր իրանական գործընկերներին՝ մասնակցել այն գործընթացներին ծրագրերին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրված եմ այն ծրագրերով, որ Իրանն է իրականացնում»,-ասաց նա: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը կարևորեց  այն տեղերը գտնելը, որտեղ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացված արժեք և բերել համատեղ առաջնթացի: «Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական և հայկական պատվիրակությունների փոխադարձ այցերը, որպեսզի ծանոթ լինենք միմյանց, այն ընկերություններին, որոնք գործում են մեր երկրներում և գտնենք այն կետերը, որտեղ այդ ընկերությունները կարող են համագործակցել»,-նշեց նա: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը վստահեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, տարբեր հարթակներում համագործակցությունը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: «Մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը: Բայց նոր ջանքեր պետք է գործադրենք չօգտագործված հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ համատեքստում այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրանի գործարարներին հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալ միմյանց ներդրումային հնարավորություններին  և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ կապերի հաստատմանը»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների, գիտության և ինովացիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, քանի որ այս ոլորտներն են կանխատեսելու ամբողջ մարդկության ապագան: Ցուցահանդեսում ներկայացվեցին Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական ադյունաբերությունը և այլն։
15:22 - 17 փետրվարի, 2021